Հայ Արիական Միաբանության համառոտ դիրքորոշումը

Ներկայացվել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանւ կողմից՝

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ շուրջ 50 կուսակցությունների ղեկավարների հետ արցախյան հարցին նվիրված խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին (ժամը 11:00-16:00), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Հայ Արիական Միաբանությունը (որում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը) համարում է, որ Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորումը մտել է մի նոր փուլ՝ երբ «տարածքային ամբողջականության անձեռնմխելիության» եւ «ազգային ինքնորոշման» միջազգային իրավունքներն այլեւս համադրվելու միտում չունեն:

Սա արդեն իրողություն է՝ Արեւմուտքի կողմից Կոսովոյի անկախությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի եւ հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու փաստերով ամրագրված:

Ուստի՝ այս պարագայում Երեւանը կամ պիտի միանշանակ կողմնորոշվի դեպի ԱՄՆ-Եվրոպա, կամ՝ Ռուսաստան, որպեսզի ստանա որեւէ կողմի բարեհաճությունը Արցախ-ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցում: Սակայն, սա անընդունելի է ՀՀ ներկա փոխլրացումային արտաքին քաղաքականության պայմաններում (ինչին ՀԱՄ-ը կողմ է), եւ Հայաստանն ինքը պետք է իր որոշումը կայացնի:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք ճիշտ ենք համարում Երեւանի կողմից Արցախ-ԼՂՀ-ի՝ կամ անկախության ճանաչումը, կամ հայկական երկրամասի՝ ՀՀ-ի հետ վերամիավորման որոշման վերահաստատումը:

Արցախ-ԼՂՀ-ի անկախության ճանաչման դեպքում առաջարկում ենք երկու տարբերակ՝

1. Ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ շարունակել բանակցությունները Ադրբեջանի ու շահագրգիռ միջնորդների հետ:

2. Ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ դուրս գալ բանակցային գործընթացից՝ դրա իրավունքը թողնելով Արցախ-ԼՂՀ-ի իշխանություններին: Այս դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես ասենք՝ Թուրքիան:

ՀՀ-ին ԼՂՀ-ի վերամիավորման դեպքում առաջարկում ենք եւս երկու տարբերակ՝

1. Վերամիավորված ՀՀ-ով շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կամ ուղղակի բանակցություններ վարել Բաքվի հետ:

2. Միջնորդների ընդլայնման քաղաքականություն որդեգրել եւ ԱՄՆ-ՌԴ-Ֆրանսիա արեւմտյան միջնորդական առաքելությանը համադրել Չինաստան-Հնդկաստան-Իրան արեւելյան միջնորդական առաքելությունը, քանզի Հայաստանը եւ, առհասարակ, տարածաշրջանը ոչ միայն եվրոպական, այլեւ՝ ասիական (եթե չասենք՝ համաշխարհային) հետաքրքրությունների շրջանակներում են:

Առաջարկները գուցե արմատական են, սակայն միեւնույնն է, միջազգային ճնշումները Երեւանի վրա են առավելապես անդրադառնում, քան՝ Ստեփանակերտի, ուստի Արցախ-ԼՂՀ-ի անկախության ճանաչման կամ վերամիավորման տարբերակները նոր մեծ խնդիրներ չեն առաջացնի (մանր անհարմարություններ գուցե առաջանան): Իսկ գերտերությունները թող իրենք կողմնորոշվեն այս պարագայում, ինչն էլ ի հայտ կբերի Երեւանի արտաքին քաղաքական փոփոխության նոր հնարավորությունները:

Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ իշխանություններն ինչ քաղաքականություն կորդեգրեն այս հարցում, ամեն դեպքում Հայ Արիական Միաբանությունը դեմ է Արցախ-ԼՂՀ-ի կողմից (ազատագրված տարածքներով հանդերձ) հնարավոր հողային զիջումներին եւ կոչ է անում՝ անցնել վճռական քայլերի՝ չմոռանալով նաեւ պատերազմի հնարավոր վտանգի ու նախապատրաստության մասին:

Կից ներկայացված են մի շարք նյութեր՝ Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի, Արեւմտյան Հայաստանի եւ Կովկասյան միության խնդիրների վերաբերյալ: Այս նյութերը բաժանվել են խորհրդակցության մասնակիցներին:


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։