Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում խոսեց ինչպես կայացած պետության նախագահ, մի պետության, որը պատրաստ է պատասխան տալ սպառնացող յուրաքանչյուր վտանգի: Սա կրկնակի ողջունելի է, քանզի Հայաստանի արտաքին փոխլրացնող քաղաքականության համապատկերին գալիս է կենտրոնացնելու եւ նպատակամղելու հայոց նպատակներն ու հետագա քայլերը:

Հասկանալի է, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, բայց այս մի ելույթը, միջազգային ասպարեզում նման հաստատուն տոնայնությունը միայն դրանով չէ պայմանավորված: Հստակ է, որ Հայաստանի նախագահը կարողացել է մեծացնել իր ռազմավարական գործընկերների շարքը: Եվ Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պայմանավորել են հայ-թուրքական հարաբերությունների այսօրինակ լուծումը…

«Հայկական կողմից մոտ ժամանակներս՝ մինչեւ գարուն առ ոչինչ են հայտարարվելու Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները».- Արմենպրեսի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի հարցին: «Մենք լավ չենք հասկանում որեւէ քայլ կատարելու թուրքական կողմի պահանջը: 2008թ. իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, եւ արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ իմ միջեւ: Բանակցությունները զարգանալով շարունակվեցին, եւ մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ԱԳ նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք 2 փաստաթուղթ Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին»:

Մինչ բանակցություններ սկսելը եւ հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին նշել է Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջադրել, ու մինչ օրս այդ փորձերը շարունակվում են:  

Շարունակելով իր խոսքը ԵԽԽՎ-ում, նախագահն ընդգծել է, որ միջազգային փորձում այդպիսի օրինակի չենք հանդիպել. բոլոր պայմանները բանակցվում են մինչեւ փաստաթուղթ ստորագրելը: «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Մենք հիմա՝ արդեն 9 տարի անց, նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Արդյոք երկրների միջեւ հարաբերություններ հաստատելը պետք է ուղեկցվի ինչ-որ ժեստերով, ինչ-որ զիջումներով: Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է՝ հաստատել հարաբերություններ, այնուհետեւ անդրադառնալ 2 երկրների միջեւ եղած բոլոր կնճռոտ հարցերին: Իսկ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում: Մենք երբեք որեւէ նախապայման չենք կարող ընդունել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը պարզ է խոսել. Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական ներուժ ունի եւ Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: «Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության եւ տնտեսության առումներով, եւ այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները:

Ուղղակի շատ ցավալի կլինի անկախ նրանից, որ այդ արձանագրությունները Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչեւ գարուն առ ոչինչ են հայտարարվելու, քանի որ անիմաստ են դրանք, կարծում եմ ճիշտ կլինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում այս փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից եւ միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից»,- ասել է նախագահը: Նա հիշեցրել է, որ 2016թ. ռազմական գործողությունների ժամանակ (Արցախի ճակատում,- խմբ.) Թուրքիան աշխարհի միակ պետությունն էր, որ սատարեց այդ ռազմական գործողությունները: Նախագահի եւ վարչապետի մակարդակով 4 օրում 5 հայտարարություն ընդունվեց ի պաշտպանություն Ադրբեջանի: «Այսպիսի պարագաներում ի՞նչ քայլեր կարող ենք մենք ձեռնարկել: Դա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի՝ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»,- եզրափակեց նախագահը Սարգսյանը:

Այս ընթացքում Անկարան փորձել էր բարելավել հարաբերությունները Բեռլինի հետ: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի իր գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ կփորձեն անել հնարավոր ամեն բան Բեռլինի ու Անկարայի միջեւ  հարաբերությունների կարգավորման նպատակով: Դրանք տուժել են մի քանի հակամարտությունների հետեւանքով:

Սակայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ապահովել արտաքին քաղաքականության միասնականությունը, ինչը այսօր կենտրոնացած է նաեւ փախստականների հոսքի դադարեցման եւ ներգաղթյալների արտահանման հարցերի շուրջ: «Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությունը դեռ բավարար զարգացած չէ։ Եթե 27 երկրներ ի վիճակի չլինեն միասնական ազդակներ ուղղել խոշոր երկրներին, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, եթե արտաքին քաղաքականությունն իրականացվի միայն ազգային մակարդակով, մեզ մոտ չի ստացվի գլոբալ խաղացող դառնալը»,- ասել է նա։

Իսկ այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփը իր արտաքին քաղաքականությամբ կարծես տանում է մի նոր «սառը պատերազմի»՝ այս անգամ Ռուսաստանի հետ, արդեն իսկ կենտրոնաձիգ եվրոպական ուղու մասին մտածել է պետք: Եվ Սերժ Սարգսյանը օրերս հանդիպում է ունեցել նաեւ եվրոպական մյուս առաջատար երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի նախագահին Ֆրանսիայում եւ նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձեւաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, ինչը եւս կարեւոր հանգամանք է Հայաստանի համար:

Իսկ Թուրքիան շարունակում է կորցնել իր վստահությունը եվրոպացի գործընկերների մոտ: Հետաքրքիր է, որ նման շրջադարձ է տեղի ունենում նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի երկկողմ իրավաբանական համաձայնագրերը «կորցնում են ուժը»: «Միացյալ Նահանգները պետք է ների մեզ, սակայն երկկողմ հարաբերությունների օրենքները եւ երկկողմ համաձայնագրերը կորցնում են իրենց ուժը: Ես տխրությամբ եմ սա ասում, բայց այդպես էլ կլինի»,- հայտարարել Թուրքիայի նախագահը:

ԱՄՆ-ում ատենակալները հունվարի 4-ին մեղավոր են ճանաչել թուրքական Halkbank բանկի տնօրեն Մեհմեթ Աթիլլային: Նա մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ: «Եթե դա արդարադատության ԱՄՆ-ի հասկացողությունն է, ապա խաղաղությունը դատապարտված է»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Նա՝ ԱՄՆ-ի դեմ զայրացած իր աջակիցների հանրահավաքի ընթացքում հայտնել է նաեւ, որ թուրքական բանակը յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է դիմելու գործողությունների: Հայտարարությունը հնչել է որպես սպառնալիք ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական զորամիավորումների եւ Միացյալ Նահանգների դեմ: «Մի կանգնեք մեր եւ ահաբեկիչների ու մարդասպանների միջեւ: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք անցանկալի միջադեպերի համար»,- հայտարարել է իրեն խաղաղության առաջամարտիկ հռչակած արդեն իսկ բռնակալ Էրդողանը:

Իսկ Սիրիայի քրդերը տեսագրություն են ներկայացրել թուրքական զորքերի դեմ գործողություններից, որտեղ ներկայացվում է, թե ինչ հակահարված է տրվում թուրքերին: Քուրդ մարտիկները հետեւել են թուրք զինվորականների շարժին, որից հետո հարմար պահի սկսել են հարվածային գործողություն։

Նշենք, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ Աֆրինի գործողության ժամանակ 2 զոհ է տվել։ Սակայն, իրականում հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կան: Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին ներխուժման գործողության մասնակից զինյալ խմբավորումների եւ թուրքական բանակի հրամանատարների միջեւ նաեւ լուրջ միջադեպեր է գրանցվել։ Թուրքիայի հովանավորությամբ ստեղծված «Սիրիայի ազգային բանակ» անունով զինված խմբավորման անդամների եւ թուրքական զորքի հրամանատարի միջեւ վիճաբանության ժամանակ զինյալները պահանջել են իրենց տված զոհերի մասին էլ հայտնել մամուլին։ «Մենք արդեն 490 զոհ ու վիրավոր ունենք։ Ինչու այդ մասին չեք հայտնում մամուլին»,- ասել են զինյալները, ինչին ի պատասխան, թուրք հրամանատարն ասել է. «Ձեր վրա արդեն 6 մլն. դոլար ենք ծախսել, ինչո՞ւ լավ չեք կռվում»…

Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է Թուրքիայի Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանում Թուրքիա-Սիրիա սահմանային բետոնե բլոկներով շարված պատի մոտ։ Հատուկ միջոցներով երկու բլոկ հանվել է պատից, որից հետո զինված խմբավորումները եւ թուրքական զորքերի մի մասը մտել է Աֆրինի Չեքելա գյուղի տարածք։ Սակայն թուրքական զորքը շատ արագ հետ է քաշվել Թուրքիայի տարածք եւ հետեւից բետոնե բլոկներով փակել պատը՝ զինյալներին թողնելով Աֆրինի տարածքում քրդական ուժերի դեմ միայնակ կռվելու։

Թուրքական պաշտոնական տեղեկությունները եւս լռում են զոհերի մասին: Սակայն, Անկարան մտադիր է ընդլայնել իր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը եւ այն ծավալել Աֆրինի սահմաններից դուրս։ «Մենք կսկսենք Մանբիջից, որպեսզի վերջ տանք մեր սահմանների մոտ այս խաղին։ Կշարունակենք այնքան, քանի դեռ տարածաշրջանը լիովին չի մաքրվի այդ դժբախտությունից»,- հայտարարել է նա։ «Անկարան մտադիր է արմատախիլ անել ահաբեկիչներին, իսկ հետո բնակվելու համար պիտանի դարձնել թուրք-սիրիական սահմանին մոտ շրջանը։ Այնտեղ իշխանությունները մտադիր են ուղարկել 3,5 միլիոն սիրացի փախստականի»,- հայտարարում են թուրքական իշխանությունները՝ հավելելով, որ այս գործողությունների համար ստացել են Մոսկվայի համաձայնությունը:

Սակայն ռուսական կողմը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտարարել է, որ իրենք պատրաստ են առկա սպառնալիքի դեմ պայքարի գործում կիսվել իրենց փորձով, բայց խոսքը Սիրիային աջակցելու մասին է…

Այսքանից հետո թուրքական 8 տանկ, 50 ռազմական մեքենա, շուրջ 200 զինվորական հատել են Սիրիայի հետ սահմանն ու մտել Իդլիբ նահանգի տարածք: Թուրքիայի վարչապետն ասել է, որ Անկարան գործում է Աստանայի համաձայնագրի շրջանակում եւ կրկին խոսել է, թե համակարգում է գործողությունը Մոսկվայի հետ:

Մինչդեռ Ռուսաստանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ոչ թե մտածել նոր պատերազմի մասին, այլ մտածել հետպատերազմական Սիրիայի վերականգնման մասին: Վլադիմիր Պուտինը նշել է. «Ենթադրում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արդեն մտածի պետության հետպատերազմական վերականգնման մասին, ինչ ձեւով եւ ծավալով պետք է օգնություն տրամադրի տարածաշրջանի այս կամ այն երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարը պետք է վարել համատեղ, առանց գաղտնի օրակարգերի եւ ինչ-որ մեկի շահերի համար արմատական ուժերն օգտագործելու»։

Հասկանալի է, որ Անկարան ստում է, սակայն Մոսկվան դեռ լուրջ դիտողություն չի արել Անկարային: Մինչդեռ Վաշինգտոնը կոչ է արել Անկարային ցուցաբերել զսպվածություն:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սպառնալ խաղաղ բնակչությանը: Նա այս կոչով դիմել է իր թուրք եւ ռուս գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում՝ ընդգծելով, որ թուրքական կողմի հիմնավորված մտահոգությունները պետք է քննարկվեն, իսկ Աֆրինի գործողությունները կարող են էլ ավելի լարել ՆԱՏՕ-ի գործընկերներ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները:

Ֆրանսիան իր հերթին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են խանգարել Դաեշ-ի դեմ պայքարին: Փարիզը ցանկանում է հրավիրել արտահերթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ իրավիճակը քննարկելու համար:

Իհարկե, Մոսկվան եւ Վաշինգտոնը առիթը բաց չեն թողնում միմյանց մեղադրելու եւ  Սիրիայի բոլոր էթնիկ, կրոնական ու քաղաքական ուժերին գործածելու մեջ:…

Առավել կտրուկ է հանդես եկել Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Կուրցը՝ անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին: Խոսելով նաեւ Անկարայի ներկա գործողությունների մասին Մերձավոր Արեւելքում, նա ասել է. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»:

Ամփոփելով նշենք, որ Թուրքիայի նախագահը սխալ է գնահատում իր հնարավորությունները, նա ցանկանում է դառնալ վերաձեւման գնացող՝ նոր աշխարհի առաջնորդներից մեկը, սակայն Թուրքիայի գլխին տարբեր տեղերից մեծաթիվ հարվածներ են կուտակել արդեն … Իհարկե, Թուրքիայի վերջնական նպատակը միջուկային զենք ձեռք բերելն է, բայց դրան դժվար թե հասնի Անկարան, առավել եւս, որ Թուրքիան եւս մասնատման վտանգի տակ է՝ նոր աշխարհի ձեւավորման ճանապարհին:…

Հուսանք, որ Հայաստանի օրըստօրե աճող դերն ու նշանակությունը տարածաշրջանում եւ աշխարհում, կհանգեցնեն մեր նպատակների համադրմանը միջազգային օրակարգի հետ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 3 (481), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։