Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մաս) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Զրադաշտի մասին գրվել են բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ՝ մեկը մյուսից հակասական:

Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը, աղավաղել եւ իրանականացրել են այն:

Որպեսզի վերը նշվածը մերկախոսություն չհամարվի, բերենք մի օրինակ Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքից, որտեղ ասվում է. «Փոժդուհն իր «Զարթոշթ նամե»-ում Զրադաշտի տարբեր հրաշքները ներկայացնելով, իմիջիայլոց այսպես է ասում. «Երբ 15 տարեկան եղավ, գիտությամբ, վարքով, բարեպաշտությամբ եւ մաքրակրոն պաշտամունքով հանրահայտ եւ բոլորից վեր էր: Որոշեց իր հետեւորդներով գնալ իրան, երբ ծովից առանց պատշաճ միջոց անցնելը անհնար էր, բայց նա իր հետեւորդների հետ ջրից քայլելով անցան, նույնիսկ առանց այն, որ իրենց հագուստները թրջվի…

Թե ինչու Զրադաշտը ցանկացավ իր ծննդավայրից հեռանալ եւ գնալ իրան, դա բացատրվում է գասաների յասնա 12/51 հայի մեջ, որ Զրադաշտը ասում է, որ ծմռան, դժվարին մի կածանում անկարող ճանապարհը շարունակել, ապաստան է խնդրում մոտերքը գտնվող մի իշխանի (քավե-թագավոր) տնից, բայց իշխանը նրան չի ընդունում: Գասաների մեջ նույն հատվածում նա դժգոհում ու գանգատվում է, թե որ երկիրը ապաստանեմ, քանզի իրեն որեւէ մեկը չի պատսպարում: Ահա թե ինչու նա որոշեց իր երկրից հեռանալ եւ գնալ Իրան»:

Եթե նկատեցիք, մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով: Փորձենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված այս տարբերությունը:

Հայերեն «իրան» բառը նշանակում է.   1. մարդու մարմինը առանց գլխի եւ վերջավորությունների: 2. Ծառի բունը: 3. Գետի կամ որեւէ հոսող ջրի ճանապարհը եւ նման այլ բաների ընթացքը:  

Պրովանսալյան լեզվում (պրովանսալցիները պատկանում են դինարիք ցեղերին, որոնք սերում են հայերից,- Գ.Պ) երկաթը կոչվում է aran (արան) կամ iran (իրան)՝ կախված բարբառից: Արիադնա (Ariane) բառը, որը հին ariage բառի ձեւն է, նշանակում է սարդ, որի վերջնական իմաստն է՝ երկաթ, մագնիս:

Հունարեն aruan նշանակում է ծագող արեւ: Aruw (արուվ) բառը ունի նաեւ aruan ձեւը, ինչը նշանակում է ծովից ծագող  լուսատու, իսկ ձայնավորների տեղափոխությունից ստացվում է orient (Արեւելք) բառը (Ֆուլկանելլի, (տեխնիկական խնդիր…)ռուս.- Գոտիչեսկիե սոբորի ի իզոտերիչեսկայա ինտերպրետացիյա սիմվոլով Վելիկոգո Դելանիյա):

Եթե վերցնենք Արիադնա անունը «սարդ», «մագնիս» իմաստով, եւ նկատի ունենալով «Արիադնայի թել» արտահայտության թաքնագիտական իմաստը, ապա iran (aran) կնշանակի «ճանապարհ դեպի կենտրոն եւ այնտեղից դուրս գալը»:

Սարդը հյուսում է իր պաճուճավոր եւ հնարամիտ ցանցը՝ սարդոստայնը, որի թելերը միատեղվում են կենտրոնական կետում:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ «իրան» (iran) պրովանսալյան բառը փոքրատառով նշանակում է ճանապարհ դեպի կենտրոն, իսկ հայերեն «իրան» բառը՝ հոսող ջրի՝ ճանապարհի ընթացքը: Եթե նկատի ունենանք նաեւ մեռնող-հառնող Արա-Զրադաշտին, ապա «իրան» կնշանակի «ճանապարհ դեպի անդրաշխարհ եւ այնտեղից դուրս գալը»:

Մեծատառով Իրան բառն էլ կնշանակի Արեւելք, այլ ոչ թե՝ Պարսկաստան-Իրան:

Ի դեպ, Զրադաշտի ժամանակաշրջանում Իրան անունով պետություն չի եղել:

Ըստ Գառնիկ Ասատրյանի ((տեխնիկական խնդիր…)ռուս.- Գառնիկ Ասատրյան, Էտնիչեսկայա կոմպոզիցիյա Իրանա, 2012), Իրան (իրան-զամին, շախրե Իրան) անվանումը վերականգնվել է 13-րդ դարում մոնղոլների ժամանակ, իսկ հանրագիտարանում (ՀՍՀ, 4) ասվում է, որ մինչեւ 1935թ. այն կոչվել է Պարսկաստան, իսկ 1976թ. նշվել է Իրան պետության 2500-ամյակը:

Աստվածաշնչում ասվում է. «Երկիրը եղել է դատարկ եւ առանց ձեւի, եւ Աստծո ոգին էր շարժվում ջրերի մակերեւույթի վրայով»:

Ջրերի վրայով են քայլել նաեւ Զրադաշտն ու իր հետեւորդները, ինչը վկայում է, որ նրանք եղել են աստվածներ, հրեշտակներ:

Դ. Լենգի «Հայաստանը մարդկության օրրան» գրքում նշվում է, որ Հայոց Տրդատ թագավորը Հռոմ մեկնելիս, որպես զրադաշտական քուրմ, հրաժարվել է նավարկելուց եւ ուղեւորվել է Հռոմ ցամաքով, որովհետեւ զրադաշտական կրոնով արգելվում էր օգտվել ջրային փոխադրամիջոցներից:

Որոշ հեղինակներ էլ գտնում են, որ Տրդատին երկրպագել են որպես Միհրի էմանացիային (ճառակայթվածքին):

Հովիկ Ներսիսյանը Ավեսթայի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Զրադաշտը ծնվել է ա՛իրիա՛նա՛ վա՛եջա-ում Դարեջա (Դար) գետի կողքին Վանգուհի Դաիթա (Որոտան) գետի ջրերով սնվող երկրում, որտեղ արարվել է առաջին մահկանացու զույգը:

Դար բառը ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում նշանակում է. 1. Հարյուր տարի, հարյուր տարվա ժամանակաշրջան: 2. Զույգ (թիվ):

Ըստ երեւույթին առաջին մահկանացու զույգի հետ է կապված Դար (Դարեջա) գետի անվանումը:

Եթե դար բառը դիտենք որպես երկու թվերից կազմված զույգ, ապա այդ թվերն են մեկը (I) եւ զերոն (0), որտեղ մեկը միագիծ այբն է («I») կամ արականի սկզբունքը, իսկ զերոն՝ «0» տառը կամ Ձուն (շրջանը)՝ իգականի սկզբունքը, այլ կերպ ասած արականը իգականից անդրոգինում:

Ղ. Ալիշանը իր «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» գրքում գրում է. «Ասում են Զրադաշտը 30 տարեկանում դուրս եկավ հայրենիքից եւ գնաց արեւելք՝ Պարսկաստանի եւ Հնդկաստանի սահմանների մոտ, որտեղ 10 տարի առանձնացավ մի քարայրում եւ այնտեղ Որմիզդի ներշնչանքով հին բակտրիական լեզվով գրեց իր հռչակավոր գիրքը՝ Ավեստան, որ համահունչ հայերեն բառով թարգմանում են «Հավաստի բան»:

Ալիշանը համարում է, որ Զրադաշտը ամենահավանական հաշվարկով ծնվել է փրկչական թվականից 600 տարի առաջ եւ մահացել է 522թ. Ուրմիա քաղաքում: Նա գրում է. «Մեր պատմիչներն այս վայրը հիշելիս գրեթե միշտ ավելացնում են «քաղաք Հայոց», որ նշանակում է աղանդապետն էլ կարող է լինել ինչպես հայ, այնպես էլ պարսիկ, մար կամ ասորի, ինչպես ասում են այլեւայլ գրողները:

Անունը Ավեստայի լեզվով, որով նա գրեց իր վարդապետությունը, Զարադուշտրա, Զերաթոշթ, Զարադուշտ էր, որից նոր պարսկերեն Զերթյուշտ, ըստ մեզ Զրադաշտ, ըստ արեւմտյանների՝ Զորոաստր (Zoroastre), որը ըստ բառի ստուգաբանվում է որպես «ոսկի աստղ», ըստ ոմանց հատկապես Շնիկ աստղ, … շատ անգամ կրում Սպիտաման, այսինքն՝ «ընտիր, գերազանց» մականունը:

Հայկի սերնդի մեջ ամենածանոթ դյուցազնը կամ առասպելը Արան է, որին արդեն հիշատակեցինք առլեզի մասին առասպելում: Հայկի ու Արամի գործերից հետո ազգիս պատմության մեջ սրա հիշատակն է նշանավորը, մանավանդ, ըստ վիպասանների, հռչակավոր Շամիրամի հետ ունեցած հարաբերությամբ: Երբ եւ ինչ կերպով էլ եղած կամ կարծված լինի Արայի գլխավոր դիպվածը (մահը եւ մահից հետո կատարվածը), հարկ է որ այնքան առասպելների  մեջ ստույգ մի կետ ունենա կամ շատ մեծ ու տարածված համբավ, ինչը ընդունել է մինչեւ իսկ իմաստուն Պլատոնը եւ նշել իր «Հասարակապետություն» երգասիրության 10-րդ գրքում, եւ ուրիշներն էլ նրանից են վերցրել, ինչպես Կղեմես Ալեքսանդրացին: Բայց հայտնի է, որ հույները չէին կարող ընդունել եւ անվանել օտար մի բան առանց փոփոխության եւ ըստ այսմ Արա դառնում է ոչ միայն Էր, այլեւ Ալկիմոս, այսինքն քաջ ու կորովի, ինչպես հայերեն այր բառն էլ նույնն է նշանակում. տեղով կամ ազգությամբ էլ ասում են պամփիլիացի, շփոթելով ուրիշի հետ: Միաբան են ասելով, որ սպանվել է պատերազմում, եւ մարմինը տասը օր անապական մնալով, փոխադրվել է իր ընտանիքի մոտ: Երբ երկու օր անց տանում են այրելով հուղարկավորելու, ողջանում է եւ պատմում է, ինչ որ ինքը տեսել է հանդերձյալ աշխարհի դժոխքում կամ արքայության մեջ, կամ Պլատոնն է երեւակայել: Թեեւ Կղեմես Ալեքսանդրացին վերցնում է Պլատոնից, բայց Էր Պամփիլիացուն կոչում է Արմենիուսի որդի շփոթելով ուրիշ Պամփիլիացի Զրադաշտ մի հայի հետ, որ Կյուրոսի բարեկամն էր եւ գրեց, ասում է, իր հետ պատահածի մասին: Առնոբիոսն էլ այս ավանդությունը վերցնում է Կտեսիատոս հին պատմիչից եւ Զրադաշտի կամ Զոստսրիանոսի թոռանը անվանում է Արմենիուս: Զրադաշտ կամ նման անունով մի մոգ հիշատակվում է Կյուրոսի ժամանակներում՝ նույնը կամ հռչակավոր աղանդապետերից տարբեր, որ թերեւս մեր նահապետների մեջ կոչվել է Ար-մոգ եւ անունով շփոթվել է Արայի հետ, ժամանակով էլ Կյուրոսից կամ Տիգրանից քիչ առաջ էր կամ հետ»:

Զարմանալի է, որ Ալիշանը իր վերլուծությունում չի անդրադարձել Կտեսիոսի աշխատությունում տեղ գտած մի տեղեկության…

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։