Հայաստանի առանցքային դերն այլեւս անհեռանկար չէ – Եթե մինչ այժմ մեկ եռյակ էր իշխում տարածաշրջանային ենթակառուցվածքների ասպարեզում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, ապա արդեն կազմավորվում է նորը՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը… որը կարող է բավարարել ոչ միայն եվրոպական ուղղությունը, այլեւ՝ Իրան-Ադրբեջան-դեպի Ռուսաստան եռյակին… Պետք է շարունակել աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ…

«Լուսանցք»-ը վերջերս անդրադարձել է հայ-վրացական հարաբերությունների հնարավոր ջերմացմանը, որը ոչ այնքան հայ-վրացական նախաձեռնություն է, որքան՝ արեւմտյան ուղղության հետ է կապված: Մենք նշել էինք, որ շուտով տարածաշրջանում կարող են մրցակցել երկու եռյակներ: Եթե մինչ այժմ մեկ եռյակ էր իշխում տարածաշրջանային ենթակառուցվածքների ասպարեզում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, ապա այսօր արդեն կազմավորվում է նորը՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը: Այս առումով որոշիչ կլինի Վրաստանի դերը, որը մինչ վերջերս Հայաստանի օգտին չէր աշխատում: Եվ մեր երկիրը միշտ դուրս էր մնում տարածաշրջանային ծրագրերից:

Բայց թուրքական վտանգը սկսեցին գիտակցել նաեւ գերտերությունները, ինչը Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եղբայրական հռչակված դաշինքին մղեց խարխլման: Այս եռյակը այնքան ամուր էր թվում, որ անգամ ռազմա-քաղաքական պայմանագիր կնքեցին, որ որեւէ երկրի դեմ ռազմական գործողությունների դեպքում մյուս երկուսը եւս կմասնակցեն… եւ սա կնքվեց մեր բռնազավթված տարածքներից մեկում՝ Նախիջեւանում: Այստեղ հաճախ են կայանում նաեւ թուրքական դաշինքի երկրների (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) հավաքները:

«Լուսանցք»-ը քանիցս նշել է, որ ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը, որ պայմանագրային պարտավորություններ ունեն ի պաշտպանություն Հայաստանի հանդես գալու, ավելի բարձր են համարել թուրքական դաշինքին իրենց անդամակցությունը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն անգամ բարձր ամբիոններից է խոստովանել, որ թուրքական երկրների դաշինքը ամենակարեւորն է իրենց համար:  

Ահա այս սարդոստայնում էր նաեւ Վրաստանը, որը մշտապես օգտվել է այսօրինակ դաշինքների հակահայկական գործունեությունից: Սակայն, Արեւմուտքը այլ բան է թելադրում այսօր, ինչը պահանջում է Հայաստան-Վրաստան կապի վերանայում: Սա էլ ինքնաբերաբար վերանայում է պահանջում թուրք-ադրբեջանական ուղղության հետ:

Վրաստանի ու Հայաստանի նախագահների, վարչապետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը եկան հավաստելու, որ արդեն կարեւորվում է Հայաստանի միջոցով իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները: Հստակեցվում են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական եւ մի շարք այլ հարցեր։

Զուգահեռ իրանական կողմն էլ կարեւորում է Հայաստանով Վրաստանի շուկա, ապաեւ՝ Սեւ ծովով Եվրոպա դուրս գալու հեռանկարները: Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակին էլ հնարավոր է փոխարինի՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով Ռուսաստան դուրս գալու հարցը: Խնդիրը ռուս-վրացական հարաբերություններն են, որ բարելավման կարիք ունեն: Սակայն, տնտեսական շահը մշտապես բաց է պահել վրաց-ռուսական ճանապարհները, ինչը նաեւ միջազգային պարտավորությունների հետ է կապված:

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարը, խորհրդարանական Մարկ Փրիթչարդը՝ շարունակելով ուսումնասիրել Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների մեծացման հնարավորությունները: 2017թ.-ին իր նշանակումից ի վեր արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան: Սա եւս նոր է, քանի որ անգլիական ուղղությունը հիմնականում գործակցել է Վրաստան-Ադրբեջան ուղղության հետ: Բայց ոչ միայն բուն եվրոպական՝ Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա դաշինքը, այլեւ անգլո-ամերիկյան համագործակցությունը իրենց ծրագրերում արդեն տեսնում են Հայաստանին:

Հանձնակատար Մարկ Փրիթչարդը հանդիպումներ է ունեցել Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի, ինչպես նաեւ մի շարք գործարարների հետ:

Մեծանում է նաեւ ՀՀ-ի դերը ԵԱՏՄ-ի հետ համագործակցել ցանկացող մի շարք երկրների համար: Հայաստանն անգամ կարող է լավագույն միջնորդը լինել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում:

Հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմերի հետ հարաբերություններից: «Հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկամության գոտի»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ Թբիլիսիում  Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ հանդիպմանը: Նա նշել է. «Հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմերի հետ հարաբերություններից: Հայկական կողմը մեծապես կարեւորում է խորհրդարանական եւ այլ մակարդակներում Վրաստանի հետ առավել համագործակցային հարաբերությունների խթանումը»:

Մոսկվան Ցխենվալի ձեռքերով արգելափակում է Լարսի այլընտրանքը, որը Հայաստան-Վրաստան-Ռուսաստան կապի կարեւորագույն առանցքն է: Հայաստանի արտաքին քաղաքական գերհարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է որոշակի անորոշ իրավիճակ:

Ռուսաստանն ու Վրաստանը 2008թ. պատերազմից հետո՝ 2011թ., ստորագրել են մաքսային մոնիտորինգի համաձայնագիր, որը պետք է թույլ տա Վրաստանի եւ նրանից փաստացի անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ առեւտրային շրջանառություն իրականացնել: Ըստ այդ պայմանագրի՝ Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջեւ մաքսային ծառայություն պետք է իրականացնի շվեյցարական մասնավոր կազմակերպությունը, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրի քաղաքական կողմերից եւ անջատված շրջանների կարգավիճակի հարցի քննարկումից:

Ռուս-վրացական բանակցությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով, կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ դրանց հաջողության պարագայում Հայաստանը տեսական հնարավորություն կստանա օգտվել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներից: Ինչպես հայտնի է, Հայաստանից դեպի Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն անցնում է բոլորիս հայտնի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով, որը պարբերաբար փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով:

Բայց հայկական կողմը շարունակում է աշխատել կողմերի հետ եւ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա ուղղության հաստատումից հետո վստահաբար քայլեր կձեռնարկվեն նաեւ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղղությունը վերագործարկելու առումով:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։