Մարզաշխարհ. շախմատային խաչմերուկներում.- Ընթանում են 2018թ. Պարալիմպիական խաղերը… ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց խորհրդանշական բացման քայլը – Հավակնորդների մրցաշարը թափ է հավաքում Բեռլինում… Բուքմեյքերները հավատում են Լեւոն Արոնյանին… Մագնուս Կառլսենին զվարճացրել է Անիշ Գիրիի որոշումը… Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ… Ֆուտբոլիստն ազգանվան պատճառով հեռացվել է խաղադաշտից… Ինչո՞ւ Լիոնել Մեսսին արհամարհեց ու «թքեց» ադրբեջանական նավթադոլարների վրա…  Հենրիխ Մխիթարյանի լավ խաղի, գոլերի, լավագույնը լինելու ու իր մասին… Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղեր… Բասկետբոլի միջազգային մրցաշար` նվիրված Երեւանի 2800-ամյակին… Հրաձգության, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, ըմբշամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.

2018-ի Պարալիմպիական խաղերը նոր ռեկորդ սահմանեցին մասնակիցների թվով

2018թ. Ձմեռային օլիմպիական խաղերին եկան փոխարինելու Պարալիմիպիական խաղերը, որոնք մարտի 9-ին մեկնարկեցին դարձյալ Հարավային Կորեայի Փհենչհանում, նոր ռեկորդ սահմանեցին մրցումների մասնակիցների թվով: Այս մասին հայտարարել Է Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը: Այս Խաղերին մասնակցում են 567 մարզիկներ 49 երկրներից, այդ թվում՝ առաջին անգամ Վրաստանից, Տաջիկստանից: Պարալիմպիական խաղերի մասնակիցների թվով նախորդ ռեկորդը պատկանում Է Սոչիին: 2014թ. խաղերին մանակցել Է 547 պարալիմպիական 45 երկրներից: Փհենչհանում Պարալիմպիական խաղերը տեղի կունենան մարտի 9-18-ը:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն է եղել, ով մեր միակ մասնակիցն է:

Հավակնորդների մրցաշարը թափ է հավաքում Բեռլինում

Նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում, մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է եղել մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր, որը գնահատականն է այն ներդրման, որն ունեցել է Սերժ Սարգսյանը Հայաստանում շախմատի զարգացման ու հանրայնացման գործում, մեր երկրի ղեկավարը, ով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է նաեւ, մարտի 10-ին կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման խորհրդանշական առաջին քայլը: Դա մրցաշարի առաջին փուլի՝ Լեւոն Արոնյան – Դին Լիրեն խաղի մեկնարկն ազդարարող քայլն էր, որից հետո աշխարհահռչակ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:

Մրցաշարի բացմանը մեր երկրի նախագահը հանդես է եկել ելույթով: Ելույթներ են ունեցել նաեւ Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից՝ «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրեւը:

Բեռլինյան մրցաշարին մասնակցում է 8 ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լեւոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող 2 շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 2 շրջանով՝ 14 խաղափուլով՝ շախմատիստները միմյանց հետ կխաղան 2-ական անգամ՝ սպիտակ եւ սեւ խաղաքարերով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ՝ ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) եւ նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը

Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում: Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:

Ես հպարտ եմ, նաեւ՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման եւ հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաեւ ներկայիս հավակնորդ Լեւոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում 3 անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում եւ խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:  

Շախմատը խաղ է, բայց նաեւ արվեստ եւ գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման եւ այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:

Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, եւ արդեն զգացվում են դրական արդյունքները: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաեւ այլ երկրներում: Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնա-խնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը:

Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարեւորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման եւ տարածման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական եւ արդյունավետ համագործակցության համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Բեռլինի քաղաքապետարանին ու կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգեւելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում և խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում:

Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին եւ երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար եւ խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք եւ կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր:

Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաև հետաքրքիր, եւ մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ եւ բովանդակալից պարտիաների: Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»:

Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, եւ թո՛ղ հաղթի ուժեղագույնը:

Բուքմեյքերները հավատում են Լեւոն Արոնյանին

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այս պահի դրությամբ, հավակնորդների մրցաշարի մասնակիցները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը: Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2808, Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)՝ 2800, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2799, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2794, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2784, Դին Լիժեն (Չինաստան)՝ 2769, Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)՝ 2767, Սերգեյ Կարյակին (ՌԴ)՝ 2763:

Եվրոպայի, այդ թվում Ռուսաստանի մի քանի բուքմեյքերական գրասենյակներ («Մարաֆոն», «Bwin», «888») նախապատվությունը տալիս են Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանին:

Հայկական շախմատի առաջատարը առաջին հաղթանակը տոնեց

Գերմանիայի մայրաքաղաքում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ փուլում նա սեւ խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ: 68-րդ քայլին մեր շախմատիստը ստիպել է մրցակցին անձնատուր լինել: Հայ գրոսմայստերն առաջին հաղթանակը տոնեց Բեռլինում:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ բարելավեց մրցաշարային գործերը՝ հավասարվելով 3-րդ տեղում ընթացող Ֆաբիանո Կարուանային: Այսօր, 5-րդփուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հ.Գ. – 1 – Լեւոն Արոնյանը պարտվեց եւ նահանջեց – Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը 6-րդ փուլում պարտվեց ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյին: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ սկսեց եւ մինչեւ 21-րդ քայլը հավասար պայքար մղեց: Սակայն հաջորդ քայլից հետո սպիտակները դիրքային առավելություն ստացան: Լեւոն Արոնյանն որոշ ժամանակ անսխալ պաշտպանվում էր, սակայն հետագայում նոր սխալ թույլ տվեց եւ ստիպված զոհաբերեց թագուհուն: Ամերիկացի շախմատիստը երկար ժամանակ չէր կարողանում իրացնել նյութական առավելությունը, քանի որ սեւերը դեռեւս ամուր պաշտպանություն ունեին: Սակայն ամերիկացի շախմատիստը թագուհու օգնությամբ թուլացնեց բոլոր կապերը եւ երկարատեւ պայքարից հետո հասավ հաղթանակի: Այդ ժամանակ կողմերը կատարել էին 78 քայլ:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց մրցաշարում եւ մնաց նույն 2,5 միավորով: Նա այժմ հենց Ուեսլի Սոյի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: Հաջորդ՝ 7-րդ փուլում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, ով 4 միավոր ունի եւ ներկայումս Շահրիյար Մամեդյարովի հետ կիսում է 1-2-րդ հորիզոանականները:

Հ.Գ. – 2 – Լեւոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային – 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը շատ ակտիվ սկսեց եւ հենց սկզբից նետվեց գրոհի: Ավաղ, Լեւոն Արոնյանին չհաջողվեց զարգացնել այն, հակառակը, միջնախաղում սխալվեց եւ հայտնվեց ցանր վիճակում: Երկարատեւ դիրքային պայքարից հետո թվում էր, որ ի վերջո կգրանցվի ոչ-ոքի: Սակայն սպիտակները հայտնվեցին ցայտնոտի մեջ եւ արագության տակ նոր կոպիտ սխալ թույլ տվեցին, որից անմիջապես օգտվեց ամերիկացի շախմատիստը, որն էլ 37-րդ քայլին հաղթանակ տարավ:

Այդպիոսով, Լեւոն Արոնյանը կրեց 3-րդ պարտությունը մրցաշարում եւ այժմ 2,5 միավորով բաժանում է 7-8-րդ տեղերը: Իսկ ահա ամերիկացի գրոսմայստերը վաստակեց 5 միավոր եւ կրկին դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը:

Մագնուս Կառլսենին զվարճացրել է Անիշ Գիրիի որոշումը

Մարտի 10-ին Բեռլինում մեկնարկած շախմատի հավակնորդների մրցաշարում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին օգնելու է հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին: Այդ լուրը բավականին զվարճացրել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, ով իր թվիթերյան էջում ուշագրավ մեկանբանություն է գրել. «Անիշ Գիրին խորհուրդ է տալու Կրամնիկին: Տատայից առաջ դա ըմբռնելի կլիներ: Այժմ դա նման է հետեւյալին. «Եթե չես կարողանում նկարել, գոնե միացիր նրանց»,- նշել է աշխարհի չեմպիոնը: Հոլանդացի շախմատիստն անմիջապես պատասխան է տվել Մագնուս Կառլսենին, նշելով, որ հավակնորդների մրցաշարը մեկ հոգու ավելի շատ է նյարդայնացրել, քան բոլոր 8 մասնակիցներին: Նորվեգացի շախմատիստը կրկին ծաղրով գրել է. «Կրամնիկը եթե հաղթի մրցաշարում, ապա մարդիկ կսկսեն ավելի լուրջ վերաբերվել Անիշ Գիրիին»:

Այն, թե որն է երկու շախմատիստների լարված հարաբերությունների պատճառը, դժվար է ասել, սակայն վերեւում նշված Տատա Ստելլ մրցաշարում Մագնուս Կառլսենն 1-ին տեղը բաժանել էր հենց Անիշ Գիրիի հետ, եւ միայն թայ-բրեյքում էր հաղթել հոլանդացուն եւ տիրել գլխավոր մրցանակին:

Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ

Մարտի 16-29-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին կմասնակցի 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր: Հայաստանը կներկայացնեն տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը եւ Վահե Բաղդասարյանը: Կմասնակցի նաեւ Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Հ.Գ. – Բաթումում մեկնարկում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունըԱյսօր՝ մարտի 17-ին, Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. վարջնահաշվարկում առաջնությանը  մասնակիցում են 304 շախմատիստ, որից 135 գրոսմայստեր են:
Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաեւ հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել էինք, մեկնարկի դուրս կգա Հայաստանի 34 պատվիրավ: 2018թ.շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության եւ Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 23 մասնակից:

- Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում - վրացական Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 2-րդ փուլի խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Դանիելյանը: Ոչ-ոքի խաղացին Սերգեյ Մովսեսյանը, Արամ Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Վահե Բաղդասարյանը:

Կառլսենն ու Կրամնիկը հրաժարվել են մասնակցել Grand Chess Tour-ին

Grand Chess Tour շախմատային սերիայի կազմակերպիչները հայտնել են 2018թ. մրցաշարի մասնակիցների կազմը։ Մրցաշարին մասնակցելուց հրաժարվել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը։ Վերջիններիս հրաժարականի պատճառով հրավեր է ստացել ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինը։ Նա համաձայնել է մասնակցել մրցաշարին։

Կազմակերպիչների հետ պայմանագրեր կնքել են Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կաունան, Ալեքսանդր Գրիշուկը, Սերգեյ Կարյակինը, Շահրիար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վիշե-Լագրավը։ Մրցաշարն այս տարի կանցկացվի Լյովենում (Բելգիա), Փարիզում (Ֆրանսիա), Սենտ Լուիսում (ԱՄՆ) եւ Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։

Ֆուտբոլիստն ազգանվան պատճառով հեռացվել է խաղադաշտից

Անգլիայի կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմերի՝ «Հեմել Հեմփսթեդ Թաուն»-ի և «Իսթ Թարոկ»-ի խաղի ժամանակ տեղի է ունեցել զվարճալի մի միջադեպ՝ կապված ֆուտբոլիստ Սանչես Ուոթի՝ խաղադաշտից հեռացման հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Ֆուտբոլիստի մարզահագուստի վրա բացառապես համարներ են գրված եղել, նախազգուշացում ներկայացնելու համար խաղի դատավորը ստիպված է եղել ֆուտբոլիստից ճշտել նրա ազգանունը: Ուոթի պատասխանը նա ընդունել է իբրև ծաղր և ֆուտբոլիստին կարմիր քարտ է ցույց տվել:

27-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ազգանունը հնչողությամբ նման է անգլերեն «What?»` «Ի՞նչ» հարցին: Ավելի ուշ ֆուտբոլիստը կարողացել է վիճարկել դատավորի որոշումը և վերադարձել է ֆուտբոլի դաշտ: Ուոթը 1998 – 2013 թթ. եղել է Արսենալի կազմում, բայց մեծահասակների թիմի կազմում ոչ մի խաղի չի մասնակցել:

Ինչո՞ւ Լիոնել Մեսսին արհամարհեց ու «թքեց» ադրբեջանական նավթադոլարների վրա

Մամուլւ գրեց, որ «այս օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ հեղեղված է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին լուրերով: Ադրբեջանցիների ուղեղներում չի տեղավորվում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն առանց պատճառաբանության հրաժարվել է Արգենտինայի հավաքականի կազմում ընկերական խաղ խաղալ Ադրբեջանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 8 միլիոն դոլար էր առաջարկել, եթե Մեսսին խաղա գոնե 60 րոպե: Մեսսին հրաժարվել էր, Արգենտինայի հավաքականի ղեկավարները ստիպված էին մերժել առաջարկը: Փոխարենը հունիսի 9–ին 2 միլիոն դոլարի դիմաց Արգենտինան կխաղա Իսրայելում՝ տեղի թիմի հետ: Մեսսին հաճույքով համաձայնել է:

Այս պատմությունն ամիսներ առաջ է եղել, սակայն վերջին օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ անդրադարձել է խնդրին: Նրանք այդպես էլ բացատրություն չեն գտնում, թե ինչպես կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը 2 միլիոնը գերադասել 8 միլիոնից: Ազերիները նույնիսկ սկսել են փորփրել Մեսսիի անցյալը, «հասել» են մինչև նրա ծննդավայր Ռոսարիո՝ համոզվելու համար նրա արմատներում հայի արյուն կա՞, թե ոչ: Այլապես ինչո՞ւ նա պետք է «զզվեր» Բաքվից»…

Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ

Կայացան ֆուտբոլի Հայաստանի 2018թ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի 1-ին խաղերը: Թեեւ Կապանի «Գանձասար-Կապան»-ը Գյումրիում հանդիպեց «Շիրակ»-ի հետ, սակայն հանդես եկավ դաշտի տիրոջ կարգավիճակով: Միգուցե դա էր պատճառը, որ խաղի հաշիվը բացեցին հենց կապանցի ֆուտբոլիստները, երբ 24-րդ րոպեին Արա Խաչատրյանը հեռահար հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը: Շիրակցիները պատասխան գնդակը շատ չուշացրին եւ արդեն 42-րդ րոպեին Մուսա Բակայոկոն նման հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: 2-րդ խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել եւ հանդիպումն ավարտվեց հաշտությամբ՝ 1:1: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա հենց «Շիրակ»-ը:

Կիսաեզրափակիչ փուլի 2-րդ հանդիպմանը Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտ»-ին: Խաղի 58-րդ րոպեին Արտակ Դաշյանի խփած միակ գոլը հաղթանակ շնորհեց հյուրերին՝ 1:0: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին:

«Արարատ»-ը եւ «Ալաշկերտ»-ը խուսափեցին վերահաս պարտությունից

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ փուլի վերջին 2 հանդիպումներում գրանցվեցին գերարդյունավետ ոչ-ոքիներ: Նախ Երեւանի «Փյունիկ»-ն ու «Արարատ»-ը երեքական գնդակ փոխանակեցին եւ չկարողացան որոշել հաղթողին: Արարատցիներին վերահաս պարտությունից փրկեց Օրբելի Համբարձումյանը, որը հանդիպման 77-րդ րոպեին նախ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 90-ին հավասարեցրեց այն՝ 3:3:

Երեւանի «Ալաշկերտ»-ի եւ «Բանանց»-ի միջեւ կայացած խաղում գրանցվեց 4 գոլ: Նախ 2 անգամ աչքի ընկան հյուրերը՝ 21-րդ եւ 28-րդ րոպեներին, սակայն արդեն առաջին խաղակեսում ալաշկերտիները կարողացան վերականգնել հավասարակշռությունը: 2-րդ խաղակեսում թիմերի գործադրած ջանքերն արդյունք չտվեցին եւ ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2:

Առաջնության հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 17-18-ին:

«Փյունիկ»-ը 3:1 հաշվով վստահ հաղթեց առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ փուլում կայացած անդրանիկ խաղում Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ին: Առաջին խաղակեսն անցավ տանտերերի առավելությամբ, որոնք 3 գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Աչքի ընկան թիմի նորեկ Դրիսա Դիարասուբան, Ալիկ Առաքելյանը եւ Պետրոս Ավետիսյանը: «Ալաշկերտ»-ի նորեկ Սանի Օմորոջիեն 56-րդ րոպեին խփեց միակ պատասխան գնդակը:

Այդպիսով, «Փյունիկ»-ը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 24 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակ»-ին: «Ալաշկերտ»-ը չնայած 5-րդ պարտությունը կրեց, սակայն 34 միավորով թիմը շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:

- Հենրիխ Մխիթարյանը ներկա է «Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպմանը – «Փյունիկ»-ի մարզաբազայում ընթացող հանդիպմանը հետեւել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա ժամանել է Երեւան եւ կմիանա Հայաստանի ազգային հավաքականին նախապատրաստվելու մարտի 24-ին եւ 27-ին կայանալիք Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

«Շիրակ»-ը հաղթեց «Արարատ»-ին, իսկ «Գանձասար-Կապան»-ն ու «Բանանց»-ը ոչ-ոքի խաղացին – Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 19-րդ փուլի մնացած 2 հանդիպումներըՄրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ընթացող Կապանի «Գանձասար-Կապան»-ը Գյումրիում հյուրընկալեց Երեւանի «Բանաց»-ին: Կապանցիներ Անիլտոնի եւ Գեղամ Հարությունյանի խփած գոլերին հյուրերը պատասխանեցին Վալմերսոնի դուբլով՝ 2:2: Այսպիով, «Գանձասար-Կապան»-ը վաստակեց 28 միավոր եւ նահանջեց 3-րդ տեղ, քանի որ իրեն անմիջապես հետապնդող Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Այժմ առաջնությունում երկշաբաթյա ընդմիջում է հայտարարվել, քանի որ Հայաստանի հավաքականը մարտի 24-ին եւ 27-ին անցկացնելու է ընկերական խաղեր:

Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա), Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա), Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան), Մարկոս Պիզզելլի,  «Ակտոբե» (Ղազախստան), Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան), Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան), Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա), Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա), Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա), Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա), Նորբերտո Բրիասկո, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա), Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը եւ Գոռ Մալաքյանը չեն մասնկացելու հավաքին, քանի որ գտնվում են ապաքինման փուլում, իսկ Էդգար Մանուչարյանը նոր է ապաքինվել վնասվածքից:

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Մարտ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային ընտրանին կրկին 91-րդ տեղում է: Լավագույն 10-յակում են Գերմանիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Չիլիի հավաքականները:

Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները կմասնակցեն Չինգաչունգի հատուկ մրցաշարի

Մարտի 9-ին ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում Հենրիխ Մխիթարյանի թիմը առաջին հանդիպումն է անցկացնում Իտալիայում «Միլան»-ի հետ: «Արսենալ»-ի վերջին շրջանի ելույթները մեղմ ասած, չեն գոհացնում երկրպագուներին, սակայն Եվրոպա լիգայի հանդիպումները այլ մակարդակ եւ այլ մոտիվացիա են ենթադրում: Եվ հենց այստեղ է երեւում իսկական երկրպագուի հավատարմությունը:

Վիվառոն կրկին հանդես է գալիս մեր հավաքականի ավագի երկրպագուներին աջակցելու նախաձեռնությամբ: Ակցիայի այն մասնակիցները, ովքեր հավատում են, որ Հենրիխ Մխիթարյանը այս կարեւոր դիմակայությունում գոլի հեղինակ կդառնա եւ խաղադրույք կկատարեն այդ իրադարձության վրա, անվճար կգրանցվեն Չինգաչունգի հատուկ մրցաշարին: Մրցաշարը տեղի կունենա մարտի 14-ին, ժամը 22:00, իսկ մրցանակային ֆոնդ սահմանվել է 150.000 դրամ:

Ավելացնենք, որ Չինգաչունգի «Մխիթարյան» մրցաշարի ուղեգիր ձեռք կբերեն բոլոր մասնակիցները, անկախ իրենց կատարած խաղադրույքի ելքից: Հավատացեք հայ կիսպաշտպանի հաջողությանը եւ կատարեք խաղադրույք: Վիվառոն շարունակում է խրախուսել Հենրիխ Մխիթարյանի հավատարիմ երկրպագուներին:

Հենրիխ Մխիթարյան. Իրական երկրպագուները նրանք են, ովքեր գալիս եւ աջակցում են – Հենրիխ Մխիթարյանը եւ Արսեն Վենգերը խոսել են նաեւ երկրպագուների մասին

«Հաղթանակը դժվարությամբ տրվեց, քանի որ նախորդ մի քանի խաղում պարտվել էինք: Բայց մենք կարողացանք ուժ գտնել եւ խաղալ սեփական հարկի տակ, որպեսզի ցույց տանք՝ անընդմեջ պարտությունները վատ պատահականություն էին: «Միլան»-ի հետ հանդիպումից հետո մենք վստահություն էինք ձեռք բերել: Պետր Չեխի սեյվը 11-մետրանոցից հետո շատ կարեւոր էր, հակառակ դեպքում խաղի ընթացքը կարող էր փոխվել: Հնարավոր է՝ մրցակիցը կարողանար նաեւ 2-րդ գոլը խփել: Շնորհակալություն Պետերին: Նրա սեյվից հետո մենք ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք եւ խփեցինք 3-րդ գոլը: Ես միշտ պարզապես վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը: Դա առանձնահատուկ ինչ-որ բան է: Շնորհակալություն նրան այս գոլի համար: Մենք պետք է շարունակենք աշխատել նույն ոգով, որպեսզի ավելի շատ գոլեր խփենք:

Ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա պետք է նշեմ, որ մենք միշտ խաղում ենք նրանց համար: Խաղում ենք նրանց համար, ովքեր գալիս եւ աջակցում են մեզ: Իրական երկրպագուները նրանք են, ովքեր գալիս եւ աջակցում են: Իսկ միայն հաղթանակների ժամանակ մեր կողքին կանգնողների մասին ասելու բան չունեմ: Պարզապես շնորհակալ եմ բոլորին, ովքեր այսօր աջակցում էին մեզ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ թիմի երկրպագուները բոյկոտում են, եւ խաղերը անցնում եմ կիսով չափ դատարկ մարզադաշտում:

Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 30-րդ փուլում «Ուոթֆորդ»-ի հետ հանդիպման (3:0) լավագույն խաղացող: Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը «Արսենալ»-ի կիսապաշտպանի խաղը գնահատել է 8,8, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2 թիմերի խաղացողների շրջանում:

«Արսենալ»-իգլխավոր մարզիչ Արսեն Վենգեր – «Այսօր մենք հաղթանակի հասանք, եւ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարեւոր էր «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո պահպանել կայունությունը: Մենք անհաջող շրջան ունեցանք եւ երկրպագուների համար ծանր էր այնքան, որքան՝ մեզ համար: Մեր խնդիրն այն է, որպեսզի նման կարևոր պահերին միասին լինենք, արդյունք տանք և մեր խաղով վերականգնենք երկրպագուների վստահությունը»,- ասել է գլխավոր մարզիչը: Նա նշել է նաեւ, որ դժվար է համատարած նեգատիվիզմի մեջ, սակայն ինքն իր աշխատանքն է անում:

Մխիթարյանն առաջին գնդակն է խփում «Արսենալ»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրանիկ գնդակը խփեց «Արսենալ»-ի կազմում: ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլան»-ը տանն ընդունել է «Արսենալ»-ին: Հանդիպման 15-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաեւ իր առաջին գնդակը «զինագործների» կազմում:

- «Միլան»-«Արսենալ»՝ 0:2 – Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվելիս հաղթեց իտալական «Միլան»-ին – Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մրցակցի տուգանային հրապարակում խափս տվեց իրենց հսկող պաշտպանին եւ հուժկու հարվածով գրավեց դարպասը: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 4-րդ րոպեին աչքի ընկավ Աարոն Ռեմզին, ով մենմենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց եւ 2-րդ անգամ գրավեց Դոնարումայի պաշտպանած դարպասը: 2-րդ խաղակեսը չնայած անցավ տանտերերի խաղային առավելությամբ, սակայն նրանց կատարած 11 հարվածներից ոչ մեկը չհասավ նպատակին: Այդպիսով, «Արսենալ»-ը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ մտնելու համար: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

- Լոնդոնում, Եվրոպայի լիգայի պատասխան խաղում «Արսենալ»-ը 3:1 հաշվով հաղթելով «Միլան»-ին, մտել է քառորդ եզրափակիչ:

Հենրիխ Մխիթարյանը` հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի կողմից Եվրոպա լիգայի խաղակության 1/8-րդ եզրափակչի «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Քվեարկության արդյունքում նա ստացել է ձայների 60%-ը։ «Այս երեկո մենք բոլորին ցույց տվեցինք, թե ինչ կարող ենք անել: «Միլան»-ի դեմ խաղալը հեշտ չէ: Ես դա իմ փորձից եմ ասում, երբ մենք այստեղ 4:0 հաշվով պարտվեցինք: Այնպես որ, ես ուրախ եմ, որ այս խաղում կարողացանք հաղթել» – հայտարարել է Ռեմսին:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն խաղացող

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի հարցման արդյունքներով փետրվար ամսվա թիմի լավագույն խաղացող է ճանաչվել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես հայտնում է աղբյուրը, հայազգի կիսապաշտպանը, որը 5 գոլային փոխանցում է կատարել անցած ամսվա ընթացքում, ստացել է ձայների մոտ 75%-ը: Նա բավականին առաջ է անցել 2-3-րդ տեղերը զբաղեցրած Նաչո Մոնրեալից ու Աարոն Ռեմզիից:

«Արսենալ»-ի պաշտոնական կայքը Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է լավագույն խաղացող ճանաչվելու կապակցությամբ:

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը լավագույն թեկնածուների մեջ է

Ֆուտբոլի եվրոպական միությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են Եվրոպայի լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Դրանք են Լոնդոնի «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Կիեւի «Դինամո»-ի կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, ֆրանսիական «Լիոն»-ի պաշտպան Մարսելոն եւ ավստրիական «Զալցբուրգ»-ի կիսապաշտպան Վալեն Բերիշան: Վերջինս թեթեւակի առավելություն ունի, քանի որ 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում դուբլի հեղինակ է դարձել:

Հենրիխը շատ արագ ինտեգրվեց թիմին

Անգլիական «Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել հայ ֆուտբոլիստի հարմարվելու փուլն ակումբում։

Sportsmax.tv-ի փոխանցմամբ՝ նա ասել է. «Հենրիխը շատ արագ ինտեգրվեց թիմին։ Կարծում եմ՝ մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին։ Նրան լավ ընդունեցինք թիմում։ Նրա ֆուտբոլային մակարդակն օգնեց հարմարվելու գործընթացում»։ Մարզիչը հավելել է նաեւ, որ հայ ֆուտբոլիստին օգնել է նաեւ այն փաստը, որ եղել է արտասահմանյան թիմերում եւ գիտի, թե ինչպես պետք է վարվել։

Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Արսենալ»-ը ջախջախեց «Ուոտֆորդ»-ին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ փուլի խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց «Ուոտֆորդ»-ին: Տանտերերի գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին խաղի արդեն 8-րդ րոպեին բացեց հաշիվը: 2-րդ խաղակեսի 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց այն, իսկ 77-ին արդեն մեր ֆուտբոլիստը գրավեց դարպասը եւ խոշոր հաշվով հաղթանակ պարգեւեց իր թիմին: Գոլը խփելուց հետո Հենրիխ Մխիթարյանն անմիջապես փոխարինվեց:

Նշենք, որ հյուրերը կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Դինի 11մ նշանակետից կատարված հարվածը հետ մղեց «Արսենալ»-ի դարպասապահ Պետեր Չեխը:

Բասկետբոլի Երեւանի միջազգային մրցաշարին կմասնակցի 4 թիմ

Մարտի 12-14-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար` նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին: Մրցաշարին կմասնակցեն Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի»-ի, Թբիլիսիի «Հունդա»-ի, Թեհրանի «Արարատ» եւ Երեւանի «Ուրարտու» ակումբները:

Բասկետբոլ, Երեւան-2800. «Ուրարտուն» պարտությամբ մեկնարկեց – Նախկին «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է «Երեւան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը: Երեւանի «Ուրարտու»-ն հանդիպեց «Գազպրոմ Մոսկովսկի»-ին եւ զիջել  65:93 հաշվով (15:18, 9:25, 26:28, 15:22): Խաղի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել  մոսկովյան ակումբի բասկետբոլիստ Սերգեյ Բիկովը (22 միավոր): «Ուրարտու»-ի կազմում ամենից շատ միավորներ վաստակել է Էդգար Բաբայանը (20 միավոր): Մյուս խաղում Թբիլիսին ներկայացնող «Հունդա»-ի ակումբը 106:65 հաշվով առավելության է հասել Թեհրանի «Արարատ» ակումբի նկատմամբ:

«Ուրարտու»-ն մեծ օգուտ ստացավ միջազգային այս մրցաշարին մասնակցելուց

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանի կարծիքով, հայկական ակումբը «Երեւան-2800» միջազգային մրցաշարում կարողացավ անհրաժեշտ օգուտներ քաղել: «Ուրարտու»-ն մեծ օգուտ ստացավ միջազգային այս մրցաշարին մասնակցելուց: Մեր խնդիրն այն է, որ նոր տղաները, ովքեր միացել են ակումբին, կարողանան հարմարվել եւ խաղային եզրեր գտնել միմյանց հետ: Չեմ ասի, թե պաշտպանությունում ամեն ինչ կարգին է, խաղերի հաշիվներն են խոսում այդ մասին: Բայց խնդիրներ կային նաեւ հարձակման գծում, քանի որ չէինք կարողանում միավորներ հավաքել»,- ասել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչը:

Անդրադառնալով մրցակիցներին` մասնագետը շեշտեց, որ նրանք ուժեղ էին եւ բարձրակարգ: «Հունդա»-ին խաղում էր նույն կազմով, որով հանդես է գալիս Վրաստանի առաջնությունում, եւ առաջատարն է: Թեհրանի «Արարատ»-ը նույն կազմով հաղթել է Իրանի Մ-23 տարեկանների առաջնությունում: Նրանք հրաշալի դիմադրություն էին ցույց տալիս մեզ հետ խաղում: Իսկ ահա «Գազպրոմ»-ի կազմում հանդես է գալիս Եվրոպայի չեմպիոն, ով, անկախ տարիքից, մեծ փորձով բասկետբոլիստ է»,- ասել է Սարգիս Ստեփանյանը:

«Երեւան-2800»-ի վերջին խաղերում Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի»-ն 91:65 հաշվով առավելության հասավ Թեհրանի «Արարատ»-ի նկատմամբ եւ հռչակվեց «Երեւան-2800» մրցաշարի հաղթող: Երեւանի «Ուրարտու»-ն 2-րդ տեղի համար պայքարում 63:100 հաշվով պարտվեց Թբիլիսիի «Հունդայ»-ի ակումբին եւ եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարի լավագույն պաշտպանը՝ Դրո Տեր-Ղուկասյանն է («Արարատ»), խաղարկող եւ MVP-ն՝ Սերգեյ Բիկովը («Գազպրոմ Մոսկվա »), կենտրոնականը՝ Արտյոմ Ալտունինը («Ուրարտու»), թեթեւ հարձակվողը՝ Դանիել Վիլիամսը («Հունդա»-ի) եւ ծանր հարձակվողը՝ Յուրի Վասիլեւը («Գազպրոմ Մոսկվա»):

«Արթիկ»-ը կիսաեզրափակիչ առաջին խաղում հաղթեց ՖԻՄԱ-ին

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայում կայացավ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: «Արթիկ»-ն ի հարկի տակ ընդունեց ՖԻՄԱ-ին եւ հաղթեց 111:87 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 3-ին: Եթե «Արթիկ»-ը կրկին հաղթանակ տանի, ապա կմտնի եզրափակիչ, իսկ պարտության դեպքում կանցկացվի լրացուցիչ հանդիպում: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին:

«Ուրարտու»-ն առաջին խաղում պարտվեց «Արցախ»-ին

Երեւանի «Ուրարտու»-ն Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում իր հարկի տակ ընդունեց Ստեփանակերտի «Արցախ»-ին: Առաջին քառորդը 19:16 հաշվով ավարտվեց հյուրերի առավելությամբ: Երկրորդ խաղակեսում տանտերերը ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլեւ առաջ անցան՝ 35:34: Սակայն վերջին 2 խաղափուլերում «Արցախ»-ի բասկետբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին եւ ի վերջո հաղթեցին 76:70 հաշվով:

Հյուրերից 25 միավոր վաստակեց Կոնստանտին Միրզոյանցը: «Ուրարտու»-ի կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Արագադ Աբրահամյանը՝ 24: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, Ստեփանակերտում:

Հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները

Ավարտվել է  գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Հրաձիգները, ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ից, մրցել են օդամղիչ ատրճանակ, վազող  թիրախ՝ խառը վազք վարժություններում: Հայաստանի չեմպիոններ եւ մրցանակակիրներ են դարձել.

Օդամղիչ ատրճանակ տղամարդիկ. Նորայր Առաքելյանը, Երեմ Եղիազարյանը, Բենիկ Խլղաթյանը

Օդամղիչ ատրճանակ կանայք. Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը, Մանան Ասլիկյանը

Վազող թիրախ՝ խառը վազք տղամարդիկ. Հովհաննես Մարգարյանը, Դավիթ Աբաջյանը, Հարություն Հարությունյանը

Վազող թիրախ՝ խառը վազք կանայք. Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Արուսյակ Գրիգորյանը:

Ազատ Հովհաննիսյանը պահպանեց չեմպիոնական գոտին

Հայաստանցի բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը հերթական նշանակալից հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: 2011թ. պրոֆեսիոնալի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցն անցկացրեց իր թվով 16-րդ մենամարտը: Մրցակիցը 28-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Ռոնի Ռիոսն էր, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 31 մարտերում տարել էր 29 հաղթանակ:

Կալիֆորնիայի Կոստա Մեսա քաղաքի OC Fair & Event Center մարզադահլիճում կայացած մրցամարտն անցավ մեր բնցքամարտիկի բացահայտ առավելությամբ, որը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին: Սա նրա թվով 14-րդ հաղթանակն էր, այդ թվում 8-ը՝ անընդմեջ: Այդպիսով, Ազատ Հովհաննիսյանը պահպանեց WBC-ի վարկածով Ամերիկայի մայրցամաքային թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի գոտին:

- Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակների շարքը (պրոֆեսիոնալ) - Հայաստանի հավաքականի նախկին բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Մոսկվայում կայացած «Պրոսպեկտ» մրցաշարում Նարեկ Աբգարյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել ուզբեկ Բեկսուլթան Ռաուշանովին՝ տանելով 8-րդ հաղթանակը 8-րդ մենամարտում (5 նոկաուտ)։ Գոռ Երիցյանը 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Վրաստանը ներկայացնող Միխեիլ Ավագյանին։ Դա Երիցյանի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Արամ Ավագյանը (58․9 կգ) մրցավարների միաձայն որոշմամբ ուժեղ է գտնվել ուզբեկ Բուրգուտ Հաջիբոեւից։ Ավագյանն անցկացրել է 7-րդ մենամարտը եւ տարել 7-րդ հաղթանակը (2 նոկաուտ): Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս Punch Boxing Promotions-ի թիմում:

Սամբիստները որոշեցին 2018թ. չեմպիոններին

Երեւանում կայացել է սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումենրին մասնակցել են շուրջ 70 մարզիկներ Երեւանից, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից եւ Արցախի Հանրապետությունից:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Գոռ Մալյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, Սպիտակ), Արսեն Ղազարյանը (74 կգ, Վանաձոր), Դավիթ Գրիգորյանը (82 կգ, Արցախ), Գրիգոր Սահակյանը (90 կգ, Գյումրի), Գոռ Գյունաշյանը (100 կգ, Երեւան) եւ Արթուր Բունիաթյանը (+100 կգ, Սպիտակ):

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների: Հաղթող եւ մրցանակակիր մարզիկներից էլ կձեւավորվի Եվրապայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հավաքականը: Որպես 2017թ. լավագույն մարզիկներ անհատական գավաթներ ստացան Տիգրան Կիրակոսյանն ու Գրիգոր Մխիթարյանը, լավագույն տեխնիկայի համար՝ Արսեն Ղազարյանը, մարզական կամք դրսեւորելու համար՝ Դավիթ Գրիգորյանը:

Հայ ձյուդոյիստը «Մեծ սաղավարտ»-ում գրավեց 2-րդ տեղը

Հայաստանի առաջատար ձյուդոյիստ, 25-ամյա Ֆերդինանտ Կարապետյանը մասնակցեց Եկատերինբուրգում մեկնարկած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում: 73 կգ քաշային կարգում հանդես եկաղ մեր մարզիկը իրար հետեւից 4 հաղթանակ տարավ եւ մտավ եզրափակիչ, ընդ որում կիսաեզրափակիչում նա իպոնով առավելության հասավ 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլեի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Ֆերդինանդ Կարապետյանը, ավաղ, լրացուցիչ ժամանակում պարտվեց մոնղոլ ձյուդոյիստ Ցոգբաթար Ցենդ-Օչիչին եւ գրավեց 2-րդ տեղը: Նշենք, որ փետրվարին Դյուսելդորֆում կայացած «Մեծ սաղավարտի» նախորդ մրցաշարում մեր մարզիկը զբաղեցրել էր մրցանակային 3-րդ տեղը:

Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս մարզիկը՝ Արսեն Ղազարյանը, արդեն առաջին մարտում պարտվեց ռումինացի Ալեքսանդրու Բայչուին եւ դուրս մնաց պայքարից: Տատամի դուրս կգա նաեւ Հայաստանի 3-րդ մասնակիցը, 81 կգ քաշային ձյուդոյիստ Վարդան Խաչատրյանը, որն առաջին փուլում կմրցի խորվաթ Դոմինիկ Դրուժետայի հետ: Նկատենք, որ այս մրցաշարում հաղթողին բաժին է հասնում 5000 դոլար պարգեւավճար, իսկ 2-րդ տեղին՝ 3000:

Պատանի ազատ ոճայինները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում  

Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: 20-րդ անգամ անցկացվող «Արջուկ» («Մեդվեժոնոկ») մրցաշարը նվիրված է Օլիմպիական խաղերի եւ Եվրոպայի եռակի, աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդին: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 246 ըմբիշ:

Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել 7 մեդալով: Մրցաշարի հաղթող է դարձել 92 կգ քաշային Լյովա Գեւորգյանը: Արծաթե մեդալ է նվաճել Կնյազ Իբոյանը (48 կգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (51 կգ), Գենիկ Ասատրյանը (55 կգ), Մեժլում Մեժլումյանը (60 կգ), Նարեկ Հարությունյանը (65 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (92 կգ): Մարզիկները մրցաշարին մասնակցել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։