«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը կառավարությանն էր ներկայացրել «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որ առաջիկա 8 տարիների կտրվածքով է: Գործադիրն այն հավանության արժանացրեց 2017թ. տարեվերջյան նիստերից մեկում:

Երբ կարդացի «Հին Խնձորեսկ», հուշերի գիրկն ընկա: Չէ, ես այդ կողմերից չեմ: Պապերս Մուշից եկել, Գեղամա ծովը տեսել են, ասել են՝ լավ է, ծովին մոտ կիջնենք: Բայց սայլի անիվը կոտրվել է, որոշումը փոխել են՝ «էստե սելը խռբավ, էստե էլ գեղ կշինենք»: Ու գյուղը կոչել են Խռբե: Բայց Մշո դաշտին սովոր են եղել, քար ու քռեն աչքներին չի եկել, կրկին մտափոխ են եղել ու որոշել են ծովին ինար լինել, մոտ լինել, ծովի ոգու, հարսի հետ զրուցել, եկել խցկվել են երկու գյուղի արանքում ու հիմնել Ծովինարը: Ու ես ինչքան մեր գյուղ գնայի, հին Ծովինար՝ Խռբե էի գնում, լավաշի ու մածնի հետ շալակում էի պատմությունները, լեգենդները, մի տասն էլ ավելացնում ու հայդե՝ էն կեսճամփին փչացած սայլի հետքերով:

Էդ սայլն ինձ համար Նոյան տապանից էլ զորեղ պատմություն ուներ: Ավելի զորեղ էր մեր գյուղի Թեյշեբա աստծո քաղաքի բերդ-ամրոցի ավերակների մոտի արձանագրությունը: Իմ ամառային արձակուրդներին՝ ամբողջ երեք ամիս, օրերը սկսվում էին ամրոցից ու հասնում Խռբե:   

Ու տանել չէի կարողանում, երբ էդ իմ հին ճամփեքին օտար մարդ էի տեսնում: Տարիքիս հետ ոչ շալակիս լավաշ-մածունը քչացավ, ոչ էլ պատմություններս պակասեցին: Եվ էն, ինչ տանել չէի կարողանում, ավելի սրվեց: Ինձ մնացին էդ ճամփեքին իմ կռիվները բոլոր նրանց հետ, ովքեր ուզում էին մեր գյուղի սարերի ճամփեքը Բասարգեչարի (սովետականացված Հայաստանի հետեւանք տեղանուններից) սարերի ճամփեքի նման ասֆալտած տեսնել: Ասում էի՝ էնտեղ թուրքեր են լցվել, նրանց ինչ պետքն է՝ մեր սարերին ասֆալտ կլինի, թե չէ, անում են, իրենց գործն են հեշտացնում, բա դու՞ք, սարի ասֆալտած ճամփեն ո՞րն է: Ինձ լսող չէր լինում, ես էլ վերեւ էի նայում. «Աստված, դու մեր սարերը կորցնես մարդկանց աչքից»:

Տարիներ անցան, մի քսան տարի էլ շալակեցի, բայց էլի վերեւ եմ նայում ու սպասում, թե Աստված երբ է մեր սարերը կորցնելու մարդկանց աչքից:

Գուցե դրա համար է, որ ես զբոսաշրջության զարգացման վազքն անընդհատ դանդաղ տեսնել եմ ուզում Հայաստանում:

Բայց դե աշխարհ է, զարգանում է, այս ոլորտն էլ՝ հետը, ու այսօր զբոսաշրջությունը աշխարհում մրցում է նավթարդյունաբերության ու մեքենաշինության ոլորտների հետ՝ երկրներին միլիոններ բերելով: Մեր տնտեսության համար էլ կարեւոր է, ներուժ ունի, մեծ գումարների հեռանկար: Այնպես որ, իմ սուբյեկտիվ մոտեցումները մի կողմ թողած՝ մեր երկրի համար զբոսաշրջության զարգացումն անհրաժեշտություն է: Թեկուզ հենց այն փաստով պայմանավորված, որ համաշխարհային տուրիզմի բնագավառն է արձանագրում. այն է՝ զբոսաշրջային արդյունաբերության ծավալներն ամբողջ աշխարհում աճում են՝ չնայած նույն համաշխարհային տնտեսության անկայուն վիճակին (խոսքն ընդհանուր պատկերի մասին է, առանձին վայրիվերումները կարծես եղանակ չեն փոխում):

Փոխվում են ոլորտի ուղղությունները, առաջնահերթությունները, նոր ուղղություններ են առաջարկվում, բայց այս ոլորտը զարգանում է ու զարգանում: Ու փաստ է նաեւ, որ այսօր աշխարհում ամենատարածվածներից է համարվում  ճանաչողական զբոսաշրջությունը՝ բնապահպանական, պատմական, գիտական, մշակութային եւ գյուղական տեսակներով: Որ մենք այստեղ ներուժ ունենք, ակնհայտ է:

Ինչեւէ, գործադիրի հավանությանն արժանացած «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը խոստանում է բարձրացնել մեր երկրի Սյունիքի մարզի զբոսաշրջային գրավչության մակարդակը: Թեկուզ հենց այն բանով, որ առկա ենթակառուցվածքները վերականգնելուց զատ կստեղծվեն նորերը:

Իսկ եթե ավելի պարզ, ապա, ծրագրի հեղինակների խոսքով, կստեղծվի ֆունիկուլյոր (ճոպանաքարշով ռելսուղու մասին է խոսքը), զիփլայն (թռչող գիծ), ակտիվ հանգստի եւ առողջապահական համալիրներ, հյուրանոց եւ այլն:

Ծրագրի իրագործման ընթացքում կներդրվի 25 մլն դոլար, կստեղծվի 400-ից ավելի ուղղակի եւ անուղղակի աշխատատեղ:

Ծրագիրը ներկայացնող «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը (ներդրող՝ Սենիկ Ջուլհակյան) կհաջողի, քանզի այստեղ հայտնի են Տաթեւի վանական համալիրը եւ աշխարհում ամենաերկար ճոպանուղին, Քարահունջի աշխարհահռչակ աստղադիտարանը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը, Ուխտասար լեռը, որտեղ պահպանվել են 12 հազար տարվա ժայռապատկերներ։

Հետաքրքրաշարժ է նաեւ Հին Հալիձորի բերդը: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Հին Խնձորեսկ գյուղն իր հարյուրավոր ժայռափոր քարանձավային կացարաններով, հնագույն եկեղեցիներով ու տասնյակ աղբյուրներով։ Այս մարզը պահպանել է դիմագիծը: Այստեղ տարբեր փառատոններ են կազմակերպվում (Հալիձորի «Ոչխարների խուզման», Սիսիանի «Ազնվամորու», Քարահունջի «Թթի օղու» եւն), հյուրատներ կառուցվում, Գորիսն ու Կապանն են հետաքրքիր ճարտարապետությամբ. լեռնագնացությունն է զարգանում…

Ասել է թե՝ ցույց տալու բան կա:

«Հայհիդրոէներգանախագիծը» կարծում է, որ չնայած Սյունիքում զբոսաշրջության դրական միտումներին՝ հնարավորությունները դեռ  սահմանափակ են մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից։ Ու թեեւ վերջին տարիներին հյուրանոցներ ու հյուրատներ կառուցվել են, բայց դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այս ամենից զատ՝ Սյունիքում շատ պատմամշակութային արժեքներ ու բնության հուշարձաններ կան, սակայն պատշաճ ներկայացված չեն։ Ըստ այդմ, ներդրումային ծրագրի շրջանակներում կվերականգնվեն Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ եւ Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքները, Գորիսը մշակութային զբոսաշրջության ակտիվ կենտրոն կդառնա:

Ճոպանաքարշով ռելսուղուց եւ թռչող գծից զատ իբրեւ ներդրումային ուղղություն ընկերությունը մատնանշում է «Ժայռ» համալիրը, Խնձորեսկ գյուղի ջրաղացի հրապարակի, գյուղատնտեսական շուկայի եւ աշտարակի կառուցումը, Հին Խնձորեսկ համալիրը, Հին Գորիսը եւ Գորիսում «Առողջապահական եւ վերականգնողական կենտրոնը»: Ի դեպ, աշխատանքներ են տարվել արտերկրի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel եւ մի շարք գերմանական կլինիկաների հետ։

Միայն Գորիսի հյուրանոցային համալիրի մասով 6 մլն դոլարի ներդրման խոսք կա՝ 100 աշխատատեղով: 1.25 մլն դոլար էլ կուղղվի «Ժայռ» համալիրին՝ 70-80 աշխատատեղով: Իսկ ճոպանաքարշով ռելսուղու կառուցումը 11 մլն դոլար կարժենա:

1,2 մլն էլ կարժենա Խնձորեսկի ջրաղացի հրապարակի, գյուղատնտեսական շուկայի եւ աշտարակի կառուցումը: Քիչ ավելի պակաս՝ 1 մլն դոլար կարժենա Հին խնձորեսկի ակնաղբյուրի կետրոնական հրապարակի եւ ենթակառուցվածքների կառուցումը:

Սրանից էժան՝ 0.7 մլն դոլար կարժենա 207մ երկարությամբ նոր ճոճվող կամուրջի կառուցումը՝  «Ինը մանուկ» աղբյուրի վերնամասից մինչեւ Մխիթար Սպարապետի դամբարանադաշտի վերնամաս: Գործող ճոճվող կամուրջն էլ կվերանորոգվի 0.1 մլն դոլարով:

Հին Խնձորեսկ եւ Հին Գորիս պատմամշակութային արժեքների մասնակի վերականգնումը, լուսավորության եւ հաղորդակցման արահետների կառուցումը 0.5 մլն դոլար կարժենա: Զիփլայնի եւ էքստրեմալ հանգստի գոտու ստեղծման համար 0.75 մլն կծախսվի: 1 մլն դոլար էլ կներդրվի առողջապահական եւ վերականգնողական կենտրոնի համար:

Մի խոսքով՝ ընդհանուր առմամբ  25-26 մլն դոլարի եւ 400-430 աշխատատեղի մասին է խոսքը:

Շատ կարեւոր է ասենք, որ ծրագրի պատասխանատուները հետեւեն, որպեսզի հնի վերականգնման ժամանակ այդ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, այլ ոչ թե վերակառուցվի, այնպես ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ, երբ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ: Այս խնդրին մենք, իհարկե, այլ առիթով կանդրադառնանք, բայց շատ տեղին էր միջամտելը, մանավանդ, որ այստեղ էլ կամրջի մասին խոսք կա…

Իսկ «Հին Խնձորեսկի» մյուս մանրամասներից հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։