Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում հասունացել էր այն միտքը, որ Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին եւ պիտի չեղարկի այն: Նկատի առնելով նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր կասեցման մասին ՄԱԿ ԳԱ-ում մեր երկրի նախագահի դիտարկումները՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան այդպես էլ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: 2009-ին Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբլային դիվանագիտությունը» եւ Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության եւ քաղաքական կամքի բացակայության պատճառով», այլեւս անիմաստ էր ինչ-որ լուրջ քայլի ակնկալել Անկարայի կողմից:

Քանզի Սերժ Սարգսյանն ինքն էր նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացը, ուստի հենց ինքն էլ դրա կասեցման գործընթացը տարավ մինչեւ վերջ: Պատահական չէր, որ նախագահն այս հարցին անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ, իսկ հարցը կարեւոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում: Եվ Համահայկական համաժողովի իր ելույթում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նախագահը նշեց, որ Թուրքիան փորձում է «Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»: Այնուհետեւ, ինչպես վերը նշվեց, նա հայության համար այս կարեւոր հարցը տեղափոխեց ՄԱԿ ԳԱ ամբիոն, որտեղ պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչեւ 2018թ-ի գարուն որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

Այս հայտարարությունը հայության հիմնական հատվածի սրտով էր եւ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված պաշտոնական Երեւանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր: Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում որեւէ առաջընթաց չգրանցելն արդեն իսկ հանգեցրել էր նրան, որ Հայաստանի ղեկավարը 2015թ. ստորագրված արձանագրությունները հետ էր կանչել երկրի խորհրդարանի օրակարգից, եւ դրական տեղաշարժ չլինելու պարագայում հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ ստորագրությունը հետ կանչելը:  

Սերժ Սարգսյանը նաեւ շեշտել էր, թե հաշվի առնելով Թուրքիայում տիրող իրավիճակն ու այնտեղ ընթացող զարգացումները՝ «Հայաստանն առնվազն այս փուլում Թուրքիայի հետ հարաբերություններում որեւէ դրական զարգացման ակնկալիք չունի: Թուրքիայի հետ քաղաքական երկխոսություն հաստատելու համար, Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կսպասի այդ երկրում առավել ժողովրդավար, չբարդույթավորված, հավասարակշիռ եւ պատասխանատու իշխանության»:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրքական քաղաքականությունների մերթ ընդ մերթ կիրառման փորձերը եկան վերջնականապես հավաստելու, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն «համաթուրքական հայր» դառնալու մոլուցքով է տառապում՝ անգամ բոլոր թուրքերի հայր ճամաչված Աթաթուրքին ոտնատակ տալու պայմանով, այլեւ՝ մտադրված է տարածաշրջանային գերերկրի բռնակալի կամ այլ ընկալելի անվամբ՝ սուլթանի կարգավիճակի հասնելու մոլեռանդությամբ»,- նշել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ի սկզբանե դեմ էր հայ-թուրքական որեւէ հարաբերությունների հաստատմանը: Ըստ հայ արիների առաջնորդի, այս ամենը նկատում են նաեւ Արեւմուտքում ու Ռուսաստանում, սակայն փորձում էին դա խաղարկելով սիրաշահել Անկարային եւ քաշել իրենց կողմը: Արեւմուտքն իր հերթին, ռուսը՝ իր:

«Ճիշտն ասած Արեւմուտքն արդեն զգուշացնում էր Անկարային, որ հետագա քայլերը կհանգեցնեն վտանգների: Անգամ ՆԱՏՕ-ի «Ինջերլիք» ռազմաբազայի հարցում զիջումներ չեղան եւ Գերմանիան ու Միացյալ Նահանգները կտեղափոխեն իրենց զինուժը՝ Հորդանան եւ Սիրիա: Սրան արձագանքեց նաեւ Մոսկվան եւ Անկարայից հայտնեցին, թե հնարավոր է, որ Ռուսական զինուժին տարածք հատկացվի այդ ռազմաբազայում, ինչի դիմաց ռուսական կողմը Թուրքիայի հետ ստորագրել է ՀՕՊ C-400-ների մատակարարման վերաբերյալ վարկային պայմանագիր,- նշել է Արմեն Ավետիսյանը եւ հավելել,- ռուսները հերթական անգամ մեջքից հարվածեցին մեզ՝ Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական դաշինքի գնալու պատրաստակամությամբ: Այնպես, ինչպես դա անում են մեր մյուս թշնամու՝ Ադրբեջանի հետ, որին կրկին մեծ խմբաքանակ զենք են վաճառել…

«Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր Երեւան-Անկարա ջերմացմանը, քանզի այն գերուժերը, որ կանգնած էին այդ հարաբերությունների թիկունքում, առաջին անգամը չէ, որ նման քայլի են դրդել եւ առաջին անգամը չէ, որ տարածաշրջանային զոհասեղանին են դրել Հայաստանն ու հայությանը… Եվ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները միացան մոտ երկու տասնյակ այն քաղաքական ուժերի պայքարին, որոնք միավորվեցին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Ես նախապես դեմ ելույթով էի հանդես եկել այն հանդիպմանը, որը նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը՝ քաղաքական ուժերի հետ երկխոսելու նպատակով:

«Իսկ անհատական հանդիպման ժամանակ նախագահը հավաստեց, թե այս քայլը նախաձեռնելով որեւէ վնաս չի պատճառելու մեր երկրին,- նշեց Արմեն Ավետիսյանը,- կամ հօգուտ Հայաստանի կբացվեն ներկայիս Թուրքիայի հետ սահմանները, կամ՝ վնասը կկրի Անկարան՝ արձանագրությունները տապալելու համար… Երբ հայ-թուրքական երկկողմանի հարաբերությունները Արցախի հարցի արծարծմամբ վերածվեցին հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների, ապա ավելացավ նաեւ Հայոց ցեղասպանության մերժման նախապայմանը, հասկացա, որ տանուլ տվողը հաստատ Սերժ Սարգսյանը չի լինելու»: Իսկ առհասարակ, նախապայման մենք պիտի դնենք, քանզի այսօրվա Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն (որ սխալմամբ կոչում են հայ-թուրքական) սահման ասվածն իրականում սահման չէ կամ էլ սահման է միջհայկական՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների միջեւ…

Հայ արիների ղեկավարը հայտնեց, որ ինքն ընդունել է այս հարցում նախագահի հեռատեսությունը եւ պատրաստ է ողջունելու նրա մարտավարությունը, որը համարձակ քայլ էր, բայց երեւի նա ուներ տեղեկատվության վստահելի պաշար … հայ-թուրքական եւ կից հարցերում: Հիմա պարզապես սպասենք խնդրի վերջնական չեղարկմանը, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսեց օրերս ԵԽԽՎ ամբիոնից՝ նշելով, որ Հայաստանը մինչեւ գարուն առ ոչինչ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները:

Դառնալով խնդրի ներկային՝ նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են Սիրիայի հյուսիսում քրդական «Սիրիական դեկոմրատական ուժեր»-ի հետ ստեղծել «սահմանների անվտանգության ուժեր»: Վաշինգտոնն այլեւս չի վստահում իր դաշնակցին, քանի որ թուրքական զինուժը մտել է սիրիականն տարածք: Անկարան դա կրկին փորձում է կապել քրդական ծավալման վտանգի հետ, սակայն վաղուց հայտնի է, որ թուրքերը ցանկություն ունեն սիրիսկսն եւ իրաքյան նավթաշատ ու գազաշատ որոշ տարածքների տիրելու:

Իսկ հայտարարության մեջ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցությունն անվանել է «սխալ եւ մտահոգիչ»: Թուրքական կողմի համոզմամբ՝ նման քայլը մեծապես վնասելու է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարին:

Իսկ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի եւ Իրանի սահմանի երկայնքով: «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաեւ արաբներ ու այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015թ. հոկտեմբերին՝ ծայրահեղ իսլամականների դեմ պայքարելու նպատակով:

Իսկ Ռուսաստանը շարունակում է արծարծել, Մոսկվայի ու Անկարայի ստորագրած C-400-ների մատակարարման վերաբերյալ վարկային պայմանագիրը: Վաշինգտոնը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քաղաքական շանտաժի է դիմում, ինչը աններելի եւ եւ հղի լուրջ վտանգներով: Անկարան անգամ ծիծաղելի քայլի է դիմել, չգիտես որտեղից հայտնվել են Թուրքիայի կոմունիստները, որոնք դեմ են խոսել ՆԱՏՕ-ի տրամադրած զենիթահրթիռային համակարգերին, եւ իհարկե կողմ՝ ռուսականին…

ՆԱՏՕ-ի երկրներից առավել սրված են Գերմանիայի հետ հարաբերությունները, ինչն ավելի թեժացավ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պետական որոշումից հետո:

Բայց Անկարային վախեցնում է հայ-գերմանական հարաբերությկունների մերձեցումը, որն արդեն ջերմ հայ-ֆրանսիականի հետ կարող է լուրջ գլխացավանք դառնալ թուրքերի համար: Իսկ Թուրքիայի բռնապետական ու մեծապետական հակումներով նախագահը եվրոպական թուրքերի հարցում դեռ ծրագրեր ունի եւ միլիոնավոր թուրքերի ու իսլամականների հետ հեռահար ծրագրեր կան ընդդեմ «Քրիստոնեական ակումբ» Եվրոպայի, ինչպես ասում են թուրքերը:

Այսօր նրանց հաջողվել է միակ իսլամական եվրոպական երկրի՝ Ալբանիայի կողքին, եւս երկուսը ստեղծել՝ Բոսնիա եւ Հերցեգովինան ու Կոսովոն: Իսկ այն, որ Բալկաններում վխտում է թյուրքական տարրը, որ արդեն Արեւմտյան Եվրոպայի հզոր երկրներն են վտանգված թուրքական ու իսլամական վերաբնակվեցվածներով՝ տխուր, բայց իրական փաստ է: Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան Ավստրիան, Շվեդիան եւ այլ երկրներ արդեն մտածում են ոչ միայն սահմանափակել փախստականների մուտքը, այլեւ՝ արտաքսման համար նախապայմաններ ստեղծել:

Սա հասկանում են նաեւ Անկարայում եւ իսլամական շատ երկրներում եւ Թուրքիան Գերմանիային առաջարկել է «թարմացնել» հարաբերությունները: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ու Բեռլինը պետք է վերանայեն երկկողմ հարաբերությունները: Թուրք նախարարը կոչ է արել պահպանել Թուրքիայի ու Գերմանիայի «բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունները»՝ այնպես, ինչպես եղել է 300 տարի շարունակ:

Հայաստանը պետք է միշտ զգոն եւ զգույշ լինի, քանի որ նման իրավիճակներ բազմիցս են եղել: Եվ, ցավոք, Թուրքիան խաղալով Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, միշտ շահել է… Այժմ, խորացնելով համագործակցությունը եվրոպական կողմի հետ, մենք պիտի մնանք հայկական ներկայիս փոխլրացնող քաղաքականության կողմնակիցը, որպեսզի ԵՄ եւ ԵԽ փոխհարաբերությունների լավացումը չվնասեն ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ համագործակցությանը, ինչպես եղել է ցայսօր:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 3 (481), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։