Անկարան շարունակում է խառնվել կրոնական փոքրամասնություն համարվող հայերի կյանքին – Հայերը Թուրքիայում համարվում են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ՝ կրոնական, քանզի թուրքերը վախենում են հայերի ԱԶԳ-ային գիտակցության զարթոնքից… Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն է՝ հայերի ազատ կամքի դրսեւորումը… / Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի  անդամներին…

Անկարան շարունակում է խաղարկել Թուրքիայի հայերի խնդիրները, ինչը առավելապես կախված է Պոլսի հայոց պատրիարքարանում առկա վիճակի հետ: Կարող է հարց առաջանալ, թե ինչպես պիտի կրոնական խնդիրն ազդի այս երկրի ամբողջ հայ համայնքի գործունեության վրա, սակայն դա այդպես է:

Պատճառը մեկն է ու շատ հին է՝ հայերը Թուրքիայում համարվում են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ՝ կրոնական: Ազգային փոքրամասնություններն այլ իրավունքներ ունեն, կրոնականն՝ այլ: Քրդերը որպես ազգային փոքրամասնություն կարողանում են ավելի շատ քաղաքական ու ազգային խնդիրներ բարձրացնեն, քան՝ հայերը: Հայտնի է, որ թուրքական մեջլիսի հայ պատգամավորները կամ թուրքական կուսակցությունների կամ քրդական ժողովրդավարական կուսակցության կողմից են առաջադրվում:

Հայերը, հույները եւ հրեաները ցայսօր կոդավորված են Թուրքիայում: Անվտանգության մարմինների արխիվներում 1, 2, եւ 3 կոդերի տակ հավաքվում են հայերի, հույների ու հրեաների տվյալները, ինչպես բացահայտ հանդես եկող, այնպես էլ ծպտյալ՝ ազգափոխված կամ կրոնափոխված:

Անկարան մինչեւ հիմա սարսափում է այն մտքից, որ հայերը կարող են ազգ հասկացողությունը դարձնել կյանքի ուղի, ինչը կնշանակի՝ ազգային խնդիրների վերարտադրություն, ազգային հարցերի քննարկում, ազգային պատկանելության գիտակցումի եւ ազգային վերատիրման հեռանկար… Իսկ դա ի վերջո հանգեցնում է ազգային ազատագրական պայքարի:

Իսկ հայերին կրոնական փոքրամասնություն հռչալելով թուրքերը դեմ չեն զբաղվել հայկական կրոնական խնդիրներով կամ ազատությունների քննարկմամբ: Անգամ պատրաստ էին որոշ հայկական եկեղեցիներում պատարագ անելու հնարավորություն տալ, միայն թե հայերը ազգային եզրույթին մոտ չգան:  

Սա ոչ միայն ազգայինից հեռու պահելու խնդիր էր լուծում, այլ՝ ծպտյալ հայերին հնարավորինս հայտնաբերելու: Հայաստանյան ու սփյուռքյան որոշ եկեղեցական շրջանակներ արդեն կոչեր էին հղում, թե մահմեդականացված հայերը կարող են դարձի գալ՝ քրիստոնեանալ… Եվ հենց սա էլ թուրքական իշխանության ցանկությունն էր: Բայց լավ է, որ գիտակից հայերի կողմից կասեցվեցին այս եկեղեցական կոչերը, չնայած ծպտյալ հայերը այնքան էլ հակված չէին արագ քրիստոնենալու, քանի որ ավելի լավ են գիտակցում, թե որտեղ են ապրում այս պահին:

Ինչեւէ, Անկարան շարունակում է շահարկել հայկական կրոնական խնդիրը, որպեսզի իր ձեռքում պահի իր համար հնարավոր անցանկալի զարգացումները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական տերտեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեմ է դուրս եկել հայ համայնքին եւ ընդհանրապես հայության կամքին ու ամեն գնով փորձում է կատարել թուրքական իշխանության պատվերը՝ զոռբայությամբ մնալ որպես պատրիարք: Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով է գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ՝ փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկված Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նամակը քննարկելու նպատակով:

Պատրիարքի տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոգեւոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին՝ չցանակնալով մասնակցել ժողովին։ Հիշեցնենք, որ պետությունը արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ, չնայած հայերի կողմից նա է ընտրվել: Ազգադավ Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից, սակայն թուրքական իշխանության ուժը գործածելով, մնում է իր տեղում:

Հայության համար միանշանակ է՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերընտրվելը փոխանորդի պաշտոնում իրական չէ, փոխանորդը նշանակվում է պատրիարքի կողմից. Արամ Աթեշյանը նշանակված է ոչ թե փոխանորդի, այլ Թուրքիա պետության կողմից։

Հայ համայնքը հույս ունի, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս խնդրին պետք է խստիվ խառնվի։ Բայց պիտի նկատել, որ Պոլսո պատրիարքությունը անկախ է եւ կարող է հայտարարել, որ չի ճանաչում Էջմիածնի Գարեգին Բ կաթողիկոսին կամ նույնը՝ Անթիլիասի Արամ Ա կաթողիկոսին: Անկարան նաեւ սա է խաղացնում:

Եվ այդ խաղարկությամբ էլ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի որոշմամբ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է վերջերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի եւ պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո: Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրավիրված արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների եւ հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որեւէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի եւ որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010թ, Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:

«Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է»,- ասել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ է արել տեղի հայ համայնքին ամենեւին չհուսահատվել ու չընդունել այն, ինչ պարտադրվում է: «Ժողովրդավարական կառույցներում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրությունների, քվեարկության միջոցով: Այս ճգնաժամի պարագայում էլ լուծումն անկասկած քվեարկությունն է: Հայկական համայնքը պետք է կարողանա պատրիարքի ընտրություններ կազմակերպել առանց որեւէ միջամտության: Եվ բոլորը պետք է հարգեն այն արդյունքը, որը դուրս կգա քվեատուփից».- շարունակել է հայ պատգամավորը, ապա հավելել է, որ Պատրիարքական ընտրությունների գործընթացի՝ այս վիճակին հասնելու գործում միանշանակ է պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մեղավորությունը, ով աչք է փակել համայնքի շահերի վրա՝ միեւնույն ժամանակ անտեսելով եկեղեցական ավանդույթները:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ նա հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել են 1863թ. ընդունված Ազգային սահմանադրության, Լոզանի պայմանագրի սահմանած օրենքների եւ կարգերի համաձայն: Պատգամավորը հիշեցրել է, որ ընտրություններից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանից «շտապ» մակագրությամբ գրություն է ստացվել, համաձայն որի ընտրությունն իրավականորեն անվավեր է համարվում:

Պոլսահայ պատգամավորը հետեւյալ հարցերն է ուղղել ՆԳՆ նախարարին. 1. Այս գրությունը գրելիս ի՞նչ օրենքներ են հիմք ընդունվել: 2. Այս գրությունը «շտապ» մակագրությամբ պատրիարքարան հանձնելու հանձնարարականը ո՞վ է տվել: 3. Հայ համայնքում պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելու հարցում համաձայնության առկայության պարագայում այս միջամտության իրական պատճառը ո՞րն է:

Ինչեւէ, դեռ Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ի որոշմամբ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017թ. մարտի 15-ին Հոգեւոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, ավելի շուտ հայտարարել էր Ստամբուլից հեռանալու որոշման մասին: Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր օրհնությունն էր հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին:

Իսկ այդ ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական էր տվել, որի մասին հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ: Այս մասին ասել էր նաեւ Ստամբուլի հայկական «Ագօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Եվ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ժամանել էր Ստամբուլ եւ օրինական ընտրվել:

«Ագօս»-ի սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն իր հոդվածում եւս անդրադարձել է Պոլսի հայ համայնքում, պատրիարքարանում ստեղծված անառողջ մթնոլորտին եւ դրանում պատրիարքի փոխանորդի պաշտոնն զբաղեցնող Արամ Աթեշյանի դերակատարության ու նկարագրին: Նրա խոսքով՝ Աթեշյանի մասին խոսելիս հանգստություն պահպանելու գերմարդկային ճիգեր են անհրաժեշտ եւ նրա մեջ եղած ինքնավստահությունը քիչ հանդիպող երեւույթ է: Չնայած վերջին ժամանակներում նա նաեւ մի տեսակ խղճահարության զգացում է առաջացնում եւ այդ մարդու նմանատիպ ցածրանալը ամոթ է առաջացնում: Նրան եւ նրա կերպարը նկարագրելու համար մի նոր Հակոբ Պարոնյան է պետք:

Սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն նշել էր, որ «Աթեշյանի մասին խոսելիս հանգստություն պահպանելու գերմարդկային ճիգեր են անհրաժեշտ». ինչի հետ բազմաթիվ հայեր են համաձայն, իսկ սփյուռքահայ հայաստանաբնակ պատմաբան Գեւորգ Յազըճյանը արդեն «գերմարդկային ճիգերին» չդիմանալով օրերս հրապարակավ հայտարարեց. «Ես խոստանում եմ։ Եթե Արամ Աթեշյանը Հայաստան ժամանի, դա անձնական անարգանք կհամարեմ ու ֆիզիկապես կվերացնեմ նրան»…

Պատմաբանը նման վերընտրությունը չափազանց վտանգավոր նախընթաց է բնորոշել, որին պետք է արձագանքի ոչ միայն պոլսահայությունը, այլեւ ամբողջ հայությունը, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մնացած նվիրապետական աթոռները։ «Ես խստորեն դատապարտում եմ մնացյալ երեք աթոռների համարյա քար լռությունը։ Տեսնում ենք, որ Կիլիկիո կաթողիկոսությունը եւ Երուսաղեմի պատրիարքությունը համարյա քար լռություն են պահպանում, կարծես իրենց չի վերաբերում։ Դա նույնն է, որ տան մեջ մեկ անդամին ուզում են ծեծեն, բռնանան, իսկ մնացյալ անդամները պատուհանից դուրս են նայում։ Դատապարտում եմ նրանց լռությունը. պարտավոր ենք այլեւս դիրքորոշվել»,- նշել է Գեւորգ Յազըճյանը՝ կարծիք հայտնելով, որ հիմա Արամ Աթեշյանին ուղղակի պետք է կարգալույծ հռչակել, դուրս թողնել հայ եկեղեցուց, որպես սրբապղծ:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի արձագանքը հայտնի չէ, նա այս ամենն ընդունել է ի գիտություն, առաջին քայլն այն է, որ ցանկանում է հանդիպել Ստամբուլի նահանգապետարանի աշխատակիցներին: Մարտավարությունը պետք է լինի ավելի կտրուկ, քանի որ նա օրինական ընտրված տեղապահ է: Պետք է րոպե առաջ ընդունել նրա ընտրվելը եւ խնդրել որ իր լիազորությունների շրջանակում իրականացնի գործընթացը, կարող է հանդիպել թուրք տարբեր պաշտոնյաների հետ: Իսկ Ստամբուլի փոխնահանագապետի գրությունն իրավական առումով ոչինչ է, իրավական ուժ չունի, քանի որ Ստամբուլի նահանգապետարանը կարող է ապահովել պատրիարաքի տեղապահի ընտրության տեխնիկական հարցերը, քանի որ ընտրությունն անցկացվում է Ստամբուլի տարածքում: Տեղապահին ընտրում են միայն քահանաները, ոչ մի աշխարհիկ չի մասնակցում դրան: Թուրքիայի Սահմանադրության մեջ գրված է, որ ոչ մի աշխարհիկ իրավունք չունի միջամտել հոգեւորականների կամ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին: Փոխնահանագապետի գրությունը հակասում է նաեւ Թուրքիայի Սահմանադրությանն ու այդ երկրի ամենակարեւոր սկզբունքներից մեկին՝ աշխարհիկությանը։

Արամ Ավետյան

Հ.Գ.- Փետրվարի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի  անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:

Բարձրաստիճան հոգեւորական եւ աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը՝ Երուսաղեմի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքները: Այլ խնդիրների հետ միասին քննարկվել են նաեւ Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները:

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։