Երբ մշուշն է քաղաքական ուղին – «Մշուշապատ Ալբիոնի»՝ Անգլիայի մշուշապատ քաղաքականությունը՝ Հայաստանում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում… Արեւմուտք-Ռուսաստան.- սառը պատերազմի նախերգանքը՝ դիվանագիտական հարձակումներով… Արտաքսումները ՆԱՏՕ-ից կարող են նաեւ ռազմականացնել իրավիճակը… Հայ արիների առաջնորդը Անգլիան եզակի հակահայ եւ թուրքամետ երկիր է համարում…

Այսօր Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները հետզհետե մոտենում են նախորդ դարի ԱՄՆ-ԽՍՀՄ «սառը պատերազմի» վիճակին: Նման քաղաքականությունը կիրառվում էր Վաշինգտոնի կողմից, ինչը խնդրանք-պարտադրանքի տեսքով հասնում էր Եվրոպա (եւ աշխարհի այլ վայրեր) եւ «սառը պատերազմը» սկսում էր իր ծանր հետեւանքները թողնել մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վրա, քանի որ ռազմա-քաղաքական հակադրությունները հանգեցնում էին ռազմա-տնտեսական մրցավազքի, որը ոչ միայն զենք-զինամթերքին էր առնչվում:

Այդ ժամանակ Մեծ Բրիտանիան Եվրոպայում հանդես էր գալիս որպես ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակից կամ, ինչպես հայ արիներն են բնորոշել՝ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հաստ աղին է Եվրոպայում… Այսօր էլ այդպես է եւ Վաշինգտոնի պատվերով Լոնդոնը սկսեց ամերիկյան արտաթորանքը լցնել Եվրամիություն: Ստացվեց, որ Եվրամիությունը պիտի ձեւափոխվի այլեւս, քանի որ այդ քաղաքա-տնտեսական արտաթորանքից խարխլվեց ոչ միայն Եվրոպա-Ռուսաստան հնարավոր համագործակցությունը, այլեւ՝ Անգլիա-Եվրոպա կապը: Անգլիա, քանի որ Մեծ Բրիտանիա հասկացողության մեջ Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, թերեւս նաեւ Ուելսը դեմ չեն մնալ Եվրամիության կազմում, անգամ պատրաստ են անկախանալ Անգլիայի մենիշխանությունից…

Մեծ Բրիտանիան արդեն Եվրամիությունից դուրս գալու ճանապարհին է, երեւի թե վերջին բանակցություններն են ընթանում այդ անջատումը իրավական առումով ճիշտ կատարելու համար, եւ ԱՄՆ-ն ամեն հարցով աջակցում է Անգլիային:

Եթե, ըստ հայ արիների, Անգլիան ԱՄՆ-ի հաստ աղին է Եվրոպայում, ապա ըստ նրանց, Անգլիան նաեւ այն միակ եվրոպական երկիրն է, որից միայն տուժել ու տուժում է Հայաստանը: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը նշել է, որ մնացյալ եվրոպական երկրները, անգամ Ռուսաստանը, այս կամ այն չափով, որոշ առումներով ունեն հայամետ քայլեր արված, սակայն Անգլիան եզակի հակահայ երկիր է… Միշտ եղել է թուրքամետ ու ադրբեջանամետ, եթե պետք է եղել ընտրել հայի ու թուրքական տեսակի միջեւ: «Հայաստանը չի կարող հետեւել Անգլիայի օրինակին որեւէ հարցում, կլինի դա հայկական նպատակների, թե եվրոպական ու համաշխարհային խնդիրներին առնչվող: Մեզ խիստ մտահոգել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի «անգլիական ուղղությունն ու պատկանելությունը», նա կարող է ակամա, չուզելով անգամ վտանգ դառնալ, եթե աներկբա ծառայի նաեւ Անգլիայի թագուհուն… Դեռ լավ է, որ Միացյալ Նահանգները Անգլիային միայն Եվրոպայում են դիտարկում որպես հաստ աղի ու ամերիկյան արտաթորանքը զուտ հայկական ուղղություն չունի»:

«Լուսանցք»-ը եւս անդրադարձել է «Մշուշապատ Ալբիոնի»՝ Անգլիայի մշուշապատ քաղաքականությանը, առնչություններին Հայաստանում եւ մեր տարածաշրջանում եւ այսօր էլ հետեւում ենք նոր Եվրոպայի ստեղծման անգլիական փորձերին: Հետաքրքիր է, որ այս Եվրոպային դեմ գնացող Թուրքիան առաջինն է ողջունել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալը եւ իր ցանկությունն է հայտնել միանալու այն Եվրոպային, որը կկազմակերպի Լոնդոնը…  

Իսկ Մեծ Բրիտանիան եվրոպական ապագա համերաշխությունը սասանելու համար հստակ անցել է ԱՄՆ-ի պատվերն իրականացնելուն՝ պետք է Եվրոպային ստիպել, որ հարվածի Ռուսաստանին բոլոր ուղղություններով եւ այդժամ ռուսական մասնակցությունը նոր Եվրոպայի ստեղծմանը կզրոյացվի կամ գոնե կնվազեցնի օգտակար գործողության գործակիցը:

Այս ընթացքում էլ Եվրամիությունը ցանկանում է ուրվագծել Բրիտանիայի հետ ապագա գործընկերության հեռանկարները, Brexit-ից հետո անցումային շրջանում Լոնդոնի հետ իրենց ապագա գործընկերության հարցով պայմանավորվածություն ձեռք բերելը: Հարաբերությունների անցումային շրջանը սկսվելու է Brexit-ից հետո, ինչպես ակնկալվում է՝ 2019թ. մարտի 30-ից: Եվրահանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ տրանզիտ շրջանը կձգվի մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը: Այդ անցումային շրջանում պետք է վերջնական տեսքի բերվեն ապագա հարաբերությունները: Այդ շրջանը կլինի կարճ, այդ պատճառով ապագա գործընկերության շուրջ բանակցությունները շատ արագացված կլինեն:

Իսկ այժմ ռուս դիվանգետներն ու նրանց ընտանիքները լքում են Մեծ Բրիտանիան: Առաջին օրերին ավտոմեքենաներից ու ավտոբուսներից կազմված շարասյուններ էին գնում դեպի օդանավակայան: Առաջին վտարվածները Ռուսաստանի դեսպանատան 23 աշխատակիցներ էին: Բողոքի այս նոտան պատասխանն էր ռուսաստանյան հետախուզական վարչության նախկին աշխատակից (նախկին հետախույզ, լրտես) 66-ամյա  Սերգեյ Սկրիպալի եւ նրա 33-ամյա դստեր Յուլիայի նկատմամբ մահափորձի մեջ: Լոնդոնից պնդում են, որ հանցագործության ժամանակ օգտագործվել է ռուսաստանյան արտադրության «Նովիչոկ» գազը: Եվ չի բացառվել թունավորելու՝ ռուսական կողմի հնարավոր մասնակցությունը: Դրա հետեւանքով Միացյալ Թագավորությունը լքելու է մոտ 80 մարդ՝ ներառյալ դիվանագետների ընտանիքների անդամները: Հեռացողների թվում բազմաթիվ երեխաներ են: Դիվանագետներն իրենց հետ հայրենիք են բերում նաեւ իրենց տնային կենդանիներին:

Որպես պատասխան, առաջիկա օրերին Մոսկվան լքել են նաեւ ՌԴ ԱԳՆ կողմից այդ երկրում անցանկալի անձ հայտարարված բրիտանացի դիվանագետները (ապա՝ նրանց հետեւեցին ամերիկացիները): Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի քայլերը մոտակա ժամանակ համարժեք քայլերի կարժանանան. այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ոչ մի առճակատում ոչ ոքի հետ չենք ակնկալում: Մենք ցանկանում ենք աշխատել ազնիվ, փոխադարձ հարգանքի եւ հետաքրքրությունների բալանսի, բոլորի համար ընդունելի մոտեցումների փնտրման հիման վրա»,- հայտարարել է նա:

Մինչ այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Լոնդոնին 4 նոտա է ուղղել՝ Սերգեյ Սկրիպալի վրա մահափորձի կապակցությամբ, սակայն որեւէ հստակ պատասխան այդպես էլ չի ստացել: «Այս պահին Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական կողմի հետ որեւէ համագործակցությունից, ինչպես նաեւ որպես Քիմիական զենքի արգելման դեմ կոնվենցիան ստորագրած երկիր, եւ «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» անդամ, Լոնդոնը հրաժարվում է որեւէ տեղեկատվություն տրամադրել այդ կապակցությամբ: Ոչ մի խոսք չի գնում անգամ հանցագործության վայրում հայտնաբերված նյութի ցուցանմուշի տրամադրման մասին»,- հայտարարել է նա:

ՆԱՏՕ-ն էլ արտաքսել է ռուսաստանցի 7 դիվանագետի, իսկ 3-ին հրաժարվել են հավատարմագրել: Այսպիսով, ՆԱՏՕ-ն առավելագույնս կրճատել է ռուսական առաքելությունը՝ թողնելով 20 մարդու:

Իսկ Եվրամիության անդամ 3 երկրներ՝ Սլովակիան, Լյուքսեմբուրգն ու Մալթան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվայից հետ են կանչել իրենց դեսպաններին: Մոսկվան արագ արձագանքել է եւ այս քայլերը համարում է ոչ բարեկամական ու սադրիչ, խոստացել է պատրաստել պատասխան միջոցառումներ:

Իսկ ահա Անգլիայի մեծ բարեկամ Թուրքիան չի միանա այս նախաձեռնությանը: Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նշել է. «Դա Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի խնդիրն է։ Բրիտանիան անկախ պետություն է եւ ինքն է որոշում, թե որ երկրի հետ ինչ տեսակ հարաբերություն կառուցի։ Ռուսաստանն էլ ինքնիշխան ու անկախ պետություն է։ Մենք ուրիշ երկրների ընդունած որոշումները նախ ուսումնասիրում ենք մեր շահերի եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ու նոր միայն քայլեր ձեռնարկում։ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերություններ են։ Անկարան չի պատրաստվում Մոսկվայի դեմ որեւէ որոշում ընդունել այդ հարցի շուրջ։ Թուրքիան անկախ պետություն է եւ ինքն է որոշում, թե ինչպես վարի իր արտաքին քաղաքականությունը»: Ակնհայտ է, որ Անկարան փորձում է այս հակամարտությոնից իր շահն ունենալ, հատկապես, որ Մերձավոր Արեւելքում նպատակ ունի նոր տարածքներ զավթելու: Անգամ դեմ չեն լինի, որ «սառը պատերազմը» «տաքանա», նման խառն իրավիճակում գողություն անել ավելի հեշտ է, բոլորին իրենց խնդիրներն են միայն հուզում…

Ռուս դիվանագետների արտաքսումը շարունակվում է: ՆԱՏՕ-ի ավելի քան 25 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին, այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Եվրոպական երկրներին ավելանում են նաեւ այլ աշխարհամասերի երկրները եւ մի քանի տասնյակ երկրներ արդեն վտարել են ռուս դիվանագետներին: 23 պետություն որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին իրենց երկրներից, 16-ը ԵՄ անդամներն են, ԱՄՆ-ն, Կանադան, Ուկրաինան, Նորվեգիան ու Ալբանիան…

Եվ թե ինչով կավարտվի այս ընթացքը կամ ինչ շարունակություն եւ ուղղություն կստանա, դեռ պարզ չէ, բայց Վաշինգտոն-Լոնդոն դաշինքը կրկին արգելափակեց Եվրոպա-Ռուսաստան հնարավոր համագործակցությունը…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։