Վեր – ջա – պե՛ս… Հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին 9 տարի անց (Անկարան միակողմանի փորձեց այն եռակողմ դարձնել՝ հայ-թուրք-ադրբեջանական…) – ժամանակը հաղթահարելով  հաղթող դուրս եկավ Հայաստանը՝ եւ՛ նախաձեռնեց եւ՛ հարմար պահի չեղյալ հայտարարեց…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում երեկ հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Այս մասին «Երկիր Մեդիա»-ին ասել էր նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Դրանք բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ:

Մենք 2018թ. գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:  

Հիշեցնենք նաեւ, որ 10 տարի առաջ մեր նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Այն ստորագրելուց հետո Թուրքիան կտրուկ փոխեց դիրքորոշումը եւ հրաժարվեց առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից:  Եվ արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային Ժողովից:

Երեկ էլ՝ մարտի 1-ին չեղյալ հայտարարվեցին:

Փաստորեն, հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին 9 տարի անց: Հաղթող դուրս եկավ Հայաստանը՝ եւ՛ նախաձեռնեց եւ՛ հարմար պահի չեղյալ հայտարարեց:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։