Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է – Հայոց ցեղասպանությունը վավերագրված է Միացյալ Նահանգների ու այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական եւ իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում… Հոլանդացիներն արդեն օրենքով կայցելեն Ծիծեռնակաբերդ…

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է

Մոտենում է ապրիլի 24-ը, երբ համայն հայությունը առաջադեմ մարդկության հետ այդ օրը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ամբողջ աշխարհում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարարի այն մեկնաբանությանը, թե Ֆրանսիայի նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչած դրույթները պարզապես ամբոխահաճություն են։ «Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից: Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլեւ ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները»,- ասել է ԱԳ նախարարը:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշված է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է Միացյալ Նահանգների ու այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական եւ իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում:

Հիշեցնենք, որ ի թիվս շատ այլ երկրների Գերմանիան ու Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:  

Սա եւս կարեւոր հանգամանք է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փուլից Հայոց պահանջատիրության փուլ անցնելու համար:

Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «ամբոխահաճ» անվանելը հերթական հակամարդկային քայլն է, եւ միջազգային հանրությունը հետզհետե գալիս է այն եզրակացության, որ Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականությունից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար:

Հոլանդացիներն օրենքով կայցելեն Ծիծեռնակաբերդ

Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ փետրվարի 22-ին ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդեւինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության 2 բանաձեւերը: Այդ մասին տեղեկացրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Բանաձեւերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի 3 անդամներն էլ ազգությամբ թուրք են: Բանաձեւերն ընդունվեցին 142 կողմ ձայներով»,- ասել է մեր ազգակիցը:

Առաջին բանաձեւով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը:

Երկրորդ բանաձեւով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով 5 տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել եւ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Թուրքիայում այս բանաձեւերը մեծ աղմուկ են առաջացրել, մեծացրել Նիդեռլանդների դեմ հակաքարոզչությունը: Առանց այն էլ թուրք-հոլանդական հարաբերությունները խաթարված են, անգամ դիվանագիտական մակարդակով դեսպանների ետկանչման գործընթացներ են եղել անցյալ տարի: Պաշտոնական Ամստերդամը կտրուկ դեմ է Թուրքիայի «եվրոպականացման» գաղափարին, ինչն անհարիր ու անհնարին է համարում:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ։

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հայատարարության մեջ ասված է. «Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները եւ դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռեւս 2004թ. Հայոց ցեղասպանության ճա-նաչումն ու դատապարտումը։

Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։

Կարծում ենք՝ Նիդեռլանդները շուտով կհամալրի այն երկրների շարքերը, որոնք արդեն ընդունել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքը:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։