Հնարավոր մատային քաղաքականությանը Անկարան պատասխանում է պատային շինարարությամբ – Տարածաշրջանի երկրներին անհանգստացնում է սահմանային պաշտպանության հարցը… Օրինակ՝ հայ-թուրքական եւ թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների ընթացքում՝ թուրքական կողմը կտեղադրի էլեկտրոնային համակարգեր…

Թուրքիան շարունակում է վերաճել որպես տարածաշրջանային չարորակ ուռուցք եւ իր թունավոր երակները ջղաձգում է տարբեր կողմեր: Եթե Հայաստանի հարցում դեռ դադար է (չնայած Արցախի հակամարտությունում Անկարան Բաքվի հետ է), ապա Վրաստանի, Սիրիայի, Իրաքի հարցերում Անկարան միանշանակ տարածքային զավթումների նոր խնդիր է լուծում… Ցավոք, ինչպես նախկինում, ինչպես ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, այնպես էլ Ռուսաստանը դեռ հուժկու պատասխաններ չեն տալիս թուրքական ջղաձգումներին: Ավելին, համաշխարհային երկու բեւեռներն էլ խաղում են Անկարայի հետ՝ փորձելով թուրքական նոր յաթաղանը գործածել նաեւ իրենց նպատակների համար…

Զարմանալի է, բայց Իրանը եւս ընկել է այդ շրջապտույտի մեջ եւ դա կարող է վատ հետեւանքներ թողնել հարեւան երկրի վրա: Թեհրանը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի դեպքերից հետո հայտարարեց, թե կարող է այս հարցում համագործակցել Անկարայի հետ, սակայն թուրքերը երբեք Իրանին բարեկամական աչքերով չեն նայել եւ այսօր էլ հայտարարել են, թե չի բացառվում, որ Սիրիայի դեմ գործողությունները ծավալվեն նաեւ Իրաքում՝ մինչեւ Իրանի հետ սահմանը: Այսինքն՝ խաղարկելով Քրդստանի ստեղծման ծրագիրը, Անկարան ժամանակ շահեց, որպեսզի ավելի լավ պատրաստվի եւ Սիրիայի ու Իրաքի նավաշատ եւ գազաշատ որոշ տարածքներ իրենով անի, ինչին վաղուց է ձգտում…  

Թեհրանը Իրաքյան Քրդստանի անկախության հարցով մեղադրել է Իսրայելին՝ նշելով, թե «թշնամին իր հետ գերեզման կտանի նոր Միջին Արեւելք ստեղծելու հույսը»… Եվ քանի որ Անկարան նույնպես բռնել էր հակաիսրայելական կեցվածք, իրանական կողմը խաբվեց այս հերթական թուրքական «անկեղծությանը»՝ մոռանալով, որ տակավին վերջերս Պաղեստինի ու Երուսաղեմի հարցերով Թուրքիան կրկին անգամ կանգնել էր արաբական աշխարհի կողքին, սակայն դրանով իր ծավալապաշտական խնդիրներին էր փորձում լուծում տալ, ինչը չծավալվեց Իսրայելի մերժման պատճառով: Իսրայելի հետ իր խաղերն է տալիս նաեւ Ադրբեջանը՝ խաղարկելով ինչպես իսլամական, այնպես էլ արաբական աշխարհի շահերը, ոչ մի բանով չտարբերվելով իր ավագ եղբայր Թուրքիայից…

Հիմա Թուրքիան դեռ ռմբակոծում է Սիրիայի տարածքը, ներխուժել եւ փորձում է հաստատվել այնտեղ՝ մերթ ընդ մերթ ռազմա-քաղաքական խոստումներ տալով Վաշինգտոնին եւ Մոսկվային: Բայց հետաքրքիրն այն է, որ Սիրիայի քրդերը համագործակցում են նաեւ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ: Ռուսները զինում են նաեւ Սիրիայի օրինական իշխանությունների կողմից վերահսկվող բանակը, իսկ ամերիկացիները քրդական ուժերի դաշնակիցներն են: Այս ամենը ենթադրում է, որ բոլոր խաղերը երկակի են, կամ՝ բազմակի, ինչը պետք է լուրջ վերլուծության ենթարկել: Չի բացառվում, որ այս անգամ էլ տարածաշրջանի վերադասավորումներում կգործածվի Թուրքիան, որի նախագահը մեծապետական նկրտումներ ունի տարածաշրջանում եւ դա միջազգային գերուժերին հաստատ դուր չի գալիս:

Թերեւս Անկարան էլ է սա հասկանում եւ փորձում է իր հնարավոր հակառակորդներից ապահով լինել, ամրացնում է սահմանները: Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելուց հետո մեծ թափով իրականացնում է Իրանի հետ սահմանի 144 կմ երկարությամբ պատի կառուցման աշխատանքները: Արդեն մոնտաժվել է պատի մի քանի տասնյակ կիլոմետրանոց հատված: Կառուցման աշխատանքների ավարտը նախանշված է 2018-ի կեսերին: Պատը կառուցվում է թուրք-իրանական սահմանի՝ Իգդիր եւ Աղրը նահանգներն հարող հատվածներում, որոնք համարվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների անցման կետերը: Անկարան վախենում է թուրք-քրդական ներքին նոր զինված բախումներից, ինչպես նաեւ իրանական կողմի հնարավոր գրծողություններից:

(Իմիջիայլոց պատային այս քաղաքականությունը վերսկսեցին Մերձբալթիկայի նախկին խորրհրդային երկրներ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան՝ պատեր կառուցելով Ռուսաստանի հետ սահմանային հատվածներում):

Նշվում է նաեւ, որ թուրք-իրանական սահմանի այս հատվածը Աֆղանստանից ու Պակիստանից թմրանյութերի անցկացման, ինչպեսեւ ասիական երկրներից փախստականների Եվրոպա հասնելու երթուղիներից մեկն է հանդիսանում: Սահմանային պատը կառուցվելու է 8,5 եւ 11 տոննայանոց բետոնե բլոկների միջոցով: Բաժանարար պատի լայնությունը կազմում է 2 մ, իսկ բարձրությունը՝ 3 մ: Այս բարձրությամբ բետոնե պատի վրա ամրացվելու են 60 սմ կամ 1մ բարձրությամբ փշալարեր: Նշվում է, որ պատը համալրված է լինելու դիտարկման աշտարակներով, անվտանգության տեսախցիկներով եւ ունենալու է զրահապատ ապակիներով 15 դուռ: Պատի ամբողջ երկայնքով ավտոմեքենաների անցման համար ճանապարհ կկառուցվի:

Եթե Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման առումով սիրիական իշխանությունները դեռ ոչինչ չեն ասել, ապա Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյակ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին: Ըստ իրանական կողմի՝ «Թուրքիայի կողմից անվտանգության նկատառումներով պատի կառուցմանը սկզբունքորեն դեմ չեն, սակայն  Թեհրանը պետք է տեղյակ լինի սահմանին իրականացվող ցանկացած գործողության մասին»:

Վերջերս Թուրքիայի ներքին գործերի նախարարը խոսել է ոչ միայն Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարակական աշխատանքների ընթացքի, այլեւ՝ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների մասին: 

Այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է: Պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաեւ ահաբեկիչների մուտքը Թուրքիա: Անդրադառնալով հայ-թուրքական եւ թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ թուրքական կողմը տեղեկացրել է, որ պատրաստվում են այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր: Ըստ լրատվության, 1 կամ 2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցներ կձեռնարկվեն: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չեն կառուցում, այնտեղ միայն կտեղադրեն նոր էլեկտրոնային համակարգեր:

Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ սկսել էր հայ-թուրքական սահմանի Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները:

Այս ամենը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ թուրքական երկու երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն բացառում վերսկսել Արցախի հակամարտությունը, որպեսզի ուշադրությունը Մերձավոր Արեւելքում որոշակիորեն շեղեն: Չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Ֆրանսիան բացառում են նման ծավալումները, սակայն ամեն բան կախված է այս կամ այն իրավիճակի փոփոխությունից:

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Մեր նախագահը նշել է, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ եւ վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ եւս աշխատանքը կընթանա նույն ոգով: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար: Նշել է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ Եվրամիությունն ու Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ: Նա հույս է հայտնել, որ ինքը եւս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Թե ինչ հնարավոր քայլեր եւ ծավալումներ են քննարկել Արցախի խնդրի կարգավորման այս փուլում, շուտով պարզ կլինի: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ նախագահների հանդիպումները անպտուղ են եւ Բաքվի կողմից հարցականի տակ է դրված նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունավետությունը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։