Հայաստանը իրար գլխի հավաքված ղեկավարների մի այլ կարգավիճակում է հայտնվել – Գործող եւ ապագա նախագահների  ու վարչապետերի երկիրը… Հիմա երկրի գործող նախագահը շարունակում է վարել փոխլրացնող արտաքին քաղաքականություն համաշխարհային բեւեռների հետ… Գալիս են նոր ժամանակնե՞ր, թե՞ ամեն ինչ կսկսվի նորից… Դռնփակ նիստ անցկացնելն ասում են ժողովրդավարական է…

Այսօր Հայաստանը մի այլ կարգավիճակում է հայտնվել, կա երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյան եւ մոտ ապագայի նախագահ Արմեն Սարգսյան, կա գործող վարչապետ Կարեն Կարապետյան եւ մոտ ապագայի վարչապետ Սերժ Սարգսյան: Այո, հաստատ Սերժ Սարգսյան, ինչքան էլ խորհրդավոր է պահվում ՀՀԿ-ի կողմից եկող վարչապետի անձը:

Բայց վերջինիս մասին ստորեւ:

Հիմա երկրի գործող նախագահը կարեւորագույն հանդիպումներ է ունենում եւ շարունակելով վարել փոխլրացնող արտաքին քաղաքականություն, կարողացել է ամրագրել Հայաստանի տեղը ինչպես Եվրասիական, այնպես էլ Եվրոպական ուղղությամբ: Հայաստանն իրապես անհավանական հաջողություններ արձանագրեց ե՛ւ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ճակատում ե՛ւ ԵԽ, ԵՄ, ՆԱՏՕ ճակատում, ինչը հնարավորություն տվեց տարածաշրջանում հավասարապես խաղալ այնպիսի փորձառու խաղացողների հետ, ինչպիսիք են՝ Թուրքիան, Իրանը, արաբական որոշ երկրներ ու նաեւ Իսրայելը: Իսկ նախկինում, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերից դուրս թողնված Հայաստանը դժվարությամբ էր հավասարակշռում իր դերն ու դիրքը անգամ Ադրբեջանի ու Վրաստանի հետ…

Այսօր հայ-թուրքական հարաբերությունների խաթարման համար ամբողջ պատասխանատվությունը դրվեց Անկարայի վրա, Ադրբեջանը կորցրեց իր «կարողությունները» կաշառատվությամբ եվրոպական հաջողություններ գրանցելու առումով, իսկ Վրաստանը պատրաստ է մի կողմ թողնել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գործող եռյակը եւ միանալ նախատեսվող՝ Իրան-Հայաստան -Վրաստան տարածաշրջանային եռյակին: Սա նշանակում է Հայաստանը նաեւ տարածաշրջանում կարողացավ առաջնային դիրքեր մղել իր դերը, ինչը եւս քիչ հավանական էր թվում թյուրք-վրացական եղբայրության հռչակված համապատկերում… Լուրջ փոփոխությունների մեջ են հայ-իսրայելական հարաբերությունները, ինչը կարող է էլ ավելի ամրապնդել Հայաստանի դերը մեր տարածաշրջանում՝ հատկապես աշխարհի վերաձեւման հերթական գործընթացքում:  

Հայաստանին, ինչպեսեւ Թուրքիային շրջապատող երկրների բարձրաստիճան ղեկավարների հանդիպումները եւս կարեւոր են: Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ռումիանիայի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները կարող են այլ ընթացք ստանալ, եթե Անկարան շարունակի իր նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը…

Այս ամենից հետո չի կարելի որոշակիորեն չգնահատել գործող նախագահի հաջողված քայլերը արտաքին քաղաքական բնագավառում:

Իսկ ի՞նչ է անում մոտ ապագահի նախագահը:

Նա մինչ իր նշանակումը, արդեն իսկ հասցրել էր շփվել Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական դաշտի ներկայացուցիչների մի մասի հետ, չնայած խոստացել էր հանդիպել բոլորին… Հանդիպումները շարունակվեցին պետական գործիչների հետ, ինչպեսնաեւ մտավորականության ու մշակույթի ներկայացուցիչների, ապա այդ ամենն ամփոփվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ:

Հաջորդ շփումները Արցախում էին, ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ պետության ներկայացուցիչների հետ, որն ավարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ:

Արմեն Սարգսյանը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հանդիպումներ ունեցավ նաեւ այլ երկրներ իր պետական ու քաղաքական գործիչների, գործարար շրջանակների հետ, ինչը արդեն շարունակվեց ՀՀ ԱԺ կողմից ՀՀ նախագահ ընտրվելուց հետո:

Այսօր, փաստորեն այն, ինչ արձանագրել է գործող նախագահը արտաքին ասպարեզում, կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի նորընտիր նախագահի համար «անհասանելի» հարցեր են այլեւս… Նա այլ իրավասությունների շրջանակ ունի: Այսինքն, այդ ամենը շարունակելու է իրականացնել նորընտիր վարչապետը: Եվ այն հանգամանքը, որ կառավարության նիստերն այդ ժամանակ դռնփակ են անցկացվելու, արդեն ամեն ինչ պատրաստ է դրա համար, նշանակում է նորընտիր վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, քանզի դռնփակ նիստերը նրա ոճում են:

Ուստի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք քննարկված՝ «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տված հանձնարարականի հիման վրա, կիրականացնի հենց Սերժ Սարգսյանը: Իսկ թե մինչեւ երբ, ժամանակը ցույց կտա:

ՀՀԿ-ն հրաժարվել է համեմատել գործող եւ մոտ ապագայի վարչապետերին: «Չենք կարող Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ զուգահեռներ տանել»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մինչեւ ապրիլ ՀՀԿ-ն չի պատրաստվում քննարկել վարչապետի թեկնածուի հարցը»,- շարունակում են պնդել հանրապետականները, սակայն ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս համոզված է, որ բոլորը գիտեն ամեն ինչի մասին… Նա էլ մամուլի  միջոցներին կոչ արեց ձեռնպահ մնալ գնահատականներ հնչեցնելուց: «Պետք չի շտապել, դանդաղ շտապեք, մենք ամեն ինչ կքննարկենք, երբ  գա ժամանակը»,- նշել է նա:

Գալիս են նոր ժամանակնե՞ր, թե՞ ամեն ինչ կսկսվի նորից

Եվ այսպես՝ նոր կառավարությունը կազմված կլինի վարչապետից, 1-ին փոխվարչապետից, 2 փոխվարչապետերից եւ 17 նախարարներից։ ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի եւ հարակից օրենքների փաթեթը ներկայացնելիս ասել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ ներկայիս կառավարությունում 18 նախարարություն կա։

Ըստ Դավիթ Հարությունյանի, կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները: Միաժամանակ նաեւ ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված

իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի եւ փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձեւավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետերին սպասարկելու է համապատասխան գրասենյակը։

Նախարարը նշեց նաեւ, որ նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի անցկացման, քվորումի վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում: «Ինչպես գիտեք, կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, սակայն, քանի որ կառավարության գործունեությունը չի կարող լինել հանրային տեսադաշտից դուրս, թե օրակարգում, թե օրակարգից դուրս ներկայացված նախագծերը պետք է մեկ օր առաջ  ներկայացվեն կառավարության պաշտոնական կայքէջում»,-ընդգծել է Դավիթ Հարությունյանը:

Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է

Կառավարության նիստի ժամանակ ոչ միայն լրագրողների, այլ ցանկացած կառավարության ոչ անդամի մասնակցությունը սահմանափակում է ցանկացած քննարկում: Այս մասին խոսել է Արդարադատության նախարաը՝ անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն:

«Եթե դուք ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա լինի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը: Ձեր բանավեճը կամ ձեր փաստարկները ներկայացնելիս, բնականաբար, հաշվի կառնեք այլ անձանց ներկայությունը»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է գործի անկաշկանդ:

Նրա խոսքով՝ ուսումնասիրել են այլ երկրների փորձը, եւ աշխարհում չկան երկրներ, որոնց կառավարության նիստերն ամբողջովին հեռարձարկվում են: Հայաստանը, ըստ նրա բացառություն է:

«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք Եվրոպայի խորհրդին կհանդգնենք մեղադրել պակաս ժողովրդավարական լինելու մեջ»,- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրնագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել էր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։ «Ժողովրդավարության խնդիր չկա, ավելին՝ վստահ եմ, որ լավ գիտեք, որ ԵԽ շատ հանձնաժողովների նիստերը դռնփակ են, դռնբաց նիստ անում է բացառապես պառլամենտական վեհաժողովը»,- շեշտել է Գեւորգ Կոստանյանը:

Նա նշել է, որ ինքը չգիտի մի միջազգային կազմակերպության գործադիր մարմին, որը նիստերը դռնբաց են անցկացնում. «Հույս ունեմ, որ այս հարցն այլեւս քննարկման առարկա չի դառնա»։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը վարչապետի ենթակայությանը հանձնելուն, նրան «սուպերվարչապետ» դարձնելուն, ապա պատգամավորն ասաց, որ սուպերության մասին չէ խոսքը, հակառակը՝ ավելի շատ պատասխանատվության մասին է. «Վարչապետը ստանձնում է քաղաքական պատասխանատվություն Ոստիկանության ու ԱԱԾ-ի համար, լուրջ պատասխանատվություն է ստանձնում ընդ որում»։

«Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից, չեմ կիսում այս առումով հնչող մտագոհությունները»,- ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա հավելել, որ որեւէ մեկը չի կարող իրեն համոզել, որ կառավարության դռնփակ նիստեր անցկացնող Գերմանիան, Մեծ Բրիտանիան կամ Իսրայելը ժողովրդավարական երկրներ չեն: «Ավելին, Իսրայելի նման ժողովրդավարական երկրում կառավարության նիստերը ոչ միայն դռնփակ են, այլեւ այնտեղ չի թույլատրվում բացի կառավարության անդամներից որեւէ մեկին մասնակցել այդ նիստերին։ Մինչդեռ մեր կառավարության նիստերին մասնակցում են նաեւ ոչ կառավարության անդամներ»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակը:

Խոսքի ազատության սահմանափակման մասին լուրերը չափազանցված են եւ չեն համապատասխանում իրականությանը. ասում են նաեւ քաղաքական մեկնաբանները: Պատկերը շուտով կերեւակվի:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։