Մշակութային.- Շոու բիզնեսում չգիտես՝ ժպիտը ժպի՞տ է, թե՞… Աշխարհի մարզական հեւքից.- Հենրիխ Մխիթարյանը ստացավ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը… Անվանի ֆուտբոլիստի հանդիպումներն ու բարեգործությունը… Հավակնորդներ. Տարբեր հավակնությունների մրցամարտ… Պարտվեց եւ լքեց առաջին հորիզոնականը… Իրանցի աշխարհահռչակ ըմբիշ Համիդ Սուրյանը Հայաստանում… Մարտական սամբոյի չեմպիոնները… Անվասայլակով բասկետբոլի Հայաստանի թիմը հաղթել է Վրաստանի թիմին… Բասկետբոլ. «Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին եւ մտավ եզրափակիչ…Այլ մարզական լուրեր… Մարդ, ով կարողանում է շնաձկանը նոկաուտի ենթարկել…

Շոու բիզնեսում չգիտես՝ ժպիտը ժպի՞տ է, թե՞…

Երգչուհի Եվա Թաշչյանը, ով շատերիս հայտնի է «Ժողովրդական երգիչ 2» նախագծից, երգի ասպարեզում իր կարիերան սկսել է հենց այդտեղից, 16 տարեկանում, երբ արդեն բավական հասուն էր հասակակիցների համեմատ.

– Մտածված չեմ սկսել երգել։ Հաճախել եմ երգի խմբակի, բայց երգչուհի դառնալու նպատակ չկար։ Ինձ համար երգը երկրորդ պլանում էր, պարը ավելի շատ էի սիրում այդ շրջանում: Ինչեւէ,  «Հայտագրվեցի «Ժողովրդական երգիչ» նախագծին։ Նախագծի առաջին եթերաշրջանը երբ եղավ, այդքան չէի հետեւում: Իսկ երբ «Սուպերսթար»-ը եղավ, այլ աչքով նայեցի՝ հաճելի էր, որ իմ տարիքի աղջիկները մասնացում էին, առաջ էին գնում, բայց, միեւնույնն է, դա իմը չէր: Հետո «ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանն էր սկսվում եւ որոշեցի մասնակցել:

Եվան հիշում է, թե ինչպես է ընտանիքն աջակցել իրեն.

– Ոչ մի խոչընդոտ չեղավ, ինքս էլ չերկմտեցի, հստակ որոշեցի եւ գնացի։ Մայրս մտածում էր՝ պետք չէ գնալ՝ կկոտրվեմ, եթե չանցնեմ, բայց հայրս հենց սկզբից կողքիս էր, ես էլ հաստատ էի որոշել: Նախագծում բոլորս էլ ընկերներ էինք, բայց 14-ով էլ պայքարում էինք հաղթանակի համար: Կարեւորն այն է, որ չկոտրվեցի, ամեն անցածս փուլը ուժ էր ինձ համար: Իհարկե մտածում էի, որ հնարավոր է դուրս մնամ, բայց հանդիսատեսը գնահատեց ինձ: Նախագծի վերջում, մինչեւ վերջին րոպեն Հայկուհին մտածում էր՝ ինքն է հաղթելու, ես մտածում էի՝ ես եմ լինելու հաղթողը: Երբ նրա անունը հայտարարեցին որպես հաղթողի, առհասարակ ցավ չզգացի, միայն սրտանց ուրախացա: Որովհետեւ այդ պահին հասկացա, որ ես էլ եմ հաղթել, հանդիսատեսը հենց այդպես էլ ընդունեց երկուսիս:

Նախագծի ավարտից հետո Եվան շարունակեց զբաղվել երգարվեստով, զգաց շոու բիզնեսի լավ ու վատ կողմերը: «Տարբեր երկրներից հրավիրում էին համերգների, ես դեռ չէի զգում դժվարությունը երգարվեստում, այդ շրջանում 1.5 տարվա պայմանագիր ունեինք «Շանթ» հեռուստաընկերության հետ, պայմանագրի ավարտից հետո նոր միայն սկսեցի խմբից առանձին համերգների մասնակցել: Չնայած, ոչ մի միջադեպ չեղավ այդ ընթացքում, բայց հիասթափվեցի կուլիսներից այս կողմ եղած շատ բաներից: Դրանից հետո շատ քիչ եմ մասնակցում համերգների, էլ այդքան չխորացա շոու բիզնեսի մեջ»:  

Եվայի կարծիքով՝ շոու բիզնեսում շրջապատից կարող ես ժպիտներ ստանալ, բայց չհասկանալ՝ նրանք ընկերնե՞ր են, թե՞ «թշնամիներ»:

Խոսեցինք նաեւ ապագայի պլաններից. «Անցում էստրադային չի լինի, որովհետեւ ժողովրդականն է իմը, թող վերամբարձ չհնչի, բայց իմ երգած ամեն երգի մեջ ես ինձ գտնում եմ, սրտով եմ երգում, զգում եմ երգիս ամեն բառն ու նոտան: Ձայնասկավառակ չեմ պատրաստվում թողարկել, որովհետեւ հասկացա, որ հիմա երբ կա համացանցը՝ անիմաստ է»։

2016թ. «Դուդուկիս» երգի տեսահոլովակն առաջինն էր Եվայի համար.

– Մեծ արձագանք ստացա, շատ լավ խոսքեր լսեցի։ Ապրիլի 7-ին կլինի երկրորդ տեսահոլովակի պրեմիերան, դուետով ենք հանդես գալիս երաժիշտ Հովհաննես Վարդանյանի հետ, երգը սիրո մասին է: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս են եղել:

Հանդիսատեսին եմ շնորհակալ, չնայած այս պահին եթերում շատ չկամ, բայց ինձ չեն մոռանում, շատ ջերմ են վերաբերում, անգամ դրսում՝ պատահաբար տեսնելիս…

Լիանա Դավթյան

Մարդ, ով կարողանում է շնաձկանը նոկաուտի ենթարկել

Իսպանացի պրոֆեսիոնալ ջրասուզորդ Կառլոս Սիմոնը, ով 1988թ.-ից ավելի քան 6000 սուզում է կատարել ամբողջ աշխարհում, կարողանում է նոկաուտի ենթարկել ցանկացած տեսակի շնաձկան:

Կառլոս Սիմոնը վստահեցնում է, որ շնաձկներն այդքան անողոք չեն, ինչպես ընդունված է կարծել, եւ որ նրանց հետ կարելի է լավ հարաբերություններ հաստատել:

Պարզապես, ըստ նրա, սուզման ժամանակ պետք է գործել սառնասրտորեն եւ խելամտորեն:

Հնարավոր հարձակումից խուսափելու համար, այնուամենայնիվ, ջրասուզորդն  իր հետ խայծ է վերցնում, որը շնաձկան համար առավել հետաքրքիր պետք է լինի, քան ինքը:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Ստացավ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգեւը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ մրցանակը ստանալու արարողությանը:

Հավաքելով 190 միավոր՝ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, այն ժամանակ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում եւ 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017թ. ընթացքում նա նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Հենրիխ Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր զլմ-ները գրեթե ամեն օր անդրադառնում եմ հայ ֆուտբոլիստին՝ նշելով նաեւ Հայաստան անունը եւ այս առումով ահռելի է նրա ավանդը աշխարհում Հայաստանի եւ հայության ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:

35 միավորով 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է 2-րդ, 5 անգամ՝ 3-րդ տեղում: 25 միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է 2-րդ, 4 անգամ՝ 3-րդ տեղում:

Նվիրաբերեց լավագույն մարզիկի ավտոմեքենան

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում  է՝ մարտի 24-ին եւ 27-ին Երեւանում էստոնիայի ու Լիտվայի ընտրանիների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Նա այցելել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հավաքականի ավագը 2017թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

Հանդիպեց պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստներին

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստան Մ16 եւ Մ19 տարեկանների թիմերին: ՀՖՖ-ն ներկայացնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Հանրահայտ ֆուտբոլիստը իր խորհուրդներ է տվել Հայաստանի ապագա ֆուտբոլային աստղերին:

Հաջորդ մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոնն է

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: 9 փուլերից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարունան է, 5,5 միավորով 2-րդ տեղում է Շահրիյար Մամեդյարովը: Եռյակի վերջում 5 միավորով Ալեքսանդր Գրիշչուկն է: Սերգեյ Կարյակինը եւ Դին Լիժենն ունեն 4,5 միավոր: Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն եւ Վլադիմիր Կրամնիկն ունեն 3,5 միավոր:

14 փուլի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան 2-ական անգամ սպիտակ եւ սեւ խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հ.Գ. – Ալեքսանդր ԳրիշչուկԼեւոն Արոնյան. Տարբեր հավակնությունների մրցամարտ – Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան 12-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ոռւսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մեր շախմատիստն արդեն դուրս է մնացել եզրափակիչ ուղեգրի համար պայքարից, քանի որ 3,5 միավորով զբաղեցնում է վերջին 8-րդ տեղը եւ արդեն ոչ մի կերպ չի կարող հասնել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային, ով ունի 7 միավոր: Ալեքսանդր Գրիշչուկը 6 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը եւ դեռեւս պայքարում է հաղթողի կոչման համար:

– Շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նա 4 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 6,5 միավոր եւ ընհուպ մոտեցավ մրցաշարի առաջատարներին՝ Ֆաբիանո Կարուանային ու Սերգեյ Կարյակինին, ովքեր ունեն 7-ական միավոր: Ի դեպ, վերջինս այս փուլում հաղթեց հենց ամերիկացի շախմատիստին: 1-ին տեղի համար կպայքարեն նաեւ Դին Լիժենն ու Շաքրիյար Մամեդյարովը, ովքեր Ալեքսանդր Գրիշչուկի նման վաստակել են 6,5-ական միավոր: Հարկ է նշել, որ չինացի շախմատիստն այսօր հաղթել է հենց ադրբեջանցի ախոյանին:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 26-ին կկայանա նախավերջին 13-րդ փուլը: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի առաջատարներից մեկի՝ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Պարտվեց եւ լքեց առաջին հորիզոնականը

Բաթումում ընթացող տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ փուլի խաղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը այս անգամ անհաջող խաղաց եւ կրեց իր առաջին պարտությունը՝ սեւերով զիջելով իսրայելցի Տամիր Նաբաթիին: Այդ սայթաքումից հետո մեր շախմատիստը 4 միավորով բաժանում է 4-21-րդ տեղերը: Առաջատար եռյակին հետապնդողների խմբում է նաեւ Հայաստանի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով խաղաղ դաշն կնքեց անգլիացի գրոսմայստեր Գավեյն Ջոնսի հետ:

3,5-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը, 3 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, ով այս փուլում կմրցի իր հայրենակից, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի ռուս Անտոն Դեմչենկոյի հետ, Հայկ Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի:

Անվանի եւ տիտղոսակիր մարզիկը՝ Հայաստանում

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի 6-ակի չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ Սուրյանին: Նախարարը ողջունել է հյուրին եւ նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրա պես տիտղոսակիր մարզիկի:

«Մեր երկու երկրների համագործակցությունը սպորտում եւ հատկապես՝ ըմբշամարտում, ծառայում է այդ մարզաձեւի զարգացմանը Հայաստանում ու Իրանում: Վստահ եմ, որ հայ եւ իրանցի ըմբիշները մարզագորգի վրա ախոյաններ են, սակայն մրցահարթակից դուրս լավ ընկերներ են: Դրա վառ ապացույցը մեր այսօրվա հանդիպումն է»,- ասել է նախարարը: Նա հյուրին է հանձնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ թողարկված հուշամեդալ:

Համիդ Սուրյանը շնորհակալություն է հայտնել նվերի, ջերմ ընդունելության եւ ցուցաբերած ուշադրության համար: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստա ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

2018թ. Հայաստանի մարտական սամբոյի առաջնություն

Մարտի 18-ին «Հայաստան», ՄՄ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մարտական սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի, Երևանի եւ Արցախի ուժեղագույն մարզիկների:

52 կգ ք/կ

1 Ջոն Բալայան-Արցախ

  1. Մուշեղ Հակոբյան-Աբովյան /Խոջայան ակումբ/
  2. Սարո Վարդանյան-Գյումրի
  3. Էդիկ Ապերյան-Երեւան /Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/-ՍՁՕՄՊՄԴ

57 կգ ք/կ

1 Մխիթար Մխիթարյան-Սպիտակ

  1. Հարություն Սարգսյան-Աբովյան
  2. Միշա Բաղինյան – Տավուշի մարզ, գ. Սևքար
  3. Պողոս Բադալյան-Երեւան ՝ՍՁՕՄՊՄԴ

62 կգ ք/կ

1 Կարեն Իսախանյան-Արցախ

  1. Համլետ Սուքիասյան-Աբովյան
  2. Արտյոմ Նալթակյան-Աբովյան
  3. Սամվել Բադալյան-Արցախ

68 կգ ք/կ

1 Վաչիկ Վարդանյան-Եղվարդ

  1. Մայիս Ներսեսյան-Երեւան
  2. Արթուր Երիցյան-Աբովյան /Խոջայան ակումբ/
  3. Հարություն Բաղդասարյան-Արցախ

74 կգ ք/կ

1 Թաթուլ Ավագյան-Արցախ

  1. Սամվել Պետրոսյան-Արցախ
  2. Վրեժ Հովհաննիսյան-Եղվարդ
  3. Արեմ Համբարձումյան-Արցախ

82 կգ ք/կ

1 Դավիթ Պետրոսյան-Արցախ

  1. Դավիթ Դանիելյան-Արցախ
  2. Նարեկ Սողոմոնյան-Երեւան
  3. Միքայել Պողոսյան-Երեւան՝ ՍՁՕՄՊՄԴ

90 կգ ք/կ

1 Հակոբ Օրդանյան-Երեւան՝ ՍՁՕՄՊՄԴ

  1. Արայիկ Գրիգորյան-Սպիտակ
  2. Ժորա Մարգարյան-Եղվարդ
  3. Արման Սաքանյան – Վանաձոր

100 կգ ք/կ

1 Նարեկ Համբարձումյան-Արցախ

  1. Արթուր Փիլոյան-Աբովյան /Խոջայան ակումբ/
  2. Արամ Հարությունյան-Աբովյան
  3. Գառնիկ Սարոյան-Սպիտակ

+100 կգ ք/կ

1 Ռոբերտ Ավետիսյան-Վանաձոր

  1. Արմեն Ադամյան-Արցախ
  2. Սահակ Պետրոսյան-Երեւան՝ ՍՁՕՄՊՄԴ
  3. Սարգիս Սարգսյան-Աբովյան /Խոջայան ակումբ/

Անվասայլակով բասկետբոլի Հայաստանի թիմը հաղթել է Վրաստանի թիմին

Մարտի 21-ին Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի եւ Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջեւ ընկերական խաղը: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումն ավարտվել է մեր մարզիկների հաղթանակով՝ 33:21 հաշվով:

Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ եւ վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի  մարզադպրոցի սաները:

Հանդիպումից հետո հայ եւ վրացի մարզիկները պարգեւատրվել են համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գ.Սագանելիձեի եւ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի կողմից: Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ»: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաեւ նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է եւ պատրաստվում է միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը:

Բասկետբոլ. «Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին եւ մտավ եզրափակիչ

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Ստեփանակերտի «Արցախ»-ն այսօր իր հարկի տակ ընդունեց կանոնավոր առաջնության հաղթող Երեւանի «Ուրարտու»-ին: Թիմերի առաջին մրցավեճում 76:70 հաշվով հաղթանակ էին տարել արցախցի բասկետբոլիստները: Եզրափակիչ մտնելու համար նրանց հարկավոր էր հաղթանակ տանել, քանի որ փլեյ-օֆֆում գործում են 2 հաղթանակների համակարգ:

Անչափ լարված ու դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց «Արցախ»-ի նվազագույն առավելությամբ՝ 90:88: Այդպիսով, արցախցի բասկետբոլիստներն առաջինը մտան եզրափակիչ, որտեղ կհանդիպեն ՖԻՄԱ-«Արթիկ» զույգի հաղթողի հետ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող 

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                  «Լուսանցք»՝    52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։