Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո, հարցուպատասխանի ժամանակ հանդիպեց հերթական «ադրբեջանական ագրեսիայի»… հարց հնչեցնելու հնարավորություն ստացած ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեյիդովը ոչ միայն «ագրեսիվ հարց» հնչեցրեց, այլեւ մեր նախագահի խոսքերը խեղաթյուրելու ադրբեջանական հնարքի դիմեց:

Հայաստանի նախագահը ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու եւ փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց՝ հասկացնելով, որ չի պատրաստվում գնալ սադրանքի հետքերով:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամբիոնից ադրբեջանցի ստախոսը հայտարարեց, թե Հայաստանի նախագահն իր ելույթում հնչեցրել է խոսքեր՝ նշելով, թե ինքը արցախյան պատերազմի առաջնորդն է եղել, ապա էլի մի քանի ստեր հնչեցին:

Ի պատասխան՝ մեր երկրի ղեկավարը նշեց. «Այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:  

Ապա անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի մյուս հարցին, թե ինչո՞ւ իր ելույթում չի անդրադարձել Խոջալուի դեպքերին՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով՝ որովհետեւ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանալից եւ շատ տեղեկացված ձեւով շարադրել է փաստեր ու հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները (հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ գյուղը լքող ադրբեջանցի բնակչությանը, որի համար հայերը միջանցք էին բացել, սպանել են ադրբեջանցի զինվորները, փորձելով փախուստը կանգնեցնել, միաժամանակ հետո հայերին մեղադրելու պատճառ ունենալ,- խմբ.): Եվ ես շատ ափսոսում եմ: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը տանջանք է, եւ կարծում եմ, որ Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Գիտեք սա անթույլատրելի մի բան է: Ինչի՞ համար է ձեզ պետք մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից չի եղել»:

Հակադարձելով նաեւ Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին ադրբեջանցի խառնակչի պնդմանը՝ նախագահը շեշտել է, որ չկա միջազգային կառույցների կողմից որեւէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: «Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ դուք ընկղմվում եք մի թեմայի մեջ, իրոք ընկղմվեք եւ ուսումնասիրեք: Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձեւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Եվ ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ ինքը չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, սակայն, ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ բանաձեւերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը եւ հեղինակությունը  ռազմական գործողությունները դադարեցնելու համար»:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ «մենք՝ ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը, իսկ ահա ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որը պիտի դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել դրանք»: Մեր նախագահը եւս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ 1994թ. ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ, եւ ոչ թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի: Սակայն, ցավոք սրտի, այդ պայմանագրով ամրագրված դրույթները չեն կատարվում: Այդ պայմանագրում շատ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել:

Ապա դիմելով ադրբեջանցի պատվիրակին՝ նշեց. «Բանակցային այդ գործընթացում, ինչպես երեւաց ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, անհնարինն եք ուզում: Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, իսկ այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես համոզված եմ»:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հավաստել է, որ Արցախը այլեւս չի լինի Ադրբեջանի կազմում եւ դա բխում է ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ ազգային իրավունքների պաշտպանության տեսակետից:

Անի Մարության

Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական եւ ոչ իրատեսական ակնկալիքներն են բանակցությունների ելքից: ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին: «Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվել պատրանքներից եւ գալ իրատեսական դաշտ, ապա կարծում եմ, որ մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նաեւ հավելել է, որ ԼՂ հակամարտությունը խոչընդոտում է հակամարտող կողմերի ժողովուրդների զարգացմանը, խլում է մարդկային կյանքեր, մեծ նյութական ռեսուրսներ: «Իսկապես անհրաժեշտություն կա, որպեսզի այս հակամարտությունը լուծվի: Բանակցային գործընթացին խոչընդոտում է նաեւ այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: 2016թ. Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ձեռնարկեց: Դրանից հետո մենք ունեցանք հանդիպումներ՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, իսկ այնուհետեւ՝ Ժնեւում: Այդ հանդիպումներին մենք եկանք պայմանավորվածության, որ բանակցությունները շարունակելու լավագույն միջոցը վստահության որոշակի էլեմենտներ ստեղծելն է: Մենք այդ առումով որոշեցինք ստեղծել հրադադարի խախտումների հետաքննման միջազգային մեխանիզմ, ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները եւ գործիքակազմը, թուլացնել լարվածությունը»,- հիշեցրել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ ամենը տեղի չունեցավ, որովհետեւ այդ հանդիպումներից անմիջապես հետո ադրբեջանցի ամենաբարձր պաշտոնյաների բերանից հնչեց այն հայտարարությունը, որ դա իրենց հայտարարությունը չէ, որ դրանք համանախագահների հայտարարություններն են, եւ որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է: «Այսպիսի իրավիճակում, իհարկե, ակնկալել շուտափույթ լուծում կամ բանակցությունների ինտենսիվ առաջխաղացում, իրատեսական չէ»,- եզրափակեց նախագահ Սարգսյանը:

Սեփ. լրատվոթյուն

«Լուսանցք» թիվ 3 (481), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։