Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիականների ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերք… Մարզաշխարհի խաչմերուկներում.-  Օլիմպիական խաղեր կայցելեն 1 միլիոնից ավելի երկրպագուներ… Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի բյուջեն՝ 12,5 մլրդ դոլար… Նորվեգիան մեդալային հաշվարկի առաջատարն է… Փհենչանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Բրոնզե մեդալներ սամբոյից… Արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին… Ֆուտբոլի, բասկետբոլի, ձյուդոյի, ըմբշամարտերի, ծանրամարտի, բռնցքամարտի, հրաձգության եւ այլ մարզաձեւերի լրատվություն… / Մշակութային լուրեր.- Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ… Վրաստանի հայաշատ համայնքներում հարիսայի փառատոն են անցկացրել… Թինա Կանդելակին՝ Քիմ Քարդաշյանի մասին… Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանեկան նվերը բաժանվեց… Մանկական «Եվրատեսիլ»-ն առավել շատ դիտել են Հայաստանում…

Աշխարհի մարզական հեւքից –

Փհենչհանի Օլիմպիական խաղեր կայցելեն 1 միլիոնից ավելի երկրպագուներ

Հարավկորեական Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր կայցելեն 1 միլիոնից ավելի երկրպագուներ ամբողջ աշխարհից: մամուլի ասուլիսում հայտնել Է Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Սոն Պեկ Յուն: Օլիմպիական խաղերի հեռարձակման ծառայության մենեջմենթի տնօրեն Տիմո Լյումեն նախօրյակին հայտնել Է, որ Երկիր մոլորակի յուրաքանչյուր 3-րդ բնակիչը կդիտի Փհենչհանի խաղերը:

«Երկիր մոլորակի բնակչության մոտավորապես 30%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 3-րդ բնակիչը, կդիտի Փհենչհանի Օլիմպիական խաղերը»,- ասել Է նա: «Խաղերի արդյունքներով մենք միագումար կունենանք 1 միլիոնից ավելի երկրպագուներ»,- ասել Է կազմկոմիտեի ներկայացուցիչը:

Փհենչհանի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի բյուջեն կազմում Է 12,5 մլրդ դոլար

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի միագումար բյուջեն կազմում Է 12,5 միլիարդ դոլար: այս մասին լրագրողներին հայտնել Է Օլիպմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նենսի Փաքը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին, Պարալիմպիադան տեղի կունենա մարտի 9-18-ը: «Բոլոր մրցումների միագումար բյուջեն կազմում Է 12,5 միլիարդ դոլար: Բյուջեում ամենամեծ ներդրումը կատարել Է Հարավային Կորեայի կառավարությունը, որը 10,1 միլիարդ դոլար Է հատկացրել ենթակառուցվածքի ստեղծման համար,- ասել Է Փաքը:- Այդ փողին ավելացվել են նաեւ գործառական ծախսերի միջոցներ 2,4 միլիարդ դոլարի չափով»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նորվեգիան կրկին մեդալային հաշվարկի առաջատարն է

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը կրկին Նորվեգիան է: 12-րդ մրցումային օրվա ավարտից հետո Նորվեգիայի հավաքականն ունի 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: 2-րդ տեղում 12 ոսկե մեդալով Գերմանիայի օլիմպիական հավաքականն է: Նրանք ունեն նաեւ 7 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ: Եվ եռյակը եզրափակում է Կանադան 9 ոսկե, 5 արծաթե եւ 7 բրոնզե մեդալներով: Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձեւերում:

«Սպիտակ խաղեր»-ի պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Հայ դահուկորդները ձմեռային օլիմպիական խաղերում

- Միքայել Միքայելյանը օլիմպիական խաղերն ավարտեց 83-րդ տեղում:

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում իր ելույթներն ավարտեց մեր դահուկորդ Միքայել Միքայելյանը: Ազատ ոճ 15 կմ դահուկավազքում մեր մարզիկը այդ մրցատարածությունն անցավ 39:01,4 րոպեում եւ 115 մասնակիցների մեջ զբաղեցրեց 83-րդ տեղը: Այդպիսով,  Միքայել Միքայելյանին չհաջողվեց բարելավել սպրինտում ցույց տված իր արդյունքը՝ 72-րդ հորիզոնական:

Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնան, որը 18 վայրկյանով առաջ անցավ նորվեգացի Սիմեն Հաստադ Կրուգերից:

- Ձմեռային օլիմպիական խաղերում Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել  Միքայելյանի արդյունքը: – 10 կմ դասական ոճով դահուկավազքում որակավորման փուլում նա ցույց տվեց 30:25.1 արդյունք եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Այս ձեւում օլիմպիական չեմպիոն հռչակվեց նորվեգացի Ռագնիլդ Հագան, որը մրցատարածությունն անցավ 25:00,5 րոպեում։

Կատյա Գալստյանն ավատեց ելույթները Փհենչհան-2018-ում, քանի որ նա այլեւս իրավունք չունի մասնակցելու մնացած մրցումներում:

- Աշոտ Կարապետյանը ստացավ իր դահուկները – Ձմեռային օլիմպիական խաղերում առանց դահուկի մնացած հայաստանցի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի խնդիրը լուծված է: Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Մեկ զույգ դահուկ եւ մարզակոշիկ է տրամադրել  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մյուս զույգը՝ ֆեդերացիան: Ինչպես հայտնում է գլխավոր քարտուղարը, Մոսկվայից տեղափոխումն ապահվել է իր եղբայրը՝ Fischer and Fischer Russia ընկերության աջակցությամբ:

– Աշոտ Կարապետյանը զբաղեցրեց 42-րդ տեղը օլիմպիական խաղերում – Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, որը լուրջ խնդրի առջեւ էր հայտնվել մրցումներից առաջ, քանի որ կոտրվել էին նա տրամադրության տակ եղած դահուկները: Բարեբախտաբար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից գնած նոր դահուկները ժամանակին տեղ հասան, եւ մեր մարզիկը հասցրեց պատրաստվել իր միակ մեկնարկին: Ոլորավայրէջքի մրցումներում Աշոտ Կարապետյանը ընդհանուր հաշվարկով  ցույց տվեց 2:08.08 արդյունք եւ 107 մասնակիցների մեջ զբաղեցրեց 42-րդ տեղը: Սա Փհենչհան-2018-ում Հայաստանի մարզիկների կողմից ցույց տված լավագույն արդյունքն է:  

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին

Հարավկորեական Փհենչհան քաղաքում այսօր կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց խաղերի փակման մասին: Օլիմպիական դրոշը նա հանձնեց Պեկինի քաղաքապետ Չեն Ցզինին, քանի որ հաջորդ՝ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են հենց Չինաստանի մայրաքաղաքում, 2022թ. փետրվարի 4-20-ը:

Ընթացիք օլիմպիական խաղերում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Նորվեգիայի թիմը, որը նվաճեց 39 մեդալ՝ 14-ական ոսկե եւ արծաթե, 11՝ բրոնզե: 2-րդ հորիզոնականը գրավեց Գերմանիայի թիմը՝ 31 մեդալ (14+10+7), 3-րդ՝ Կանադան՝ 29 (11+8+10): Ընդհանուր առմամբ Փհենչհանում պատվո պատվանդան են բարձրացել 30 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում մեկական մեդալ նվաճել են Հունգարիան, Ուկրաինան, Բելգիան, Ղազախստանը, Լատվիան եւ Լիխտենշտեյնը:

Անհատական հաշվարկով օլիմպիական խաղերի 5 մեդալ է նվաճել նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը: 4-ական մեդալ իրենց հետ հայրենիք կտանեն շվեդացի դահուկորդուհիներ Շարլոտ Կալան եւ Ստինա Նիլսոնը:

Ոսկե մեդալների քանակով մրցակցությունից դուրս են նորվեգացի դահուկորդ Յոհանսեն Հոսֆլոտ Կլաեբոն եւ ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտին Ֆուրկադը, որոնք3-ական անգամ կանգնել են պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Հիշեցնենք՝ Հայաստանն այս օլիմպիական խաղերում ներկայացել էր 3 մարզիկով՝ դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին

Մոսկվայում մեկնարկած շախմատի «Աերոֆլոտ Օփեն» ավանդական մրցաշարում առաջին փուլում մեր գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, ով ծնունդով Արցախից է, սեւ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի նկատմամբ եւ վաստակեց առաջին միավորը: Սպիտակները հանձնվեցին 34-րդ քայլում: Հաղթանակով սկսեցին մրցաշարը նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը, ովքեր առավելության հասան համապատասխանաբար Անդրես Գալյեգոյի եւ Գրիգորի Օպարինի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը եւ Հայկ Մարտիրոսյանն իրենց խաղերը ոչ-ոքի ավարտեցին, իսկ Շանթ Սարգսյանը՝ պարտվեց:

- Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի Աերոֆլոտի А խմբի մրցաշարի 4-րդ փուլում ուշադրության կենտրոնում 2 առաջատարների՝ Տիգրան Պետրոսյանի եւ մոլդովացի Վիկտոր Բոլոգանի մրցախաղն էր: Երկարատև ու համառ պայքարից հետո մրցակիցները 100-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այս 2 շախմատիստները Վլադիսլավ Արտեմևի հետ 3,5 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: 5-րդ փուլում հայ շախմատիստը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Դմիտրի Գորդիևսկու հետ:

4-րդ փուլում հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով հնդիկ գրոսմայստեր Նարայանան Սունիլդուտի նկատմամբ: Գաբրիելն առաջին անգամ վայելեց հաղթանակի բերկրանքը եւ վաստակեց 2,5 միավոր: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում նաեւ Արամ Հակոբյանի եւ գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումի մրցավեճը, որն արդեն 21-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Նշենք, որ Բլյուբաումը ՖԻԴԵ-ի իր վարկանիշով 138-ով գերազանցում էր պատանի հայ շախմատիստին: Հիշեցնենք, որ Բլյուբաումը մարտին Լևոն Արոնյանի հետ մասնակցելու է Գերմանիայում կայանալիք GRENKE Chess Classic մրցաշարին:

Արամ Հակոբյանն իր հաշվին 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց: Ոչ-ոքիների շարքը շարունակեց նաեւ Հայկ Մարտիրոսյանը, ով խաղում էր ՖԻԴԵ-ի վարպետ, հնդիկ շախմատիստ Արջուն Էրիգաիսիի հետ: Նա եւս ունի 2 միավոր: Հաշտություն կնքեցին նաeu Մանուել Պետրոսյանն ու ռուսաստանցի գրոսմայստեր Վադիմ Զվյագինցեւը: Մանուելը ևս վաստակեց 2 միավոր: Իսկ ահա Արման Միքայելյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով նորվեգացի Արյան Տարիին: Արմանն ունի 1,5 միավոր: Շանթ Սարգսյանին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել: Ավստրիացի միջազգային վարպետ Վալենտին Դրագնևի հետ մրցախաղում էլ Շանթը պարտվեց՝ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը:

B խմբի մրցաշարում պարզապես գերազանց է հանդես գալիս գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, ով 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցն առաջատարների խմբում գտնվող Կարինա Համբարձումովան էր: Մեր շախմատիստը 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, 10 շախմատիստներ 3,5-ական միավորով հետապնդում են նրան: 5-րդ փուլում Տիգրանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի միջազգային վարպետ Ալեքսանդր Մոսկալենկոյի հետ: Հաջող է հանդես գալիս նաեւ Տիգրան Հարությունյանը, ով հաղթելով հնդիկ Կելկար Աբիշեկին, վաստակեց 3 միավոր:

C խմբում առաջատարների խմբում գտնվող Արթուր Ղարագյոզյանը 3 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց՝ զիջելով ռուսաստանցի միջազգային վարպետ Ալեքսանդր Ֆիլիպենկոյին: Վերջինս 4 միավորով 2 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Իսկ հայ շախմատիստը 3 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական:

Հ.Գ. – Գաբրիել Սարգսյանը միավորներով հավասարվեց Տիգրան Պետրոսյանին – Մոսկվայում ընթացող «Աերոֆոլոտ Օփեն» շախմատի փառատոնի գլխավոր մրցաշարում այսօր կայացան 7-րդ փուլի խաղերը: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, ով 4,5 միավորով գտնվում էր միանձնյա առաջատար Վլադիսլավ Կովալեւին հետապնդողների շարքում, սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ: Իսկ ահա նրանից կես միավորով հետ մնացող մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը բավական երկարատեւ պայքարից հետո սպիտակներով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Կիրիլ Ալեքսեենկոյին: Նա, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ եւս 3 շախմատիստներ, 5-ական միավորով բաժանում են 3-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակն այժմ գլխավորում են 2 շախմատիստ՝ Վլադիսլավ Կովալեւն ու իրանցի գրոսմայստեր Մ.Ամին Տաբատաբային, որոնք իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, փետրվարի 28-ին կայանալիք «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կմեկնարկի ժամը 14:00-ին՝ «Փյունիկ»-ի մարզադպրոցի խաղադաշտում: Մարտի 1-ին նշանակված «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա «Բանանց-2» մարզադաշտում, ժամը 14:00-ին: «Արարատ»-ը կրկին փոխում է սեփական դաշտը:

Իսկ թե ինչի հետ են կապված առաջնության փոփոխությունները, ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը չի մանրամասնում: Հավելենք, որ «Փյունիկ»-ն իր խաղերը սովորաբար անցկացնում է «Հանրապետական», իսկ «Արարատ»-ը՝ «Նաիրի» մարզադաշտում:

Ո՞վ կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին՝ Անգլիայի լիգայի եզրափակիչ խաղում

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ խաղից առաջ մասնագետներին հետաքրքրում է նաեւ այն հարցը, թե լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ումով է փոխարինելու թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մրցաշարի կանոնակարգով հայ ֆուտբոլիստը չի կարող մասնակցել այդ խաղին, քանի որ իր  նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում արդեն մասնակցել է խաղարկությանը:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի վերջին խաղերում մշտապես ընդգրկվել է մեկնարկային կազմում, ուստի այս անգամ ֆրանսիացի մասնագետը ստիպված է նոր խաղացող հայտավորել նրա տեղը: Ըստ մասնագետների, Արսեն Վենգերը մի քանի տարբերակներ ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե նա ինչպիսի մարտավարություն կընտրի այդ մրցախաղում:

Մեսութ Օզիլը եւ Պեիր-Էմերիկ Օբամեյանգը, միանշանակ, խաղը կսկսեն մեկնարկային կազմում: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանին հնարավոր է փոխարինեն այս ֆուտբոլիստներից մեկնումեկը՝ Աարոն Ռեմզին, Ջեկ Ուիլշիրը կամ Ալեքս Իվոբին: Այս հարցի պատասխանը հայտնիկդառնա վաղը, փետրվարի 25-ին, երբ թիմերը դուրս կգան «Ուեմբլ»-ի ստադիոնի խաղադաշտ:

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլի 2-րդ խաղում ընդունեց Ալբանիայի ազգային թիմին: Հանդիպումն անցավ մեր բասկետբոլիստների առավելությամբ եւ ավարտվեց 84:65 հաշվով: Մեր թիմից բոլորից շատ միավոր վաստակեց Ալին Հեսը՝ 21:

Հայաստանի հավաքականը մրցաշարում տարավ 2-րդ հաղթանակը, վաստակեց 5 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գտնվող Դանիայի ընտրանին ունի 4 միավոր, սակայն այն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 28-ին, դանիացիների հետ, նրանց իսկ հարկի տակ:

Բրոնզե մեդալ A դասի սամբոյի մրցաշարից

2018թ. փետրվարի 15-17-ը Մինսկում 17-րդ անգամ անցկացվեց սամբոյի Բելոռուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները: Աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաեւ Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ:

Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի մարզապալատում, որը 2019-ին հյուրընկալելու է 2-րդ Եվրոխաղերի /Եվրապական օլիմպիական խաղեր/ մասնակիցներին:

Հայաստանի սամբոյի առաջնության հաղթողները

Փետրվարի 24-25-ին ,«Հայաստան», մարզական միության մարզադահլիճում անցկացվեցին Հայաստանի սամբոյի 2018թ պատանեկան ու երիտասարդական առաջնությունները՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի եւ Արցախի ավելի քան 250 մարզիկների: Ստորև ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին, որոնք էլ կձևավորեն մեր հավաքականները եւ կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա ապրիլին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Պատանիների առաջնություն

48 կգ ք/կ-Դավիթ Հովսեփյան՝ Արցախ

52 կգ ք/կ-Դավիթ Իսրայելյան՝ Արցախ

56 կգ ք/կ-Արամ Աղաջանյան՝ Աբովյան

60 կգ ք/կ-Կառլեն Մահինյան՝ Սպիտակ

65 կգ ք/կ-Սենո Սիրադեղյան՝ գ. Սև քար /Տավուշի մարզ/

70 կգ ք/կ-Ռոբերտ Թորոսյան՝ Երևան

75 կգ ք/կ-Վլադիմիր Մուսայելյան՝ Երևան

81 կգ ք/կ-Սամվել Գեւորգյան՝ Երևան

87 կգ ք/կ-Ազատ Հակոբյան՝ Վանաձոր

+87 կգ ք/կ-Էրիկ-Գոռ Համզոյան՝ Երևան

Երիտասարդների առաջնություն

48 կգ ք/կ-Սերգեյ Սարգսյան՝ Արցախ

52 կգ ք/կ-Պողոս Բադալյան՝ Աբովյան

57 կգ ք/կ-Էդմոն Մանուկյան՝ Վանաձոր

62 կգ ք/կ-Նարեկ Դալլաքյան՝ Վանաձոր

68 կգ ք/կ-Արտյոմ Ավետիսյան՝ Գյումրի

74 կգ ք/կ-Բորիս Շատվերյան՝ Աբովյան

82 կգ ք/կ-Վահագն Չալյան՝ Արցախ

90 կգ ք/կ-Նարեկ Համբարձումյան՝ Արցախ

100 կգ ք/կ-Արման Պանչուլազյան՝ Երևան

+100 կգ ք/կ-Արման Մանուկյան՝ Արցախ

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիեւի մրցաշարում

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում մինչեւ 97 կգ քաշային կարգում կրկին փայլել է  Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:  Նա եզրափակիչ գոտեմարտում մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հաղթանակի է հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:

Մինչեւ եզրափակիչ հասնելն Ալեքսանյանը հաղթել էր վրացի Կուկուրի Կիրցխալիային, լեհ Մարցել Կասպերեկին եւ ուկրաինացի Եվգենի Սավետային:

Ֆերդինանդ Կարապետյանը՝ ձյուդոյի «Մեծ սաղավարտ»-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող հանդես եկավ Դյուսելդորֆում անկացվող «Մեծ սաղավարտ»-ի խոշոր մրցաշարում: 73 կգ քաշային կարգում մեր մարզիկը տարավ 2 հաղթանակ եւ մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրան բաժին հասավ մրցաշարի գլխավոր ֆավորիտը՝ աշխարհի գործող չեմպիոն Ռուստամ Օրուջեւը: Մեր մարզիկը չնայած լուրջ դիմադրություն ցույց տվեց, սակայն ի վերջո զիջեց փորձառու ձյուդոյիստին: Ադրբեջանցի մարզիկը վստահ հասավ եզրափակիչ, եւ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ:

Սփոփիչ մարտում նա 21 վայրկյանում ջախջախեց մոնղոլ Սանջմյատավին: 3-րդ տեղի համար մրցամարտում, որը տեւեց 9 րոպե 50 վայրկյան, Ֆերդինանդ Կարապետյանը մեծ դժվարությամբ հաղթեց Մոնղոլիայի մյուս ներկայացուցիչ Գամբատարին ու տիրեց բրոնզե պարգեւներից մեկին: Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ձյուդոյիստը՝ Արսեն Ղազարյանը, առաջին փուլում պարտվեց բրիտանացի Դանիել Ուիլյամսին եւ դուրս մնաց պայքարից:

Կարապետ Չալյանը Արսեն Ջուլֆալակյանին զրկեց մեդալից

Կիեւում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր բավականին հետաքրքիր ու սկզբունքային մենամարտ տեղի ունեցավ 2 հայ ըմբիշների միջեւ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2018թ չեմպիոն Կարեպետ Չալյանը 77 կգ քաշային կարգի մրցումների քառորդ եզրափակիչում հանդիպեց Արսեն Ջուլֆալակյանի հետ, որին հաղթել էր հենց հանրապետության մրցումների եզրափակիչում: Ըմբիշների այս տարվա երկրորդ մենամարտը կրկին ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 2:0:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, որը այդ մենամարտում, բնականաբար, ներկայացրել է որդուն, դժգոհելով մրցավարությունից, պատրաստվում էր բողոքարկել այն, սակայն վերջին պահին մտքափոխվել է: Ավաղ, Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչ փուլում լարված պայքարում պարտվեց իրանցի Փեյկան Մոսուտին՝ 1:2: Այդպիսով, նա կանցկացնի եւս մեկ մենամարտ՝ 3-րդ տեղի համար, իսկ ահա Արսեն Ջուլֆալակյանը վերջնականապես դուրս մնաց մեդալի համար պայքարից:

- Կարապետ Չալյանը 3-րդ տեղի մարտում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին – Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 4 մեդալ նվաճեց Կիեւում ավարտված միջազգային մրցաշարի վերջին օրը: Մեր մինչեւ 60 կգ քաշային ըմբիշ Արմեն Մելիքյանը 3-րդ տեղի համար մրցամարտում մաքուր հաղթանակ տարավ ուկրաինացի Դենիս Չեբանովի նկատմամբ՝ 10:0: 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 8:4 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Հասան Ալիեւի նկատմամբ: Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը հաղթեցին ուկրաինացիներ, համապատասխանաբար Սեմյոն Նովիկովին ու Ալեքսանդր Շիշմանին եւ միասին զբաղեցրին պատվո պատվանդանի 3-րդ հարթակը:

Այդպիով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 6 մեդալ նվաճեց կիեւյան ստուգատեսում՝ 1 ոսկե, 5՝ բրոնզե: Իսկ ահա մեր ազատ ոճայինները տուն են վերադառնում ձեռնունայն՝ առանց մրցանակների:

Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի աշխարհի 3-րդ գործող չեմպիոնը։ WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթելե է ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձր մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը 3 մրցավարները հայ բռնցքամարտիկին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։ Գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտն անցկացվել է լույս փետրվարի 25-ի գիշերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Կիեւում («Կիեւ» հյուրանոց) տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կազմակերպած հանդիպումը Հայաստանի հավաքականի Կիեւի XXII միջազգային մրցաշարին մասնակցող ըմբիշների հետ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նախօրեին այցելեց մրցաշարում մասնակցող հայ մարզիկներին:

Գոռ Մինասյանը՝ Հայաստանի ուժեղագույն ծանրորդ

Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Հանրապետության 160 ծանրորդներ մրցումային չորս օրում որոշեցին այս տարվա ուժեղագույններին:

Քաշային տարբեր կարգերում Հայաստանի չեմպիոն կոչումը նվաճեցին Համլետ Մնացականյանը (56 կգ), Խաչիկ Հարությունյանը (62 կգ), Հրայր Հովհաննիսյանը (69 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Բաբակյանը (94 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Հովհաննես Մարգարյանը`Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հունգարիայի Գյոր քաղաքում ընթաթող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակն առաջին մեդալն է նվաճել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, երիտասարդների առաջնության 10 մ վազող թիրախ վարժությունում գյումրեցի Հովհաննես Մարգարյանը խոցելով 559 միավոր, մտել է եզրափակիչ փուլ: Մեր մարզիկը կիսաեզրափակիչ փուլում պարտվել է առաջատար Դենիս Բաբլյուկին (0:6), սակայն 3-րդ տեղի համար պայքարում 6:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին եւ նվաճել բրոնզե մեդալ:

Տեղի կունենան օդամղիչ հրացան խառը թիմային վարժությունները, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան-Մարիամ Միքայելյան եւ Քրիստիան Լաուեր – Իրինա Լաուեր զույգերը: Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանն ու Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում:

Այդ մրցումներով էլ մեր մարզիկները կավարտեն ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Արսեն Պետրոսյան

Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ

Հաջորդ տարի Ջավախքում, Խեվսուրեթիում եւ Բարիսախոյում կտեղադրվեն փոքր ճոպանուղիներ: Jnews-ի փոխանցմամբ, օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է հասարակության դրական պատասխանը նոր ճոպանուղիների տեղադրման հետ կապված:

«Դուք գիտեք, որ մենք սկսեցինք գյուղերում տեղադրել փոքր ճոպանուղիներ, որպեսզի Վրաստանի բոլոր լեռնային շրջանների երեխաները կարողանան օգտվել դրանցից, եւ զբաղվել ձմեռային սպորտի տեսակներով ոչ միայն երկրում միջազգային հանգստավայրերում, այլեւ իրենց գյուղում»,- հայտարարել է վարչապետը:

Ըստ նրա, Գերմանիայում արտադրված մի քանի ճոպանուղիներ արդեն տեղադրվել են Սվանեթիի մի քանի գյուղերում եւ այս նախաձեռնությունը շարունակվելու է:

Վրաստանի հայաշատ համայնքներում հարիսայի փառատոն են անցկացրել

Փետրվարի 4-11-ը Վրաստանի հայաշատ գրեթե բոլոր քաղաքներում եւ գյուղերում նշել են հարիսայի փառատոնը: Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում են, որ փետրավարի 11-ին՝ Բուն Բարեկենդանի օրը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի եւ «Հայարտուն» մշակութային կենտրոնի աջակցությամբ, Թբիլիսիում կազմակերպվել էր Հարիսայի փառատոն: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը եւ դեսպանության ամբողջ անձնակազմը։

Դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում գոհունակությամբ ընդգծել է նման միջոցառումների կազմակերպումը եւ դրանց դերը հայկական կերակրատեսակեների հանրայնացման գործում։

Քիմը դստերը Չիկագո է անվանել

Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա երաժիշտ ամուսինը՝ Քանյե Ուեսթն իրենց դստերն անվանել են ամերիկյան քաղաքներից մեկի անունով: Այդ մասին Քարդաշյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ գրելով ընդամենը երկու բառ. «Չիկագո Ուեսթ»: Սոցցանցի օգտատերերին զարմացրել է անվանման արտասովոր ընտրությունը՝ «Գերազանց անուն է, երբ այլ բառերը վերջացել են», «Նրա առաջին բառերը կլինեն կրակոցի ձայներ»: Քարդաշյանն ու Ուեսթը ծնող են դարձել 3-րդ անգամ: Նրանք այս անգամ օգտվել են փոխնակ մոր ծառայությունից: Նրանց ավագ դստեր անունը Նորթ է, ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է հարավ, իսկ որդու անունը՝ Սեյնթ, նշանակում է սուրբ:

Երգիչ Բեյոնսեն ու նրա ամուսինը Քարդաշյանի նորածին դստերը նվիրել են 20 հազար դոլար արժողությամբ ոսկյա թևնոց: Ընդհանուր առմամբ, նորածնի իրերի ձեռքբերման համար Քիմ Քարդաշյանը ծախսել է մի քանի հարյուր հազար դոլար:

- Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է.- Թինա Կանդելակին՝ հայերին - Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին խոսել է ազգային պատկանելության մասին՝ նշելով, որ լավագույնները շատ ոլորտներում հենց հայ-վրացական ծագում ունեցողներն են (նրա հայրը վրացի է, մայրը՝ հայուհի): Համապատասխան տեսանյութը հրապարակվել է youtube-ում: Տեսանյութում հաղոդավարուհին խոսել է նաեւ Քիմ Քարդաշյանի մասին. «Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է։ Այժմ բոլորն իմացան, որ հայ կանայք գեղեցիկ են։ Առաջ մտածում էին, թե վրացուհիները հայուհիներից գեղեցիկ են»,- ասել է նա:

Քիմ Քարդաշյանը նոր շոու կնկարահանի Facebook-ի համար

Ամերիկյան Facebook ընկերությունը պատրաստվում է համագործակցել հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ`երեխաների մասնակցությամբ նոր պրանկ շոու ստեղծելու նպատակով:
Ինչպես հայտնում է engadget.com կայքը, նոր հումորային շոուն կոչվելու է You Kiddin’ Me: Դրա շրջանակում երեխաները պետք է իրենց աստղային ծնողներին զավեշտալի հանձնարարություններ տան, և մեծերը պետք է դրանք պարտադիր կատարեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ շոուն հնարավոր կլինի դիտել ֆեյսբուքյան հարթակում:

Հայտնի է, թե հարսանիքին ինչ նվեր են ցանկանում ստանալ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը

Մայիսի 19-ին  Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի տաճարում տեղի կունենա արքայազն Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Պսակադրությունից   հետո դերասանուհուն պաշտոնապես նոր տիտղոս կշնորհվի, իսկ թե ինչ անուն, դեռ հայտնի չէ, որոշումը Եղիսաբեթ II-ը պետք է կայացնի, գրում է Hello ամսագիրը: Ըստ լուրերի՝ թագավորական հարսանիքին հյուրերի թիվը կարող է կրկնակի քիչ լինել, քան արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ: Նշվում է, որ  կհրավիրվի  800  հյուր, մինչդեռ  Ուիլյամի եւ Քեյթի հարսանիքին հյուրերի թիվը հասնում էր 1900-ի:

Տարվա գլխավոր  իրադարձությանը մնացել է ավելի քան 3 ամիս, բայց մամուլն արդեն որոշ մանրամասներ է հրապարակում: Այսպիսով, ըստ մամուլի, պարզվել է, թե ինչ նվերներ են ցանկանում ստանալ արքայազն ու դերասանուհին:

Նշվում է, որ Հարրին չի ցանկանում հյուրերին ծանրաբեռնել՝ բարձրաճաշակ նվերներ ընտրելու եւ ձեռք բերելու հոգսով: Նա ավելի շատ կուրախանա, եթե նրանք  իր բարեգործական ծրագրերին աջակցեն: Այս դեպքում արքայազն Հարրին հետևելու է իր ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի օրինակին: 2011 թ-ին մինչ իրենց հարսանիքը, Ուիլյամն ու Քեյթ Միդլոնը  հյուրերին եւ երկրպագուներին խնդրեցին բարեգործական հիմնադրամին փոխանցել այն գումարը, որը պետք է հատկացնեին նվերների համար: Արդյունքում, հիմնադրամը ստացավ 1 միլիոն ֆունտ ստեռլինգ, եւ ամբողջ գումարը բաժանվեց 26 քիչ հայտնի բարեգործական կազմակերպությունների միջեւ, որոնք չունեին հովանավորներ:

Քեյթ Միդլթոնի ու Մեգան Մարքլի առաջին համատեղ պարտականությունը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը կատարել են իրենց առաջին համատեղ պարտավորությունը: Նրանք արքայազներ Ուիլյամի ու Հարրի հետ մասնակցել են Royal Foundation  բարեգործական հիմնադրամի ֆորումին, որն այս տարի անցկացվել է առաջին անգամ: Ինչպես հայտնի է, Հարրին, Ուիլյամը եւ Քեյթը հանդիսանում են թագավորական հիմնադրամի հովանավորներ, իսկ Մեգանը պաշտոնապես այդ տիտղոսը կստանա ամուսնությունից հետո, գրում է Hello  ամսագիրը:

Նրանք մասնակցել են «Միասին դեպի փոփոխություններ» քննարկմանը, խոսել են ապագա ծրագրերից: Իրենք համատեղ հրապարակային միջոցառման համար  Մեգանն ու Քեյթն ընտրել են միեւնույն գույների հագուստներ՝ կապույտի երանգներով։ 3-րդ երեխային սպասող Քեյթը հագել էր երկնագույն դասական զգեստ, Մեգանը՝ մուգ կապույտ շոր։

Մեգան Մարքլը կրոնափոխ կլինի՝ հանուն արքայազն Հարրիի

Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլը կրոնախոխ կլինի եւ անգլիականություն կընդունի: The Sunday Times-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ Մարքլը մեծացել է բողոքականների ընտանիքում, գնացել է կաթոլիկ դպրոց եւ ամուսնացել է հրեայի հետ: Այժմ, ինչպես սպասվում էր, նա կճանաչի անգլիկանիզմը:
Մկրտության արարողությունը տեղի կունենա մարտին Քենսինգթոնի պալատում, եւ այն կանցկացնի Կանթերբերի արքեպիսկոպոսը: Ընդգծվում է, որ Հարրիի հետ ամուսնանալու համար պարտադիր չէ, որ հարսնացուն պաշտոնապես փոխի իր հավատքը, սակայն, նա նման որոշում է ընդունել արքայական ընտանիքի եւ Եղիսաբեթ 2-ի նկատմամբ հարգանքից ելնելով, որը նույնպես ղեկավարում է Անգլիայի եկեղեցին:

Մանկական «Եվրատեսիլ»-ն առավել շատ դիտել են Հայաստանում

Վերջին 5 տարիների ընթացքում Մանկական «Եվրատեսիլ»-ն առավել շատ դիտել են հայաստանցիները: Նման տվյալներ է հրապարակել Եվրոպական հեռարձակողների միությունը: «Գրուզիա օնլայն»-ի  փոխանցմամբ, Վրաստանում անցկացված Մանկական «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլն ունեցել է 2,6 մլն հեռուստադիտող, 1,3 մլն-ով քիչ, քան 2016-ին էր:

Թբիլիսիում անցկացվող մրցույթի եզրափակիչին առավել շատ հետեւել են Լեհաստանից՝ 866 հազար մարդ: Այս երկիրն այդ ցուցանիշով արդեն 2-րդ տարին է, որ 1-ին տեղն է զբաղեցնում: Այսպես, 2014-ին Մալթայում անցկացված «Եվրատեսիլ»-ը դիտել է 3 մլն մարդ, Բուլղարիայում 2015-ին տեղի ունեցած մրցույթը դիտել է 2,7 մլն մարդ, 2016-ին Մալթայում անցկացվածը՝ 3,9 մլն, Վրաստանում 2017-ին անցկացվածը՝ 2,8 մլն մարդ:

Հիշեցնենք, 2017-ին Մանկական «Եվրատեսիլ»-ին մասնալցում էր 16 երկիր:

Գոհար վանեսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։