Պլան Ա-ն ու պլան Բ-ն՝ ապաշնորհ դերասաններով… Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը… «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր – սադրանք հրահրելն ու հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր (թատրոնն առանց հանդիսատես չի լինում)… Նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր – որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է (հատկապես հավասարությունից ամեն օր բարբաջողների համար)՝ պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ…

«Երեւան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երեւանցուն եւ, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ եւ ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաեւ նիստին մասնակից ավագանու այլ անդամների եւ աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երեւանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երեւանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երեւան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երեւանցուն»:

Այս հայտարարությունը Երեւանի քաղաքապետարանինն է՝ օրվա թոհուբոհի մասով: Պատմելու կարիք չկա՝ ինչի մասին է խոսքը, քանզի կադրերը շատ են, մեկնաբանությունները՝ լիքը, տեսակետները՝ հիմնականում նույնական, այն է՝ երկիրծիրանականները շատ էլ լավ են արել եւ շատ էլ վատ են արել: «Երկիր Ծիրանին» շատ լավ է արել, որովհետեւ պաշտպանել է նուբարաշենցիների շահերը: «Երկիր Ծիրանին» շատ վատ է արել, որվհետեւ նրանց գործողությունները սադրիչ էին, կնոջը հարիր պահվածք չունեին: Երկու տեսակետ՝ հիմնականում այս շրջանակում:

Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ասելիքը 4 կետով ձեւակերպեց.  

  1. «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու կանայք ակնհայտորեն պլանավորել էին ամեն ինչ նախապես /եւ քայլերը, եւ կոյուղաջրով թունավոր բանկաները, եւ ակցիայից հետո տարածվող տեքստերի երանգավորումը, եւ զոհի լույսի ներքո ներկայանալը, եւ Երեւանի պատմության թանգարանի առջեւ իրականացված պիկետը: (Ի դեպ, նրանց կողմնակիցները թանգարանի պատերը կեղտոտել են՝ վրան գրառումներ թողնելով, ինչը ոչ այլ ինչ է, քան վանդալիզմ):
  2. Ակցիայի ձախողումից հետո ամբիոնից արդարացավ Զարուհին, ինչը լրիվ «նորամուծություն» էր, քանի որ մինչ այդ Երեւանի ավագանու ամբիոնը հարիր չէր համարում իր ելույթների համար՝ հատկապես ԱԺ պատգամավորության մանդատը կորցնելուց հետո (ի դեպ դեպքեր են հայտնաբերվել, երբ դեռ պատգամավոր է ներկայանում քաղաքացիների մոտ):
  3. #գարշահոտօպերացիան չստացվեց, նիստն ակցիայից հետո էլ շարունակվեց եւ շատ բնականոն հունով /ընդ որում 9-րդ հարցից հետո, երբ դեռ կար 15 հարց օրակարգում, «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանիները լքեցին դահլիճը՝ ապացուցելով, որ երeuանցիներին վերաբերող հարցերը իրենց հետաքրքիր չեն/:
  4. Իրավապահ մարմինները իրականացնում են հետաքննություն, գնահատականները կտրվեն հաջորդիվ /եւ մինչ այդ, թող ոմանք իրենց ցանկությունները որպես իրականություն չներկայացնեն/:

«Երկիր Ծիրանի»-ի անդամների ասելիքը շատ արագ նուբարաշենցիների խնդրից տեղափոխվեց «սեռական ոտնձգության» հարցին: Սա էլ պատմելու կարիք չկա, բոլորն էլ տեղյակ են:

Հիմա ձեւակերպենք մեր ասելիքը: Մինչ այդ, սակայն, կարեւոր մի բանի մասին խոսենք:

Երբ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի կամ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները  «Լուսանցք» են գալիս, այստեղ նրանց ասվում է. եթե գրում եք մի բան, որ միայն պիտի լրատվություն փոխանցելով չավարտվի եւ ուզում եք սեփական տեսակետն արտահայտել, ձեզ պատկերացրեք դեպքերի կենտրոնում, անցկացրեք այն ձեր միջով, պատկերացրեք այն ձեր մաշկին ու նոր տվեք ձեր մեկնաբանությունը:

Քաղաքապետարանի դեպքն առիթ դարձավ գործնական պարապմունքի: Ուսանողներին հաջորդ օրն իսկ խնդրեցինք քննարկել  թեման եւ սեփական տեսակետն արտահայտել՝ անպայման հիմնավորմամբ: Պատկերն ուրվագծենք մի քանի կետով:

  1. Վստահություն չի ներշնչում «Երկիր Ծիրանի»-ի այն ասելիքը, թե իրենք հանուն Նուբարաշենի են մտածում: Որովհետեւ՝ Երեւանի ավագանու անդամը անճար մեկը չէ եւ Երեւանի խնդիրները բարձրաձայնելու համար ամբիոն ունի: Հարցը կարող էր բարձրացնել, պարզել մեղավորներին ու նպաստել այդ համայնքի կոյուղու խնդրի արագ կարգավորմանը (ինչպես հարցերը լուծելիս հաճախ անում է Անահիտ Բախշյանը):
  2. «Երկիր Ծիրանի»-ի նպատակը գործը չէր: Սադրանք հրահրելն ու այդ սադրանքում հնարավորինս շատ մարդ ներքաշելն էր: Որովհետեւ՝ երբ նրանց հարցնում էին՝ այդ ինչ եք անում (ձեռնոցներ ու դիմակներ կրելու ժամանակ) նրանք չէին պատասխանում… քանի դեռ հրմշտռոցը չէր սկսվել:
  3. «Երկիր Ծիրանի»-ի  նպատակը ֆեմինսիտներին օրակարգ բերելն էր: Որովհետեւ ավագանու անդամը ավագանու անդամ է: Պետք չէ սեռային հարց դնել՝ կին թե տղամարդ: Եվ երբ իրար հրում, քաշքշում են, քաշքշում են ավագանու անդամները, ոչ թե կինն ու տղամարդը: Իսկ այստեղ այնպես ստացվեց, որ ծիրանականները զարմացել էին, որ հարվածել են կին անդամին: Ու «մոռացել» էին, որ կինն այդ հարվածը կերել է տղամարդուն հարվածելուց հետո միայն:
  4. «Երկիր Ծիրանի»-ն մարտավարությունը փոխեց դեպքից հետո: Քանի որ իրենց կին անդամի՝ տղամարդուն ապտակելը ակնառու երեւում էր բոլոր կադրերում, եւ կին-տղամարդ տարբերակի խաղարկումը չանցավ, առաջ եկավ պլան բ-ն՝ «սեռական ոտնձգության» տեսքով: Ծիրանական կին անդամն ասաց, որ առաջինն ինքն է ապտակել տղամարդուն, որովհետեւ տղամարդը ձեռք է տվել իր կրծքերին, մարմնի տարբեր մասերին, պիջակն է արձակել: Կադրերում մենք չտեսանք դա: Դեմ չենք. գուցե վայրկենական է դա արվել, աճպարարի ոճով եւ չի «երեւում»: Ինչեւէ, իրավապահներն էլ կանեն տեսագրության ուսումնասիրությունը:
  5. Որ սեռական ոտնձգությունը առաջ եկած կամ ծրագրված պլան էր, ուսանողներից մեկը հիմնավորեց այն փաստով, որ քաղաքապետարանի շուրջ հայտնված ցուցարարների շարքում է եղել Լարա Ահարոնյանը: «Էդ ո՞վ է»,- զարմացանք բոլորս: «Ո՜նց, չգիտե՞ք, էն միասեռականության քարոզիչը»,- հնչեց պատասխանը: Ի դեպ, ուանողի ասածը ֆ/բ օգտատեր Արմինե Սիմոնյանի գրառումով լրացվեց. «Քաղաքապետարանի շենքի առաջ բուսած երիտասարդ աղջիկները անդադար նույնն էին կրկնում՝ ներսում կանանց նկատմամբ բռնություն է կիրառվել»: Մեկ էլ լսվեց հայտնի ֆեմինիստուհու կոչը, թե քաղաքապետարանում ոչ միայն կանանց բռնության են ենթարկել, այլեւ «սեռական ոտնձգություն է եղել նրանց նկատմամբ», ասաց դիմելու են ՄԱԿ՝ Հայաստանի դեմ, որպես Կանանց դեմ խտրականությունների կոնվեցիան ստորագրած երկրի:

Ի դեպ, այս սկանդալը սարքվեց հենց այն պահին, երբ հայտարարվեց, որ մշակվել է ՀՀ-ում կանանց եւ

տղամարդկանց հավասար իրավունքների ռազմավարության նախագիծը…. Էս ամենը համադրեք ու կհամոզվեք՝ նուբարաշենցիների խնդիրը չէ, ցավոք…»:

Համաձայն ենք, իհարկե նուբարաշենցիների խնդիրը չէ: Սա Տարոն Մարգարյանի վարկանիշի դեմ ուղղված քայլ էր: Թե ով էր այդ պատվերն իջեցրել, այս նյութի քննարկման թեման չէ (մենք տարբերակ, իհարկե, ունենք, բայց լրատվության աղբյուրը դեռ ստուգված չէ, այդ իսկ պատճառով չենք բարձրաձայնում,-խմբ.), բայց պատվեր տվողը շատ վատ սցենար էր գրել: Եվ ապաշնորհ դերասանների ընտրել:

Այս ամբողջ պատմության մեջ մի ուրախացնող բան կար:

Ուսանողների հետ իմ զրույցը ցույց տվեց, որ վաղը լրագրության ոլորտում առաջ կգան նոր գրիչներ, ում չի հուզի շոուն, ցուցքը, սենսիացիաներ փնտրելու մոլուցքը: Նրանք կփորձեն հասկանալ՝ ո՛վ ինչ  գործ է անում եւ ինչպե՛ս է այդ գործն անում: Իսկ մեր դաշտի մաքրվելը ինքնըստինքյան շատ բան կմաքրի: Թացը չորից կզատվի: Ու ամենակարեւորը՝ լրագրողը իր անձնական նկրտումներից ելնելով հարցերը անգրագետ ու հարձակողական չի ձեւակերպի…

Անի Մարության

Ո՞վ էր, ի վերջո, Նուբարաշենի վթարված կոյուղու հասցեատերը

Պարզվում է՝ հասցեատիրոջը նուբարաշենցիները գիտեն, իսկ «Երկիր Ծիրանի»-ն՝ ո՞չ: Պարզվում է նաեւ, որ փետրվարի 12-ին Նուբարաշենում բնակիչները բողոքի ակցիա են արել Նուբարաշենի բանտին հարակից տարածքում: Եվ «Երկիր Ծիրանի»-ն էլ ներկա է եղել ու «գտել է» հասցեատիրոջը: Բայց քանի որ այս կառույցի գործը ոչ թե «խնդիր եւ լուծումն» էր, այլ՝ «այլ՝ ցուցք խնդրի միջոցով»-ը, նա քաղաքապետրանում էլ սարքեց թատրոնը:

Վթարված կոյուղու հարցի հետ առնչություն չունի նույնիսկ «Վեոլիա Ջուր»-ը:

Բայց բողոքը հասցեատեր ունի, եւ նուբարաշենցիները գիտեին այդ հասցեատիրոջը եւ նրան էլ ուղղել են բողոքը: Հասցեատերը Քրեակատարողական  վարչությունն է, որի ենթակայությամբ գործող Նուբարաշեն քրեակատորղական հիմնարկն էլ պետք է վերացնի վթարը:

Երբ բնակիչները բողոքել են, ընդ որում բավականին լարված է եղել վիճակը, դեպքի վայր է գնացել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետն ու տեղեկացրել բնակիչներին, որ կապվել են Կալանավայրերի վարչության պետի հետ, շինարարությունը կսկսվի, նախահաշիվը պատրաստ է: Բողոքողներն ասել են, թե կսպասեն, բայց Զարուհին նրանց համբերությունը չունի, ծիրանի երկիրը նրա սուրբ գործերին է սպասում: Ու նա որոշել է իր համբերության լցված բաժակը ցույց տալ ոչ թե բանտապետին, այլ՝ քաղաքապետին: Դե, որովհետեւ բանտապետի մոտ լրագրողներ չկային, ավագանու նիստ չկար եւ ուղիղ հեռարձակում չկար: Հետեւաբար՝ չկար եւ հանդիսատես:

Իսկ թատրոնն առանց հանդիսատես չի լինում…

Դեպքի հաջորդ օրն արդեն ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետը տեղեկացրեց, որ  Նուբարաշենի բանտի կոյուղագծերի վերականգնման աշխատանքները սկսվել են:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 6 (484), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։