Բայց ինչու՞ թուրքի միջոցով – Եվրոպացիները կասեն՝ սա բիզնես է – բայց դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Կրկնակի վտանգավոր է, որ այդ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական է… Եվ ինչու է՞ Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու բացառապես Գերմանիայի դեսպանության գործառույթում…

Հայտնի դարձավ, որ Հայաստանում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական ընկերությունը: Անընդհատ զարմանում ենք, մի՞թե Եվրոպայում այդքան բարդ է հասկանալ, որ հայի որեւէ հարց չի կարելի առաջ տանել թուրքի միջոցով…

Կասեն՝ սա բիզնես է: Դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Նաեւ՝ ռուսի համար: 2018թ. ապրիլի 3-ից շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը:

Դեսպանը մեզ մխիթարել է երեւի, թե կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում եւ վստահեցրել է, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:

Այսինքն՝ Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար շենգեն վիզա ստանալու համար պետք է դիմել այդ ընկերությանը, որի «գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, եւ այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,- ասել է Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նրա խոսքով, Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակում:  

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵԽ լիագումար նիստում հավանության էր արժանացել Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը՝ 553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայներով պատգամավորները հաստատել էին Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու օրինագիծը:

Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) եւս կողմ էր քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ մուտքի իրավունքի տրամադրմանը։

Իսկ դեռ 2016թ. ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը (COREPER) հաստատել էր Վրաստանին վիզայի ազատականացում շնորհելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի կողմից Եվրախորհրդարանի հետ ստորագրված համաձայնագիրը։

Իսկ Հայաստանն այս փուլերով անցնելու համար դեռ հարցեր ունի պարզելու, իսկ մինչ այդ թուրքերի ու նրանց հետ եղբայրացող ռուսների հետ ենք աշխատելու…

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։