Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին… Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում… Նախագահը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Հայաստանը կմասնակցի նաեւ 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերին… Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը մրցել է Freekickerz թիմի դեմ… Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի… Բասկետբոլի մեր ազգային հավաքականն առաջադիմել է դասակարգման աղյուսակում… Համալրվել է Հայաստանի գրոսմայստերների բանակը… Ադրբեջանն ու Ռուսաստանը ամենաշատն են կիրառում դոպինգներ…Այլ մարզական լուրեր…

Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի շրջանակում 10 մասնակիցներ՝ Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» ռոք-խումբը  հանդես եկան իրենց կատարումներով՝ պայքարելով «Եվրատեսիլ-2018»-ի ուղեգրի համար:

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանն իր «Քամի» երգով։  Նա վաստակեց 24 միավոր: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 միավոր) եւ Ամալյա Մարգարյանը (15 միավոր): Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների «Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին: Գլխավոր եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում

Ըստ Եվրոպական հեռարձակողների միության՝ վերջին 5 տարիներին Մանկական Եվրատեսիլը ամենաշատը դիտել են հայաստանցիները: Վրաստանում անցկացված Մանկական Եվրատեսիլի եզրափակիչ փուլն ունեցել է 2,6 մլն հեռուստադիտող, 1,3 մլն-ով քիչ, քան 2016-ին էր:

Թբիլիսիում անցկացվող մրցույթի եզրափակիչին առավել շատ հետեւել են Լեհաստանից՝ 866 հազար մարդ: Այս երկիրն այդ ցուցանիշով արդեն 2-րդ տարին է, որ 1-ին տեղն է զբաղեցնում:

Այսպես, 2014-ին Մալթայում անցկացված Եվրատեսիլը դիտել է 3 մլն մարդ, Բուլղարիայում 2015-ին տեղի ունեցած մրցույթը դիտել է 2,7 մլն մարդ, 2016-ին Մալթայում անցկացվածը՝ 3,9 մլն, Վրաստանում 2017-ին անցկացվածը՝ 2,8 մլն մարդ:

Հիշեցնենք, 2017-ին Մանկական Եվրատեսիլին մասնակցում էր 16 երկիր:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը

Փետրվար 28,2018թ. / Սերժ Սարգսյանը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը: Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսեւորած եւ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները: Մրցանակ է շնորհվել նաեւ առանձին երիտասարդական ծրագրերի:  

«Հայկյան-2017» մրցանակներ են շնորհվել մասնավորապես՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ», «Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ», «Լավագույն միջբուհական ծրագիր», «Լավագույն երիտասարդական ՀԿ Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգերում: Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Հանրապետության նախագահը:

Հատուկ մրցանակների են արժանացել «Արմենիա» հեռուստաընկերությունը` երիտասարդների շրջանում կրթադաստիարակչական մեծ դեր ունեցած «Հին արքաներ» պատմական հեռուստասերիալի համար, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, Արցախի առաջին պաշտպանական շրջանի բուժծառայության պետ Գեւորգ Հարությունյանը՝ ռազմաբժշկության ոլորտում ունեցած ներդրման, թեժ գծում իր մասնագիտական աշխատանքն իրականացնելու, զինվորի եւ սպայի առողջության պահպանման ու կյանքի փրկության գործում մեծ ավանդի համար, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ մանկական ուղեղային կաթվածով ապրող երեխաներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած մեծ աջակցության և վերականգնողական աշխատանքի համար, «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը՝ առարկայական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար, «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը՝ Սոչիում կայացած Երիտասարդության եւ ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցությանն աջակցելու համար, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը` Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության արդյունքում տուժող Արցախի խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հարթակներում տարվող հետևողական աշխատանքի համար եւ Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագիծը՝ կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու եւ մեծ լսարան գրավելու համար:

Մրցանակաբաշխության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ` հույս հայտնելով, որ այսօր նրանց ստացած մրցանակները բաղադրիչներն են դառնալու հաջողությունների այն երկար շղթայի, որ երիտասարդները հետագայում էլ պետք է ունենան` ի փառս Հայաստանի եւ հայ ժողովրդի:

««Հայկյան» մրցանակաբաշխությունը սահմանվել է 2001թ.-ին, այսինքն՝ այս մրցանակաբաշխությունը 21-րդ դարի զավակ է: Դուք էլ եք 21-րդ դարի զավակներ՝ անկախ նրանից, որ ձեզնից ոմանք հնարավոր է լույս աշխարհ են եկել նախորդ դարի վերջերին: Միեւնույնն է` 21–րդ դարը ձերն է, 21-րդ դարում դու՛ք պետք է հասնեք հաջողությունների, 21-րդ դարում Հայաստանի պատիվը դու՛ք պետք է պահեք, Հայաստանի հաջողության գրավականը դու՛ք պետք է լինեք:

Ես, անշուշտ, ծանոթացել եմ մրցանակակիրների աշխատանքներին եւ նորից համոզվել եմ շատ պարզ մի ճշմարտության մեջ` աշխատող, պրպտող մարդը միշտ էլ կարող է գտնել հաջողության ճանապարհը: Սա աքսիոմա է: Այստեղ հարցեր չեն կարող լինել: Բնական է՝ մեզնից յուրաքանչյուրը չի կարող հասնել ամենամեծ հաջողությանը, բայց անհնար է, որ աշխատասեր մարդը, պրպտող մարդը հաջողության ինչ-որ մի աստիճանի չհասնի: Ուզում եմ, որպեսզի նրանք, ովքեր արդեն ունեն որոշակի հաջողություններ` զարգացնեն, հասնեն մի այնպիսի աստիճանի, երբ իրենք կհամարեն, որ իրենց ներուժը իրացվել է, որովհետեւ հասարակության համար վտանգավոր են այն անհատները, ովքեր համարում են, որ ինչ-ինչ պատճառով իրենց ներուժը չի իրացվել: Հետագայում նրանք սկսում են հասարակությունից ակնկալել ու պահանջել այնքան, որքան հասարակությունն ի վիճակի չէ տալու, եւ այստեղ կոնֆլիկտ է առաջանում: Մի հավատացեք այն սին խոսքերին, որ` իմ բախտը չի բերել, նրանց բախտը բերել է: Բերում է նրա բախտը, ով առավոտ կանուխ արթնանում է եւ վազում իր բախտի հետևից՝ ազնիվ ճանապարհով, աշխատանքով եւ, իհարկե, ընդունակություններն իրացնելով:

Նորից եմ կրկնում, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորիս հույսը դուք եք եւ ի դեմս ձեզ՝ Հայաստանի ուսանողությունը, Հայաստանի երիտասարդությունը: Միգուցե ծեծված խոսքեր են, բայց ապագան ձերն է, եւ դուք միշտ պետք է կարողանաք արժանավայել ու արժանապատիվ անցնել ձեր ճանապարհը»,- ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ կիսում է միջոցառման մասնակիցների կողմից երեկոյի ընթացքում բազմիցս արտահայտված լավատեսությունը, թե ամեն ինչ լավ է լինելու:

Սեփ. լրատվություն

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին

Հարավկորեական Փհենչհան քաղաքում կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց խաղերի փակման մասին: Օլիմպիական դրոշը նա հանձնեց Պեկինի քաղաքապետ Չեն Ցզինին, քանի որ հաջորդ՝ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են հենց Չինաստանի մայրաքաղաքում, 2022թ. փետրվարի 4-20-ը:

Ընթացիք օլիմպիական խաղերում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Նորվեգիայի թիմը, որը նվաճեց 39 մեդալ՝ 14-ական ոսկե եւ արծաթե, 11՝ բրոնզե, 2-րդ տեղը գրավեց Գերմանիայի թիմը՝ 31 մեդալ (14+10+7), 3-րդ՝ Կանադան՝ 29 (11+8+10):

Ընդհանուր առմամբ, Փհենչհանում պատվո պատվանդան են բարձրացել 30 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում 1-ական մեդալ նվաճել են Հունգարիան, Ուկրաինան, Բելգիան, Ղազախստանը, Լատվիան եւ Լիխտենշտեյնը:

Անհատական հաշվարկով օլիմպիական խաղերի 5 մեդալ է նվաճել նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը: 4-ական մեդալ իրենց հետ հայրենիք կտանեն շվեդացի դահուկորդուհիներ Շարլոտ Կալան եւ Ստինա Նիլսոնը:

Ոսկե մեդալների քանակով մրցակցությունից դուրս են նորվեգացի դահուկորդ Յոհանսեն Հոսֆլոտ Կլաեբոն եւ ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտին Ֆուրկադը, ովքեր 3-ական անգամ կանգնել են պատվո պատվանդանի 1-ին աստիճանին:

Հայաստանն այս օլիմպիական խաղերում ներկայացել էր 3 մարզիկով՝ դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Հայաստանը կմասնակցի նաեւ 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերին

Մարտի 9-ին հարավկորեական Փհենչանում մեկնարկող 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայացնի սպիտակցի դահուկորդ Տասիկ Նազարյանը:

«Մենք աշխատանք ենք տանում նաեւ մեր 2-րդ մարզիկին՝ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանին հայտավորելու համար, սակայն ընթացքում խնդիր ծագեց կապված Չեխիայի դեսպանատան հետ: Բացի այդ, նրա մասնակցության մասին վերջնական հայտնի կդառնա մարտի 2-3-ին: Համենայնդեպս, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն ամեն ինչ անում է այդ հարցը դրականորեն լուծելու համար»,- ասել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Հայկական պատվիրակությունը Փհենչհան կմեկնի մարտի 5-ին: Կառավարությունն այդ նպատակով տրամադրել է 6,5 մլն դրամ: ՀԱՕԿ-ը մեր պատվիրակության բոլոր  5 մասնակիցներին հանձնել է մարզագույք եւ նվերներ: Հավելենք, որ Տասիկ Նազարյանը հունվարին Գերմանիայում մասնակցել է դահուկավազքի որակավորման մրցումներին, որի ժամանակ կարողացել է հաղթահարել 7,5 կմ մրցատարածությունը եւ պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունք է նվաճել: Իսկ ահա Սասուն Հակոբյանը պետք է մասնակցի սպիտակ քարտի հաշվին, եթե, իհարկե, միջազգային պարալիմպիկ կոմիտեն նման հրավեր ուղարկի մերոնց:

Հայաստանը ստացավ առաջին պատանեկան օլիմպիական ուղեգիրը

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է 2018թ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, մեր մարզուհին այդ մրցումներում 56 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հոկտեմբերի 6-18-ը, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը 2018-ի մարտից վերսկսվում է

2 հանդիպումով կվերսկսի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակ»-ին, իսկ երեւանյան 2 թիմեր կհանդիպեն միմյանց՝ «Փյունիկ»-«Բանանց»: Հայաստանի գործող չեմպիոնը 30 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սակայն առաջնության վերջին խաղում ալաշկերտցիները 0:1 հաշվով պարտվել են իրենց գլխավոր մրցակցին՝ Կապանի «Գանձասար-Կապան»-ին: Ձմեռային ընդմիջման ժամանակ թիմը 2 ուսումնամարզական հավաք է անցկացրել, բազմաթիվ խաղացողներ է փորձարկել, որոնցից 15-ի հետ պայմանագիր է կնքել: Վերջին նորեկը «Ուլիս»-ի նախկին պաշտպան Կոնստանտին Մորոզովն է, ում հետ պայմանագիր է կնքվել օրերս:

Գյումրիի «Շիրակ»-ը բավականին անհաջող է հանդես գալիս առաջնությունում: Գյումրեցիներն արդեն 10 խաղ շարունակ չեն կարողանում հաղթանակ տոնել: Վերջին անգամ հաղթել են նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին, ինչը թերեւս ճնշիչ գործոն է:  Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը մի քանի ձեռքբերումներ է կատարել, սակայն, միաժամանակ, հրաժարվել է 2 լեգեոնականների ծառայություններից: Բուքմեյքերներն այս հանդիպման հաղթող են համարում «Ալաշկերտ»-ին: «Փյունիկ»-ը 17 միավորով ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Բանանց»-ը 22 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Փյունիկցիներն ամեն կերպ ձգտում են կրճատել առաջատարների հետ եղած միավորների տարբերությունը եւ պայքարել մեդալների համար, իսկ «Բանանց»-ի խնդիրն է զբաղեցնել մրցանակային 3-րդ տեղը: Թիմերն այնքան էլ լավ չեն դրսեւորել իրենց տրանսֆերային շուկայում եւ անցած ամիսների ընթացքում 3-ական համալրում են կատարել: Սակայն, եթե «Փյունիկ»-ից ընդամենը 3 խաղացող է հեռացել, ապա «Բանանց»-ում՝ 8: Բուքմեյքերներն այս խաղում թեթեւակի առավելություն են տալիս տանտերերին:

Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

«Փյունիկ-ը» սեփական մարզաբազայում ընդունել էր «Բանանց»-ին եւ հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման 28-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը փայլուն հարվածով գրավել է Արամ Հայրապետյանի դարպասը:

Խաղի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Ալիկ Առաքելյանը 11 մետրանոց է վաստակել, որն Արամ Ավետիսյանը հստակորեն է իրացրել՝ ձևակերպելով դուբլ: Հատկանշական է, որ «Փյունիկ»-ի կիսապաշտպանը չի տոնել գոլերը, քանի որ «Բանանց»-ի սան է: «Փյունիկ»-ը այս հաղթանակից հետո վաստակում է 20 միավոր եւ շարունակում է մնալ նախավերջին տեղում, «Բանանց»-ը 22 միավորով 3-րդն է:

Երեւանի «Ալաշկերտը» Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ փուլում սեփական հարկի տակ ընդունել է Գյումրիի «Շիրակին» եւ 0:1 նվազագույն հաշվով պարտություն կրել:

«Շիրակ»-ի կազմում հանդիպման միակ ու հաղթական գնդակը հեղինակել է Իգոր Ստանոյեւիչը, ով կարողացել է թիմի մեկնարկային ակտիվությունը գոլի վերածել: Ֆուտբոլիստը դիպուկ է իրացրել մոտ 22 մետրից նշանակված տուգանայինը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ: «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն էին ստացել առաջին կեսի վերջին րոպեներին, սակայն Արտակ Եդիգարյանի՝ տուգանայինի մատույցներից իրացրած ստանդարտից հետո գնդակը հետ է մղվել պատ կազմած ֆուտբոլիստներից: Առաջին կեսից հետո Աբրահամ Խաշմանյանը փոխարինումներով փորձեց թարմություն եւ ակտիվություն մտցնել իր թիմի խաղում եւ դա ինչ-որ չափով ստացվեց: Այդուհանդերձ, Վարդան Բիչախչյանի թիմն ամբողջ խաղում շատ ավելի կազմակերպված եւ արդյունավետ էր գործում:

Խաղավարտից 5 րոպե առաջ «Շիրակ»-ի կազմում Վարդան Բակալյանը կարող էր կրկնապատկել իր թիմի առավելությունը, սակայն աջ եզրից ներխուժելով տուգանային հարված կատարեց ու Չանչարեւիչն իր վրա ընդունեց գնդակը: Զավեշտալի դրվագ գրանցվեց խաղավարտին. «Շիրակ»-ի 2 պաշտպանները միմյանց բախվեցին օդային պայքարում, սակայն զարմանալիորեն հանդիպման գլխավոր մրցավարը նրանց օգտին տուգանային հարված նշանակեց: Բավականին լարված անցավ հանդիպման վերջնամասը. Աբրահամ Խաշմանյանի սաները պաշարել էին գյումրեցիների դարպասային հրապարակը, և մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էին ստեղխում, բայց այդուհանդերձ, այս խաղում այլեւս գոլեր չգրանցվեցին:

Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակ»-ն իր միավորների թիվը հասցրեց 22-ի եւ հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Բանանց»-ի հետ: Իսկ «Ալաշկերտ»-ը շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 30 միավոր:

Երեւանի «Արարատ»-ն իր հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասար-Կապան»-ին եւ հաղթեց 1:0 հաշվով:  Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Դավիթ Մինասյանը: Հարկ է նշել, որ Հայաստանում նախապատրաստված արարատցիներն ավելի լավ տպավորություն թողեցին այս խաղում, քան Կիպրոսում ուսումնամարզումային հավաք անցկացրած կապանցի ֆուտբոլիստները:

Այս հաղթանակից հետո «Արարատ»-ը վաստակեց 12 միավոր, սակայն դեռեւս 8 միավորով հետ է մնում 5-րդ տեղում գտնվող «Բանանց»-ից: «Գանձասար-Կապան»-ն առաջին անգամ տեղի տվեց մրցակցին, այն բանից հետո, երբ 12 հանդիպում շարունակ չէր ճաշակել պարտության դառնությունը:

Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի 2018թ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի 1-ին խաղը: Թեեւ Կապանի «Գանձասար-Կապան»-ը Գյումրիում հանդիպեց «Շիրակ»-ի հետ, սակայն հանդես եկավ դաշտի տիրոջ կարգավիճակով: Միգուցե դա էր պատճառը, որ խաղի հաշիվը բացեցին հենց կապանցի ֆուտբոլիստները, երբ 24-րդ րոպեին Արա Խաչատրյանը հեռահար հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը: Շիրակցիները պատասխան գնդակը շատ չուշացրին եւ արդեն 42-րդ րոպեին Մուսա Բակայոկոն նման հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:

2-րդ խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել եւ հանդիպումն ավարտվեց հաշտությամբ՝ 1:1: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա հենց «Շիրակ»-ը: Կիսաեզրափակիչ փուլի 2-րդ հանդիպումը տեղի կունենա վաղը, մարտի 8-ին: Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում կընդունի Հայաստանի առաջնության ներկայիս առաջատար «Ալաշկերտ»-ին:

Հ.Գ. - Գավաթի խաղարկություն. «Բանանց»-«Ալաշկերտ»՝ 0:1 – Կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի 2-րդ հանդիպումը: Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտ»-ին: Խաղի 58-րդ րոպեին Արտակ Դաշյանի խփած միակ գոլը հաղթանակ շնորհեց հյուրերին՝ 1:0:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին:

Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի շարունակի ելույթները «Ռեալ Սոլթ Լեյք»-ում: Ինչպես տեղեկացրել rslsoapbox.com կայքը, ֆուտբոլիստի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որը ավարտվում է 2019թ.: Ըստ դրա, «Ռեալ Սոլթ Լեյք»-ը շարունակելու է Յուրա Մովսիսյանին վճարել 2018 թվականի աշխատավարձը, թեեւ նրան չի հայտավորել առաջնության խաղերին: Եթե ֆուտբոլիստը տեղափոխվի ամերիկյան մեկ այլ թիմ, ապա ակումբը ստիպված պետք է փոխհատուցի հին ու նոր աշխատավարձերի տարբերությունը: Միակ խնդիրը կայանում է նրանում, որ Յուրա Մովսիսյանին ձեռք բերող ակումբը պետք է լիովին վճարի 2019թ. աշխատավարձը, ինչը փոքր գումար չի կազմում տեղի չափանիշներով՝ մոտ 2 մլն դոլար:

Ըստ լրատվամիջոցի, Յուրա Մովսիսյանը հեռացել է իր նախկին ակումբից այն պատճառով, որ խաղալու քիչ ժամանակ է ստացել: Սակայն միաժամանակ կարծիք կա, որ հայազգի ֆուտբոլիստը կորցրել է իր լավագույն հատկանիշները եւ չի կարողանում ցուցադրել նախկին արդյունավետ խաղը, ինչը ձեռք չի տալիս ակումբի ղեկավարությանը:

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում

Sofascore.com կայքը ներկայացրել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի վիճակագրական տվյալներն ու գնահատականները: Տանտերերի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իր ցուցադրած խաղի համար ստացել է 7,0 գնահատական: Դա 2-րդ արդյունքն է թիմում: Ավելի բարձր՝ 7,4 գնահատականի արժանացել է թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջական:

Ըստ վիճակագիրների, հայազգի կիսապաշտպանը խաղի ընթացքում դարպասին 2 հարված է կատարել, որից մեկը՝ շեղ: Հենրիխ Մխիթարյանի կողմից արված փոխանցումների ճշգրտությունը կազմել է 70%: Մեր ֆուտբոլիստի բոլոր սուր ճեղքումներն անավարտ են մնացել: Նա 17 անգամ մենամարտի է բռնվել մրցակիցների հետ, որից միայն 8-ում է հաղթող դուրս եկել:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն խաղացող

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի հարցման արդյունքներով փետրվար ամսվա թիմի լավագույն խաղացող է ճանաչվել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես հայտնում է աղբյուրը, հայազգի կիսապաշտպանը, որը 5 գոլային փոխանցում է կատարել անցած ամսվա ընթացքում, ստացել է ձայների մոտ 75%-ը: Նա բավականին առաջ է անցել 2-3-րդ տեղերը զբաղեցրած Նաչո Մոնրեալից ու Աարոն Ռեմզիից:

«Արսենալ»-ի պաշտոնական կայքը Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է լավագույն խաղացող ճանաչվելու կապակցությամբ:

«Իհարկե, Մխիթարյանը եւ Օզիլը կարող են միասին խաղալ»

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի «Միլան»-ի դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է VivaroNews-ի լրագրողների հարցերին:

Դանի Ալվեսին ձեռք բերելուց առաջ Ալեգրին ասել էր, որ Ալվեսը գիտի, թե ինչպես է պետք հաղթել Չեմպիոնների լիգան։ Այսպիսով, «Էստերսունդի» դեմ 2 խաղերից հետո, ի՞նչ եք կարծում Մխիթարյանը կարող է օգնել Եվրոպա լիգան հաղթելու հարցում։ Միգուցե նա հաջողության բանաձեւ ունի այս մրցաշարում։

– Չգիտեմ, կանցենք առաջ, թե ոչ։ Նախքան Եվրոպա լիգան հաղթելու մասին մտածելը պետք է հանդիպենք «Միլան»-ի հետ և անենք ամեն հնարավոր բան հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Իմ կարծիքով բարդ հանդիպում է լինելու, բարդ դիմակայություն: Գիտենք, որ հիմա բարդ ժամանակներ են։ Այսպիսով մենք պետք է կենտրոնացված լինենք։

Հենրիխ Մխիթարյանը մրցել է Freekickerz թիմի դեմ

Գերմանական Freekickerz ինտերնետային հեռուստաալիքի հերթական թողարկմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ֆուտբոլիստը 11մ հարվածաշարում մրցել է հեռուստաալիքի 2 լրագրողների հետ: Հենրիխ Մխիթարյանը Միխայել «Միչին» 5 փորձից իրացրել են 4-ական հարվածներ, իսկ հաջորդ փորձի ժամանակ մեր ֆուտբոլիստը հաղթել է՝ 5:4:

Նշենք, որ Freekickerz ինտերնետային հեռուստաալիքը գործում է 2010թ. եւ հիմնականում զբաղվում է ֆուտբոլի մասսայականացման հարցերով՝ անվանի ֆուտբոլիստների մասնակցությամբ կազմակերպելով հետաքրքիր մրցույթներ:

Հայաստանի Մ-19 հավաքականը կմասնակցի «Դուբայի Գավաթ-2018» մրցաշարին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարտի 20-28-ը մասնակցելու է ԱՄԷ-ում կայանալիք «Դուբայի Գավաթ-2018» միջազգային մրցաշարին: Այդ մրցաշարում մեր թիմի մրցակիցները լինելու են Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի եւ ԱՄԷ-ի Մ-19 հավաքականները:

Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկը.

23 մարտի՝ ԱՄԷ – Հայաստան, ժամը 19:00

25 մարտի՝ Սաուդյան Արաբիա – Հայաստան, 19:00

27 մարտի՝ Տաջիկստան – Հայաստան, 16:15

Հանդիպումների սկիզբը՝ Երեւանի ժամանակով:

Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա), Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա), Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան), Մարկոս Պիզզելլի,  «Ակտոբե» (Ղազախստան), Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան), Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան), Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա), Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա), Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա), Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա), Նորբերտո Բրիասկո, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա), Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը եւ Գոռ Մալաքյանը չեն մասնկացելու հավաքին, քանի որ գտնվում են ապաքինման փուլում, իսկ Էդգար Մանուչարյանը նոր է ապաքինվել վնասվածքից:

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է դասակարգման աղյուսակում

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։ Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնականով եւ այժմ 88-րդ տեղում է:

ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ Եվրոպայի 2021թ. առաջնության նախընտրական փուլում հայաստանյան թիմի մրցակիցալբանացիները զբաղեցնում են 91-րդ հորիզոնականը, իսկ դանիացիները՝ 72-րդը։

Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին։ Մեր ընտրանին արտագնա խաղում կմրցի Դանիայի հետ։ Հայաստանի ազգային թիմը գլխավորում է Բ ենթախումբը:

Գաբրիել Սարգսյանը ձեռքից բաց թողեց հնարավորությունը

Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարը:  Վերջին, 9-րդ փուլում, մրցաշարը 6,5 միավորով միանձնյա գլխավորող Վլադիսլավ Կովալյովը հանդիպեց մեր Գաբրիել Սարգսյանի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը չկարողացավ բարդացնել սեւերի խաղը եւ արդեն 17-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի կնքեց: Այդպիսով, բելառուսցի շախմատիստը հաղթեց մրցաշարում եւ ոսկե մեդալի հետ միասին վաստակեց 18 հազար եվրո պարգեւավճար:

Գաբրիել Սարգսյանը մնաց առանց մրցանակի, քանի որ համաքայլ ընթացող 8 մրցակիցներից 2-ը՝ հնդիկ Սետուրամանը եւ ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւսկին, հաղթանակ տարան եւ բարձրացան 2-3-րդ տեղեր:

Հայաստանի հավաքականի անդամը, ինչպես նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը նույնպես ոչ-ոքի ավարտեց իր վերջին խաղը եւ վաստակեց 6 միավոր, ստիպված բաժանեց 4-10-րդ տեղերը: Մեր մյուս շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Արամ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ կիսեց 21-39-րդ տեղերը: Իսկ ահա Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ վաստակած 3,5 միավորով զբաղեցրեց 75-րդ տեղը:

Աէրոֆլոտ օփեն».- Զավեն Անդրիասյանը բաժանել է 2-3-րդ տեղերը շախմատի կայծակնային մրցաշարում

«Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտից հետո կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել են առաջատար գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին եւ այլք:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի 13 ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց է տվել Զավեն Անդրիասյանը: Հայաստանցի շախմատիստը, 18 հնարավորից վաստակելով 14 միավոր, Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ բաժանել է  2-3-րդ տեղերը: Երկու շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար էին:

Հաղթող դարձել  Յան Նեպոմնյաշչին (ՌԴ)՝ վաստակելով 15 միավոր:

Արամ Հակոբյանը համալրել է Հայաստանի գրոսմայստերների բանակը

Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում փայլուն հանդես  է եկել 17-ամյա Արամ Հակոբյանը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցաշարի ընթացում Հայաստանցի պատանի շախմատիստը վաստակել է 5 միավոր (1 հաղթանակ, 8 ոչ-ոքի): 2497 միավոր անհատական վարկանիշով (71-րդը մրցաշարում) Հակոբյանը զբաղեցրեց 21-րդ տեղը: Հակոբյանը 19 կետով բարելավել է իր վարկանիշը եւ 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:

Շախմատի բարձրագույն կոչումը Հակոբյանին կշնորհվի ապրիլին կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

«Դոպինգով բռնված մարզիկին հարկավոր է դատել»

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ցանկանում է, որ դոպինգ օգտագործող մարզիկները դատապարտվեն այնպես, ինչպես թմրանյութեր օգտագործող քաղաքացիները: «Շատ երկրներում արդեն գործում է նման օրենք, ըստ որի, դոպինգ ընդունած մարզիկն ու նրա մարզիչը դատապարտվում են ազատազրկման: Ինքս պատրաստվում եմ նման առաջարկությամբ դիմել մեր խորդհրդարանին: Կընդունվի նման օրենք, թե՝ ոչ, դա իրենց գործն է, սակայն կարծում եմ, որ եթե վաղուց գործեր այդ օրենքը, ապա մենք այսօր չէինք հայտնվի ներկայիս իրավիճակում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը:

Իսկ Հայաստանի ծանրամարտը, իրոք, գտնվում է բարդ վիճակում: Նախ, ֆեդերացիան մշտապես պետք է կատարի ծանրամարտի միջազգային կոմիտեի կողմից ներկայացված 22 կետերը, որպեսզի մեր ծանրորդները մեկամյա որակազրկումից հետո կարողանան մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Ֆեդերացիան Հայաստանի առաջնությունները դեռեւս անցկացնում է օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի փոքր դահլիճում, քանի որ չունի համապատասխան տեխնիկական միջոցներ՝ խոշոր մարզադահլիճներում մրցումներ անցկացնելու համար:

Բացի այդ, մեր ծանրորդները այժմ ստիպված են պայքարել մի քանի ճակատներով, քանի որ նրանք միաժամանակ հանդիսանում են եւ ազգային, եւ երիտասարդական, եւ պատանեկան հավաքականների անդամ: «Առանց դեղամիջոցներով մարզվելու համար մեզ պետք է կատարել ոսկերիչի աշխատանք, այսինք, ամեն ինչ պետք է կատարյալ արվի, հակառակ դեպքում մեր պատրաստած մատանին պիտանի չի լինի»,- առաջիկա անելիքների մասին ասաց գլխավոր մարզիչը: Իսկ առաջիկայում մեր ծանրորդներին սպասվում են մի քանի լուրջ մրցումներ: Պատանիները պայքարելու են օլիմպիական խաղերի ուղեգրերի համար, իսկ երիտասարդները վիճարկելու են Եվրոպայի մեդալները: Նոյեմբերին մեծահասակների մեր հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը, որը նաեւ 2020թ. օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է:

Ադրբեջանն անցանկալի երկիր է WADA-ի համար

Հունվար 31,2017 - ՀՀ հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը կարծում է, որ մեր լրատվամիջոցները չպետք է օգտվեն ռուսական ԶԼՄ-ներից, երբ հարցը վերաբերում է սպորտում խթանիչների օգտագործման մասին: «Ռուս լրագրողների գրածներից 80 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը, իսկ մեր շատ լրատվամիջոցներ կրկնում են նրանց, որով ապակողմնորոշում են մեր հանրությանը»,– «Ա1+»-ին ասաց փորձառու մասնագետը, որն այսօր հատուկ սեմինար-քննարկում անցկացրեց լրագրողների համար:

Մեր այն հարցին, թե լրագրողները որտեղից պետք է հայթայթեն հավաստի տեղեկություններ, Արեգ Հովհաննիսյանն ասաց. «Պետք  է տիրապետել անգլերենին եւ օգտվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կամ տարբեր սպորտաձեւերի միջազգային ֆեդերացիաների պաշտոնական կայքէջերից»:

Խոսելով Հայաստանում մատուցվող հակադոպինգային ծառայությունների մասին, Արեգ Հովհաննիսյանը ուրախությամբ նշեց, որ մեր երկիրը WADA-ի վստահելի անդամներից մեկն է:

«WADA-ն այժմ լուրջ պայքար է սկսել այն երկրների դեմ, որոնք մեծ քանակությամբ արգելված նյութեր են օգտագործում սպորտում: Ներկայումս որակազրկված են չորս երկրներ, որոնք իրավունք չունեն անցկացնելու դոպինգ ստուգումներ: Դրանք են Ադրբեջանը, Ռուսաստանը, Ինդոնեզիան եւ Բրազիլիան: Հնարավոր է, որ վերջիններիս շարքը համալրեն նաեւ Մեքսիկան, Ուկրաինան եւ Իսպանիան: Մենք նման կարգի խնդիր չունենք, սակայն պետք է միշտ զգոն լինենք, որպեսզի մեր մարզիկներն հեռու մնա անցանկալի երեւույթներից», – պարզաբանեց նա:

Ադրբեջանն ու Ռուսաստանը ամենաշատն են կիրառում դոպինգներ

Նոյեմբեր 16,2016 – Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպությունը Հայաստանի հավաքական թիմերի բժիշկների հետ համատեղ հերթական սեմիներ-դասընթացն է անցկացրել Գյումրիում, որին ներկա էին տեղի մարզադպրոցների մարզիչներն ու մարզիկները:

Վերջիններս սեմինարի ընթացքում լրացրեցին հարցաշար` իրենց կարծիքը հայտնելով դոպինգի վերաբերյալ: Կազմակերպության նախագահ Արեգ Հովհաննիսյանը ներկայացրեց նաև արգելված նյութերի ու մեթոդների նոր ցանկը: Մանրամասները ներկայացնում է Հաբեթ Հարությունյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։