Ինչպես պիտի հակազդել թուրք-ադրբեջանական  ծավալմանը՝ Վրաստանում ու Ջավախքում – Մեսխեթում մեկնարկեց երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները… Վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը, Նախիջեւանի հայաթափման տարբերակը պիտի բացառե՛լ…

Այս նախագիծը շարունակաբար իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրույց է լինում տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ՝ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

«Լուսանցք»-ը նշել է, որ ոչ վաղուց Ջավախքի խնդիրը պետք է վերածվեր համահայկական խնդրի, ինչպես ժամանակին՝ Արցախինը: Եթե հենց այսօր համահայկական ուշադրություն չբեւեռվի ջավախահայության տարաբնույթ խնդիրներին, ապա վաղը կունենանք ոչ թե Արցախ-Ջավախք համեմատություն, այլ՝ Նախիջեւան-Ջավախք…

Ահա այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեւավորվել են հարցումների հիման վրա, ըստ վերոնշյալ նախագծի: Հարցերին պատասխանել է անկախ քաղաքական փորձագետ Հայկ Բալանյանը:

  1. Ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանում, տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ:

– Կա ժողովրդագրական աճ, կան պետական հստակ հաշվարկներ: Հենց ժողովրդագրական աճն էլ նպաստել է Բաքվի եւ Անկարայի պետական ակտիվ քաղաքականության դրսեւորմանը, նաեւ կրոնական վերածննդին՝ մզկիթների կառուցում եւ վերաբացում, այդ թվում՝  վրաց մահմեդականների համար, նաեւ տրանսպորտային ծրագրեր, բիզնեսի մեծ եւ աճող ներկայություն Վրաստանի տնտեսության մեջ:

(Հիշեցնենք, որ մեծ թվով մահմեդական վրացիներ են ապրում Աջարիայում: Ինչպես հայտնի է, աջարներ հասկացության տակ պիտի հիմնականում հասկանալ՝ հենց մահմեդականացված վրացիներ: Եվ իզուր չէ, որ Թուրքիան վաղուց աչք ունի Բաթումին տիրելու առումով,- «Լուսանցք»):  

  1. Ինչպե՞ս հակազդել հիշատակած թուրքական ակտիվությանը:

– Վերը թվարկված գործոնների կիրառմամբ՝ հայերի եւ Հայկական պետության կողմից: Այլոց միջամտությունները վտանգավոր են մեզ համար:

  1. Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ, որպեսզի հակազդեն թուրքական եւ ադրբեջանական ակտիվությանը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում:

– Միայնակ հակազդել չեն կարող, ուժերը կարելի է ասել, անհավասար են, բայց եթե վրացիների՝ թրքական մտահոգիչ ազդեցության մասով, աշխատանք տարվի, ապա հնարավոր է: Բայց դրա համար անհրաժեշտ է Վրաստանին տրամադրել այլընտրանքներ, հանձինս այն տնտեսական ու քաղաքական օգուտների, որոնք Վրաստանը քաղում է թրքական պետությունների հետ համագործակցության հետեւանքով: Տնտեսական շահը նաեւ գրավիչ է:

  1. Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկական կազմակերպությունները դիմակայելու համար թուրքական ակտիվությանը:

– Սփյուռքին մեկ բռունցքի մեջ հավաքել այս հարցում, եւ զբաղվել Ջավախքի տնտեսական զարգացման ծրագրերով, ինչպես վերը նշվեց:

Կլինի աշխատանք՝ կլինեն հայեր ու ազդեցություն: Եթե ոչ, ապա ծերերի մահից հետ տարածաշրջանը կդատարկվի, նման վտանգ իրոք կա:

  1. Արդյոք այսօր պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի:

– Վրաստանն ունի մի շարք խնդիրներ Ռուսաստանի հետ, եւ թրքական ազդեցությունը, ի դեմս Արեւելք-Արեւմուտք կապի ընդեմ Հյուսիս-Հարավ կապի պաշտոնական Թիֆլսիում ընկալվում է, որպես իր գեոքաղաքական եւ գեոտնտեսական գործառույթ, որը Վրաստանին արժեք, նշանակություն, տնտեսական օգուտներ եւ պաշտպանություն է տալիս:

Այդ պարադիգմը քայքայել շատ դժվար է, քանի դեռ ռուս-վրացական հարաբերությունները սրված են: Եթե հնարավոր լինի հասկացնել Թիֆլիսին, որ թրքական զույգ պետությունների ու Ռուսաստանի միջեւ հավասարակշիռ քաղաքականությունն ավելի մեծ օգուտներ կտա Վրաստանին, եւ թույլ կտա մրցակից դարձնել Մոսկվային ու Անկարա-Բաքվին Թիֆլիսի վրա ազդեցությունը պահպանելու համար, եւ այդ երկու կողմերին հնարավոր կլինի ավելի մեծ եռանդով քամել ու չընկնել ոչ մեկի գերիշխան ազդեցության տակ, ապա թրքական ազդեցությունը կնվազի:

Բայց Վրաստանը պատրաստ չի վարել Թուրքիային ընդդեմ քաղաքականություն: Իհարկե, եթե միայն Թուրքիան վերջնականապես չկտրվի Արեւմուքտից ու Վրաստանը չստանա Արեւմուտքից պարտադրված որոշում: Բայց նույնիսկ այդ դեպքում վրացիները կցանկանան երկակի խաղ խաղալ:

  1. Չե՞ք կարծում, որ Սամցխե-Ջավախքի հայության հուզող շատ խնդիրներ կարող են ինքնաբերաբար լուծվել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները լիարժեք գիտակցեն թուրք-ադրբեջանական քաղաքականության վտանգը մեր շրջանում:

– Ոչ, Ջավախքում թրքական ազդեցությունը թույլ է, կշարունակեն հայերի հյուծման քաղաքականություն, իսկ ասենք՝ Բոլնիսում կաջակցեն հայերին՝ ընդդեմ ադրբեջանցիների:

Բայց այնուամենայնիվ, իրենց ռազմավարությունը՝ Վրաստանը վրացիների համար, չեն փոխի: Կհանդուրժեն, կհաշտվեն՝ պաշտոնական Երեւանի կամ ԱՄՆ-ի ճնշման տակ, ու կլռեն: Ոչ ավելին: Իսկ Ջավախքի հիմնական խնդիրը աշխատանքն է, որը Վրաստանը իր գյուղական շրջանների համար էլ չի կարող լուծել, ուր մնաց հայերի համար:

  1. Ի՞նչ կցանկանայինք հավելել:

– Առանց պաշտոնական Երեւանի՝ Ջավախքում ծրագրերը կաղալու են, ու մեծ արդյունավետություն չեն ունենա: Ոչ մի հասարակական կազմակերպություն կամ այլ միություն ընդդեմ վրացական պետության ոչ մի շանս չունի: Իսկ իրավիճակը հասել է ընդդեմ գործելուն…

(Կարծում ենք՝ տնտեսական հարաբերությունների բարելավումը Ջավախքի հետ պիտի դառնա Հայաստանի առաջնային ծրագրերից մեկը: Այնպես, ինչպես Արցախում է: Ջավախահայությանը պետք է առավելություններ տալ Հայաստանում տնտեսական գործունեությամբ կազմակերպություններ բացելու հարցում, դրանք կարող են գործել Ջավախքում եւ Հայաստանում աջակցություն ստանան ապրանքների սպառման հարցում…

Փոխշաղկապված տնտեսական համակարգը Ջավախքին կտա ոչ միայն բարգավաճելու հնարավորություն, այլ Հայաստանի ու հայության հետ միասնական լինելու կամք եւ անհրաժեշտություն, ինչպես նաեւ՝ ապահովություն,- «Լուսանցք»):

Մեսխեթում մեկնարկեց երկու մզկիթների վերականգնողական աշխատանքները

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը, Սամցխե-Ջավախքում  սկսվելու է երկու մզկիթների վերականգնողական աշխատանքներ:

Ասպինձայի շրջանի Օթասա գյուղի եւ Ախալցխայի շրջանի Սաղունեթի գյուղի պատմական հուշարձանները 2017թ. սկսվել են վերանորոգվել: Նախագծման աշխատանքները կատարվել են եւ գործընթացը սկսված է: Սաղունեթիի կենտրոնում մոտ մեկ դարի մզկիթ կա:

Մշակութային ժառանգության պահպանման գործակալության տնօրենն ասել է, որ Սամցե-Ջավախքի շրջանում շատ մատուռներ ու եկեղեցիներ կան, որոնք նույնպես վերականգնողական աշխատանքի կարիք ունեն:

Սակայն նյութական եւ մարդկային քիչ ռեսուրսների պատճառներով, պետությունը չի կարող միանգամից բոլորը միասին վերանորոգել:

Եվ, իհարկե, առաջնայնությունը տրվել է մզկիթներին…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։