Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների ազգայնական ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Գիտա-մշակութային.- Հայկական գինեգործական ընկերությունները վերադարձել են մեդալներով… Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն… Հետազոտություն.- Երաժշտությամբ զբաղվելը մարզում է ուղեղը… «Ալեկո» օպերայի այսօրվա ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին… «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջեւ կբացի նոր դռներ… Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգը՝ հայ երաժշտասերների առջեւ… Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները… Թանգարաններում հարմարեցումներ ստեղծելը ոչ թե ծախս է, այլ ներդրում…

Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16  ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու եւ ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018»  ամենամյա միջազգային ցուցահանդեսին,  որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:

ԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե եւ արծաթե մեդալներով:

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների եւ առևտրային ներկայացուցիչների համար: Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:

Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարեւոր ու զանգվածային միջոցառումներին: Ցուցահանդեսին  ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է  շուրջ 60.000:

Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն  

Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն։ Միջոցառումը տեղի կունենա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում` ապրիլի 7-8-ը։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հեքեթոնը կբացահայտի զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարները, որոնք հետաքրքիր կլինեն հայաստանյան եւ արտասահամայան տուրիստական շուկաների համար եւ կապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք եւ եկամուտ:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետևյալ ոլորտներին վերաբերող նորարար գաղափարները.

  1. Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ:
  1. Տեղեկատվական որոնման բարելավում:
  2. Տեղեկատվական եւ Բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Ողջունելի են նաեւ այն գաղափարները, որոնք միտված կլինեն զարգացնելու ստեղծարար արդյունաբերության, ժառանգության եւ էկո-զբոսաշրջության ուղղությունները:

Մասնակից թիմը կարող է ունենալ առավելագույնը 4 անդամ, ովքեր 24 ժամվա ընթացում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա եւ կներկայացնեն ժյուրիին:

Ժյուրիի անդամները կլինեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները:

Մրցույթի հաղթողները կստանան 2,000,000, 1,200,000 եւ 750,000 ՀՀ դրամի շրջանակում մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ՝ մարքեթինգային եւ թարգմանության ծախսեր կամ ճանաչողական  ուղևորություն դեպի Եվրոպա: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 2-ն է:

Հեքեթոնն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով եւ Եվրամիության՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Հետազոտություն.- Երաժշտությամբ զբաղվելը մարզում է ուղեղը

Ամստերդամի Ազատ համալսարանի աշխատակիցների կատարած նոր հետազոտությանը մասնակցել են մի քանի դպրոցների թվով 147 աշակերտներ։ Այս մասին հաղորդում է Newsru.com-ը։ Ուսումնական ծրագրերը դպրոցներում ստանդարտ են եղել։

Որոշ երեխաներ լրացուցիչ դասընթացների են հաճախել, զբաղվել երաժշտությամբ եւ կերպարվեստով։ 2,5 տարի անց մասնագետները գնահատել են երեխաների ճանաչողական հատկություններն ու առաջընթացը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն կամավորները, ովքեր մասնակցել են երաժշտության լրացուցիչ դասընթացներին, ավելի լավ էին լուծում ճանաչողական թեստերը, քան նրանք, ովքեր այդ դասընթացներին չեն հաճախել։ Բացի այդ, նշված երեխաների շրջանում առաջընթացը եւս ավելի զգալի է եղել։

Մասնագետների խոսքով՝ երաժշտությամբ զբաղվելը զարգացնում է տրամաբանելու, ծրագրելու, կազմակերպելու եւ խնդիր լուծելու կարողությունը։ Այս ամենի շնորհիվ նաև առաջընթացն է նկատելի եղել։ Հետազոտողները նաեւ պարզել են՝ կերպարվեստի լրացուցիչ դասընթացները դրական են ազդել երեխաների տեսողական եւ տարածական կարճաժամկետ հիշողության վրա։

«Ալեկո» օպերայի այսօրվա ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո» օպերան: Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ այն նվիրվում է բեմադրիչ, թատրոնի երկարամյա գլխավոր ռեժիսոր Վահագն Բագրատունու ծննդյան 80-ամյակին:

Վահագն Բագրատունին ծնվել է 1938 թ. մարտի 12-ին, Երեւանում: 1964-74թթ. աշխատել է Սարատովի օպերային թատրոնում, այնուհետեւ՝ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր: Դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1974-88թթ. եղել է Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1981-88թթ.` օպերային ամբիոնի պրոֆեսոր: Համատեղ դասավանդել է Նովոսիբիրսկի կոնսերվատորիայում:

Բեմադրել է Պ. Չայկովսկու «Օրլեանի կույսը», Բիզեի «Կարմեն», Վերդիի «Տրավիատա», Իվանովի «Տարօրինակ պատահար», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Բոնդևիլի «Տիկին Բովարի», Բորոդինի «Իշխան Իգոր» եւ այլ օպերետներ: Բեմադրություններ է իրականացրել նաեւ Դոնեցկում, Ուլան-Բատորում եւ այլուր: Նկարահավել է «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.) եւ այլ ֆիլմերում: 1977թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՌԴ Պատվո շքանշանի: Մահացել է Երեւանում:

Դեսպանը վստահ է՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջեւ կբացի նոր դռներ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանցի շատ արվեստագետներ կմասնակցեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի: Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում: «10 օր առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է ծրագրի մշակութային բաղադրիչին: Հպարտ եմ, որ Հայաստանը կատարեց այդ գործը: Ծրագիրը նոր դռներ կբացի եւ հայաստանցի արվեստագետներին թույլ կտա մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր մշակութային ծրագրերի»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն մարտի 20-ին Բրյուսելում ստորագրել են  «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Եվրոպական հանձնաժողովի այդ ծրագիրը նպաստում է մշակութային բազմազանությանը  եւ ստեղծարար ոլորտների մրցունակության բարձրացմանը: Հայաստանը միացել է ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին:

Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես եկավ հայ երաժշտասերների առաջ

Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մարտի 30-ին Երեւանում հանդես եկավ «Ձայնային հուշանվեր» խորագրով համերգով: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս համերգը ՀՀ-ԵՄ մշակութային կապերի ամրապնդման ևս մեկ ապացույց է: «Այս համերգը հնարավորություն է Երեւանը Բրյուսելի հետ կամրջելու համար: Դա կամուրջ է, որ շատ կարևոր նշանակություն ունի: Համերգը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության մշակութային կապերն ավելի են սերտանում»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպանը ու հավելել՝ Հայաստանը մեծ տաղանդների եւ բարձր մշակույթի երկիր է:

Դեսպանը նշել է, որ ելույթով հանդես է գալիս, որպեսզի պատանի երաժիշտները զգան ինչպես իրենց տանը: Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի անդամները 9-17 տարեկան երեխաներ են: Սիմֆոնիկ նվագախումբն ամեն տարի համերգային ճամփորդություններ է ունենում տարբեր երկրներում: Երիտասարդ երաժիշտներն այս տարի այցելել են իրենց դիրիժորի՝ Արման Սիմոնյանի ծննդավայր՝ Հայաստան: Դասական երաժշտության համերգին եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններին զուգահեռ նրանք կատարեցին նաեւ հայերի՝ Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի գործերից:

Պյոտր Սվիտալսկին պատանի երաժիշտներից խոստում ուզեց՝ Հայաստանից հետո ուր էլ գնան, անպայման կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից: «Կարծում եմ՝կատարելով նրա գործերից, դուք ինքներդ եք համոզվել, որ Կոմիտասն իսկապես տաղանդավոր է: Ուր էլ գնաք, տարեք նրա տաղանդը ձեզ հետ»,- նշել է նա: Դեսպանը նշեց՝ 2018-ը յուրահատուկ նշանակություն ունի իրենց համար, քանի որ հայտարարված է եվրոպական մշակութային ժառանգության տարի:  Շուտով կտրվի այդ շրջանակում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների մեկնարկը: «Ապրիլի 19-ին մեկնարկային համերգ կկայանա Հայաստանի Զվարթնոցի տաճարում: Ելույթ կունենա «Հորտուս» անսամբլը, որը ցույց է տալիս Եվրոպական միության երաժշտական ժառանգության հարստությունը: ԵՄ երկրների բուհերի ճարտարապետության բաժինների շատ ուսանողներ պետք է ուսումնասիրեն ու անգիր սովորեն Զվարթնոցի տաճարի շատ էլեմենտներ»,- ասել է դեսպանն ու հավելել՝ իրենք ուզում են այս տարին օգտագործել՝ ցույց տալու, թե որքան կարևոր է եղել Հայաստանի մշակութային նպաստը, մասնակցությունը եվրոպական մշակութային ժառանգությունում դարեր ի վեր:

Մշակույթը շատ կարեւոր տեղ է զբաղեցնում ԵՄ-ի կողմից երկրի զարգացմանը տրամադրվող աջակցության շրջանակում: Սվիտալսկու խոսքով՝ իրենք արդեն ՀՀ կառավարության հետ արդեն բանակցություններ են վարում, որ 2018-ի տարեկան գործողությունների կարևորագույն բաղադրիչներից լինի ստեղծագործ ոլորտին նվիրված ծրագիր: «Ուզում ենք ապացուցել, որ Հայաստանն այս ուղղությամբ կարող է լինել օրինակելի, քանի որ ունի ստեղծագործական ոլորտի համար շատ կարեւոր երկու կոմպոնենտ՝ ձեռներեցությունն ու ստեղծագործ ոգին»,- եզրափակել է Պյոտր Սվիտալսկին:

Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Մրցանակաբաշխությունն անցկացվեց Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Թատրոնի բեմը այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիրը, հայրենիքը: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ»,- նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա հավելեց` հայտնի ճշմարտություն է, որ կինոն դերասաններին, մարդկանց դարձնում է հայտնի, հանրաճանաչ,  հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով` այսօրվա թատրոնն ունի տաղանդավոր ստեղծագործողներ եւ հանգիստ կարելի է ասել, որ թատրոնի վաղվա օրը առավել քան տեսանելի է:

 «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար:

 «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար եւ  Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Ատրավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյան «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանը «9 ամիս» եւ Սարգիս Արզումանյանը «Անասնաֆերմա» ներկայացման համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեցին Մարիամ Մուրադյանը եւ Տաթև Հովհաննիսյանը:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո եւ Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:

«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:

«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:

«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:

Հանձնվեց նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ  ճամպրուկի մեջ» ներկայացման համար:

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը եւ Գագիկ Թովմասյանը:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյան:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996թ.: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999թ. սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը:

Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում, իսկ 2008թ. նշվում է մեծ շուքով: «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված եւ առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

Թանգարաններում հարմարեցումներ ստեղծելը ոչ թե ծախս է, այլ ներդրում

Ապրիլի 3-ին, ժամը 14:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի վարպետության դաս՝ թանկագարններում ներառականությանն ու ներառական կրթությանը նվիրված։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը։ Նա տեղեկացրեց, որ վարպետության դասին կարող են մասնակցել ինչպես թանգարանների աշխատակիցներ, այնպես էլ թեմայով հետաքրքրվող կազմակերպություններ, անհատներ, ուսանողներ:
«Վարպետության դասն անցկացվելու է ռուսերեն լեզվով, առանց թարգամանության: Ապրիլի 4-6-ը Մարեկ Յակուբովսկին կանցկացնի ավելի խորացված դասընթաց-վարժանք ՀՀ տարբեր թանգարանների 20 մասնագետների համար, որը տեղի է ունենալու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում»,- հայտնեց նա։
Ասուլիսին ներկա «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ պետք է որդեգրել այսպիսի քաղաքականություն՝ թանգարանները բոլորի համար են. «Երբ մտածում են, թե թանգարանների ենթակառուցվածքային փոփոխությունները հսկայական գումարներ են պահանջում, այդպես չէ, որոշ շենքեր բավականին հեշտությամբ կարելի է դարձնել հարմար։ Ամենակարևորն այն է, որ դա եթե խորը նայենք, այդ ամենը ծախս չէ, այլ ներդրում է»։
Արմեն Ալավերդյանի խոսքով՝ նույնիսկ այն թանգարանները, որոնք հարմարեցված են, դրա մասին ինֆորմացիա չունեն։ «Ցավոք շատ չեն, բայց ունենք նման թանգարաններ, օրինակ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Սարյանի տուն-թանգարանը, Էրեբունի արգելոց թանգարանը մասամբ հարմարեցված են, բայց նրանց պաշտոնական վեբ-կայերում տեղադրված չէ հարմարեցումների մասին ինֆորմացիա, ինչը շատ կարևոր է։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այն ինչ-որ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, հարմար է բոլորին, այդ թվում թե տարեց մարդկանց համար, ովքեր տարիքի տեղաշարժման խնդիրներ են ձեռք բերել, թե մանկասայլակների»։
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի դեռահասների ծրագրի ղեկավար Ինեսսա Հարությունյանն էլ խոսելով մտավոր հաշմանդամություն, վարքային խնդիրներ ունեցող անձանց ներառմանը թանգարաններում նշեց, որ սոցիալական միջավայրի հարմարեցման, իրազեկվածության, ծրագրերի բովանդակության պակաս կա։
«Այստեղ յուրահատուկ մոտեցումներ են անհրաժեշտ, նույնիսկ, տարբեր երկրներում հենց թանգարանի ներսում ստեղծում են հատուկ զոնաներ՝ սենյակներ, որոնք կահավորված են այնպես, որ հարմար լինեն ծանր խնդիրներ ունեցողների համար»,- ասել է նա։
Հայկ Մկրտչյանն էլ հավելեց, որ եվրոպական եւ արեւմտյան թանգարաններում շատ ընդունված պրակտիկա կա,  երբ թանգարանի կառավարող խումբն անպայման խորհրդակցում է տարբեր ՀԿ-ների հետ, որոնք փորձում են հենց լուծում գտնել բոլոր համընդհանուր խնդիրներին։

ՋԱՀ-ի ներկայացուցիչները պարգեւատրվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերով

Մարտի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում էր հյուրընկալվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը հետեւյալ կազմով. ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան, ՋԱՀ-ի բարերարներ Մնացական Գասպարյան, Աղասի Սահակյան, հոգաբարձուների խորհրդի անդամ Քաջավան Նուրիջանյան, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյան եւ տնօրենի տեղակալ Սամվել Մկոյան:

Սփյուռքի նախարարը պատվոգրեր հանձնեց ՋԱՀ-ի բարերարներ Մնացական Գասպարյանին, Աղասի Սահակյանին և հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին` Սամցխե-Ջավախք եւ Քվեմո Քարթլի նահանգների հայ համայնքների հասարակական կյանքի զարգացման եւ հայ-վրացական համագործակցության սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցելու համար:

Նախագահը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ծրագրի խորհրդատու, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Երիտասարդ գիտնականները զեկուցել են Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2017թ. իրականացված աշխատանքները, ամփոփել 2012-2017թթ. ԵԳԱԾ գործունեության արդյունքները, անդրադարձել նաեւ հետագա անելիքներին:
Ներկայացնելով 2017թ. ԵԳԱԾ գործունեությունը՝ ծրագրի պատասխանատուներն այն բաժանել են 5 հիմնական ուղղությունների՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում եւ «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» մրցույթի ֆինանսական աջակցության տրամադրում:
Հայաստանում գիտության առաջընթացին եւ կադրային ներուժով համալրմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը նպաստելու նպատակով ստեղծված ծրագիրը, երիտասարդների գնահատմամբ, լիովին ծառայում է իր նպատակին եւ մեծ խթան է գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդների համար:
Հանդիպմանը ներկա երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ծրագրի մեկնարկից ի վեր մշտապես իրենց կողքին լինելու եւ զգալի աջակցություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ելնելով ծրագրի կարեւորությունից ու արդյունավետությունից՝ այն շարունակվելու է, եւ հորդորել է երիտասարդներին այսուհետ եւս ակտիվ աշխատել, նոր մտահղացումներով ու նախաձեռնություններով զարգացնել ծրագիրը:
Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել է գիտության մեջ սերնդափոխության կարևորությունն ու անհրաժեշտությունը: Երիտասարդ գիտնականներն ուրախությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա, եւ վստահեցրել են, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ կշարունակեն իրենց գործունեությունը՝ ներգրավելով նոր գործընկերների եւ նպաստելով հանրապետությունում գիտության զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ակադեմիայի 2017թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության կարևորագույն եւ կիրառական արդյունքները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ ակադեմիայի կողմից իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ միջազգային գիտական կառույցներում ակադեմիայի ներգրավվածությանը եւ միջազգային գիտաժողովներին մասնակցությանը, գիտահետազոտական աշխատանքներին: Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նաեւ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորման վերաբերյալ ցուցանիշները, խոսել նաև ԳԱԱ կողմից երիտասարդ գիտական կադրերի պատրաստման ու գիտությունների ազգային ակադեմիայի եւ բուհական համակարգի համագործակցության արդյունքների մասին: Գիտությունների ազգային ակադեմիայի 2017թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Տարեկան ժողովում ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ներկայացրել է «Քաղաքակրթությունների եւ ժամանակների խաչմերուկում. Հայաստանն ըստ նորահայտ հնագիտական տվյալների» գիտական զեկուցումը:

Հանրապետության Նախագահը ողջունել է ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին եւ ընդգծել, որ գիտնականների հետ իր հանդիպումներն ու ակադեմիայի տարեկան ժողովներին ավանդաբար մասնակցությունը ոչ միայն հարգանքի դրսևորում է գիտնականների նկատմամբ, այլեւ գիտական հանրույթի խնդիրներին, գործունեությանը, գիտության վիճակին ծանոթանալու եւս մեկ եւ շատ լավ հնարավորություն: Սերժ Սարգսյանը նշել է, որ գիտնականների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները, իր կարծիքով, նույնկերպ շարունակվելու են, որովհետեւ պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են:
Հանրապետության Նախագահը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում: Ըստ նրա՝ ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009թթ. գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանը, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ: «Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,-նշել է Նախագահ Սարգսյանը եւ ընդգծել, որ պետությունը շարունակում է մնալ նույն համոզման՝ եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի: Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, ըստ Նախագահի, կտրամադրվեն հավելյալ միջոցներ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնելու: Հանրապետության Նախագահի խոսքով՝ պետության ներկայիս հնարավորությունների պայմաններում եղած միջոցների արդյունավետ օգտագործմամբ առավելագույն արդյունքի հասնելու մոտեցումը վերաբերում է անխտիր բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բանակին, անվտանգությանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ պարբերաբար արծարծվող՝ տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտության հարցերը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում են: Դա հավերժական հարց է, որը քննարկվում է բոլոր երկրներում, եւ դրա համար, ըստ Հանրապետության Նախագահի, պետք է գտնել հավասարակշռված մի մոտեցում, որը թույլ կտա արդարացնել պետության եւ հասարակության ակնկալիքները: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գիտության զարգացման եւ հեռանկարային ծրագրերի հետ կապված խնդիրներով մտահոգ գիտնականների հետ առանձին հանդիպել եւ քննարկել հնարավոր լուծումները:
Նախագահ Սարգսյանը կարևորել է նաեւ գիտության ասպարեզում սերնդափոխության խնդրի լուծումը:
Հանրապետության Նախագահը գիտնականներին մաղթել է հաջողություն՝ նշելով, որ մեկ բան ակնհայտ է՝ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, եւ գիտությունը Հայաստանում մշտապես պահանջված է: «Ուրեմն եւ՛ դուք, եւ՛ ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեփ.լրատվություն

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող 

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։