Արցախի հակամարտության վերսկսումը՝ միջազգային սպառնալիք – Ըստ ԱՄՆ-ի հատուկ շառայությունների (6 գերատեսչությունների ղեկավարների)՝ հակամարտ կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը…

Վաշինգտոնը համաշխարհային փոփոխություններին պատրաստվում է ամենայն լրջությամբ, ինչքան էլ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը փորձում է ներկայացնել որպես պարզունակ ու հաջողակ մի գործարարի, ում այս պահին տրվել է երկրի նախագահի աթոռը:

Այս կամ այն երկրի հետ հարաբերությունները վերափոխելուց առաջ երկրի իշխանությունները հասկանում են, որ աշխարհը տանում են նոր հակամարտության, վերաբաժանումների, ինչը լինելու է ցավագին եւ ոչ անարյուն… Եվ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով 6 գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն «բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները»: Դրանց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության վերսկսումը։ Սա եղել է ի պատասխան Սենատի հետախուզական ծառայությունների գծով հանձնաժողովի անդամների հարցերին՝ նույն հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում:  

Այն, որ Արցախի հարցի ռազմականացման գործընթացը չի մտնում ամերիկյան ծրագրերի մեջ, արդեն իսկ լավ է, նաեւ կարող է լուրջ երաշխիք դառնալ խաղաղ բանակցությունների վերսկսման համար, ինչքան էլ Բաքուն եւ Մոսկվան բարձր տոներով խոսեն արցախյան խնդրից: Չնայած Վաշինգտոնը հակամարտության վերսկսումով մտահոգվում է Մոսկվայի՝ իր դաշնակից Երեւանին աջակցելու հարցով, սակայն, հստակ է, որ ամերիկացիները քաջատեղյակ են ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական ռազմական համագործակցությանը եւ հայ-եվրոպական կապերի ամրապնդմանը:

Մանրամասնելով նշենք, որ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի գրավոր վկայության մեջ, որը վերնագրված է «Համաշխարհային սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հայտարարություն», բազմաթիվ գլոբալ մարտահրավերների ու սպառնալիքների հետ մեկտեղ նշվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ ամերիկյան հետախուզության ղեկավարի հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը կարող է դրդել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերի խուսափումը փոխզիջումներից, աճող ներքին ճնշումները, Ադրբեջանի շարունակական ռազմական արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռքբերումները շարունակում են վտանգ ներկայացնել 2018թ. լայնածավալ բախումների համար»:

Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս՝ հետախուզության տնօրենի հայտարարությանը հակամարտության վերսկսման վտանգի մասին անդրադարձավ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը, ով «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում չբացառեց, որ այս ապրիլին Ադրբեջանում վաղաժամկետ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: «Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված լինելը կարող է ունենալ թե՛ դրական եւ թե՛ բացասական պատճառներ: Դրականը կարող է լինել այն, որ ընտրության օրվա փոփոխությամբ նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է վստահության քվե ստանալ խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու համար, սակայն կարող է լինել նաեւ բացասական պատճառ, որը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հետ»,- նշել է նախկին դեսպանը: Նա չափազանց մտահոգիչ է համարում առկա իրավիճակը՝ հակամարտության գոտում ռազմական հնարավոր բախումների վերսկսման տեսանկյունից:

«Կարծում եմ՝ մենք վտանգավոր փուլում ենք: Հուսամ՝ այս ընտրությունները լավ հնարավորություն կստեղծեն առաջ շարժվելու համար, սակայն չափազանց մտահոգված եմ դիվանագիտական շփումների բացակայությամբ, քանի որ արտգործնախարարների հանդիպումները ներառյալ Մինսկի խմբի համանախագահների հետ դեռեւս բավարար չեն առաջ շարժվելու համար»,- ասել է Ռիչարդ Կազլյարիչը: Նա համամիտ է հետախուզության տնօրենի գնահատականի հետ՝ ռազմական ներուժի չափից դուրս կուտակման վտանգի մասին՝ ընդգծելով, որ հակամարտ կողմերը կուտակել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, որը կարող է պատահաբար հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 6 (484), փետրվարի 16-22, 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։