Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից… Ամերիկան արդար պայքարում չի կարող հաղթել Ռուսաստանին… Սպորտային հայ բժիշկները ֆեդերացիա են ստեղծել… Հայ դահուկորդները ձմեռային օլիմպիական խաղերում… Մեր մարզուհին նվաճել է Հայաստանի առաջին պատանեկան օլիմպիական ուղեգիրը… Պատանի ձյուդոյիստները 2 մեդալ նվաճեցին Իտալիայում… Վիկ Դարչինյանն այցելել է զինհաշմանդամներին… ՖԻՖԱ-ի նախագահը մտահոգված է ֆուտբոլով գումարներ լվանալու համար… Հայաստանը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Լոնդոնի «Արսենալը»-ի կազմում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիանալի դրսեւորեց իրեն Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում… Շախմատային խաչմերուկ… Մեր Արարատ»-ն  ընթանում է 7-րդ տեղում՝ հոկեյի Բելառուսի առաջնությունում… Այլ մարզական լուրեր…

Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ռուսաստանցի այն մարզիկներից, որոնք մեկնում էին հարավկորեական Փհենչհան քաղաք՝ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: «Ներեցեք մեզ այն բանի համար, որ չկարողացանք ձեզ պաշտպանել: Բոլորը հասկանում են, թե որքան դժվար է այսօր հասնել բարձրագույն նվաճումների: Այն կրկնակի բարդ է, երբ սպորտը խառնում են որոշակի իրադարձությունների ու երեւույթների, քաղաքականության կամ այլ բաների հետ: Բայց դա եռակի դժվար է, երբ երկրում, տվյալ դեպքում մեր երկրում, այդ կապակցությամբ մեր հասարակությունում իրարամերժ կարծիքներ են ստեղծվում:

Մեր երկիրը միշտ պաշտպանել եւ աջակցել է մաքուր սպորտի գաղափարը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի աջակցենք մեր մարզիկներին», – օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: Հավելենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկների հետ կապավ դոպինգ սկանդալի համար օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել միայն այն մարզիկներին, որոնք վերջին տարիներին ոչ մի անգամ չեն ձախողել դոպինգ ստուգումները: Նրանք թվով 169-ն են: ՄՕԿ-ը միաժամանակ Ռուսաստանին արգելել է խաղերի ժամանակ օգտագործել պետական դրոշը եւ զինանշանը:

Ամերիկան արդար պայքարում չի կարող հաղթել Ռուսաստանին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «հաճելի անսպասելիություն» է որակել Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը՝ արդարացնել Ռուսաստանի մարզիկներին: «Ազնիվ մարզական պայքարում ամերիկացիները, երևում է, չեն կարողանում մեզ հաղթել: Նրանք կարծում են, որ համաշխարհային սպորտի առաջատարի տիտղոսը վերադարձնելու և պահպանելու համար պետք է մրցակիցներին աստիճանաբար մի կողմ հրել: Այստեղ բոլոր միջոցներն են լավ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Սպորտային հայ բժիշկները ֆեդերացիա են ստեղծել

Փետրվարի 1-ին հիմնադրվել է «Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն: Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, այսօր հանդիպել է նորաստեղծ կազմակերպության անդամների հետ: Նա ֆեդերացիայի նախագահ Կարինե Խաչատրյանին խնդրել է խելամիտ ժամկետներում ներկայացնել ֆեդերացիայի ռազմավարական ծրագիրը եւ գործողությունների պլանը:  

«Մեր մարզիկների հաջողությունները մեծապես կախված են նաեւ սպորտային բժշկության բնագավառի բարձրակարգ մասնագետների հետ համագործակցությունից: Կարեւոր է, որ մեր բոլոր մարզադպրոցներում աշխատող բժիշկների համար կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, եւ դա պետք է անել նաեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից սեմինարների անցկացման միջոցով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անհրաժեշտության դեպքում կհոգա այդ մասնագետների հրավերների հետ կապված ֆինանսական հարցերը», – հանդիպման ժամանակ ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հայ դահուկորդները ձմեռային օլիմպիական խաղերում

- Միքայել Միքայելյանը օլիմպիական խաղերն ավարտեց 83-րդ տեղում:

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում իր ելույթներն ավարտեց մեր դահուկորդ Միքայել Միքայելյանը: Ազատ ոճ 15 կմ դահուկավազքում մեր մարզիկը այդ մրցատարածությունն անցավ 39:01,4 րոպեում եւ 115 մասնակիցների մեջ զբաղեցրեց 83-րդ տեղը: Այդպիսով,  Միքայել Միքայելյանին չհաջողվեց բարելավել սպրինտում ցույց տված իր արդյունքը՝ 72-րդ հորիզոնական:

Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնան, որը 18 վայրկյանով առաջ անցավ նորվեգացի Սիմեն Հաստադ Կրուգերից:

- 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի արդյունքը:

10 կմ դասական ոճով դահուկավազքում որակավորման փուլում նա ցույց տվեց 30:25.1 արդյունք եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Այս ձեւում օլիմպիական չեմպիոն հռչակվեց նորվեգացի Ռագնիլդ Հագան, որը մրցատարածությունն անցավ 25:00,5 րոպեում։

Կատյա Գալստյանն ավատեց ելույթները Փհենչհան-2018-ում, քանի որ նա այլեւս իրավունք չունի մասնակցելու մնացած մրցումներում:

- Աշոտ Կարապետյանը ստացավ իր դահուկները

Ձմեռային օլիմպիական խաղերում առանց դահուկի մնացած հայաստանցի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի խնդիրը լուծված է: Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Մեկ զույգ դահուկ եւ մարզակոշիկ է տրամադրել  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մյուս զույգը՝ ֆեդերացիան: Ինչպես հայտնում է գլխավոր քարտուղարը, Մոսկվայից տեղափոխումն ապահվել է իր եղբայրը՝ Fischer and Fischer Russia ընկերության աջակցությամբ:

Աշոտ Կարապետյանը օլիմպիական խաղերում կմասնակցի մեծ ոլորավայրէջքի մրցումներին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Մեր մարզուհին նվաճել է Հայաստանի առաջին պատանեկան օլիմպիական ուղեգիրը

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է 2018թ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Մեր մարզուհին այդ մրցումներում 56 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հոկտեմբերի 6-18-ը, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

Պատանի ձյուդոյիստները 2 մեդալ նվաճեցին Իտալիայում

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը 3 մարզիկով մասնակցելով Իտալիայի Ֆոլոնիկա քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին, նվաճել է 2 մեդալ: 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը 4 անընդմեջ մաքուր հաղթանակ (իպոն) տարավ եւ մտավ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջեց ռուսաստանցի Իզնաուր Սաաեւին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: 55 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը չնայած քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսասատանցի Սերգեյ Երոշենկոյին, սակայն հետո հաղթանակ տարավ սփոփիչ բոլոր մենամարտերում եւ արժանացավ բրոնզե մեդալի:

81 կգ քաշային կարգում հանդես եկած Մամիկոն Ավետիսյանը նախնական փուլերում հաղթելով իր մրցակիցներին, հասավ կիսաեզրափակիչ, որտեղ, ավաղ, պարտվեց սլովենցի Անդրեյ Յանկովսկուն: 3-րդ տեղի համար մրցամարտում մեր մարզիկը լրացուցիչ խաղափուլում զիջեց արգենտինացի Ագուստին Խիլին եւ ի վերջո զբաղեցրեց 5-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը, մեր ձյուդոյիստները փետրրվարի 12-14-ը նույն քաղաքում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի, որից հետո կմեկնեն Իսպանիայի Ֆուենգիրոլա քաղաք, որտեղ  փետրվարի 17-18-ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլը:

Վիկ Դարչինյանն այցելել է զինհաշմանդամներին

Հայ պրոֆեսիանալ բռնցքամարտիկն ասել է, որ եկել էր ընկերներին տեսնելու նպատակով, բայց իմացել է քառօրյայի մասնակից վիրավոր զինվորների՝ վերականգնողական կենտրոնում գտնվելու մասին եւ արդեն 2-րդ օրն է՝ ինչ գալիս է «Հերացի» թիվ 1 նորաբաց կենտրոն ու շփվում տղաների հետ: «Ուզում եմ իրենց հետ մի փոքր ժամանակ անցկացնել, ավելի մոտիկից ծանոթանալ: Միայն այն միտքը, թե ինչերի միջով են անցել տղաները, ամեն ինչ արդեն ասում է: Ինձ շատ է տպավորել նրանց հետ հանդիպումը»,- ասել է անվանի բռնցքամարտիկը:

Տղաներից գրեթե բոլորն առաջին անգամ էին տեսնում Վիկ Դարչինյանին, ասացին, որ շատ ուրախ են իրականում տեսնել իրենց սիրելի բռնցքամարտիկին: Նրանցից շատերն ասացին, որ միշտ նայել են Վիկի մենամարտերը, բայց երբեք չեն պատկերացրել որ միասին կնստեն մի սեղանի շուրջ եւ կուտեն VIK» տորթը»…

ՖԻՖԱ-ի նախագահը մտահոգված է ֆուտբոլով գումարներ լվանալու համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն մտահոգված է ժամանակից ֆուտբոլում գոյություն ունեցող խնդիրներով:

«Ներկայումս տրանսֆերային գործարքների ընդհանուր շրջանառությունը կազմում է 6,4 մլրդ դոլար: Դա երկու անգամ շատ է, քան 4 տարի առաջ: Կարելի է ենթադրել, որ այդ համակարգը վատ չի աշխատում, գումարներ կան: Սակայն նման միտումը մտագոգության տեղիք է տալիս:

Գնալով ավելանում են գործակալներին եւ միջնորդներին վճարվող գումարները: Այժմ այն կազմում է մոտ 500 մլն դոլար: Յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ուզում է, բայց իրականությունը ցույց է տալիս, որ կա խարդախության, կաշառքի, փողեր լվանալու վտանգ: Դա ցույց են տալիս նաեւ պետական ​​մարմինների հետազոտությունները», – Sky Sports կայքով հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ

Հայաստանը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն անցած ամսվա համեմատ նահանջել է 1 աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը: Մեր ընտրանուց առաջ են անցել Կոնգոն ու Կանադան, իսկ ետ է մնացել՝ Գվինեա Բիսաուն:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները՝ Էստոնիայի եւ Լիտվային ընտրանիները զբաղեցնում են համապատասխանաբար 87-րդ եւ 147-րդ հորզոնականները:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակը մնացել է անփոփոխ: 1. Գերմանիա՝ 1602 միավոր, 2. Բրազիլիա՝ 1484, 3. Պորտուգալիա՝ 1358, 4. Արգենտինա՝ 1348, 5. Բելգիա՝ 1325, 6. Իսպանիա՝ 1231, 7. Լեհաստան՝ 1213, 8. Շվեյցարիա՝ 1190, 9. Ֆրանսիա՝ 1183, 10. Չիլի՝ 1153:

ՈՒԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին չընդգրկեց Եվրոպայի լիգայի թիմում

Լոնդոնի «Արսենալ»-ի 3 ֆուտբոլիստներ ընդգրկվել են Եվրոպայի լիգայի այս շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Նրանք են դարպասապահ Դավիդ Օսպինան, պաշտպաններ Նաչո Մոնրեալը եւ Կալում Չեմբերսը: Նշված եռյակից բացի, խորհրդանշական հավաքականի կազմում ընգրկվել են նաեւ Լուկաս-Ֆրանսուա Էրնանեսը («Աթլետիկո»), Շտեֆան Լյայները («Ռեդ Բուլ Զալցբուրգ»), Կալում Մակգրեգորը («Սելթիկ»), Բրունու Ֆերնանդեշը («Սպորտինգ»), Մանուել Ֆերնանդեշը («Լոկոմոտիվ»), Անդրե Շյուրլեն, Միշի Բատշուային (երկուսն էլ՝ «Բորուսիա»), Տիմո Վերները («ՌԲ Լայպցիգ»):

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չնայած չի արաժանացել ՈՒԵՖԱ-ի փորձագետների ուշադրությանը, սակայն «Արսենալ»-ի երկրպագուների կողմից ճանաչվել է իր թիմի լավագույն խաղացողը «Էստերսունդ»-ի հետ խաղում: Նա ստացել է քվեարկածների 63%-ը: Նա առաջ է անցել այդ խաղում գոլի հեղինակներ դարձած Մեսութ Օզիլից (21%ու Նաչո Մոնրալից  (15%):

Հենրիխ Մխիթարյանի փոխանցումները նպաստեցին «Էստերսունդ»-ի ջախջախմանը

«Էստերսունդ»-ի նախագահը խոստացել էր պայքարից դուրս բերել «Արսենալ»-ին, սակայն ամեն ինչ գնաց հակառակ ուղղությամբ: Լոնդոնի «Արսենալ»-ը, որի խաղացողն է արդեն Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթեց «Էստերսունդ»-ին:

Շվեդական համանուն քաղաքում կայացած հանդիպման արդեն 13-րդ րոպեին իսպանացի Նաչո Մոնրեալն առաջ մղեց հյուրերին: 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի սուր փոխանցումից հետո տանտերերի պաշտպան Պապագիոնոպուլոսը ակամայից գրավեց սեփական դարպասը: Ընդմիջումից հետո, 58-րդ րոպեին, մեր լավագույն ֆուտբոլիստը հաշվենկատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Մեսութ Օզիլին, որը դիպուկ հարվածով եռապատկեց հաշիվը:

Խաղի 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց: Խաղի ավելացված ժամանակում «Արսենալ»-ի դարպասապահ Օսպինան ետ մղեց տանտերերի ստացած 11մ հարվածը: «Արսենալ»-ը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կուենան փետրվարի 22-ին, Լոնդոնում:

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Էստերսունդ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին: «Սա նրանց առաջին խաղն էր, իսկ մենք խաղային փորձ ունեինք: Նրանք շատ լավ թիմ ունեն եւ ձգտում էին արժանի խաղ ցուցադրել: Սակայն 2 գոլերից հետո ամեն ինչ մեզ համար հեշտացավ» – Մխիթարյանի խոսքերն է մեջբերել BT Sport-ը:

Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել Արսեն Վենգերին

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ չնայած շվեդական «Էստերսունդ»-ի նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակին, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում թիմը պետք է հանդես գա իր ուժեղագույն կազմով: «Մենք պետք է բոլոր խաղերին լրջորեն մոտենանք: Նշանակություն չունի, որ առաջին խաղում հաղթել ենք եւ համարյա մտել ենք հաջորդ փուլ: Պետք է աշխատենք հաղթել նաեւ պատասխան խաղում, որպեսզի ավելի մեծ վստահություն ձեռք բերենք: Հասկանում եմ, որ 2 օր հետո գավաթի եզրափակիչն է, բայց մենք պետք է խաղանք նույն կազմով եւ կրկին հաջողության հասնենք», – ասել է մեր ֆուտբոլիստը:

Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Էստերսունդ»-ի հետ պատասխան խաղում ցանկանում է հանդես գալ թուլացված կազմով, որպեսզի առաջատար ֆուտբոլիստները հանգստանան Անգլիայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ: Թե ինչպիսի որոշում կընդունի ֆրանսիացի մասնագետը, պարզ կդառնա փետրվարի 22-ին, երբ անգլիացիները սեփական դաշտում կընդունեն շվեդական ակումբին: 2ւ օր հետո, «Արսենալ»-ը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում արդեն կհանդիպի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ եւ կպայքարի լիգայի գավաթի համար:

Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել այդ խաղին, քանի որ մրցաշարի կանոնակարգը թույլ չի տալիս ֆուտբոլիստին մեկ խաղարկության ընթացքում հանդես գալ 2 տարբեր թիմերից:

Հովհաննես Գաբուզյանը առաջատար է ԱՄՆ-ում

Տղամարդկանց շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը  հաջող է մեկնարկել ԱՄՆ-ում ընթացող Southwest Class Championships միջազգային մրցաշարում: Կայացած 4 փուլից հետո մեր շախմատիստը 3,5 միավորով չնայած բաժանում է 1-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: 5-րդ փուլում նա սեւ խաղաքարերով կհանդիպի կանադացի գրոսմայստեր Ռազվան Պրեոտուի հետ:

Մրցաշարին մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը ներկայումս 3 միավորով բաժանում է 5-16-րդ տեղերը: Մեր հայրենակիցը սեւերորով կմրցի ամերիկացի Ջոն Բարտոլոմյուի հետ: Նշենք, որ 9-րդ անգամ տեղի ունեցող Southwest Class Championships մրցաշարում հանդես են գալիս 81 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստեր են: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի փոխչեմպիոն

Ռիո Դե Ժանեյրոյում կայացած տղամարդկանց շախմատի Բրազիլիայի 84-րդ առաջնությունում հայազգի գրոսմայստեր  Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: Նոկաուտ մրցակարգով անցկացրած մրցաշարին մասնակցեցին այդ երկրի 16 ուժեղագույն շախմատիստներ: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթահարելով առաջին 3 արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ նա ուժերը չափեց 2006թ Բրազիլիայի չեմպիոն, 29-ամյա Ալեքսանդր Ֆիերի հետ:

Դասական շախմատի 4 խաղից բաղկացած եզրափակիչում մեր հայրենակիցը անհաջող մեկնարկեց եւ պարտվեց առաջին 2 խաղերում: 3-րդ խաղում սպիտակներով խաղացող հայազգի շախմատիստը բոլոր ջանքերը գործադրեց հաշվի տարբերությունը կրճատելու համար, սակայն մոտ 6 ժամ տեւած պարտիան 106-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Այդպիսով, Ալեքսանդր Ֆիերը հաղթեց 2,5:1,5 հաշվով եւ 2-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն, իսկ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ստիպված է բավարարվել փոխչեմպիոնի կոչումով:

Լրագրողները 4-րդ անգամ կհանդիպեն շախմատի խաղատախտակի առջեւ

Փետրվարի 10-ից Հայաստանի շախմատի ակադեմիայում 4-րդ անգամ կանցկացվի շախմատի մրցաշար լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ: Այն բաղկացած է 7 մրցափուլից եւ կանցնի արագ շախմատի մրցակարգով. ամեն խաղյի համար մասնակիցներին կտրամադրվի 10-ական րոպե եւ 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:

Մրցանակային 3 տեղերը զբաղեցրած լրագրողները կստանան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային պարգեւներ: Մրցանակներ կստանան նաեւ 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսեւորելու համար, ամենարագ հաղթանակի համար եւ ամենատարեց մասնակից: «Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջեւ նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Նախեւառաջ շնորհակալ ենք ՎՏԲ (Արմենիա) Բանկին, որի աջակցությամբ մրցաշարն արդեն դարձել է ավանդական»,- «Ա1+»-ին հայտնեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ի դեպ, անցած 3 տարիների մրցաշարերում հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիա» թերթի մարզական լրագրող Վադիմ Մկրտչյանը:

Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են կապվել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 077 18-18-78, 010 55-06-19:

Հոկեյի «Արարատ» ակումբը 2 պարտություն կրեց

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ 2 հանդիպում անցկացրեց «Գոմել-2»-ի հետ եւ երկուսում էլ պարտություն կրեց` 2:6 եւ 0:3:

«Արարատ»-ը 49 խաղից հետո 83 միավորով 14 թիմերի մեջ զբաղեցնում է 7-րդ տեղը: Հաջորդ փուլում մեր թիմը կհյուրընկալվի «Վիտեբսկ-2»-ին: Ավելի վաղ այս երկու թիմերի միջեւ անցկացված առաջին խաղն ավարտվել էր բելառուսների հաղթանակով՝ 5:2:

Ռոջեր Ֆեդերերը գերազանցեց Անդրե Աղասիի ռեկորդը

Ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասին շնորհավորել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին կրկին աշխարհի1-ին ռակետ դառնալու կապակցությամբ: «36 տարեկան եւ 195 օրական: Ռոջեր Ֆեդերերը շարունակում է բարձրացնել սահմանագիծը մեր մարզաձեւում: Շնորհավորում եմ նրան հերթական նվաճման համար», – իր թվիթերյան էջում գրել է «Մեծ սաղավարտների» 8-ակի հաղթող Անդրե Աղասին:

Ռոջեր Ֆեդերերը նման շնորհավորանքի է արժանացել այն բանի համար, որ Ռոտերդամի մրցաշարում հաղթելով հոլանդացի Ռոբին Հասին, դարձել է աշխարհի ամենատարեց առաջին ռակետը: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Անդրե Աղասիին, ով պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակը գլխավորել էր 33 տարեկան 133 օրական հասակում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (484), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։