Թրամփի գույնն ավելի է սփրթնել Էրդողանի «օսմանյան ապտակից» – Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները… Թուրքիայի նախագահի թիկնապահների վայրագությունից որոշ ցուցարարներ՝ հայկական, քրդական, ասորական, հունական համայնքներից, ծեծված արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել…

Դոնալդ Թրամփը արհամարեց ամերիկյան օրենքները եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ազատ խոսքի ու տեղաշարժի իրավունքներըը: ԱՄՆ-ի նախագահի «ամերիկյան մոդելը» ավելի շուտ ժանգոտեց, քան նախորդ նախագահ Բարաք Օբամայի դեպքում եղավ, ով խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին 2017թ. մայիսին խաղղաղ ցուցարարների, այդ թվում եւ հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:

Միջադեպը Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական լարվածության պատճառ էր դարձել: Ամերիկյան լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայի նախագահի թիկնապահների դեմ մեղադրանքները հանելու մասին որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու ցանկությամբ:  

Դատախազները 2017թ. նոյեմբերին դիմել էին դատավորին՝ հանելու մեղադրանքները նախագահ Էրդողանի թիկնապահներից 4-ի նկատմամբ: Այնուհետեւ, 2017թ. փետրվարի 14-ին՝ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ օր առաջ, հանվել էին մեղադրանքները եւս 7-ի նկատմամբ՝ նպատակ ունենալով թոթափել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը:

Այդուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյաները հերքել են այն, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով դատախազների վրա ճնշում է գործադրվել: Ուշագրավ է, որ որեւէ պաշտոնական հայտարարություն չէր արվել այն մասին, որ դատախազները 2018թ. փետրվարին հանել են մեղադրանքները եւս 7 կասկածյալի նկատմամբ: ԱՄՆ դատախազության գրասենյակը այս մասին հայտնել է միայն The Wall Street Journal-ի հարցմանն ի պատասխան: Գրասենյակից նշել են, որ շարունակում են պահպանվել մեղադրանքներն նախագահ Էրդողանի թիկնապահներից 4-ի, ինչպես նաեւ Կանադայի 2 քաղաքացու դեմ, որոնցից ոչ մեկը ձերբակալված չէ: Իսկ ԱՄՆ ազգությամբ թուրք 2 քաղաքացիներ սպասում են իրենց դեմ դատավճռի հրապարակմանը: Նրանք 2017թ. դեկտեմբերին ընդունել են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:

Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում 2017թ. մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ էին դարձել: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել: Հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաեւ նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է հենց Թուրքիայի նախագահը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը եւ ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել էր թիվ 354 երկկուսակցական բանաձեւը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը եւ կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության եւ քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձեւին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:

«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։