ԵԽ-ն Խոջալուի դեպքերին առնչվող որեւէ փաստաթուղթ չընդունեց այս անգամ – Իսկ Վրաստանն իրական չեզոքության է գնում ԼՂ հակամարտության (հայ-ադրբեջանական) հարցում…  Ովքեր համարձակվեցին բաց խոսել Խոջալուի դեպքերի (սեփական ժողովրդի դեմ) ադրբեջանական վայրագությունների մասին, կա՛մ սպանվեցին, ինչպես Չինգիզ Մուստաֆաեւը, կա՛մ բանտարկվեցին, ինչպես լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, կա՛մ աքսորվեցին, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը…

Շնագայլերի հետ ճանապարհ գնալը՝ արդեն փորձություն

Պաշտոնական Բաքուն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարա-բանանային քաղաքականության բացահայտումներից, այսինքն՝ կաշառատվության դատապարտումներից եւ եվրոպական կառույցի խայտառակ պաշտոնանկումներից հետո, գրեթե զրկվել է եվրոպական պատգամավորների աջակցությունից եւ այլեւս չի կարողանում խեղաթյուրել իրական փաստերը՝ դրանք ուղղելով Հայաստանի դեմ:

Այս անգամ Եվրոպական խորհրդարանը Խոջալուի դեպքերի հետ կապված որեւէ ադրբեջանամետ փաստաթուղթ չի ընդունել։

ԵԽԽՎ բարեկամության ակումբի անդամ 22 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ հայեր, ո՛չ էլ Հայաստան նշում չկա։ Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե իբր Եվրոպական խորհրդարանը «Խոջալուի իրադարձությունների» հետ կապված կարեւոր հայտարարություն է ընդունել:

Եվրախորհրդարանի օրինակին հետեւում են նաեւ առանձին երկրներ, որոնք մասնակցել են ԵԽԽՎ քննարկումներին: Հարեւան Վրաստանում բնակվող ադրբեջանցիները երբեւէ խնդիրներ չեն ունեցել ու կազմակերպել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին որ կամեցել են, անգամ բացահայտ հակահայկական: Սակայն, Մարնեուլում, որտեղ առավելապես ադրբեջանցիներ են բնակվում, վրաստանահպատակ ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի իրադարձությունների զոհերի հիշատակը»:  

Ադրբեջանական լրատվամիջոցները վայրահաչել են, թե սա աննախադեպ բան է եւ շատ վտանգավոր, նշել են, որ մեկ րոպե լռության արարողություն տեղի չի ունեցել, փոխարենը Վրաստանի նախագահը ասել է, որ համակ ուշադրությամբ հետեւում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: «Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության սրմանն ու ծայրահեղացմանը»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Ի դեպ, Արցախի հարցում վրացական դիրքորոշումը մտնում է չեզոքության եւ շրջահայացության տրամաբանության մեջ: «Վրաստանը մշտապես բալանսավորված քաղաքականություն է վարել հարեւանների հետ, ինչը նշանակում է, որ այդ երկիրը հանդես է գալիս անկողմնակալ, հավասարակշռված դիրքերից։ 2012թ. որդեգրված այդ քաղաքականությունը շարունակվում է նաեւ այժմ։ Քաղաքական կուրսն այս առումով նույնն է մնացել»,- նման տեսակետ է հայտնել վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի՝ Արցախի հակամարտության նկատմամբ չեզոք դիրքորոշմանը եւ ադրբեջանցի երիտասարդի խնդրանքը մերժելուն՝ մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի զոհերի» հիշատակը։

Հայ-վրացական հարաբերությունները վերջին ժամանակներս գնում են դեպի բարելավման, անգամ Իրան-Հայաստան-Վրաստան կապի ամրապնդման մասին են խոսում Եվրոպայում, ինչը Վրաստանի նախագահի կողմից վերոնշյալ մոտեցումը բնական է դարձնում։ «Վրացական մամուլում հայ-ադրբեջանական հակամարտության մասին վերջին շրջանի հրապարակումներում՝ թե պաշտոնական դիրքորոշումներում, թե փորձագիտական կարծիքներում, եւս չեզոքություն է պահպանվում։ Հատկապես փորձագիտական շրջանակները գտնում են, որ Վրաստանը պետք է մշտապես պահպանի այդ չեզոքությունը»,- նշել է վրացագետը։

Իսկ հարեւան երկրի նախագահի այն հայտարարությանը, որ Վրաստանը հետեւում է ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակին եւ կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, արդեն պաշտոնական բարձրաձայում է վրացական չեզոքության մասին:

Վրաստանի առումով այլ փորձագետներ եւս նպատակահարմար են համարում այն դիրքորոշումը, որն այսօր պաշտպանում է պաշտոնական Թբիլիսին: Ներկայիս լարված իրավիճակում որեւէ կողմին սատարելը չի բխում ո՛չ վրացական, ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական շահերից, կարծում են նրանք:

Մեկ այլ վրացագետ՝ Ջոնի Մելիքյանն էլ հայտնել է, որ Վրաստանը պարբերաբար հայտարարում է, որ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը այսօր կարեւոր է:

Իհարկե, այս պահին կարեւոր է անգամ չեզոք դիրքորոշումը, քանի որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա քաղաքա-տնտեսական լուրջ համագործակցություն կա ձեւավորված, ինչը ժամանակին վրացական մոտեցումները որոշակիորեն ադրբեջանամետ էր դարձնում:

Այսօր նոր՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի հնարավոր առաջխաղացման հնարավորություն կա, ինչը կարող է ոչ միայն մերձեցնել հայ-վրացական կապերը, այլեւ պաշտոնական Թբիլիսիին ուղղել ԼՂ հակամարտության արդար կողմի պաշտպանությանը:

Վրաստանում մեր երկրի դեսպանատունը վերջապես ցույց տվեց, որ գոյույթուն ունի: Դեսպանի փոփոխությունը բարերար ազդեցություն է թողել փաստորեն: Վրաստանում Հայաստանի դեսպանությունն արձագանքել է  Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ: Մեր դեսպանության հայտարարությունը հրապարակվել է «Հայաստանը ստի մեջ է մեղադրել Ադրբեջանին՝ Խոջալուի դեպքերի հետ կապված» վերտառությամբ։ Այստեղ մասնավորապես ասված է. «Պատմության միայն սեփական պատկերացումները ներկայացնելը Ադրբեջանի ղեկավարության ինքնատիպ ոճն է, որ հիշեցնում է գեբբելսյան գաղափարախոսությունը, ըստ որի՝ եթե դուք բավարար քանակությամբ սուտ արտաբերեք ռւ անընդհատ այն կրկնեք, արդյունքում մարդիկ կհավատան դրան: Սկսած ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներից, Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ինքնորոշված ժողովուրդը պայքարում է միջազգային իրավունքով իր կարգավիճակի ճանաչման համար: Ինքնորշման հետ կապված՝ Արցախի ժողովրդի օրինական պահանջն ուղեկցվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հակահայկական հարձակումներով»:

Ըստ հայ դիվանագետների, այդ դեպքերը, որ իրագործվեցին «մա՛հ հայերին» կարգախոսի ներքո, այլատյացության քաղաքականության, էթնիկ զտումների, հայերի արտաքսման դրսեւորումներ էին՝ իրականացված ադրբեջանական ղեկավարության կողմից: Այդ վայրենություններն էին, որ պատճառ դարձան որպեսզի Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը գրեր. «Եթե ինչ-որ մեկն էլ կարող էր կասկածել դրանում մինչ Սումգայիթը, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մի բարոյական իրավունք չմնաց՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում պահելու համար»:

Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջի պատասխանը պաշտոնական Բաքվի կողմից դարձան  հայ ազգի վրա հարձակումներն ու էթնիկ մաքրումները, ապա 1991-ին, այդ ընթացքում գործող Խորհրդային օրենսդրության եւ միջազգային նորմերի հիման վրա այդ իրավունքի իրագործման արձագանքը դարձավ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմը՝ անկախություն ստացած Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով: 25 տարի առաջ Ադրբեջանի զինուժը սկսեց ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետանային ռմբակոծություն, որն այն ժամանակ վերածվել էր ապաստանի փախստականների համար, ովքեր փրկվել էին Սումգայիթի, Բաքվի, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերից: 1992-ի փետրվարի 13-ին, խախտելով միջազգային կոնվենցիան, Ստեփանակերտի բնակելի շրջանները ռմբակոծելու համար Ադրբեջանը սկսեց օգտագործել նաեւ «ԲՄ-21 ԳՐԱԴ» տեսակի ռեակտիվ համակարգեր:

Շնագայլերը նաեւ ինքնահոշոտմամբ են ապրում

Պետք է հիշեցնենք, որ Խոջալուն Ստեփանակերտի ռմբակոծման համար օգտագործվող 7 կրակային կետերից մեկն էր: Դեռ խորհրդային տարիներին Խոջալուն կարեւոր ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ տեղակայված էր Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի մյուս քաղաքաքներին միացնող ճանապարհների խաչմերուկում: Բացի այդ, 1970-ականներին Խոջալուի կողքին կառուցվել էր Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը, որն Արցախի պաշարման ընթացքում արտաքին աշխարհ միակ ելքն էր: Այս կերպ 1992-ին ակնհայտ դարձավ, որ Խոջալուի կրակակետի չեզոքացումը հրամայական էր ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Ղարաբաղի բնակչության ֆիզիկական փրկության համար: Խոջալուի կրակակետի չեզոքացման գործողությունը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին: Մինչ գործողության սկիզբը, մի քանի ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը, բոլոր հնարավոր միջոցներով ադրբեջանական կողմին իրազեկեցին այդ գործողության, դրա նպատակների, Խոջալուից բնակչության տարհանման նպատակով ստեղծված մարդասիրական միջանցքի մասին:

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել Աղդամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած արյունոտ դեպքերի պատճառ դարձած փաստերը, որոնք անվանում է «Խոջալուի ողբերգություն»: Այս դեպքերի հետ կապված փաստերը մի շարք հարցեր են առաջացնում, եւ ադրբեջնական իշխանությունը նույնիսկ այսօր՝ 25 տարի անց, գերադասում է այդ պատասխանները գաղտնի պահել… Ամենակարեւոր հարցն էր՝ ինչո՞ւ Ադրբեջանին չհաջողվեց կազմակերպել Խոջալուի բնակչության տարհանումը:

Խոջալուի դեպքերի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆաթալիեւի հարցազրույց է տվել, որում ասված է. «Մինչ Խոջալուի դեպքերը 4 օր էր մնում: Փետրվաի 22-ին նախագահի, վարչապետի, պետական անվտանգության ծառայության ղեկավարի եւ այլոց ներկայությամբ կայացավ ազգային անվտանգության կոմիտեի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց չտարհանել Խոջալուի բնակիչներին»:  

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից Խոջալուի բնակչության համար հումանիտար միջանցք էր թողնվել, որոնց մեծամասնությունը անվտանգ հասել էր մինչեւ Աղդամ: Խոջալուի նախկին քաղաքապետը նույնիսկ հասել էր Բաքու եւ այժմ հանդիսանում է Մեջլիսի պատգամավոր… «Ցավոք, Խոջալուի մի խումբ բնակիչներ, հաջողությամբ հատելով հայերի կողմից վերահսկվող տարածքները, չեն հասել Աղդամ՝ադրբեջանական տարածքում»,- ասել է Ռամիզ Ֆաթալիեւը:

Ներկայացնենք մի հատված՝ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի կողմից դեպքերի վկայությունից. «Փետրվարի 29-ին, երբ ես Ումուդլու գյուղից ռազմական ուղղաթիռով Աղդամ էի թռչում մյուս կողմից, տեսա Խոջալուից 10 կմ եւ զինվորական կետից մոտ 700 մ հեռավորության վրա մերոնց դիակները, եւ ինձ ամենից շատ սարսափեցրեց այն, որ երբ ես նկարահանում էի այդ մարմինները, տեսա, որ մերոնցից մոտ 10 հոգի զինվորական համազգեստով անհոգ զբոսնում էին մոտակայքում: Ինձ ասում էին՝ այնտեղ դիակներ չկան, այնտեղ հասնել հնարավոր չէ, այնտեղ հայերն են, այնտեղ կրակում են, բայց երբ մենք վերջապես վայրէջք կատարեցինք մեր ուղղաթիռներով, չգիտես ինչու 3 ուղղաթիռ նույն պահին արագ Աղդամ թռան, այդ 10 անձինք նույնպես: Ես մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ մեր դիրքերից 700 մ հեռու, որտեղ հանգիստ քայլում էին մեր զինվորները, ոչ ոք չէր հավաքում այդ դիերը…

Զարմանալի չէ, որ Ադրբեջանում այդ դեպքերի պաշտոնական վարկածների կամ լրագրողական հետաքննությունների նկատմամբ զրոյական հանդուրժողականություն է: Այն մարդիկ, ովքեր համարձակվեցին բաց խոսել այդ դեպքերի մասին, կամ սպանվեցին, ինչպես Չինգիզ Մուստաֆաեւը,  կամ բանտարկվեցին, ինչպես լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, կամ աքսորվեցին, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահը...

Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը (1990-1992) նշել է. «Այստեղ տեղի ունեցած բախումները, մարդկանց մահը, դրանք ողբերգության զգացում են առաջացնում, եւ ցավ եւ կասկածներ, որ ոմանց ակնհայտորեն ձեռնտու չէ այս գործընթացը: Հասկանում եք, որ ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ ես չգիտեմ, ամեն դեպքում զգում եմ, որ ուժեր կան, որ դա չեն ուզում, ուզում են, որ ավելի վատ լինի, քանի որ գիտեք՝ մութ ջրերից ավելի հարմար է օգտվելը: Այստեղ շատ են այդ ջրերի որսորդները: Այստեղ կան այնպիսիք, ում համար մեկ է՝ ում վրա կրակել: Ինչպես ասում են Խոջալուի այն բնակչները, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպված էր նրա համար, որ իմ հրաժարականի համար հիմք լինի: Ինչ-որ ուժ էր գործում՝ նախագահին վարկաբեկելու համար: Մենք ուղղակի հոգնել ենք, հոգնել ենք այդ դիմակայումից: Սովորական մարդիկ են մահանում ամեն օր, այն դեպքում, երբ ինչ-որ մեկը իր ամբիցիաներն է կառուցում՝առաջ տանելով իր քաղաքական նկրտումները»:

Այազ Մութալիբովը հետագայում փորձել է հերքել իր նախկին հարցազրույցը Խոջալուի մասին, սակայն հասկանալի է, որ այն հավատ չի ներշնչել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ՝ հենց Ադրբեջանում, եւ վստահաբար, ինչ-ինչ պատճառեր ունի նման քայլը: Հիշեցնենք, որ Խոջալուի՝ ավելի քան 700 բնակիչ չէր լքել գյուղն ու տեղափոխվել էր Ստեփանակերտ, ուր ապահովվել էր սնունդով ու բժշկական օգնությամբ, 2 օր անց նրանք հանձնվել էին ադրբեջանական կողմին՝ առանց նախապայմանների:

Բաքուն այսօր էլ չի պատասխանում այն հարցներին, որոնք տալիս են հենց ադրբեջանցիները: Նրանք պարզապես սին քաղաքականություն են դարձրել Խոջալուն՝ փորձելով ստեղծել հնարովի հակակշիռ՝ Սուգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում… իրենց կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային սպանություններին…

Եթե նախկինում Բաքուն կարողանում էր կաշառատվությամբ «հավասարություն» դնել վերը նշված ոճրագործությունների միջեւ, իհարկե Խոջալուի դեպքերի մեջ հայերին մեղադրելով, ապա այսօր խարդախությունների ճանապարը փակ է, գոնե առժամանակ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։