Մարզաշխարհի խաչմերուկներում – Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը… Փհենչհանում վառվեց ձմեռային օլիմպիական խաղերի կրակը… Հայկական ակումբները սկսել են 2018թ պատրաստման վերջին փուլը… Հայաստանում կկայանա կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն… ՀՀ նախագահը Երեւանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը… Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել «Արսենալ»-ում… Ֆուտբոլային այլ լուրեր… Երեւանում կանցկացվի ակումբային բասկետբոլի միջազգային մրցաշար… Սումոյի աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտում է սկանդալով… Հայտնի է Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում… Այլ մարզական լուրեր… Մշակութային լուրեր – Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմ եւ «Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին…

Մշակութային լուրեր – Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում կներառվեն նաև երկրպագուների հուշերը եւ «Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին…

Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում կներառվեն նաև երկրպագուների հուշերը

Մեծանուն հայ շանսոնյեի՝ Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմի համար հավաքագրվում են պատմություններ՝ սիրված երգչի մասին: Շարլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջում նշված է. ««Անհայտ Ազնավուրը» աննախադեպ փաստագրական ֆիլմում ներառելու համար պատմեք մեզ Ձեր ամենագեղեցիկ հուշը՝ կապված Շարլ Ազնավուրի հետ: Ինչպե՞ս Դուք այն կներկայացնեիք մի քանի բառով: Ձեր պատմությունները բազմաթիվ հայտնի մարդկանց պատմությունների կողքին կհայտնվեն և կդառնան այս յուրահատուկ փաստագրական ֆիլմի մի մասը, ֆիլմի, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում»:

Տեսանյութերը պետք է չգերազանցեն 3 րոպեն, դրանց ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Դրանք պետք է ուղարկվեն archives@charlesaznavour.comէլեկտրոնային հասցեին: Երգչի երկրպագուները այս հայտարարությանն արձագանքել են այդ հայտարարության մեկնաբանություններում՝ Ազնավուրին անվանելով «Հայոց սոխակը՝ Փարիզում», «Լեգենդ», «Համեստ, խելացի, առատաձեռն», «Յուրահատուկ, կախարդական, անմահ», «Վերջին հսկան», «Հրաշալի»:

Կարող եք կարդալ այս  հրապարակումները`

Եթե ես լսեի քննադատներին, այսօր բեմում չէի լինի. Շարլ Ազնավուր

Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր

Իմ Նոբելյան մրցանակն իմ կինն է. Շարլ Ազնավուր

Ես ազատվել եմ այն ամենից, ինչ ստիպում է հպարտանալ ինքս ինձնով. Շարլ Ազնավուր

Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ. Շարլ Ազնավուր

Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում

Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը

«Դովլաթով» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 1-ին

Մարտի 1-4-ը Ռուսաստանում մեծ էկրան կբարձրանա հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի մասին պատմող ֆիլմը, որի ռեժիսորն է Ալեքսեյ Գերման կրտսերը, Սերգեյ Դովլաթովի դերում նկարահանվել է Միլան Մարիչը, Իոսիֆ Բրոդսկու դերում՝ Արթուր Բեսչաստնին, ֆիլմում նկարահանվել է նաեւ հայ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

«Դովլաթով» ֆիլմը պատմում է գրողի՝ 70-ականների սկզբի «լենինգրադյան» կյանքի մի քանի օրերի մասին, այն շրջանի, որ նախորդում է նրա ընկերոջ, ապագայում Նոբելյան մրցանակիր Իոսիֆ Բրոդսկու էմիգրացիային: Ֆիլմում նկարագրված է հակասական եւ ծիծաղելի իրավիճակների մի շրջապտույտ. բախում քրեական աշխարհի հետ, Լենինգրադի աշխարհիկ եւ գրական կյանքը, «Լենֆիլմ» ստուդիան, երաժշտություն, բանաստեղծությունների ընթերցում, լրագրողի արհեստ եւ մեծագույն ցանկություն՝ դստեր համար գնել տիկնիկ, որն անհնար է ձեռք բերել:

Կյանքի տարբեր շրջադարձերի հերթափոխում՝ երբեմն ծիծաղելի, երբեմն սուր, մեզ համար բացում ենք զգայուն, փայլուն, հեգնող մարդու կյանքը, մի մարդու, ով ինքն է ընտրում իր ստեղծագործական ուղին, որպեսզի հետո դառնա 20-րդ դարի ամենահայտնի ռուս արձակագիրներից մեկը:  

«Ինձ եւ իմ գրող ընկերներին չեն տպագրում ոչ մի հրատարակչությունում, համենայն դեպս՝ չեն տպագրում այն ամենը, ինչ գրված է անկեղծ եւ լուրջ, իսկ եթե ԽՍՀՄ-ում քեզ չեն հրատարակում, եւ դու խորհրդային գրողների միության անդամ չես, ուրեմն՝ դու գոյություն չունես, դու չկաս»,- ասում է ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սերգեյ Դովլաթովը:

* * *

Մարզաշխարհի խաչմերուկներում

Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք եւ հանգրվանել օլիմպիական ավանում: Իսկ այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը: ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել և ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Հարակից հրապարակում`

Փհենչհան-2018. Հարավային Կորեայում օլիմպիական եռուզեռ է

Փհենչհանում վառվեց ձմեռային օլիմպիական խաղերի կրակը

Փետրվար 9,2018Հարավկորեական Փհենչհան քաղաքում այսօր կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Այս տարի խաղերին մասնակցում են 92 երկրների 2500-ից ավելի մարզիկ-մարզուհիներ, որոնք կպայքարեն 102 կոմպլեկտ մեդալների համար:  Ուշագրավն այն է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները  խաղերին հանդես կգան մեկ թիմով, մեկ դրոշի տակ: Իսկ ահա Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը թույլ չեն տվել ներկայանալ ազգային դրոշով, քանի որ այդ երկրի մարզիկներն նախորդ խաղերում պետության հովանավորչությամբ խթանիչներ էին օգտագործել:

Փհենչանի օլիմպիական խաղերի կրակը վառելու պատվին արժանացավ հարավկորեացի գեղասահորդուհի, 2010 թվականի օլիմպիական չեմպիոն Կիմ Յունան:

Հիշեցնենք, որ այս տարվա օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկ՝ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ դահուկավազքում, Աշոտ Կարապետյանը՝ լեռնադահուկային սպորտում:

Հայաստանը դոպինգ սպա կունենա 2018թ ձմեռային օլիմպիական խաղերում

Հայաստանը ներկայացնող դոպինգ սպա Անժելա Սահակյանը կմասնակցի Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք 2018թ ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նա կներգրավվի արտամրցումային եւ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի եւ մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության եւ գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որեւէ լրացուցիչ հարցի եւ խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ: Այս հարցում մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեց ՀԱՕԿ-ը, որն ամբողջությամբ իր վրա վերցրեց Անժելա Սահակյանի ճանապարհածախսը», – կայքով հայտնել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:

Հրաչյա Ռոստոմյանն անհամբեր սպասում է «Հրազդան» ստադիոնի սնանկացմանը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2017թ. կառավարության կողմից ստացած 449 հանձնարարականներից կատարել է 397-ը: «52 հանձնարարականները դեռ ընթացքում են: Այնպես որ, դրանք կատարվում են եւ ուշացում չկա», – այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը նաեւ հավելեց, որ 2017թ. մեր մարզիկները միջազգային մրցումներում նվաճել են 201 մեդալ, ինչը 31-ով ավելին է նախանցած տարվա համեմատ: Սա մրցաշրջան-2017-ի համառոտ ամփոփումն է: Մանրամասնելով մասսայական սպորտի վիճակագրական տվյալները, Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ անցած տարի տարբեր միջոցառումներին մասնակցել են պետական մարմինների 200 աշխատակիցներ,  73000 աշակերտներ, 1539 ընտանիքներ՝ 4617 իրենց անդամներով, 120 տարեց մարզիկ, 25 հազար բնակիչ, 3000 ուսանող, հատուկ դպրոցների 80 աշակերտներ, 120 հաշմանդամ եւ 63 խուլ-համր մարզիկ, 14՝ կույր շախմատիստ:

Խոսելով մեծ սպորտի մասին, նախարարը հայտնեց, որ ըմբշամարտին հատկացվող պետական գումարներն ավելացել են, քանի որ ավելացել են քաշային կարգերը: Փհենչանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում մեր մարզիկները մարզազգեստի հետ կախված խնդիրներ չունեն, չնայած նրանք անդրադարձել են այդ հարցին: Բասկետբոլի տղամարդկանց առաջնության մասնակիցների թիվն այս տարի հասցվելու է 10-ի: Ծանրորդները խնդիրներ չունեն եւ պատրաստվում են աշխարհի առաջնությանը, թեեւ 1 տարով որակազրկված են:

Լրագրողները նախարարից փորձեցին պարզել, թե ինչու հանրապետությունում չի կառուցվում միջազգային չափանիշների աթլետիկայի վազքուղի, չնայած աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը բազմիցս դիմել է այդ հարցով՝ նշելով, որ ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել միջազգային ֆեդերացիան: Հրաչյա Ռոստոմյանն այդ կապակցությամբ ասաց. «Հայաստանում միակ տեղը, որն իր չափերով համապատասխանում է աթլետիկայի միջազգային վազքուղու պահանջներին, միայն «Հրազդան» մարզադաշտն է: Այդ օբյեկտը սնանկացման գործընթացի մեջ է եւ, ըստ օրենքի, ոչ մեկը չի կարող գումարներ ներդնել դրանում: Երբ որ ավարտվի այդ գործընթացը, ունենանք վերջնական որոշում, ես խոստանում եմ, հաջորդ 10 օրվա ընթացքում սկսել այդ աշխատանքները: Ֆինանսական ոչ մի խնդիր չկա, որովհետեւ մենք պետք է կատարենք ընդամենը 100-110 հազար եվրոյի ներդրում: Դա չնչին գումար է, այն դեպքում, որ պատրաստվում ենք 25-30 մլրդ դրամով նոր մարզաբազա կառուցել Ծաղկաձորում»,- պարզաբանեց հայկական սպորտի թիվ 1 պատասխանատուն:

Ֆուտբոլային ո՞ր խաղերն են այսօր գլխավորները

Եվրոպայի ֆուտբոլային առաջատար երկրների առաջնություններում կկայանան մի քանի ուշագրավ հանդիպումներ: Դա նախ եւ առաջ Իսպանիայի առաջնության 22-րդ փուլի շրջանակում կայանալիք բարսելոնյան դերբին է: Խաղադաշտի տերերը՝ «Էսպանյոլ»-ի ֆուտբոլիստները, ոչ մի կերպ չեն կարողանում կայուն խաղ ցույց տալ եւ դեռեւս պայքար են մղում Լա լիգայում իրենց տեղը պահպանելու համար: Իսկ ահա հյուրերը՝ «Բարսելոն»-ի խաղացողները, ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում, տարել են 18 հաղթանակ եւ առայժմ ոչ մի պարտություն կրել: Իսպանիայի Լա լիգայում այսօր կկայանա կենտրոնական խաղերից մեկը: Մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկո»-ն սեփական խաղադաշտում կընդունի իրեն հաջորդող «Վալենսիա»-ին: Երկու թիմերն էլ աշխատում են միավորներ չկորցնել, քանի որ նրանց կրնկակոխ հետապնդող Մադրիդի «Ռեալ»-ը մեկ խաղ քիչ ունի եւ ցանկացած պահի կարող է հասնել եւ առաջ անցնել:

Հետաքրքիր խաղ է սպասվում նաեւ Անգլիայի պրեմիեր լիգայում: «Լիվերպուլ»-ը իր հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմ»-ին: Երկու թիմերն էլ պայքար են մղում ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար: «Լիվերպուլ»-ը 50 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում Լոնդոնի «Չելսի»-ի հետ, իսկ «Տոտենհեմ»-ը 48-ով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Տանտերերը կփորձեն ոչ միայն առաջ պոկվել իրենց գլխավոր հետապնդողից, այլեւ ռեւանշի հասնել առաջին շրջանում 1:4 խոշոր հաշվով կրած պարտության դիմաց:

Իտալիայի Ա սերիայում կայանալիք 23-րդ փուլում առաջատարները հիմնականում կհանդիպեն հետնապահների հետ: Գործող չեմպիոն «Յուվենթուս»-ը, որը ընդամենը մեկ միավորով է հետ մնում միանձնյա առաջատար «Նապոլի»-ից, սեփական դաշտում կընդունի դեռեւս վտանգավոր գոտուն մոտ գտնվող «Սասուոլո»-ին: Մրցաշարի ընդգծված հետնապահ «Բենեւենտո»-ն իր հարկի տակ ուժերը կչափի նեապոլյան ակումբի հետ, որն անընմեջ հաղթանակներ է տարել առաջնության նախորդ 6 հանդիպումներում:

Հայկական ակումբները սկսել են 2018թ պատրաստման վերջին փուլը

Հայաստանի ֆուտբոլային ակումբները սկսել են մրցաշրջան-2018-ի նախապատրաստման վերջին փուլը: Գյումրիի «Շիրակ»-ն ու Երեւանի «Բանանց»-ը երեկ մեկնել են Թուրքիա, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսունամարզումային հավաք: Թիմերը նախատեսել են նաեւ ստուգողական հանդիպումներ: Մասնավորապես՝ «Շիրակ»-ը արդեն վաղը կմրցի ուկրաինական «Վերես»-ի հետ, իսկ չորս օր անց ուժերը կչափի ղազախական «Ակժաիկ»-ի հետ: «Բանանց»-ի առաջիկա մրցակիցները դեռեւս հայտնի չեն: Կապանի «Գանձասար-Կապան» թիմը մեկնեց Կիպրոս, որտեղ հավաք կանցկացնի մինչեւ փետրվարի 24-ը: Կապանցիները ծրագրավորել են 3 ստուգողական խաղերի տեղի եւ արտասահմանյան թիմերի հետ: Թուրքիա կմեկնի նաեւ հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը: Դա կլինի թիմի 2-րդ ուսումնամարզական հավաքը: Առաջինում «Ալաշկերտ»-ն արդեն անցկացրել է 2 ստուգողական հանդիպում, որից մեկում ոչ-ոքի է խաղացել՝ 1:1 (Տաշքենտի «Լոկոմոտիվ»-ի հետ), իսկ երկրորդում 0:3 հաշվով պարտություն է կրել («Կիզիլ-Ժար»): Այս անգամ ալաշկերտցիները կանցկացնեն 3 ստուգողական հանդիպում: Երեւանի «Փյունիկ»-ը, որն արդեն մեկ հավաք անցկացրել է Թուրքիայում, հաջորդը նախատեսել է Կիպրոսում: Բարձագույն խմբի թիմերից միայն Երեւանի «Արարատ»-ը չի նախատեսել արտասահմանյան հավաք: Արարատցիներն առաջնության 2-րդ կեսին կպատրաստվեն իրենց մարզաբազայում՝ Ձորաղբյուրում:

Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կհիմնի

Ըստ որոշ տեղեկությունների, ՀԱՕԿ նախագահ, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հարց է ուղղվել արդյոք ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային 2 թիմ է հիմնելու:

«Անվիճելի փաստ է, որ սպորտը համախմբող, միավորող ամենաուժեղ ոլորտն է, եւ այստեղ շատ կարեւոր է բոլորիս ընդհանուր աշխատանքը, որպեսզի ունենանք մեր երազած սպորտը: Այսքանը ընդունեք որպես պատասխան»,- ասել է նա: «Վերջերս «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզաբազան իր մարզադաշտով փոխանցվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բալանսին: Այն, որ Գագիկ Ծառուկյանը այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ֆուտբոլին, երեւում է նաեւ նրանից, որ ՀԱՕԿ-ի կողմից կառուցվող ծաղկաձորյան նոր մարզաբազայում լինելու է նաեւ ֆուտբոլային խաղադաշտ…

Ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության խմբերը հայտնի են

Այսօր Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 32 երկրների հավաքականները բաժանվեցին 8 խմբերի, որոնց հաղթողները եւ 2-րդ տեղերը գարված թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ եւ արդեն օլիմպիական մրցակարգով կսկսեն պայքարել ՖԻՖԱ-ի գավաթի համար: Վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին այսպիսի քառյակներ.

A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ

B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկո, Իրան

C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա

D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա

E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա

F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա

G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա

H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա

Ըստ նախնական տվյալների, բավական հետաքրքիր կազմեր են հավաքվել D, E եւ F խմբերում: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի  հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Բացման խաղում կհանդիպեն Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները: Այն, ինչպես նաեւ եզրափակիչ հանդիպումը, տեղի կունենան Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

2018-02-07 / Նախագահը Երեւանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:

Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները եւ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, Նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղեւորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր եւ կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը ՀՀ նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով:

Նախագահը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով:

* * *

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման արարողության ժամանակ

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի՛ դիվանագետներ,

Սիրելի՛ ֆուտբոլասերներ,

Ես շատ ուրախ եմ, որ 2018թ. աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը:  Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, եւ այսպես կարելի է շարունակել: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ:

Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները շատ լավ գիտեն, որ ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում ֆուտբոլն ունի միատեսակ եւ անխախտելի կանոններ: Եվ մենք մեր ժամանակի, մեր կյանքի հաճույքների մի հիմնական մասը երեւի ստանում ենք այս խաղը դիտելուց՝ տեսնելով ֆուտբոլիստների կամային հատկությունները, նրանց համառությունը, նրանց նպատակասլացությունը, շատ դեպքերում նաև շատ նուրբ կատարողականը:

Պատահական չէ, որ ֆուտբոլային աստղերին երկրպագում են հարյուր միլիոնավոր մարդիկ: Եվ այդ մարդիկ մեզ բավականություն են պատճառում, այդ մարդիկ իրենց երկրները ճանաչելի են դարձնում: Իհարկե, ֆուտբոլը քաղաքականացված չէ, բայց այդ մարդիկ մեծ հաշվով քաղաքականությունն էլ են որոշում: Մենք դա շատ լավ գիտենք մեր Հենրիխ Մխիթարյանի օրինակով: Վստահ եմ, որ գոնե այս պահին աշխարհում չկա երկրորդ հայը, որ կարողանա այդքան ճանաչելի դարձնել մեր ժողովրդին: Մենք Հենրիխին, իհարկե, հաջողություն ենք մաղթում: Վստահ եմ, որ այստեղ հավաքվածների մեծ մասը դիտել է վերջին խաղը՝ Հենրիխի մուտքը «Արսենալ»: Կարծում եմ՝ հաջողված խաղ էր: Սա, վստահ եմ, որ նոր կարիերայի սկիզբն է: Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում, որ բոլորս հոգով, սրտով իր հետ ենք, եւ նա դեռեւս շատ անելիքներ ունի: Հենրիխը մեր հավաքականի ավագն է, առաջատարը, եւ մեր հավաքականի մնացած տղաներն էլ են մեր երիտասարդների համար ծառայում են որպես օրինակ, ինչը շատ կարեւոր հանգամանք է:

Ես վստահ եմ, որ բոլոր երիտասարները, երեխաները, դիտելով ֆուտբոլ, մտքներում ասում են՝ որքան լավ է առողջ ապրելակերպով կյանք վարելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գաղափարի հեղինակներին եւ, իհարկե, իրականացնողներին: Սա ևս շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք այս խաղի կարևորության մասին, որպեսզի կարողանանք միավորել բոլոր ֆուտբոլասերներին: Ֆուտբոլիստները դժվար են միավորվում, որովհետև նրանք ստիպված են տարբեր թիմերում խաղալ եւ իրենց թիմերի հեղինակությունն ու շահը պաշտպանել, բայց խաղից հետո նրանք միավորված են: Միավորված ենք նաեւ մենք՝ ֆուտբոլասերներս: Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը, վստահ եմ՝ նաեւ դուք: Հաճույքով դիտելու եմ հնարավորինս կարեւոր խաղերը եւ գրեթե վստահ եմ, որ հնարավորություն եմ ունենալու դա անել մարզադաշտում, իսկ մնացած մասը՝ հեռուստացույցի առջեւ:

Շատ շնորհակալ եմ ձեզ: Մենք, իրոք, երախտապարտ ենք: Հայաստանի համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ, պարո՛ն Կարամբյո, Հայաստանում եւ, իհարկե, հիանալ այս գավաթով, որի համար հռչակավոր մարդիկ պայքարել են եւ դեռեւս պայքարելու են:

Հայաստանում կկայանա կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն

Ֆուտբոլի 2019թ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի որակավորման փուլերից մեկը տեղի կունենա Հայաստանում: Վիճակահանության ժամանակ Հայաստանի Մ-19 կանանց հավաքականն ընդգրկվել է ընտրական 12-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները լինելու են Բելգիայի, Իսլանդիայի եւ Ուելսի ընտրանիները: Մեր երկրում նշանակված խմբային մրցաշարը կայանալու է 2018թ. հոկտեմբերի 2-8-ը: 1-2 տեղերը գրաված թիմերը, ինչպես նաեւ 3-րդ տեղի 2 ուժեղագույն հավաքականները, կմտնեն էլիտ փուլ, որտեղ 28 ընտրանիներ կբաժանվեն 7 խմբերի եւ կպայքարեն եզրափակիչ մրցաշարի 7 ուղեգրերի համար: Վերջինս կկայանա 2019թ. ամռանը, Շոտլանդիայում:

Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել «Արսենալ»-ում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չնայած վերջերս է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», սակայն արդեն դարձել է ակումբի ռեկորդակիր: Այդ մասին հայտնում է EA SPORTS-ը: Ըստ այդ կայքի տվյալների, Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի նորեկներից առաջինն է, որը 2 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 26-րդ փուլի «Էվերտոն»-ի հետ խաղում մեր ֆուտբոլիստը մասնակցել էր լոնդոնցիների խփած 5 գոլերից 3-ին՝ կատարելով եզրափակիչ փոխանցումը: Ինչպես նշում է աղբյուրը, նրան կարող է հասնել կամ շրջանցել «զինագործների» մյուս նորեկը՝ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դեռեւս մեկ խաղ է անցկացրել «Արսենալ»-ի կազմում:

Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանն արդյունավետ փոխանցումներով առաջ է անցել նաեւ իր թիմակից Մեսութ Օզիլից, սակայն ի հաշիվ նրա, որ 8 գոլային փոխանցումներից 5-ը նա կատարել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն առայժմ ունի 7 նման փոխանցում

Արսեն Վենգերը բացատրել է, թե ինչու է Մխիթարյանը լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Էվերտոն» խաղից հետո, որն ավարտվել էր դաշտի տերերի խոշոր հաշթանակով (5:1), լրագրողները լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերից հիմնականում հետաքրքրվել են թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին, ով 3 գոլային փոխանցում էր կատարել հանդիպման ընթացքում:

- Ինչպե՞ս եք գնահատում Մխիթարյանի նորամուտը «Էմիրեյթսում»:

– Նա թիմային խաղացող է եւ շատ աշխատասեր է: Կարծում եմ, խաղընկերները նրան լավ են ընդունել, եւ նա շատ արագ հասկացել է, թե ինչ ֆուտբոլ ենք մենք խաղում:

- Ինչո՞վ եք բացատրում Մխիթարյանի նման շուտափույթ հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդից»:

– Նա այնտեղ չէր խաղում, այնպես որ զարմանալու ոչինչ չկա: Բացի այդ, ձեռքբերելով Սանչեսին, նրանք նոր խաղացող ստացան Մխիթարյանի դիրքում:

– Ըստ ձեզ, ինչո՞ւ Մխիթարյանին չհաջողվեց ամրապնդվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

– Ես չեմ կարող պատասխանել այն որոշումների համար, որոնք ընդունում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Նրանք իրենց պատճառներն ունեն: Բացի այդ, նրանք ցանկանում էին ձեռք բերել Սանչեսին, ինչը ճնշում էր գործադրում Մխիթարյանի վրա:

– Հիշու՞մ եք մի ֆուտբոլիստի, որը նման նորամուտ է ունեցել տնային խաղում, ինչպես Մխիթարյանը:

– Ես 100-ից ավելի նորեկներ եմ ունեցել, որոնք վատ չեն հանդես եկել իրենց նորամուտի  խաղում: Չգիտեմ, արդյոք սա էր լավագույնը, սակայն նա ինձ շատ ուրախացրեց: Երեւում է, որ Մխիթարյանը տիրապետում է այնպիսի բարձր հատկանիշների, որոնք նրան թույլ են տալիս խաղալու մեր թիմում:

Ո՞րն է Մոուրինյոյի եւ Վենգերի տարբերությունը

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Արսեն Վենգերի եւ Ժոզե Մոուրինյոյի տարբերությունների մասին: «Մոուրինյոն ֆուտբոլիստներից շատ բան էր պահանջում եւ դա շատ դժվար էր: Արսեն Վենգերն ավելի ընկերասեր է եւ մտնում է ֆուտբոլիստների դրության մեջ: Դա է նրանց տարբերությունը»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում sportlive-ը:

«Արսենալ»-ի կիսապաշտպանըը ESPN Brasil-ի հետ զրույցում ասել է, որ դեռ շատ վաղ է համեմատել իր նոր մարզիչ Արսեն Վենգերին ու նախկին մարզիչներ Ժոզե Մոուրինյուին (ՄՅՈՒ) եւ Յուրգեն Կլոպին (Դորտմունդի «Բորուսիա»): «Ես շատ բան եմ սովորել իմ նախկին 2 մարզիչներից՝ Կլոպից ու Մոուրինյուից: Ինչպես նաեւ ավելին եմ ուզում սովորել Արսեն Վենգերից: Չափազանց վաղ է նրանց իրար հետ համեմատելու համար: Ինձ դեռ ժամանակ է պետք Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, այստեղ եկածս ժամանակվանից արդեն շատ բան եմ սովորել, բայց ավելին եմ ուզում»,- ասել է մեր ֆուտբոլիստը: «Չեմ ցանկանում արդարացում գտնել։ Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել։ Նոր գլուխ եմ սկսում իմ կյանքում, իմ ֆուտբոլային կարիերայում և ես երջանիկ եմ այստեղ լինելու համար։ Իհարկե, ուրախ կլինեմ ավելի շատ բանի հասնել, քան հասել էի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում,- ասել է նա։ Ապա նշել է, որ «Արսենալ»-ում կցանկանար ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում։

Այդ մասին Հենրիխն ասել է Sky Sports-ին տված հարցազրույցում։

Մարտին Երեւանում կանցկացվի ակումբային բասկետբոլի միջազգային մրցաշար

Մարտի 10-15-ը Երեւանում կանցկացվի տղամարդկանց բասկետբոլի միջազգային մրցաշար: Այդ մասին հայտնել է Երեւանի «Ուրարտու» բասկետբոլի ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: Մեր թիմից բացի, մրցաշարին կմասնակցեն նաեւ Վրաստանը ներկայացնող Թբիլիսիի «Հյունդայ»-ը եւ  Մոսկվայի «Գազպրոմ»-ը:

Երեւանի «Ուրարտու»-ն այժմ վստահորեն գլխավորում է առաջին անգամ անցկացվող տղամարդկանց Ա լիգայի ՀՀ կանոնավոր առաջնության աղյուսակը: Թիմը տարել է 10 անընդմեջ հաղթանակ: Առաջնության ավարտից հետո կմեկնարկի փլեյ-օֆֆը, որտեղ մասնակից 6 թիմերն օլիմպիական մրցակարգով կպարզեն հաղթողին:

Նիկշա Բավցեւիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրապարել է այն բասկետբոլիստների անունները, ովքեր հրավեր են ստացել պատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը: ՀԱՕԿ լրատվականը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.-

Ամիրան Ամիրխանով («Գազպրոմ», Ռուսաստան),  Լուկաս Ֆիշեր  («Գրան Կանարիա», Իսպանիա),  Անդրանիկ Չրաբաշ («Օկապի Աալսթար», Բելգիա), Ալլին Հեսս («Բազել Ստարվինգս» Շվեյցարիա),  Քրիս Յանկու Օսկիյան («Յալովա», Թուրքիա), Անդրեյ Կոնստանտինով  («Բարս», Ռուսաստան),  Արարատ Քոչինյան  («Ուրարտու»),  Ալբերտ Թադեւոսյան  (ՄԳՈՒ, Ռուսաստան),  Էդգար Բաբայան  («Ուրարտու»),  Գեորգի Պոդկոլզին («Արցախ»),  Դավիթ Խաչատրյան («Գրանդ Սպորտ»),  Արագատ Աբրահամիան ( «Մասիս», ԱՄՆ),  Սերգեյ Պոլուխին  («Բարս», Ռուսաստան),  Տերրի Սմիթ  (ՀՏՎ, Ֆրանսիա), Ստիվեն Էնոք («Լուիսվիլ» ԱՄՆ),  Արման Հակոբյան  («Արթիկ»), Գեորգի Շախնազարով  («Գորնի» Ռուսաստան), Նիկիտա Զախարով  («Ուրարտու»):

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից ՀԱՕԿ-ին հայտնել են, որ Ռայան Բոաթրայթը խնդրել է իրեն չհրավիրել ազգային հավաքական, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ակումբի ելույթների վրա: Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից Օլիմպավանում:

Մենք չենք վախենում ադրբեջանական ազդեցությունից

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան լուրջ երկընտրանքի առաջ է հայտնվել նախաօլիմպիական տարիներին։ Բանն այն է, որ առաջիկա 3 տարիներին սպորտային մարմնամարզության 4  խոշոր մրցաշարերը տեղի են ունեալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ «2018թ. օլիմպաիական պատանեկան խաղերի մարմնամարզության որակավորման մրցաշարը պաշտոնապես նշանակվել է Բաքվում։ Դրան գումարած, Ադրբեջանում են կայանալու աշխարհի գավաթի 2 խաղարկությունները, որոնք վարկանիշային մրցումներ են, ինչպես նաեւ 2020թ. Եվրոպայի առաջնությունը։ Բնականաբար, մենք կամ չպետք է մասնակցենք, կամ էլ մասնակցելու դեպքում հայտնվեու ենք ուժեղ հոգեբանական ճնշման տակ։ Բաքու մեկնել-չմեկնելու հարցը մենք վերջնական կորոշենք՝ ՀՀ սոպրտի եւ երիտասարդության նախարարության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ հարցը քննարկելուց հետ»,- ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Փորձառու մասանագետը միաժամանակ լուրջ խնդիր է համարում նաեւ այն, որ վերջերս Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ադրբեջանցի Ֆարիդ Գայիբովը։ «Նոր նախագահի նշանակմամբ, ինքնին կմեծանա ադրբեջանական գործոնի ազդեցությունը մարմնամարզության վրա, առավել եւս, որ եվրոպական ֆեդերացիայի գլխավոր հովանավորը ադրբեջանական  «Կապիտալ բանկ» ընկերությունն է, իսկ համակարգչային հարցերը իրականացնում են այդ երկրի մասնագետները։ Մենք ամենեւին չենք վախենում նման ազդեցությունից, քանի որ մեր մարզիկներն առաջատար դիրքերում են գտնվում, իսկ եթե լինեն ինչ-որ ճնշումներ, մենք դա անպատասխան չենք թողնի։ Սակայն մենք կաշխատենք այնպես ելույթ ունենալ, որ կասկածլու տեղիք չտանք ոչ մրցավարներին, ոչ էլ ֆեդերացիայի ղեկավարներին»,- եզրափակել է Հակոբ Սերոբյանը։

Հայաստանի աթլետներին թեժ փետրվար է սպասվում

Հայաստանի աթլետներն առաջիկա օրերին կմասնակցեն մի քանի խոշոր մրցաշարերի, հայտնել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիշա Հայրապետյանը։ Մեր ընտրանիներից մեկը, որը համալրված են հիմնականում Կապանի եւ Արցախի ներկայացուցիչներով, փետրվարի 10-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցի Բալկանյան երկրների մինչեւ 20 տարեկան աթլետների ձմեռային 2-րդ առաջնությանը: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 7 հոգի.

Արամայիս Սարգսյան՝ Կապան, հեռացատկ, եռացատկ

Մարիետա Մինասյան՝ Կապան, հեռացատկ, եռացատկ

Անգելինա Ավագյան՝ Արցախ, 800մ, 1500մ

Լինա Գասպարյան՝ Արցախ, 400մ

Ռուզաննա Մելքումյան՝ Արցախ, 60մ

Ալեն Առուստանյան՝ Արցախ, 1500մ վազք

Դիանա Արզումանյան՝ Արցախ, գնդի հրում

Իսկ ահա հավաքականի 10 անդամներ փետրվարի 5-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ստամբուլում։

Լեւոն Աղասյան՝ եռացատկ

Արամայիս Սարգսյան՝ հեռացատկ

Մանուկ Մանուկյան՝ գնդի հրում

Տիգրան Մկրտչյան՝ 400մ

Երվանդ Մկրտչյան՝ 1500մ

Գայանե Չիլոյան՝ 60մ

Մարիետա Մինասյան՝ հեռացատկ, եռացատկ,

Լիլիթ Հարությունյան՝ 800մ

Էլլադա Ալավերդյան՝ 1500մ

Անգելինա Ավագյան՝ 800մ

Փետրվարի 17-ին նրանք կմասնակցեն Բալկանյան երկրների աթլետիկայի մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությանը, իսկ հաջորդ օրը հանդես կգան Ստամբուլի գավաթի կոմերցիոն խաղարկությունում:

Աթլետիկայի առաջին պաշտոնական մրցաշարին՝ մարզասրահների 2018թ աշխարհի առաջնությանը, որը  կայանալու է մարտի 1-4-ը Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում, Հայաստանը կներկայացնի սպիտակ քարտի արժանացած Նարեկ Ղուկասյանը։ Նա հանդես կգա 400մ վազքում։

Հայտնի է Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մարտի 10-ին Բեռլինում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի խաղացանկը: Ըստ դրա, Լեւոն Արոնյանն առաջին փուլում սպիտակ խաղաքարերով կմրցի չինացի գրոսմայստեր Դին Լիժենի հետ: Այնուհետեւ մեր շախմատիստը հաջորդաբար կհանդիպի Շահրիյար Մամեդյարովի, Վլադիմիր Կրամնիկի, Սերգեյ Կարյակինի, Ալեքսանդր Գրիշչուկի, Ուեսլի Սոյի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Մարտի 19-ին կմեկնարկի մրցաշարի երկրորդ շրջանը: Առաջին 5 փուլերում Լեւոն Արոնյանը կմրցի նույն մրցակիցների հետ, իսկ ահա նախավերջին 13-րդում նա կհանդիպի Ֆաբիանո Կարուանայի, ապա նոր Ուեսլի Սոյի հետ: Այն, թե ինչու է ՖԻԴԵ-ն նման փոխատեղում կատարել խաղացանկում, չի հայտնում:

Մրցաշարը կավարտվի մարտի 27-ին: Դրա հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերին Լոնդոնում վիճարկել աշխարհի թագը գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտում:

Մեր շախմատիստները զինակոչի հետ կապված խնդիրներ չունեն

Դեկտեմբեր 13,2017 «Մեր շախմատիստները զինակոչի հետ կապված խնդիրներ չունեն: Օրինակ, Մանուէլ Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ներկայումս ծառայում են  սպորտային վաշտում: Նրանք գտնվում են շախմատի ֆեդերացիայի հսկողության տակ, ոչ մի խոչընդոտ չունեն մարզվելու եւ միջազգային մրցաշարերի մասնակցելու հարցում: Մանուէլ Պետրոսյանը վերջերս հաջող հանդես եկավ աշխարհի երիտասարդական առաջնությունում, իսկ Սամվել Տեր-Պետրոսյանը հաղթել է Մակեդոնիայում անցկացվող միջազգային մրցաշարում»,– մամուլի ասուլիսում բարձրացրած հարցին պատասխանել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

* * *

Գնահատելով մեր շախմատիստների ելույթներն անցած մրցաշրջանում՝ բանախոսն ասաց, որ 2017 թ. հաջողված տարի է հայկական շախմատի համար: «Մեր շախմատիստները մեծ թվով հաղթանակներ տարան միջազգային մրցաշարերում: Դա առաջին հերթին վերաբերում է Լեւոն Արոնյանին, որը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությունում, ինչը շատ բարդ մրցաշար է: Նա առաջին տեղերը գրավեց նաեւ Նորվեյ Չես եւ Գրանկե Չես սուպեր մրցաշարերում, ընդ որում բացահայտ առավելությամբ: Նման արդյունքներ հիմնականում ցույց են տալիս աշխարհի չեմպիոնները: Սակայն ամենագլխավորն այն է, որ ֆեդերացիան անցկացրեց 9 մրցաշար, այդ թվում 3 պատանեկան, իսկ դպրոցականների օլիմպիադային մասնակցեցին 20 հազար երեխաներ, ինչը բավականին մեծ թիվ է»:

Խոսելով 2018թ. ծրագրերի մասին, Միքայել Անդրիասյանն ասաց, որ առաջնահերթ խնդիրը Լեւոն Արոնյանի մասնակցությունն է Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարում, ինչպես նաեւ մեր հավաքականների ելույթը շախմատի հերթական օլիմպիադայում, որը կայանալու է Բաթումում:  «Ցանկանում ենք Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերը կազմակերպել այնպես, որ իրար հաջորդեն եւ ամբողջական տպավորություն թողնեն: Խոսքը վերաբերում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարին, Սեւանի, Երեւանի եւ Ծաղկաձորի օփեններին: Տեսնենք, թե որքանով դա կհաջողվի մեզ»,- եզրափակել է ՀՇՖ գլխավոր քարտուղարը:

Շախմատի հոգեբանությունը կուսումնասիրվի բյուջեի հաշվին

Կառավարությունը որոշում է կայացրել 32 միլիոն դրամ գումար հատկացնել՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն եւ հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու մասին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա արվում է շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական եւ մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:

Դատապարտյալը ռեկորդ է սահմանել ու հաղթանակը նվիրել Գագիկ Ծառուկյանին

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտառոց մի իրադարձություն․ դատապարտյալ Արթուր Կարապետյանը կրկնակի ռեկորդ է սահմանել․ նա կատարել է  8 կիլոգրամ կշռող կշռաքարերով վարժություն՝  կշռաքարերը մեկ րոպեում 105 անգամ վեր  բարձրացնելով, այնուհետ  7 կիլոգրամանոց  կշռաքարերը՝ 10 000 անգամից ավելի բարձրացրել է  2 ժամում։ Քանի որ ռեկորդն արդեն իսկ գրանցվել է, հանձնաժողովականները ընդհատել են իրենց ապշեցնող մարզիկին, այլապես նա ի վիճակի է եղել շարունակել վարժությունը։  Նրա կրկնակի ռեկորդը գրանցվել  է «Դյուցազնագրքում»։ Մարզիկը «Դյուցազնագրքում» գրանցվելու  հայտ ներկայացրել  էր անցած տարվա  մայիսին․  6 կիլոգրամ կշռող կցագնդերով վարժությունը նա կատարել էր 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ՝  կցագնդերը կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ եւ ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով։ Այն ժամանակ քրեակատարողական էին այցելել ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը եւ «Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանը, որպեսզի նկարահանեին ու ռեկորդը գրանցելու համար նյութերը ուղարկեին «Դյուցազունների ասոցիացիա։

Սումոյի աշխարհի չեմպիոնը կարիերան ավարտում է սկանդալով

Սումոյի ներկայիս ամենատիտղոսակիր ըմբիշը՝ Հարումաֆուջին, հրաժարական է տվել: Օրերս 33-ամյա մոնղոլ մարզիկը սումոյի Ճապոնիայի միության նախագահ Հակակուին տեղեկացրել է, որ ավարտում է ելույթները:

Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, ինը խոշոր մրցաշարերի հաղթող սումոյիստի հրաժարականը կապված է մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ նա նախ գարեջրի շշով խփել է իր հայրենակից, 27-ամյա Տականոյվայի գլխին, ապա բռունցքներով հարվածել դեմքին: Վերջինս ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել նոյեմբերի 9-ին: Հարումաֆուջին հետագայում ներողություն է խնդրել Տականոյվայից ու նրա մարզչից, սակայն մերժում է ստացել:

Սա երկրորդ դեպքն է, որ սումոյիստը ստիպված հրաժարական է տալիս անվայել պահվածքի համար: Առաջինը եղել է նույնպես ազգությամբ մոնղոլ սումոյիստ Ասաշորյուն, որը 2010թ. Տոկիոյի բարերից մեկում ծեծի էր ենթարկել այցելուներից մեկին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։