Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…

Հողային ոլորտի հարցերից խոսելիս մասնագիտական հատվածում շատ են գործածվում «դեգրադացիա» եւ «ռեկուլտիվացիա» տերմինները: Որպեսզի դրանց բացատրությունը մասնագիտական բառապաշարով չանենք, ասենք, որ դեգրադացիան հողերի խախտումն է, երբ հողը կորցրել է իր սկզբնական արժեքը, իսկ ռեկուլտիվացիան այդ խախտված հողերի վերականգնումն է (սույն խնդրի մասին մասնակիորեն անդրադարձել եմ «ՀՀ»-ում):

Ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի ծրագիրը այսպես թե այնպես ներառվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում եւ հիմնական հաշվետվությունում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրում, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում, հանքի փակման ծրագրում: Խախտված հողերի վերականգնման համար ֆինանսավորման խնդիրները լուծելու նպատակով գործադիրը հարկ համարեց ունենալ հայեցակարգ՝ պայմանավորելով դա ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ:

Ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրապե՞ս արվում են, կամ բավարա՞ր ծավալով են արվում, արդյունքը գոհացուցի՞չ է: Մի զրույցի ժամանակ, կարծեմ 2011թ., էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հարցադրումներիս ի պատասխան վստահեցրեց, որ ահռելի տարբերություն կա  խորհրդային տարիներին եւ ներկայիս շահագործումների միջեւ:  

Թեեւ տարբերության մասին պետք էլ չէ խոսել, քանզի, այդ ժամանակվա նախարարի վստահեցմամբ, ԽՍՀՄ տարիներին որեւիցե հանքավայրում ռեկուլտիվացիոն աշխատանք չի կատարվել, իսկ այսօր չկա մի հանքավայր, ուր ռեկուլտիվացիա չի արվում: Նույնը այսօր են վկայում պատկան մարմինները:

Ուրեմն՝ ի՞նչն է խնդիրը, որ կրկին անդրադարձի կարիք եղավ: Բանն այն է, որ, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, Հայաստանում հանքերի փակման եւ խախտված հողերի վերականգման աշխատանքների կարգավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Սակայն, այդ աշխատանքների ժամանակ, այնուամենայնիվ, առաջանում են մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների եւ պարտավորությունների հետ:

Այսպիսով, եռամսյա ժամկետում կունենանք նաեւ ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը:

Որպեսզի հասկականք, թե մեր խախտված հողերը ինչպես ենք վերականգնելու, ֆինանսական ինչ կարգի խնդիրների լուծմամբ, նախ փորձեցինք հասկանալ, թե բնապահպանության նախարարությունը ռեկուլտիվացիոն պրակտիկայի միջազգային ինչ փորձ է ուսումնասիրել:

Ինչպես տեղեկանում ենք պատկան մարմնի տվյալներից, միջազգային պրակտիկայում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ֆինանսավորումն ապահովելու համար կիրառվում են տարբեր ֆինանսական երաշխավորություններ՝ սկսած նախագծման փուլից մինչեւ հանքի փակումը: Եվ հողերի վերականգնումն ապահովելու համար ֆինանսական երաշխիքի գումարի հաշվարկման ժամանակ կիրառվում է երկու հիմնական մոտեցում:

Առաջինն այն է, որ հաշվարկվում են հանքի փակման եւ խախտված հողերի վերականգման ծախսերը՝ հիմնվելով հանքարդյունահանման գործունեության ազդակիր տարածքի վրա: Ուշագրավ է, որ նախագծերի ֆինանսական երաշխավորության չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նախագծի առանձնահատկությունները: «Այն հաշվարկվում է՝ վերականգնման միավոր ծախսը բազմապատկելով աշխատանքների մոտավոր գնահատված տարածքի մակերեսով: Ֆինանսական երաշխավորությունը վճարվում է աստիճանաբար, իսկ վճարման գումարը որոշվում է՝ հաշվարկելով նախագծով նախատեսված գործունեության պլանում ներառված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար» (այս օրինակը կիրառվում է Ավստրալիայում (Քվինզլենդ) եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում):

Երկրորդ մոտեցումն այն է, որ ֆինանսական երաշխիքը կարող է հիմնվել փակման եւ վերականգման մանրամասն ծրագրով նախատեսված աշխատանքների նախահաշվի վրա: Փակման ծրագիրն արտացոլում է տեղանքի բավարար վերականգնման համար պահանջվող բոլոր միջոցառումները: Ֆինանսական երաշխավորությունը պետք է բավարար լինի հանքի փակումից հետո իրականացվող երկարաժամկետ միջոցառումներն ապահովելու համար: Հաշվարկները հիմնվում են աշխատանքների համար պահանջվող ապրանքների ու ծառայությունների շուկայական արժեքի վրա: Ֆինանսական երաշխավորության չափը որոշելիս հաշվի են առնվում նախագծի ավարտման հետ կապված ծախսերը, թեեւ վճարումները կատարվում են փուլային եղանակով (Օնտարիու, Կանադա):

Նույն աղբյուրի տվյալներից տեղեկանում ենք նաեւ, որ միջազգային փորձում խախտված հողերի վերականգնումն ապահովելու համար կիրառվում են ֆինանսական երաշխավորության տարբեր գործիքներ: Կամ՝ ֆինանսական երաշխիքը պահվում է ընկերության մոտ, կամ՝ այդ երաշխիքը երաշխավորվում է երրորդ անձի (բանկի, առեւտրային կազմակերպության) կողմից:

Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ երբ ֆինանսական երաշխիքը փոխանցվում է կառավարությանը կամ հավատարմագրային ֆոնդին:

Բայց ամենաընդունված տարբերակն ակրեդիտիվն է կամ բանկային երաշխիքը: Սա մեծ տարածում ունի, քանզի վարչարարությունն է պարզ: Ակրեդիտիվի փաստաթղթին կից ներկայացվում են վերականգնման պայմանագրի պայմաններն ու համաձայնեցված ծախսերը: Ակրեդիտիվը կարող է փոփոխության ենթարկվել միայն բոլոր համապատասխան կողմերի համաձայնության հիման վրա (երբ պահանջվող գումարի փոփոխման անհրաժեշտություն կա (օրինակը կիրառվում է Կանադայում եւ Ավստրալիայում):

Միջազգային պրակտիկայում կիրառվում են նաեւ հավատարմագրային ֆոնդերը, պարտատոմսերը, որոնք ֆինանսական երաշխիքն ընկերությունից փոխանցում են երրորդ անձին: Ընկերությունը ռեկուլտիվացիայի ու հանքի փակման հաշվարկված ծախսերի արժեքին հավասար չափով պահուստավորում է գրավ, դրամական միջոցներ կամ դրանց համարժեքներ: Այս ֆոնդերը կամ ակտիվներն այնուհետեւ հանձնվում են հավատարմագրային կառավարման կարգավորող մարմնին, բանկին կամ որեւէ այլ ֆինանսական կազմակերպությանը:

Դրամական ավանդը (հանքի փակման ու հանքարդյունաբերության հետեւանքով դեգրադացված հողերի վերականգնման բոլոր ծախսերը), որ ներդրվում է բանկային հաշվին, հասանելի է միայն կառավարությանը:

Եվ եթե հանկարծ ընդերքօգտագործող ընկերությունը չկատարի իր պարտավորությունները, ապա կառավարությունը կարող է ուղղակիորեն օգտագործել հաշվում առկա միջոցները: Ասենք, որ դրամական միջոցների փոխարեն կիրառվում են նաեւ ներդրումային արժեթղթեր, ասենք կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր, որոնք ենթակա են վճարման կառավարությանը մարման ժամկետը լրանալու պահին կամ դրանից առաջ, եթե, իհարկե, ընդերքօգտագործողը չի կատարում իր պարտավորությունները:

Թե միջազգային փորձի որ տարբերակը կկիրառի Հայաստանը, հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։