Անհնարինը՝ ակնհա՞յտ, թե՞ ակնհայտը՝ անհնարին – Պառակտման շեմին՝ եւ՛ ընդդիմությունը եւ՛ իշխանությունը… Այլեւս կասկած չի հարուցում Հայաստանի Հանրապետության 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետն ընտրվելու հարցը, բայց ներքին լարվածությունը արհեստականորեն պահպանվում է… Իսկ գործող վարչապետը տնտեսական թվերի ցուցադրմամբ փորձում է ազդել իրավիճակի վրա…

Չնայած այլեւս կասկած չի հարուցում ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետն ընտրվելու հարցը, սակայն ներքին լարվածությունը պահպանվում է: Կարծում ենք՝ արհեստականորեն: Ոմանք դեռ փորձում են կասկածի տակ առնել ակնհայտ իրողությունը՝ այն անգամ անհնարին դարձնելու տեսությամբ:

Գուցե սա հենց հանրապետականներին է պետք, երեւի վարչապետական ընտրությունը տոնի վերածելու նպատակով, քանզի իրապես պատմական օր է, երբ 100 տարի անց, կրկին խորհրդարանական Հայաստան է աշխարհի քարտեզի վրա, որի 1-ին վարչապետի ընտրությունը եւս պատմական իրադարձության մաս է կազմելու: Եթե պարզ ասվի՝ ընդունելի տարբերակ է:

Ինչեւէ: ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի կարծիքով՝ «ՀՀԿ-ում չկա վարչապետի ցանկալի թեկնածու», բայց քանի որ իրենց թիմը «երբեք էլ չի խոստացել հեղաշրջում կամ հեղափոխություն անել, այլ խոստացել է պաշտպանել իրենց քվե տված քաղաքացիների ձայները, շահերը», ապա իրենք ամեն ինչ կանեն, որ պաշտպանեն օրինականությունը: Ինչպես նշվել է, «Ելք»-ը «ամեն օր համակիրների հետ կապի մեջ է եւ շարունակում է քննադատվել, քանի որ մարդիկ միակ ճանապարհը տեսնում են զինված հեղաշրջման մեջ»… Բայց ինչպես նշվեց, «Ելք»-ը դեմ է ծայրահեղ միջոցներին եւ ունի իր ելքն այս վիճակից դուրս գալու համար, ունի իր ճանապարհը եւ գաղափարները, հանուն որի մտնել են քաղաքականություն։

Այսպես իրենց հիմնավորումը տալով, որ ՀՀԿ-ականները ելք չունեն եւ վարչապետի հարմար թեկնածու էլ չունեն, օրվա ընդդիմությունը համարվող ուժը հայտնել է, որ «վարչապետի ցանկալի թեկնածու, միակ նախընտրելի մարդը կարող է լինել «Ելք»-ից»:  Քանի որ, եթե այս համակարգը մնա, «եթե ՀՀԿ-ն շարունակի մնալ իշխանություն, ով ուզում է լինի, անգամ Սերժ Սարգսյանը, ոչինչ չի փոխվելու»:

Փաստորեն, եթե վարչապետը լինի ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից կամ ՀԱԿ-ից եւ արտախորհրդարանական այլ մի ուժից, ոչինչ չի՞ փոխվելու… Միայն «Ելք»-ն է ի վիճակի՞ փրկել երկիրը:  

Իսկ օրվա ընդդիմադիրները իսկապե՞ս լավատեղյակ են, թե ընտրողները ինչ են մտածում իրենց՝ ընդդիմադիր լինելու, եւ առհասարակ իրենց թիմի մասին… Պիտի որ իմանան, ուղղակի «պատվերով ընդդիմություն» արտահայտությունն այնքան շատ ուժերի մասին է ասվում, որ դա մտահոգության տեղիք չի տալիս նաեւ «Ելք»-ի ներկայացուցիչներին:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կրկին հետաձգեց վարչապետի մասին հայտարարություն անելու պահը, չնայած արդեն ինքը՝ Սերժ Սարգսյանը, իր վերջին հարցազրույցներից մեկում պարզապես խոստովանեց դա…  Բայց, ինչպես վերը նշվեց, լարվածությունը ինչ-ինչ նպատակներով պահպանվում է եւ «միայն մոտ ժամանակներս ՀՀԿ-ն կհայտարարի վարչապետի իրենց թեկնածուի մասին,- հավելել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, այսպիսի գեղարվեստական վերջաբանով  եզրափակելով խոսքը,- իշխանությանը ձայն տվել է ժողովուրդը, կա վստահություն իշխանության նկատմամբ։ Իշխանափոխության համար պետք է հիմքեր լինեն, դրա համար պետք է սպասեն 2022թ., որ սահմանադրական ճանապարհով գան իշխանության։ Իշխանությունը մի արկղ չէ, որ գնաս, վերցնես»:

Ինչպես նշվեց վերեւում, նախագահ Սերժ Սարգսյանը առանց այլեւայլության, մի քիչ պայմանական ձեւակերպումներով հաստատեց իր վարչապետ լինելու հավանականությունը: Tert.am–ի հետ զրույցում վերջապես անդրադարձավ 2014թ. իր արած հայտարարությանը, որ այլեւս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Նա ասել է, որ «ՀՀԿ եւ կոալիցիոն ՀՅԴ շարքերում ամենատարբեր ձեւաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեեւ այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ, որից հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են, եւ ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն»։

Սակայն, եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ՝ «սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ամբողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարեւոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։

Այն հարցին, թե նախագահը հայտարարել էր, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չի հավակնելու վարչապետի պաշտոնին եւ հավելել եր, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը, Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից եւ ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն եւ քննարկելու հենց այդ մակարդակում։ «Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում եւ խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել։

Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաեւ տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են.մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության ու տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»։

Այդ հարցազրույցը եւ արծարծված ասելիքի բովանդակությունը անակնկալ չէր. «Լուսանցք»-ը իր վերջին թողարկումներում այս ասելիքի շրջանակներում էլ հիմնավորում էր Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու անբեկանելիությունը: Ի վերջո, բացի կուսակցական որոշումից, կա նաեւ արտաքին իրողությունների հետ առնչվող իրավիճակ, երբ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում…  Բայց պետք է հիշել, որ երբեմն էլ գետանցումից հետո արդեն խիստ անհրաժեշտություն է առաջանում փոխելու ձիերին… Դրանից հրաժարումը կարող է առաջ բերել մի նոր անցանկալի գետանցում, այն էլ՝ հետնահանջ ուղղությամբ:

Այսօրվա նախագահի ու վաղվա վարչապետի խոսքը, որ «բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից», որոշակի հույս է տալիս, որ այս անգամ նորարարությունը կրկին փոխատեղումների տարբերակով չի իրականանա: Նորից չենք ասի, թե «ցանկացանք անել նոր բան, բայց եղավ ինչպես միշտ»…

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսվող փողոցային պայքարին՝ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ յուրաքանաչյուր միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձեւերն ու առաջնահերթությունները, բայց անձնավորված պայքարին չեն հավատում»: Ըստ նրա, ՀՅԴ-ն հավատում է համակարգային փոփոխություններին եւ համակարգն էլ պարտադրելու է իր լուծումները: Երբ ընդունվում էր Սահմանադրությունը, շատ քաղաքական ուժեր չէին մասնակցում, դեմ էին, ՀՅԴ-ն այն ժամանակ ասում էր, որ անկախ վերաբերմունքից ապրելու ենք այս պայմաններում:

Պատգամավորը կարծում է, որ համակարգի ստեղծման համար տարիների, տասնամյակի աշխատանք է կատարվել եւ ամեն ինչ չի կարելի պայմանավորել մեկ անձով, դա սխալ է: «Երբ Սահմանադրությունը փոխում էին, արդեն պարզ էր, որ վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու եւ ում կողմից է առաջադրվելու: Այո, փոփոխություններից մենք գոհ ենք, թեեւ իհարկե, անփոխարինելի մարդիկ չկան: Բայց լինում են ժամանակահատվածներ, երբ փորձը, գիտեքիները կարող են օգտակար լինել տվյալ ժամանակահատվածի համար»:

Այս ամենից հետո «Ելք»-ը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է, որ պայքարը սկսում են այն ժամանակահատվածում, երբ իշխանությունը փողոցում ընկած է եւ պետք է ընդամենը վերցնել:

«Նման հայտարարություններ էլի են եղել, թող փորձեն վերցնեն, ինչ ասեմ: Բնականաբար, յուրաքանչյուր մարմնի գործառույթն է, բայց համաձայն չեմ այդ ձեւակերպման համար: Հետո պետք է հստակեցնել, թե որ փողոցում է ընկած, կարող է այն փողոցում լինի, որ փնտրեն ու չգտնեն»,- հեգնել է ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, հիշեցնելով, որ «ծայրահեղությունը դատապարտելի է ցանկացած պայմաննում, անդրադառնալով զենքով պայքարի ոմանց կոչերին»:

Փաստորեն, վարչապետի ընտրությանը պատրաստվում են ոչ միայն ՀՀԿ-ում, այլեւ կոալիցիոն ընկեր ՀՅԴ-ում եւ կոալիցիոն ընկերոջ հավակնորդ ԲՀԿ-ում, եթե իհարկե, ԱԺ «Ծառուկյան» դաշինքը նպատակահարմար դիտարկվի կոալիցիան առավել ընդարձակելու համար: Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը, ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, տեղի է ունեցել նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր եւ Քաղաքական խորհուրդը, ԲՀԿ նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ընտրել է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի 5 փոխնախագահներ։

Այս համապատկերին ոչ միայն ընտրողների եւ արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի մոտ է արդեն կասկած առաջացել՝ «Ելք»-ի ընդդիմադիր լինելու առումով, այլեւ, «Ելքի» առաջնորդները սկսել են միմյանց նկատմամբ անհանդուրժող գտնվել:

Սահմանադրական Դատարանի նախագահի քվեարկությունից հետո «Ելք»-ի առաջնորդները Արամ Սարգսյանի սենյակում զրուցել են եւ հետո իբր կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց են տվել հեռախոսներում նկարված «դեմ» քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանը այն հարցին՝ կարո՞ղ է «կողմ» է քվեարկել, որ չի բացում իր հեռախոսը, նա պատասխանել է, թե քվեարկել է կուսակցության որոշման համաձայն… Իհարկե «Ելք»-ից մերժում են, թե նման բան կա, որ իրենց մոտ ամեն ինչ հրապարակային է, անգամ ինչի շուրջ համաձայն չեն… Բայց…արդեն բացահայտ խոսում են, թե «Ելք»-ի պառակտումից հետո ո՞ր ուժն է լինելու խորհրդարանական ընդդիմություն:

Ազգային համաձայնություն կառավարության ծրագրի շրջանակներում նշվում էր, որ «Ծառուկյան» դաշինքը եւս կարող է  մաս կազմել, սակայն «Ելք»-ի պառակտման հնարավորությունը կարող է խոչընդոտել այդ ծրագրին, քանի որ «Ելք» դաշինքի պառակտումը եւ «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը կվերացնի խորհրդարանական ընդդիմությունը, թեկուզ պատվերով գործող, ինչը ձեռնտու չի լինի իշխանությանը: Այս դեպքում, թերեւս ԲՀԿ-ի մաս կազմելը կոալիցիային, ինչպես վերը նշվեց, եւ «Ծառուկյան» դաշինքի մի մասի ընդդիմադիր ասպարեզ մտնելը, իբր դժգոհ ԲՀԿ որոշումից, կարող է ապահովել խորհրդարանական ընդդիմության ձեւավորում, որին կարող են միանալ «Ելք»-ի որոշ պառակտված մասեր:

Իմիջիայլոց, խոսվում է նաեւ իշխանության ներսում առկա անհամաձայնությունների մասին: Սա արդեն կար Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու ժամանակ, ինչը թերեւս նոր երանգաներ է ստացել նոր կառավարության ձեւավորումից առաջ:

Այս մասին խոսեցին նաեւ Սահմանադրական Դատարանի նախագահի ընտրությունից հետո: Խոսեցին, քանի որ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կամ ՀՀԿ խմբակցության ղեկավարի սենյակում չնշեցին ՍԴ նոր նախագահի ընտրվելու փաստը՝ կոնյակով, ինչը բարի ավանդույթ է եղել ՀՀԿ-ում դեռ Անդրանիկ Մարգարյանի օրերից, երբ թիմից որեւէ մեկը կարեւոր պաշտոնի էր գնում… Քվեների «դեմ» քվեների քանակը՝ 27-ը փոքր թիվ չէ 93-ի մեջ եւ սա նույնպես վերաբերմունք է: Հանրապետականները հերքել են նման լուերը, եւ ասել, թե մի բան է ավանդույթը, մեկ այլ բան՝ կուսակցության երկաթյա որոշումը: Փաստորեն, պատգամավորներին թույլ չի տրվում կոնյակ ներս տանել, ուստի մի քանի հոգի սուրճի բաժակի շուրջ են բարի ճանապարհ մաղթել Հրայր Թովմասյանին:

Ըստ որոշ լուրերի, վարչապետ Կարեն Կարապետյանը հույս ունի, որ կլինի նորընտիր վարչապետի 1-ին տեղակալը, սակայն, նրա դեմ վաղուց արշավ կա կուսակցության ներսում: Օրերս նա  ԱԺ ամբիոնից անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հասցեին: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հիշեցրել է վարչապետին 2017թ. դեկտեմբերի 27-ի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե ապագա վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում նաեւ բիզնեսի վրա: Վարչապետը չի հերքել դա եւ նշել է, որ այո «դա այդպես է եւ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է»…

Այսպես, Կարեն Կարապետյա-նը կրկին Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մեղադրեց բիզնեսի առաջխաղացմանը խանգարելու մեջ… ՀՀԿ 1-ին փոխնախագահ Կարեն Կարապետյանը այդպես էլ չկարողացավ իր թիմը ստեղծել այս տարիներին, չնայած որոշ նախարարներ եւ այլ պաշտոնյաներ իր շրջապատից նշանակվեցին:

Գործող վարչապետը ամեն կերպ փորձում է ապացուցել իր կառավարության աննախադեպ արդյունքները: Մասնավորապես ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8,6%: Այսպես՝ կառավարությունը զգալի աճ է ցույց տվել շինարարության ոլորտում՝ 27,7%, նշելով, որ տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 8,3%-ով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 43,2%ով, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը՝ 17,4%-ով:  Իհարկե այս բոլորն ըստ պետական վիճակահանության տվյալների, ըստ որի, միայն գյուղատնտեսության ոլորտում է արձանագրվել անկում՝ մոտ 0,1%-ի չափով: Այս եւ նման այլ հրապարակումներից հետո կարծիքներ կան, թե հարց պիտի ծագի, թե ՀՀԿ-ն ինչպես է հիմնավորելու Կարեն Կարապետյանի փոխարեն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու որոշումը…

Սակայն մոռանում են, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է աշխատում Սերժ Սարգսյանի նախագահության օրոք եւ այս ամենը կիսանախագահական համակարգի արդյունքներին պիտի հավելել ցայսօր: Եթե սրան էլ հավելվի գործող նախագահի արտաքին քաղաքական հաջողությունները, ապա կստացվի, որ նախագահ Սերժ Սարգսյանը հմտորեն ղեկավարել է կառավարության աշխատանքները եւ հաջողությամբ գործել նաեւ արտաքին ասպարեզում:

Եվ օրերս էլ Սերժ Սարգսյանը հրավիրել է հերթական խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. կայանալիք պետական խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Դրանք են՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի եւ դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը: Ամփոփել են վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները եւ ավարտական տեսքի բերվել միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը քիչ ժամանակ է մնացել:

Անդրադարձ է եղել նաեւ հունվարի 26-ին նախագահի մոտ կայացած նախորդ հանդիպման ժամանակ ըստ առանձին ուղղությունների տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Զեկույցներով հանդերձ են եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ծրագրված աշխատանքները հիրավի կարեւոր նշանակություն ունեն երկրի համար, եւ ծրագրերն ընթանում են պլան-ժամանակացույցների համաձայն:

Այն ծրագրերի, որի հաջորդ քննարկումը կլինի մեր երկրի նորընտիր վարչապետի նստավայրում, որը փաստորեն կմնա Բաղրամյան 26-ը, քանզի Սերժ Սարգսյանը որոշել է նախագահական նստավայրը դարձնել վարչապետական:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։