Մարզաշխարհի խաչմերուկներում.- ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը… Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն… Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում… Մեդալներ՝ սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարում… Ավստրալիայի ԱԳՆ-ն կբոյկոտի 2018թ. աշխարհի գավաթը – Մի քանի երկրներ եւս կմիանան աշխարհի գավաթի բոյկոտին… ՖԻՖԱ-ն ռասիզմի դեմ հետաքննություն է սկսել… Ի՞նչ պիտի անել հայկական ֆուտբոլի հետ.- Ինչու՞ Է շատ բան կախված Հենրիխ Մխիթարյանի խացից – Հայաստան-Էստոնիա եւ Հայաստան-Լիտվա… Բելառուսի հավաքականի դարպասապահի կարծիքը… Երկրպագուները մրցանակ հանձնեցին Հենրիխ Մխիթարյանին… Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում… ՀՄԸՄ-ի բասկետբոլի կանանց թիմը՝ Լիբանանի չեմպիոն… Լեւոն Արոնյանը ձախողվեց հավակնորդների մրցաշարում – հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան… Հայ շախմատիստները միայն աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին Եվրոպայի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից.-

ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 26-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ելենա Կնյազեւան, բարձրաստճան սպաներ, հյուրեր:

Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Արտակ Դավթյանը մասնակիցներին մաղթել է հաջողություն եւ հաղթանակ՝ վստահություն հայտնելով, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվող նմանօրինակ միջոցառումը ոչ միայն լավագույն հարթակ կծառայի առողջ մրցակցային մթնոլորտում ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների լավագույն կուրսանտներին ի հայտ բերելու, այլեւ կնպաստի փորձի փոխանակմանը, Հայաստանի պատմամշակութային վայրերին ծանոթանալուն, ինչպես նաեւ միջմշակութային հաղորդակցությանը եւ նոր ընկերների ձեռքբերմանը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական եւ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական եւ խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից կընտրվեն ու կխրախուսվեն լավագույնները:

Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադն իր կարիերայում նվաճեց հերթական չեմպիոնական գոտին: Համբուրգում կայացած IBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մրցամարտում նա նոկաուտով հաղթեց ամերիկացի Թրեւիս Ռիվեսին: 12-րդ ռաունդում Կարո Մուրադի ձեռնարկած հարվածների տարափը ռինգի մրցավարին ստիպեց ժամանակից շուտ դադարեցրնել մարտը:

Այդպիսով, նա տարավ թվով 32-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում

Մարտի 23-26-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) 18-20 տարեկանների աշխարհի առաջնություն: Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ, խառը մենամարտերի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ առաջնությանն Արցախից մասնակցել է 2 հոգի: Նրա խոսքով, Մարատ Բարսեղյանը (61,2 կգ) գրավել է 2-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով նաեւ պատվոգրի, իսկ Դավիթ Քոչարյանը (56,7 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Մարզիչը տեղեկացրել է, որ մինչ այսօր խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությանը մասնակցած Արցախի եւ Հայաստանի մարզիկներից ոչ ոք չի հասել եզրափակիչ փուլ. Մարատ Բարսեղյանն առաջինն է, եւ ընդհանուր ձեռքբերումներն էլ գոհացուցիչ են:  

Մեդալներ՝ սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարում

Մարտի 22-25  Մոսկվայում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկներ՝ Տիգրան Կիրակոսյանը (57 կգ) նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Գրիգոր Սահակյանը (90 կգ)՝ արժաթե մեդալ:

Մարտական սամբոյում ունեցանք եւս 2 մեդալ՝ Սամվել Բադալյանը (68 կգ) նվաճեց արժաթե մեդալ, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ բրոնզե մեդալ:

Ավստրալիայի ԱԳՆ-ն կբոյկոտի 2018թ. աշխարհի գավաթը

Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ մտադիր են հրաժարվել Ռուսաստան մեկնելուց՝ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին մասնակցելու համար։ «Ինչ վերաբերում է միջազգային պատժամիջոցներին՝ Ավստրալիան ներկայացրել է մի շարք պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, նրանք, որոնք ներկայացվել են Ղրիմի անօրինական անջատումից հետո, դրանք վերանայվել ու թարմացվել են։ Մենք պատժամիջոցների շարք ունենք Ռուսաստանի ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների նկատմամբ»,,- նշել է ԱԳ նախարարը:։

Ավստրալիայի ԱԳՆ-ն նաեւ հաղորդել է բրիտանական իշխանություններին աջակցության մասին, իսկ Մեծ Բրիտանիան եւ աշխարհի մի շարք երկրներ սկսել են արտաքսել ռուս դիվանագետների::

- Մի քանի երկրներ եւս կմիանան աշխարհի գավաթի բոյկոտին

Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի հետ կապված, Բրիտանական «The Sun» թերթի տվյալներով, առաջիկայում Ռուսաստանում անցկացվող 2018թ. Աշխարհի գավաթի խաղերի բոյկոտին կմիանա եւս 6 պետություն։ Հրավերից կհրաժարվեն Լեհաստանի, Իսլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրալիայի ու Ճապոնիայի ղեկավարները։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները համարում են, որ Ռուսաստանը մեղավոր է ռուս դիվանագետների թունավորման գործում։ Ֆուտբոլի աշխարհի գավաթը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքներում:

ՖԻՖԱ-ն ռասիզմի դեմ հետաքննություն է սկսել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարող է հետաքննություն սկսել՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ ընկերական հանդիպման ժամանակ ռասիզմի դրսեւորման հարցով։ Սույն խնդրով ՖԻՖԱ-ին է դիմել Fare Network կազմակերպությունը, որի մասնակիցները զբաղվում են խտրականության դրսեւորումների դեմ պայքարով։

Ֆրանսիական պարբերականներից մեկի լուսանկարիչը պատմել է, թե որքան բացահայտ է լսել ռուս երկրպագուների ռասիստական արտահայտությունները՝ Պոլ Պոգբայի եւ Ուսման Դեմբելեի հասցեին՝ Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հավաքականների մրցման ժամանակ։ Ավելի վաղ պատգամավոր Իգոր Լեբեդեւը առաջարկել է խիստ պատժել ռասիզմի դրսեւորումներ արտահայտած երկրպագուներին։

Ի՞նչ պիտի անել հայկական ֆուտբոլի հետ

Ինչպես նախկինում, այսօր էլ հայկական ֆուտբելու կան վառվող աստղեր, անգամ վառվող գերաստղ՝ Համլետ Մխիթարյանը, սակայն հին հիվանդությունը զգացնել է տալիս՝ հայկական ֆուտբոլը թիմային չի դառնում: Թիմային այլ մարզաձեւերում եւս առկա է այս հիվանդությունը: Ինչպե՞ս ազատվել դրանից, սա է խնդիրը:

Հայաստան-Էստոնիա եւ Հայաստան-Լիտվա խաղերը եւս հավաստեցին, որ լուրջ խնդիրներ ունենք:

Էստոնացիների հետ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով՝ 0:0:

Արգենտինահայ ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը իր նորամուտը նշեց մեր հավաքականում: 1-ին խաղակեսն, ընդհանուր առմամբ, անցավ Հայաստանի ազգային ընտրանու առավելությամբ, իսկ Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի շատ որդեգրել էին պաշտպանվելու եւ հակագրոհելու մարտավարությունը։ 1-ին խաղակեսի վերջնամասում մեր հավաքականը կարող էր հաջողության հասնել՝ թիմի ավագը՝ հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տուգանային հարվածից հետո մրցակցի դարպասապահը կարողացավ փրկել իրավիճակը: Շատ վտանգավոր փոխանցում կատարվեց տուգանային հրապարակ, Սարգիս Ադամյանը ընկնելով հարվածեց, սակայն վստահ խաղաց Էստոնիայի դարպասապահը՝ հետ մղելով գնդակը, իսկ վրա հասած Հայկ Իշխանյանի հարվածը փակեցին պաշտպանները։ 2-րդ խաղակեսը եւս լավ սկսեցին մեր ֆուտբոլիստները։ Խաղակեսի մեկնարկին Սարգիս Ադամյանը, ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը, շրջանցեց մրցակցի պաշտպանների մեկին, ներխուժեց տուգանային հրապարակ եւ հարվածեց, սակայն գնդակը դիպավ մրցակցի պաշտպաններից մեկի ձեռքին, իսկ մրցավարը գտավ, որ խախտում չկա ու 11 մետրանոց հարված չնշանակեց։

Էստոնիայի հավաքականը մի քանի դրվագում կարողացավ լարվածություն առաջացնել Հայաստանի ազգային հավաքականի դարպասի մոտ, բայց խաղն անցավ մեր ընտրանու առավելությամբ:

- Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Էստոնիային: Հյուրերն ավելի կազմակերպված տպավորություն թողեցին, քանի որ մեծ ուժերով պաշտպանվում էին եւ դիմում հակագրոհների: Բացի այդ, նախապես պատրաստված խաղարկումներ էին կիրառում նաեւ մեր կիսադաշտում, լրացուցիչ դժվարություն էր առաջանում մեր տուգանային հրապարակում, երբ մեր պասշտպանները  դժվարին օդային մարտեր էին մղում բարձրահասակ էստոնացի հարձակվողների հետ:

Այս խաղը հերթական անգամ ցույց տվեց, որ երբ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի չի առանձնանում իր վարպետությամբ, ապա մեր թիմը չի կարողանում հաղթել մրցակցին: Նախորդ երկու ընկերական խաղերում նա 2 գոլ էր հեղինակել, եւ հավաքականը հաղթանակ էր տարել:

- Հայաստան-Լիտվա հանդիպումը կրկին սպասարկեցին վրացի մրցավարները

Հերթական  ընկերական հանդիպումը եւս սպասարկեցին վրացի մրցավարները: Գլխավոր մրցավարն էր Իրակլի Կվիրիկաշվիլին: Նրա օգնականներն էին Լեւան Վարամիշվիլին եւ Լեւան Տոդրիան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կատարեց Արման Ալաբերքյանը՝ Հայաստանից:

- Հայաստան-Լիտվա հանդիպումը ավարտվեց 0:1 հաշվով:

Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվային: Հանդիպման միակ գոլը 1-ին խաղակեսի վերջին րոպեին խփեց լիտվացիների կիսապաշտպան Օվիդիուս Վերբիկասը: Հյուրերը հաղթեցին, քանի որ աչքի ընկան իրենց կազմակերպվածությամբ եւ նպատակասլացությամբ, 2-րդ խաղակեսում գոլ խփելու եւս 3 լավ պահ ունեցան, սակայն 2 դեպքում վստահ խաղաց մեր թիմի դարպասապահ Գոռ Մանուկյանը, իսկ մյուս դրվագում հարմար դիրքից վրիպեց լիտվացիների ամենավտանգավոր խաղացողը՝ Ֆյոդոր Չեռնիխը:

- Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսին նշեց, որ իր համար կարեւոր չէր հանդիպման արդյունքը, այլ այն, որ նոր ֆուտբոլիստների փորձարկեց, խաղի ընթացքում մի քանի անգամ փոխեց թիմի մարտավարությունը, սակայն, որոնք, ըստ իր խոսքերի, այդպես էլ ոչինչ չտվեցին: Մարզիչը նշեց, որ մեր ֆուտբոլիստները պարզապես անատամ խաղ ցուցադրեցին:

Հայտնի ասացվածքն ասում է՝ որքան դժվար է զորավարժությունում, այնքան հեշտ է մարտում: Հուսանք, որ այսօրինակ զորավարժանքները կնպաստեն մեր ցանկալի հավաքականը շուտով տեսնելու հաճույքին:

Բելառուսի հավաքականի դարպասապահի կարծիքը

Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Գուտորը համեմատական է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ: Բաքվում Ադրբեջանի հավաքականի նկատմամբ  տարած հաղթանակից հետո նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղամակարդակների տարբերությունը զգալի է՝ առավելությունը տալով մեր ընտրանուն: «Հայաստանն ու Ադրբեջանը անհամեմատելի են, ինչի վկայությունը գրանցված հաշիվներն են: Հայերը արագ եւ սուր էին գործում, իսկ ադրբեջանցիներին հաջողվում էր միայն գնդակ պահել»,- ասել է դարպասապահը:

Անցած տարի Բելառուսի հավաքականը Երեւանում 1:4 հաշվով պարտվել էր Հայաստանի ազգային թիմին, իսկ այս օրերին Բաքվում 1-0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ:

«Արսենալ»-ը հաղթեց «Սթոք Սիթի»-ին, Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ փուլի խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթի»-ին: Հանդիպման 75-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը 11մ հարվածով բացեց հաշիվը, իսկ տասը րոպե անց կրկնապատկեց այն: Խաղի նախավերջին րոպեին Ալեքսանդր Լյակազետը 2-րդ 11մ հարվածն իրացրեց:

«Արսենալ»-ի կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 76-րդ րոպեին՝ փոխարինելով Ջեկ Ուիլշերին: Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը վաստակեց 51 միավոր եւ շարունակում է պայքարել չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղի համար: «Սթոք Սիթի»-ն կրեց 19-րդ պարտությունը եւ մնաց նախավերջին 19-րդ տեղում:

Երկրպագուները մրցանակ հանձնեցին Հենրիխ Մխիթարյանին

Անգլիայի առաջնության «Արսենալ»ժ«Սթոք Սիթի» խաղից առաջ հաճելի իրադարձություն տեղի ունեցավ կապված Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Լոնդոնյան ակումբի երկրպագուները նրան հանձնեցին փետրվար ամսվա լավագույն խաղացողի մրցանակը, որին նա արժանացել էր հենց ֆուտբոլասերների հարցման արդյունքում:

«Շատ ուրախ եմ հաղթանակի եւ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալու համար: Շնորհակալ եմ բոլորիդ»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: Ինչ վերաբերում է այդ խաղում մեր ֆուտբոլիստի ցույց տված վիճակագրական ցուցանիշներին, ապա այն այնքան էլ տպավորիչ չէ: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 14 րոպե: Այդ ժամանակում նա կատարել է 7 ճշգրիտ փոխանցում, 1-ական օդային եւ սուր փոխանցում, մեկ հարված դարպասին:

SofaScore կայքի մասնագետները նրա խաղը գնահատել են 6,8 բալով: Փոխարինման մտած ֆուտբոլիստների մեջ դա ամենացածր գնահատականն է: Հանդիպման լավագույն խաղացողներ են ճանաչվել Մեսութ Օզիլն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որոնք ստացել են 8,4 գնահատական:

Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ի իր ֆուտբոլային ակումբից տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն» ակումբ: «Ուրախ եմ հայտարարելու իմ՝ «Յուրգորդրեն» տեղափոխության մասին: Շվեդիայում, ինչպես նաեւ հիանալի ակումբում խաղալու լավ հնարավորություն է: Անհամբեր եմ սկսելու իմ նոր ճանապարհորդությունը»,- գրել է Յուրի Մովսիսյանը իր ֆ/բ էջում:

ՀՄԸՄ-ի բասկետբոլի կանանց թիմը՝ Լիբանանի չեմպիոն

Անթիլիայի ՀՄԸՄ բասկետբոլի թիմը հերթական անգամ հաղթող է ճանաչվել Լիբանանի կանանց բասկետբոլի առաջնությունում: Փլեյ-օֆֆի եզրափակիչ 3-րդ խաղում հայկական ակումբը 83:46 հաշվով առավելության է հասնել «Ռիաթի»-ի նկատմամբ եւ տարել է 3-րդ վճռական հաղթանակը:

ՀՄԸՄ-ը արդեն 3-րդ տարին անընդմեջ նվաճում է Լիբանանի չեմպիոնի կոչումը: ՀՄԸՄ-ի տղամարդկանց թիմը նույնպես հաջող է հանդես գալիս Լիբանանի Ա լիգայի առաջնությունում: Հայ բասկետբոլիստները հերթական խաղում 98:69 հաշվով հաղթել են «Ռիաթի»-ի տղամարդկանց թիմին եւ ամրապնդվել Բ խմբի 1-ին տեղում:

Լեւոն Արոնյանը ձախողվեց հավակնորդների մրցաշարում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը շախմատի հավակնորդների մրցաշարում 14 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, զբաղեցրեց վերջին՝ 8-րդ տեղը:

Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցաշարը տեղի կունենա 2020թ. նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: Արդյո՞ք Լեւոն Արոնյանին 2 տարի անց կհաջողվի կրկին պայքար մղել շախմատային թագի համար, պարզ կդառնա 2019թ. վերջին, երբ կորոշվեն աշխարհի չեմպիոնի կոչման 8 նոր հավակնորդները: Զարմանալի է մեր շախմատիստի նման անհաջաղ խաղը, երբ մինչ այս մրցաշարը նա հիանալի էր դրսեւորել իրեն այլ մրցաշարերում, նվաճել էր նաեւ աշխարհի գավաթը: Եվրոպայի, այդ թվում Ռուսաստանի մի քանի բուքմեյքերական գրասենյակներ («Մարաֆոն», «Bwin», «888») նախապատվությունը տվել էին մեր գրոսմայստերին, սակայն նա սայթաքեց:

- Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Բեռլինի մրցաշարում ամերիկացի գրոսմայստերը  տոնեց 5 հաղթանակ, 1 խաղ տանուլ տվեց, իսկ 8-ում կիսեց միավորը՝ 14 հնարավորից հավաքեց 9 միավոր եւ հաղթանակ տոնեց: Նա իրավունք ստացավ մրցամարտելու աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Ֆաբիանու Կարուանան մրցաշարում հաղթելը երազանքի իրականացում է համարում: Իսկ խոսելով Մագնուս Կարլսենի դեմ կայանալիք մրցաշարից՝ նա կես կատակ, կես լուրջ ասաց, որ գուցե նորվեգացին արդեն անհանգստանում է:

Գեորգ Մայեր-Լեւոն Արոնյան.- Անմիջապես նոր գերմրցաշարում

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում մեկնարկեց շախմատի GRENKE Chess Classic միջազգային խոշոր մրցաշարը: Դրան մասնակցում է Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը, ով անցած տարի հաղթող էր ճանաչվել մրցաշարում: 1-ին փուլում մեր գորսմայստերը սեւ խաղաքարերով մրցում է գերմանացի Գեորգ Մայերի հետ:

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց - Առաջին փուլում մեր առաջատարը սեւերով մրցեց գերմանացի Գեորգ Մայերի հետ: Սպիտակները 42-րդ քայլից հետո ոչ-ոքի առաջարկեցին, չնայած մեկ զինվոր ավելին ունեին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց առաջին կես միավորն այդ մրցաշարում: 2-րդ փուլում նա սպիտակներով կհանդիպի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիշի հետ, որը նույնպես ոչ-ոքի է խաղացել առաջին փուլում:

Հետաքրքիր է՝ կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու նրա առաջիկա մրցակից, հավակնորդների հաղթող Ֆաբիանո Կարուանան: 

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը պարզապես ջախջախեց Ադրբեջանի շախմատիստինԼեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic շախմատի խոշոր մրցաշարում: Այսօր կայացած 2-րդ փուլում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով պարզապես ջախջախեց Ադրբեջանը ներկայացնող շախմատիստ Արկադի Նայդիշին։ Հենց սկզբից Լեւոն Արոնյանը զինվորներով ուժեղ գրոհ ձեռնարկեց եւ մրցակցին ստիպեց միայն պաշտպանվել: Այնուհետեւ նա դիրքային մեծ առավելություն ստացավ եւ 35-րդ քայլից հետո վերջնականապես կոտրեց սեւերի դիմադրությունը: Մեր շախմատիստն այս հաղթանակից հետո վաստակեց 1,5 միավոր եւ Մաքսիմ Վաշյե-լագրավի հետ սկսեց գլխավորել ընթացիկ աղյուսակը:

3-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որն այսօր տանուլ տվեց հենց ֆրանսիացի շախմատիստին:

Մեր 3 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կես միավոր

Բաթումում տեղի է ունեցել Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին փուլը: Առաջատարներին հետապնդողների խմբում ընթացող մեր 2 ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Խաղն ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով: Կարեւոր հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը: Վերջին փուլից առաջ 8 շախմատիստ վաստակել են 7,5-ական միավոր եւ գլխավորում են աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը վաստակել են 7-ական միավոր եւ կես միավոր են հետ մնում առաջատարներից:

Մեր ներկայացուցիչներից մրցաշարում հաջող ելույթներն են շարունակում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը եւ Աննա Սարսգայնը: Առաջինը վաստակել է 6,5 միավոր եւ այս պահին շուրջ 24 կետով բարելավում է իր անհատական վարկանիշը: Տպավորիչ է նաեւ պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանի ելույթը, ով վաստակել է 5 միավոր եւ իր գործակիցը բարելավում է միանգամից 93 կետով:

Հիշեցնենք, որ Եվրոպայիառաջնությանը մասնակցում են 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր: Հայաստանից 34 շախմատիստ  է մասնակցում:

Հ.Գ. - Հայաստանի շախմատիստները միայն ուղեգրեր նվաճեցին Եվրոպայի առաջնությունումԱվարտվեց տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունունը: Վերջին փուլում մեդալների համար պայքարող մեր 3 շախմատիստները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց ծաղերը եւ վաստակեցին 7,5-ական միավոր: Նրանք ի վերջո բաժանեցին 9-32-րդ տեղերը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց խորվաթ Իվան Սարիչը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ առաջ անցավ բոլոր մրցակիցներից: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը եւ ռուսաստանցի Սանան Սյուգիրովը:

Ինչպես հայտնի է, առաջնությունում խաղարկվեցին նաեւ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերը: Մեր շախմատիստներից այդ իրավունքը նվաճեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, ովքեր լրացուցիչ գործակիցներով զբաղեցրին համապատասխանաբար 16-րդ եւ 21-րդ տեղերը: Իսկ ահա Հրանտ Մելքումյանն առաջնությունն ավարտեց 25-րդ հորիզոնականում եւ դուրս մնաց այդ ցուցակից:

Հայաստանի 3 ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցեց Լիլիթ Մկրտչյանը, ով 7 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Նա վստակեց 150 եվրո պարգեւ: Մարիա Կուրսովան 6 միավորով առաջնությունն ավարտեց 33-րդ հորիզոնականում: Իսկ ահա մրցաշարը վստահ մեկնարկած Մարիա Գեւորգյանը (4 հաղթանակ 5 խաղում), հետո շատ անհաջող հանդես եկավ, 6 խաղում կրեց 4պարտություն եւ վաստակած 5,5 միավորով բավարարվեց 35-րդ տեղով:

- Հայ շախմատիստները լրացրել են միջազգային կոչումների նորմաներՎրաստանի Բաթում քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանը, Աննա Սարգսյանը եւ Վահե Դանիելյանը լրացրել են միջազգային վարպետի նորմեր – Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 2-րդ անգամ լրացրել գրոսմայստերի նորմա: Առաջին անգամ նա դա լրացրել էր Հայաստանի այս տարվա առաջնությունում: Մրցաշարում հիանալի հանդես եկած Աննա Սարգսյանը, վաստակելով 5 միավոր, 88 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը եւ լրացրել կանանց միջազգային վարպետի նորմա: Վահե Դանիելյանը վաստակել է 5,5 միավոր եւ լրացրել միջազգային վարպետի նորմա:

Լիլիթ Մկրտչյանը Թբիլիսիում միայն դրամական պարգեւի արժանացավ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ավարտվեց կանանց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը: 5 շախմատիստուհիներ 11 հնարավորից վաստակելով 8-ական միավոր, բաժանեցին 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն հռչակվեց գերմանացի Էլիզաբեթ Պաեցը: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին ռուսաստանցի Անաստասյա Բոդնարուկը եւ ուկրաինացի Աննա Մուզիչուկը:   

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։