Այս տարի հայությունը կնշի Երեւանի 2800-ամյակը։
Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն:
Պարտավորություն՝ նախ ինքներս մե՛ր առաջ, մեր քաղաքի՛ առաջ, մեր երկրի՛ առաջ: Ինչ ենք արել մեր քաղաքը ավելի լավը, ավելի հարմարավետը ու ավելի սիրունը դարձնելու համար:
Ամենակարեւորը՝ ի՜նչ ենք արել մե՛ր կամքով, մե՛ր սրտով, անշահախնդի՛ր: 2800-ամյակը լավ առիթ է՝ խորհելու այդ հարցերի շուրջ:
Իսկ առայժմ հաշվետու է Երեւանի քաղաքապետարանը: եվ այսպես՝ ի՞նչ է արվել 2017թ.:
* * *
Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն
2017թ. ապրիլին մեկնարկել են Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:
Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակում կառուցվող անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթեւեկելի գոտի՝ միջինը 28 մ լայնությամբ, 5,4 կմ երկարություն:
Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցման արդյունքում Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երեւանի արեւմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն:
Ճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն առկա հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Դավթաշեն-Աշտարակի խճուղու շինարարությունը կազմում է Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի շինարարության մի մասը: Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2020թ., ինչի արդյունքում Երևանը կունենա հյուսիսային եւ հարավային մուտքերն ու Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կմ երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը:
* * *
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցում
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում 2017թ. մեկնարկեց Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը։ Մինչ աշխատանքների մեկնարկը տարածքում լայնածավալ պեղումներ են արվել՝ ստուգելու պատմամշակութային ժառանգություն համարվող Կարմիր բլուրի տարածքի հնագիտական շերտերը:
Շինարարությունը ներառում է Հրազդան գետի վրայով 257 մ երկարությամբ նոր մետաղական կամրջի եւ մոտ 2,7 կմ երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի եւ նավթայուղերի մշտական զտիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթեւեկելի հատված՝ 4-6 երթեւեկելի գոտիներով: Կառուցվող ճանապարհահատվածը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր արտաքին լուսավորություն՝ լուսադիոդային (LED) լուսատունեսրով:
* * *
2017թ. պատրաստվել են Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհի կառուցման նախագծահաշվարկային եւ մրցութային փաստաթղթերը, կազմակերպվել է միջազգային մրցույթ, որի արդյունքում 2017թ. տարեվերջին կնքվել է ճանապարհի կառուցման պայմանագիր: Այս հատվածում նախատեսված է կառուցել 3 ուղեանցեր, որոնք կանցնեն Օհանով եւ Տիչինա փողոցների վրայով, ինչպես նաեւ կկառուցվի մեկ ուղեանց Չաուշ-Նոր Սիլիկյան խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար եւ մեկ տրանսպորտային հանգույց նոր կառուցվող ճանապարհի եւ Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում:
Շինարարական աշխատանքների ավարտին Աջափնյակ վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանին: Ճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան: Շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
* * *
Քաղաքաշինական գործունեության կարգավորման նպատակով քաղաքաշինական ծրագրային տարածական պլանավորման փաստաթղթերի ստեղծման շրջանակներում, կատարվել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագծի մշակման աշխատանքները: Այն տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի փաստաթուղթ է եւ հիմք է քաղաքաշինական նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար: Տվյալ ծրագրային փաստաթղթով կսահմանվեն նշված տարածքների փաստացի եւ հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները՝ վարչական շրջանի ամբողջ տարածքում կենսագործունեության բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:
Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների, հանգույցների թողունակության բարձրացման, երթեւեկության նորմալ կազմակերպման, շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցման, տրանսպորտային հոսքերի անարգել կազմակերպման նպատակով 2017թ. նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ են ձեռնարկվել Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի շարունակության կառուցման վերաբերյալ: Կկառուցվի Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցի վերջնամասից մինչեւ Ռուբինյանց փողոցի նրբանցքն ընկած միացնող հատված, որը կլինի արդեն իսկ կառուցված Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի շարունակությունը:
Շարունակելի
«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



