Անկարան Սիրիայում անցել է զավթիչ քայլերի – քրդերը շարունակում են դիմադրել, Մոսկվան երկիմաստ լռում է, իսկ Վաշինգտոնը շարունակում է աջակցել քրդական զինյալ ուժերին – /Հայկական հարցին դեռ ժամանակը չի հասել/… Իսկ այս պայմաններում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի՞…

Անկարան անցել է զավթիչ քայլերի

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն պարբերաբար պաշտոնական տվյալներ է հաղորդում Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության երկկողմ կորուստների վերաբերյալ: Այս ընթա-ցքում զոհերն ու վիրավորները հարյուրներով են հաշվվում:

Թուրքական օդուժը ոչնչացնում է նաեւ քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» հենակետերը: Նշվում է նաեւ, որ թուրքական ստորաբաժանումներն ու դրանց հետ քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից սպանվել է շուրջ 400 քուրդ զինյալ: Իհարկե սեփական կորուստների վերաբերյալ փոքրացված թվեր են հաղորդվում, ինչը հերքում են սիրիական աղբյուրները եւ հավաստում, որ թուրքական զինուժը լուրջ կորուստներ է կրում:

Հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զինված խմբավորումների դաշինքը տվյալներ է հրապարակել Աֆրինում Թուրքիայի ու նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբավորման կորուստների վերաբերյալ, որը նույնպես  շուրջ 400-ի է հասնում, սպանվել են նաեւ թուրքական բանակի սպաներ: Զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ:

Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան եւ անցել  ռազմական գոր-ծողությունների, որի վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30 կմ խորությամբ հատվածը եւ այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Եթե սա թուրքերին հաջողվի, ապա հաջորդ քայլերը կտանեն ոչ միայն Սիրիայի սահմաններից ներս, այլ դեպի Իրաք՝ մինչեւ Իրանի հետ սահմանները:  

Ինչպես նշել ենք, Անկարան փորձելու է կյանքի կոչել նորօսմանական ծրագիրը՝ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Սիրիայի քրդերի հարցով կարծես Անկարայի տեսակետը հակառակ է Վաշինգտոնի եւ Մոսկվայի տեսակետների հետ, սակայն ամերիկացիներն ու ռուսները դեռեւս միայն խաղաղության կոչեր են անում: Արաբական մամուլի տվյալներով ԱՄՆ-ն սկսել է Սիրիայում մարտնչող քուրդ զինյալներին գերարդիական հակատանկային եւ հակաօդային շարժական հրթիռային զենքեր տրամադրել՝ Թուրքիայի հարձակմանը դիմակայելու նպատակով: Միաժամանակ Միացյալ Նահանգները շարունա-կում է նախապես հայտարարված ծրագրի իրականացումը՝ նպատակ ունենալով իր միջոցներով պատրաստել 30-հա-զարանոց քրդական սահմանապահ ուժեր Սիրիայում քրդաբնակ տարածքները պաշտպանելու համար:

Հետաքրքիր է, որ այս նախագիծը քննադատել է ոչ միայն Թուրքիայի ԱԳՆ-ն, այլեւ Ռուսաստանի: Մի՞թե Թուրքիան եւ Ռուսաստանը կրկին, ինչպես եւ 100 տարի առաջ համատեղ ճակատով են հանդես գալիս տարածաշրջանում: Բայց մի տարբերություն կա, որ քրդերը շարունակում են դիմադրել, իսկ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել նրանց:

Իսկ հայկական հարցին դեռ ժամանակը չի հասել

Բայց կա նաեւ դիտարկում, թե Մոսկվան 30-հազարանոց քրդական սահմանապահ ուժեր կազմավորման ամերիկյան ծրագիրը չի հավանում, քանի որ աջակցում է Սիրիայի օրինական իշխանություններին, որոնց դեմ են պայքարում նաեւ Սիրիայի ամերիկամետ քրդերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան եւս հունվարի վերջին ժամանել Էր Սոչի՝ մասնակցելու Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին: Կազմակերպիչների տվյալներով՝ համաժողովին հրավիրված են շուրջ 1,6 հազար պատվիրակներ, որոնք ներկայացնում են սիրիական հասարակության բոլոր շերտերը: Ըստ ազգային հատկանիշի, Կոնգրեսի մասնակիցների մեծամասնությունն արաբներ են (94,%), բայց հրավիրվածների թվում եղել են քրդեր, եզդիներ, ասորիներ, հայեր, չերքեզներ, չեչեններ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքմեններ եւ դրուզներ: Կոնգրեսին որպես դի-տորդ մասնակցելու համար հրավիրված էին տարածաշրջանային ու միջազգային բոլոր հիմնական արտաքին խաղորդները: Կոնգրեսի խնդիրներից մեկը կդառնա Սիրիայի Սահմանադրության մշակման հանձնաժողովի ստեղծումը: ՄԱԿ-ը խիստ  անհանգստացած է Սիրիայում ռազմական գործողությունների ծավալումից, որն ավերիչ հետեւանքներ կունենա:

Ըստ վերլուծական դիտարկումների, համաշխարհային լրատվական ոլորտում կարծես մոռացվել է, որ Երուսաղեմը ճանաչվեց Իսրայելի մայրաքաղաք: Եվ տեսակետ կա, որ Վաշինգտոնը չի շտապում կարգի հրավիրել Անկարային, որպեսզի հանդարտվի Սիրիայի հյուսիսում քրդական հարցի սրացումը: Աֆրինում Թուրքիայի գործողությունները շեղել են ուշադրությունն այդ խնդրից, Երուսաղեմի հարցում ԱՄՆ-ի հիմ-նական ընդդիմախոսներից Թուրքիան, որ Իսլամական համաժողով էր հրավիրել ԱՄՆ-ի դեմ պայքարելու համար, այսօր զբաղված է իր շահերի անվտանգությունն ապահովելու խնդրով:

Հարցը այնքան է սրվել, որ թուրքական գործողություններով պայմանավորված, քրդական կողմից հնչում են կոչեր՝ ուղղ-ված Սիրիայի կենտրոնական իշխանությանը, որ պետականորեն պաշտպանվի սահմանը, ինչը զարմանալի է, քանի որ մինչ այդ քրդերը կենտրոնական Դամասկոսի հետ խուսափում էին նման հարցեր քննարկելուց: Նշանակում է՝ զոհերի թիվը աճում է, իսկ խաղաղ բնակչությունը մնում է վտանգված ու ահաբեկված:

Մեզ հուզում է նաեւ այն փաստը, որ Սիրիայում կան հայ համայնքներ, որ բնակվում են տարբեր վայրերում, Աֆրինում համայնք, որպես այդպիսին, չկա, բայց հարակից Հասաքե շրջանում կան հայեր: Իսկ մենք հիշում ենք, թե հատկապես Քեսաբի հայերն ինչ դժվարությունների միջով անցան: Իհարկե ոչ միայն քեսաբցիները: Իրավիճակը Հասաքեի շրջանում եւս լարված է, բնակիչներն ակնհայտորեն զգում են ռազմական գործողությունների ազդեցությունը: Հայ համայնքին ուղղված անմիջական սպառնալիք, միգուցե, այս պահին չկա, սակայն Թուրքիայի կողմից ներգրավված ուժերը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել եւ ոչ միայն հայերի, այլեւ մյուս խմբերի համար:

Նեղսրտելով ամերիկյան աջակցությունից՝ Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում քրդերի հարցով բոլոր խոստումները խախտելու մեջ, սակայն այս ամենը Անկարան անում է մի բանի համար, որպեսզի ոչ միայն հաջողի Սիրիայի տարածքներին տիրել, այլեւ Իրաքի, որի նավթաշատ ու գազաշատ տարածքների վրա վաղուց է աչք տնկել

«Մենք մեր սահմանները մինչեւ Իրաք կմաքրենք ահաբեկիչներից։ Մանբիջը եւս կմաքրենք ահաբեկիչներից, ինչպես եւ խոստացել ենք։ Դիմում եմ նրանց, ովքեր մեզ կոչ են անում արագորեն ավարտել գործողությունը։ Եթե ձեր վրա հրթիռներ ընկնեին, դուք ի՞նչ կանեիք»,- ասել է Էրդողանը։

Նա նաեւ ավելացրել է, որ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում չի ոչնչացվի վերջին ահաբեկիչը։

Հայկ Թորգոմյան

Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին դեռ այլընտրանք չունի՞

«Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համա-կարգի արդիականացմանը եւ կարողանալ համարժեք դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում արտաքին մարտահրավերներին դիմայակումն ու անվտանգության ամրապնդումը շարունակում է մնալ ամենաարդիականներից մեկը:

Եվ հաշվի առնելով երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը՝  Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է մեր երկրի Զինված ուժերի 7-ամյա արդիականացման ծրագիրը, որի կյանքի կոչմամբ կունենանք ավելի ուժեղ եւ տեխնիկապես սպառազինված բանակ: Չնայած մեր բանակը տարածաշրջանի մարտունակ բանակն է համարվում, սակայն համաշխարհային զարգացումներն ու փոփոխությունները սրնթաց են ընթանում եւ միշտ պիտի լինել բարձունքում:

Այդ նպատակին հասնալու համար Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները իր արդեն դաշնակից Ռուսաստանի հետ, ինչպեսեւ մեծացնել իր դերակատարումը ՀԱՊԿ-ում: Ըստ մեր պատասխանատու պաշտոնյաների, տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի եւ բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից: Իհարկե, պետք է շարունա-կել փոխգործակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի հետ, ինչը եւս կարեւոր է մեր անվտանգության համակարգը հզորացնելու առումով: Հատկապես, որ Հյուսիսատլանտյան դաշինքը եւս շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ:

Ինչպես Սերժ Սարգսյանը նշեց ԵԽԽՎ-ում, վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները անշրջելի են դարձրել Հայաստանում ժողովրդավարության զարգացումը եւ ԵԽ գլխավոր քարտուղարի ու այլ եվրոպական կառույցների ղեկավարների դիտարկմամբ՝ Հայաստանն ընթանում է զարգացման ճիշտ ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանության, ազատության եւ ժողովրդավարական արժեքների տարածումը վերջին 30 տարիների ընթացքում եղել ու մնում է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի կարեւորագույն հարցերից մեկը: Արցախի ժողովրդի ազատության եւ ինքնորոշման խաղաղ պայքարին Ադրբեջանը հակադարձեց Սումգայիթի եւ Բաքվի ջարդերով, իսկ այնուհետեւ՝ պա-տերազմով ընդդեմ արցախահայության:

Արցախի ժողովրդի պայքարը դատապարտված է հաղթանակի, քանի որ ժողովրդի կամքն է բարձրագույն օ-րենքը

Այս արդյունքները Հայաստանում եւ Արցախում եւս ամրացրել են մեր երկրի դիրքերը միջազգային ասպարեզում: Ըստ այդմ, Հայաստանը պետք է շարունակի իր փոխլրացնող քաղաքականությունն ինչպես Եվրասիամիության, այնպես էլ Եվրամիության հետ, ԵԱՏՄ եւ ԵՄ անդամակցությունները պիտի համադրող գործունեության մղեն մեր երկրին եւ ոչ երբեք հակադրող քայլերի:

Արտաքին ոլորտում այս քաղաքականության շնորհիվ է, որ մեր երկիրը կարողանում է հզորացնել իր անվտանգության եւ պաշտպանության ոլորտները:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։