Հատուկջոկատային հակահայերը –  քուրդ կնոջ տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»… Պատմական հողեր ունենալու համար պիտի պատմություն ունենալ – անգամ իրենց սիրելի «Ատլետիկո Մադրիդ» ակումբը 15 տարով մեծ է արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետությունից…

Հատուկջոկատային հակահայերը

Ըստ  «Ակոս» պարբերականի, թուրք հատուկջոկատայինները «ծպտյալ» հայերի դեմ ուղղված արշավ են սկսել:

Դիարբեքիրի նահանգի Հազզո գյուղի բնակիչներից պատմել են, որ թուրք հատուկջոկատայինները, կասկածելով հայ լինելու մեջ, իրենց ճնշումների են ենթարկել:

Քրդական Հազզո գյուղի 76-ամյա բնակչուհի Սանիյե Էքթինն իր թոռնուհուն պատմել է, որ իրենց տուն են այցելել քաղաքացիական հագուստով թուրք հատուկջոկատայիններ եւ հայերեն խոսել:

Նրանք քուրդ կնոջ տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»:

Դիարբեքիրի Հազզո գյուղում բնակվում են հիմնականում քրդեր, ովքեր աջակցում են քրդերի անկախության պայքարին, Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), եւ այդ պատճառով գյուղը մշտապես թուրք հատուջոկատայինների հսկողության տակ է:

«Ակոս»-ի հետ զրուցել է Սանիյե Էքթինի թոռնուհի Ջեյլան Աքչան, ով պատմել է, որ իր տատիկը քուրդ մահմեդական է ու երիտասարդ ժամանակ մասնակցել է քրդական շարժումներին:

Թուրք ոստիկանների մոտ հիմնականում կասկած է առաջացրել տան գրադարանում «Աստվածաշնչի» առկայությունը: Տատը տանը միշտ «Ղուրան» է կարդում: Նրա տանը կա նաեւ «Աստվածաշունչ», որը նա պարբերաբար թերթում է:  

Կնոջ թոռներին հատկապես անհանգստացրել է այն, որ տատիկի հայ լինելու մասին բամբասանքները կարող են տարածվել գյուղում, ինչի հետեւանքով նա կարող է հարձակումների ենթարկվել քուրդ համագյուղացիների կողմից:

Պատմական հողեր ունենալու համար պիտի պատմություն ունենալ

«Մեր երկրի անվտանգության ամրապնումն ու տնտեսական առաջընթացի ապահովումը շարունակում են մնալ իշխանությունների քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունները:

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ներքին կայուն միջավայրը նպաստավոր պայմաններ են ստեղծել տնտեսական առաջընթացի համար»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն ու աճ ապահովող երկիրն է։

ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նման տեմպերի պահպանման դեպքում մեր քաղաքացիները անմիջականորեն կզգան այդ դրական փոփոխությունները:

«Արցախի խնդրի խաղաղ եւ արդար կարգավորումը մեր կարեւորագույն օրակարգային խնդիրներից է: Մենք շարունակելու ենք սատարել Արցախի քաղաքացիների ինքնորոշման աստվածատուր պայքարին, եւ այդ սատարման գործընթացում հիմնական գործոնը պետք է լինի մեր բանակը, որը թե՛ 90-ականներին եւ թե՛ այսօր հարկ եղած դեպքում  արժանիորեն հակահարված է հասցնում ադրբեջանական սադրանքներին:

Այս ամենը նյարդայնացնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որը հերթական անգամ հանդես է եկել զառանցանքով՝ նշելով, որ Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են:

Նախ, պատմական հողեր ունենալու համար պետք է պատմություն ունենալ: Ադրբեջան պետության պատմությունը դեռեւս 100 տարին չի բոլորել:

Իրենց սիրելի «Ատլետիկո Մադրիդ» ակումբը 15 տարով մեծ է Ադրբեջան պետությունից:

«Ադրբեջանը արհեստական պետություն է, որը թատերաբեմ է իջել 1918 թվականի մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի հետեւանքով»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Այստեղ հիշեցի «Միմինո» լեգենդար ֆիլմի հերոսներին, որոնք նշում էին. «Ես քեզ մի խելոք բան կասեմ, բայց դու հանկարծ չնեղանաս, նախ մտածիր՝ հետո խոսիր (թարգման. ռուսերենից)»,»,- ամփոփեց Աժ փոխնախագահը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։