Առաջնագծում՝ նաեւ Արեւի օգնությամբ – Հայ-ադրբեջանական սահմանային առաջնագծի դիրքերում տեղադրվել են արեւային պանելներ եւ մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով… Չճանաչված պետության քաղաքացիների իրավունքները – Անկախ պետության կարգավիճակից, եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման ու իրացման համար…

Առաջնագծում՝ նաեւ Արեւի օգնությամբ

«Թուֆենկյան» բ/հ նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական սահմանային առաջնագծի դիրքերում տեղադրվել են արեւային պանելներ եւ մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով: Գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը հայտնել է, որ արեւային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է այս ամսին, եւս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում: Ծրագրի նպատակն է աջակցել Արցախի պաշտպանության բանակին, ինչը շարունակական բնույթ է կրելու:

«Արեւային համակարգերի պատրաստումը բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը, որի պատրաստած տվյալ արեւային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող եւ օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մեդինա Հովհանիսյանը: «Արփի Սոլար» ընկերությունը մանրամասնել է, որ համագործակցության շրջանակում պատրաստվել է 25 շարժական համակարգ, յուրաքանչյուր լրակազմի համար: «Մարտկոցի օգտագործվող օրական պաշարը՝ 960 Վտժ է, արեւային համակարգի օրական միջին ակնկալվող էներգիան՝ 1170 Վտժ»,- նշել է ընկերությունը:

Շուտով արեւային ջրատաքացուցիչները կգան կենցաղում փոխարինելու գազի եւ փայտի վառարաններին: Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրում 2 հազար ֆիզիկական եւ իրավաբանական անձ արդեն օգտվում է արեւային ջրատաքացուցիչներից:  

Մասնագետներն ասում են, որ օգտագործելով մեր արեւային պաշարը, կապահովենք նաեւ էներգետիկ անվտանգությունը: Նշենք նաեւ, որ Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արեւային կայանի կառուցման ծրագիր կա նախատեսված:

Չճանաչված պետության քաղաքացիների իրավունքները

Տարեսկզբին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է չճանաչված պետությունների քաղաքացիների կրթական իրավունքի մասին, նշելով, որ Եվրոպայում չպիտի լինեն «սեւ խոռոչներ»։ Նա հիշեցրել է, որ դեռ 1960թ. UNESCO-ն ընդունել է կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք անկախ այն հանգամանքից, թե որտեղ է բնակվում։

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը խոսել է այնպիսի մի կարեւոր ու հրատապ խնդրի մասին, ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անքակտելի մաս:  Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների քաղաքացիները  զրկված են եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց եւ դուրս են եվրոպական կրթական տարածքից։

«Միջազգայն օրենքներով հստակ է, որ չճանաչված պետության քաղաքացիները ունեն նույն իրավունքները, ինչ այստեղ նստած ձեզանից յուրաքանչյուրը»,- ասել է եվրապատգամավորներին Նաիրա Զոհրաբյանը: Ապա նորից հիշեցրել, որ UNESCO-ն ընդունել է կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, որը ցայսօր չի չեղարկվել եւ օրենքի ուժ ունի։ «Այս ամբիոնից կրկին անգամ մեր Վեհաժողովին, որի հիմնարար արժեքը մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն է, կոչ եմ անում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կրթական որակավորումը ճանաչելու խնդրին, ինչը մարդու իրավունքների գերակա պահանջ է։ Այսօր, սակայն, Արցախում ապրող ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից, զրկված են եվրոպական միացյալ կրթական տարածքին ինտեգրվելուց։ Մինչդեռ, այս ամբիոնից քանի հազար անգամ է հնչել, որ Եվրոպայում չճանաչված պետությունների քաղաքացիները ունեն նույն իրավունքները, ինչ ճանաչված պետության յուրաքանչյուր քաղաքացի»։

Այսօր Արցախի Հանրապետությունում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական եւ 5 բարձրագույն ուսումնական հաստատություն: Սակայն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների  համար իրենց երկրի սահմաններից դուրս  մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ ու խոչընդոտներ, ինչպես, օրինակ, կրթական ավարտական վկայականների  չճանաչվածությունն է, ինչը լուրջ  խոչընդոտներ է ստեղծում Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար։ Բացի դա՝ Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, եւ չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված  որեւէ ծրագրից:

Մեկ բան հստակ է՝ անկախ պետության կարգավիճակից, եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման ու իրացման համար։ «Դա մեր եւ ձեր իմպերատիվ պարտականությունն է, անկախ նրանից, թե այստեղ նստածներից ով է դեմ այդ իրավունքին»,- եզրափակել է ՀՀ պատգամավորը: Առաջարկվել է Վեհաժողովին ստեղծել աշխատանքային խումբ՝ չճանաչված պետությունների բնակչությանը կրթական ծրագրերում ներգրավելու, կրթական գործընթացին մասնակից դարձնելու ուղիներ գտնելու համար:

Այս հարցի լուծումը օգտակար կլինի եւ Արցախի բնակչության, եւ, չճանաչված այլ երկրների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Եվրոպայում առկա նման երկրների համար:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։