Թուրքական նոր ծավալապաշտության բումերանգային ուղեգիծը – Հայտնի է, որ եվրոպական շատ երկրներ սկսել են արգելել անգամ թուրք պաշտոնյաների մուտքը իրենց տարածք, ինչը լուրջ հակադրություն է առաջացրել… Անկարան անգամ հայտարարեց, թե չի բացառվում, որ «Ինջիրլիք» ռազմաբազայից օգտվի նաեւ ռուսական զինուժը, ինչն ավելի սրեց ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերությունները…

Թուրքիայում որոշ ընդդիմադիր ուժեր սկսել են լրջորեն անհանգստանալ, քանի որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլեւս անզուսպ պայքար է տանում ներքաղաքական կյանքում, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում հետզհետե ավելացնում է երկրի թշնամիների բանակը: Ընդդիմադիրներն անհանգստանալ սկսեցին, երբ սահմանադրական բարեփոխում ասվածը թուրքական հանրապետությունը վերածեց կրոնապետական երկրի, եւ Անկարան հետզհետե գնում է իսլամական Թուրքիայի ճանապարհով, սա համարելով օսմանական կայսրության վերականգնման խթան:

Թուրքիայի նախպագահը արդեն հանդես է գալիս թուրքական սուլթանի դիրքերից, ինչը անհանգստացնում է ոչ միայն թուրքական ընդդիմությանը, հարեւան երկրներին, այլեւ՝ աշխարհի գերտերություններին:

Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ցանկացած քայլ, որը կշոշափի երկրի նախագահի հրաժարականի հարցը, կոշտ վերաբերմունքի է արժանանում իշխանությունների կողմից, իսկ հալածանքները հասել են այն աստիճանի, որ հազարավոր քաղաքացիներ լքում են երկիրը:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ինքը առաջնորդվում է երկրի շահերով եւ հրաժարական կտա, եթե ընդդիմադիր Ազգային-Հանրապետական կուսակցության ղեկավարը հրապարակի իր կոռումպացված լինելու մասին ապացույցներ: «Եթե դուք ունեք ապացույցներ, ապա հրապարակեք, եւ ես պատասխան կտամ: Հակառակ դեպքում խոստովանեք, որ զրպարտել եք ինձ ու ներողություն խնդրեք: Թող ապացուցեն, թե որ արտասահմանյան բանկում Էրդողանը հաշվեհամար ունի: Եթե ցույց չտան, թող հեռանան  քաղաքականությունից: Իսկ եթե կարողանան ապացուցել, ես կթողնեմ իմ պաշտոնը»,- ասել է նախագահ-սուլթանը:  

Հայտնի է, որ եվրոպական շատ երկրներ սկսել են արգելել անգամ թուրք պաշտոնյաների մուտքը իրենց տարածք, ինչը լուրջ հակասություն ու հակադրություն է առաջացրել Անկարայի հետ հարաբերություններում: Թուրք պաշտոնյաները պարբերաբար վիրավորական խոսքեր են հնչեցնում Հոլանդիայի, Բելգիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ այլ պետությունների ու նրանց ղեկավարների նկատմամբ, ինչը հետզհետե լցնում է համբերության բաժակը: Լարվել են նաեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, հատկապես Սիրիայի հիմնախնդրի հետ կապված: Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղակայցած ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազայի հետ կապված հակասությունները դեռ չեն կարգավորվել: Այստեղ խնդիրներ կան ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի զինուժերի հետ կապված:

Անկարան անգամ հայտարարեց, թե չի բացառվում, որ այդ ռազմաբազայից օգտվի նաեւ Ռուսաստանը, որի զինուժը պայքարում է իսլամական ահաբեկիչների դեմ, ինչն ավելի սրեց ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները: Անկարան այսպես փորձում է ահաբեկել Արեւմուտքին, թե կբարելավի հարաբերությունները Մոսկվայի հետ, անգամ ատոմակայանի կառուցման եւ զենքերի ձեռքբերման պայմանագրեր է կնքել ռուսական կողմի հետ: Բայց այս ամենը ոչ թե վախեցրել, այլ հիասթափեցրել են Արեւմուտքին, որը թույլ չի տալիս իր հետ այդ լեզվով խոսել:

Եվրոպական երկրներում արդեն սկսել են թուրքական մզկիթների վրա հարձակումները: Սրանք նախանշան են, որ թուրքերն իրենց ապահով չզգան: Գերմանա-թուրքական դիվանագիտական հարաբերությունները ամենալարված են, ինչը ազդում է նաեւ Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների վրա ընդհանրապես։ Շուրջ 2 տարի է՝ ինչ գերմանա-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, ավելին՝ հակամարտությունը խորանում է։ Այսպես սրվել են նաեւ Թուրքիա-Եվրամիություն փոխհարաբերությունները:

Գերմանիայի եւ այլ պետությունների իշխանությունները արդեն մտահոգված են իրենց երկրներում օր օրի աճող թուրք բնակչության թվաքանակից։ Եվրոպացիները արդեն հասկացել են, որ թուրքական հանրույթը կարող է դուրս գալ իրենց վերահսկողության դաշտից՝ ամբողջապես ենթարկվելով Անկարային: Թուքիայի սահմանադրական փոփոխությունների ժամանակ նկատելի էր, որ Անկարայի կոչերը եվրոպական թրքական տարրի վրա հիմնականում ազդում են, եւ դա լուրջ վտանգ է այլեւս:

Եվ եվրոպական երկրներում թուրքական մզկիթների վրա հարձակումները առաջին զգուշացումն են եվրաթուրքերին, որոնք անապահով իրավիճակից պիտի վերհիշեն, որ գտնվում են գերմանական, հոլանդական կամ ֆրանսիական իշխանությունների վերահսկողության ներքո։

Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ հիմնականում Գերմանիայում են աշխուժացել հակաթուրքական շարժումները եւ այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն, որտեղ նրան է հանձնվել է թուրքական կողմի բողոքը: «Ովքեր էլ լինեն այդ հանցագործները, այդ երկրի, կառավարության պարտավորությունն է նրանց ձերբակալել եւ կանգնեցնել դատարանի առաջ: Ցավոք, մինչ օրս թուրքերի դեմ իրականացված գործողությունների մեծ մասը մնում է չբացահայտված»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հետաքրքիր է, որ այս համապատկերին Թուրքիայի նախագահը այլեւս չի վախենում բացահայտ խոսել Օսմանյան Թուրքիայի վերաստեղծման մասին, ինչն էլ ստիպել է նրան պաշտպանել բոլոր թուրքերի շահերը ամենուր: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը եւս անդրադարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոստովանությանը, որ «այսօրվա Թուրքիան Օսմանյան կայսրության շարունակությունն է»… Այստեղ հեղինակը նշել է նաեւ այն հիմնական խնդիրը, որը տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են, այն է՝ Հայոց ցեղասպանության իրողությունը: Վերջին տարիներին որոշ թուրքեր փորձում են խաղարկել հարցը՝ իբր արդարանալով, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:

Փաստորեն, մարտավարություն է փոխվել եւ հարցն այս պատճառաբանությամբ այլեւս չի դրվում, թե ցեղասպանություն իրականացվել է, թե ոչ, այլ թե ով է պատասխանատու դրա համար: Նրանք, ովքեր օգտագործում են այս հիմնավորումը, պնդում են, որ Թուրքիայի Հանրապետությունը՝ Օսմանյան կայսրության ոչ իրավահաջորդն է, ոչ էլ շարունակությունը, այլ մի նոր եւ անջատ պետություն…

«Այս փաստարկն աստիճանաբար թուլացավ, երբ նախագահ Էրդողանն սկսեց խոսել եւ գործել որպես օսմանյան սուլթան… Շաբաթներ առաջ Թուրքիայի ղեկավարն ավելի բարդացրեց իրավիճակն իր երկրի համար, երբ, ըստ լոնդոնյան «Թայմս» թերթի, պնդեց, որ «ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է՝ ուղղակի հակասելով Աթաթուրքի գաղափարախոսությանը, որը մերժել էր կայսերական դարաշրջանը որպես հետամնաց, հնացած, որը պետք է անտեսվի ու մոռացվի, այլ ոչ թե փառաբանվի»,- նշել է Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագիրը:

Հայտարարելով, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է, սուլթան-նախագահը փաստորեն ընդունում է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության բոլոր քայլերի համար, որ Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգել է Օսմանյան կայսրության ունեցվածքը, ժառանգել է նաեւ նրա պարտավորությունները…

Օրինակ, հայտնի է, որ Հեյդար Ալիեւը ԽՍՀՄ կազմաքանդումից հետո «նոր Ադրբեջանի» ստեղծման փուլում ամրագրեց, թե 1991-ին անկախություն հռչակող Ադրբեջանը չի հանդիսանում 1918-ի Մուսավաթական Ադրբեջանի իրավաժառանգորդը:

Այսպես էր վարվել իր ժամանակին նաեւ Քեմալ Աթաթուրքը՝ նշելով, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության ոչ իրավահաջորդն է, ոչ էլ շարունակությունը…

Ե՛վ Հեյդար Ալիեւը եւ՛ Քեմալ Աթաթուրքը փորձեցին ազատվել մուսավաթական եւ օսմականական վայրագություններից, սակայն դա չի կարող պատճառ լինել՝ նախկին պատասխանատվությունից խուսափելու համար…

Եթե Իլհամ Ալիեւը շարունակում է հոր գիծը եւ չի դառնում Մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը, ապա Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց «նոր Թուրքիայի» հիմնադրի խոսքից եւ իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգորդը: Թուրքիայի ներկայիս նախագահը սրանով փորձում է ինչպես իրավունքներ ցույց տալ նոր տարածքներ զավթելու համար, այնպես էլ հիմնավորել, որ թուրքերը հին «ազգ» են…

Այս առումով՝ Ադրբեջանի ներկայիս նախագահը հրաժարվելով 100 տարի առաջ ստեղծված Խորհրդային Ադրբեջան արհեստական պետությունից, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ադրբեջանցի «ազգ» չկա, իսկ այս Ադրբեջանն էլ անգամ 30 տարվա կյանք չունի…

Փաստորեն, Թուրքիայի նախագահը հանուն նորօսմանական եւ նոր համաթուրանական մեծատարածք կայսրությունների ստեղծման՝ պատրաստ է իր վրա վերցնել նաեւ պատմական անցյալի բոլոր պատասխանատվությունները: Ուրեմն պիտի չհապաղենք համայն հայությամբ եւ այդ պատասխանատվությունը պարտավորության վերափոխենք եւ մեր պահանջատիրությամբ պարտադրենք հայկական հարցի օրակարգը:

Առավել եւս, որ Անկարան ինքն է ավելացնում իր հակասությունները, ինչպես եվրոպական ու ամերիկյան, այնպես էլ տարածաշրջանային բազմաբնույթ ուղղություններով: Եվ չի ցանկանում կանգ առնել…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։