Սումգայիթյան զոհերը սպասում են արդար դատին -Սումգայիթյան ցեղասպանությունը Ադրբեջանի իշխանության ցեղասպան քաղաքականության (Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, Դաշտային Արցախ-Շահումյան…) միայն սկիզբն էին – Սրանց արնախում կերպարը գնալով վերաբացահայտելու էր իրենց դեմքը նրանց համար, ովքեր դեռ հավատում էին, թե թուրքը կարող է քաղաքակրթվել…

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները նվիրված էին Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունը, որի ծանր դրսեւորումը սումգայիթյան ջարդերն էին, ծրագրավորված են եղել եւ պատմություն չեն, իրականություն են: «Ադրբեջանը ինտերպոլով հետախուզում է հայտարարել մեր հայրենակից Գասպար Կարապետյանի հանդեպ: Նա ղեկավարում է եվրոպական Հայ դատի գրասենյակը: Ադրբեջանն իր երկրի ներսում քաղաքական որսը ավարտել է, հիմա էլ երկրի սահմաններից դուրս է դա անում: Հուսով եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այդ սադրանքներին»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին հայտարարեց, որ սումգայիթյան ջարդերը իրենց ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում են հիտլերյան ոճրագործությունը. «Այդ ոճիրը սպասում է իր արդար դատին»: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Բաքվի կողմից 1988թ. փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ ամբողջ տարածքով ջարդեր կազմակերպելով. «Ատելությունը եւ հայատյացությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մասն են եւ կազմում են ադրբեջանցիների ինքնգիտակցությունն ու կայացումը: 30 տարվա ընթացքում որեւէ բան չի փոխվել Ադրբեջանի քաղաքականության մեջ: Դրա վկայությունն էր Հունգարիայում հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի հերոսացումը: Բաքվի քարանձավային դրսեւորումները շարունակվեցին հետագայում՝ հայ ռազմագերինների նկատմամբ: Քաղաքակիրթ երկրների նորմերը այդ երկրի համար դատարկ հնչյուններ են»:  

Սումգայիթյան դեպքերը Ադրբեջանի իշխանության սանձազերծած ցեղասպան քաղաքականության միայն սկիզբն էին: Ադրբեջանական արնախում կերպարը գնալով վերաբացահայտելու էր իր դեմքը նրանց համար, ովքեր դեռ հավատում էին, թե թուրքը կարող է քաղաքակրթվել…

Փետրվարի 26-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը հայտարարեց, որ այդ արյունարբու քաղաքականության շարունակությունն էին սումգայիթյան դեպքերն ու Բաքվի ջարդերը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումն ու վերջրին ժամանակներում՝ ապրիլյան դեպքերը: «Սա հստակ ցեղասպան քաղաքականություն էր, եթե մենք փորձում ենք համադրել սումգայիթյան դեպքերը, ինչպես նաեւ քրգործերի նյութերը, որոնք խորհրդային արդարադատության կողմից որակվեցին «խուլիգանական մղումներով կատարված սպանություններ», ինչն ինքնին անհեթեթություն էր. այդ գործերը պետք էր միասնական դիտարկել, մինչդեռ տրոհվեցին բազմաթիվ մանր գործերի»,- ասել է նա:

Այստեղ է, որ «Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ այդ դատավարությունն անավարտ է, անարդարացի մասնատվել են գործերը եւ առանձին քննվել: Հայաստանը պիտի միջազգային համապատասխան ատյաններում պահանջի վերանայում եւ միասնական քննություն ու դատավարություն:

Ըստ մասնագետների՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի դրույթների հետ համեմատելիս՝ կարելի է արձանագրել, որ այստեղ նույնպես խոսքը ցեղասպանության մասին է. էթնիկ կամ կրոնական խմբի ամբողջապես կամ մասնակի ոչնչացման նպատակով սպանությունները, խեղումները, անմարդկային պայմանների ստեղծումը այլ կերպ, քան ցեղասպանություն, անհնար է որակել:

«Մենք գործ ունենք ասիմետրիկ երեւույթի հետ, երբ Ադրբեջանը պատեհ, թե անպատեհ առիթներով խոսում է Խոջալուի մասին: Այս պարագայում չխոսելով ադրբեջանահայության ցեղասպանության մասին, կարծում եմ՝ կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Ադրբեջանահայ փախստականների խնդիրը չբարձրացնելը եւս համարում եմ բացթողում մեր բանակցային գործընթացում»,- նշել է Արմեն Մարուքյանը, ընդգծելով, որ ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության մասին նույնպես պետք է խոսել:

Իհարկե, խոսք չի կարող լինել նրանց՝ Բաքու, Սումգայիթ կամ Կիրովաբադ վերադարձի մասին, որովհետեւ այդ երկիրը տարրական անվտանգության պայմաններ չի ստեղծելու, սակայն կարելի է ադրբեջանահայության վերաբնակեցման խնդիրը լուծել՝ ադրբեջանական կողմից փոխհատուցում պահանջելով եւ նրանց Արցախի Հանրապետության վերահսկողության տակ եղած, մեր ազատագրված տարածքներւմ վերաբնակեցնելով:

Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով սումգայիթյան դեպքերից ուղիղ մեկ ամիս հետո՝ մարտի 27-ին, եղել է Սումգայիթում, տեսագրել մարդկանց պատմությունները, զրուցել այն հայերի հետ, ովքեր կարողացել են փախչել ու հասնել Հայաստան կամ այլ երկրներ, նշել է, որ 4 մասանոց ֆիլմ է նկարել՝ «Սումգայիթյան ալիքներ» եւ գիրք հրապարակել՝ «Սումգայիթյան օրագիր», որը շատ փոքր տպաքանակով է տպագրվել, մինչդեռ արժեր այս մասին բարձրաձայնել հնարավորինս շատ:

«1990թ. Բաքվի դեպքերից հետո Խոջալուի օդանավակայանում ինձ ձերբակալեցին՝ ՕՄՕՆ-ականները, որոշեցին, որ մեկ ամիս պետք է ինձ փակեն Շուշիի բանտում, պարեկը՝ Հաջիեւ-Լատիֆօղլի, անունը չեմ հիշում, ինձ հետ բացվեց, քանի որ իրենց ձեռքին էի արդեն, ինձ պատմեց, որ իր ջոկատով մասնակցել է Բաքվի դեպքերին: Ասում է՝ մի ընտանիք մտանք, պահարանի մեջ երկու երեխաներին ու ծնողներին փակեցինք, կապեցինք, բենզինը լցրեցինք, այրեցինք. մինչեւ հիմա պահարանի ներսից լսվող ճիչերն են ականջներիս մեջ»,- պատմել է Բակուր Կարապետյանը՝ հավելելով, որ այսպիսի դեպքերը եզակի չեն: Մի ռուս սպայի՝ գնդապետի բարի կամեցողությամբ գրողը ազատ է արձակվել: Արխիվներում տեղեկություններ է փնտրել՝ պարզելու՝ ով է այդ Հաջիեւը: Պարզվել է, որ նա, Ադրբեջանում ընդունված ձեւի համաձայն, լինելով դատապարտված, հանցագործ, Բաքվի դեպքերից առաջ ազատ է արձակվել, ջոկատ կազմել…

Այս օրերին՝ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում Երեւանում ներկայացվեցին «Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքն ու «Սումգայիթ. սպանված սերունդ» ֆիլմը:

Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են եղել նաեւ աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ հայերի հետ մասնակցել են բազմաթիվ այլազգիներ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։