Հայ արիները նշում են Բնության Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը…

Ապրիլի 7-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում արեւածագը դիմավորեցին Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոնով:

Մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այս տոնին առանձնակի շուքով են պատրաստվում: Զատիկը բնական տոն է, երբ բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում մարդկանց սրտերը: Մեկ օր առաջ տոնի մասնակիցներից մի քանի տարեց կանայք՝ մամիկներ, ուշ երեկոյան  հավաքվում են հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի տանը եւ կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մեկի մեջ դնում են Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի:

Այսօր ձոնից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչը՝ քուրմ Արմոգը ներկաներին բաժանեց այդ կաթնահունց գաթաները: Ում գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս գար, նրա օջախում էլ կշարունակվեր տոնը եւ նրան էլ կտրվեր մատանին որպես նվեր՝ ձվախաղը սկսելու պատվի առիթով: Հետաքրքիր զուգադիպությամբ մատանին դուրս եկավ հենց թխողի՝ 80-ամյա Ազնիվ տատի գաթայից:  

Երեկոյան նրա տանը կշարունակվի Զատկի տոնը, որ կուղեկցվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ձոներգերով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Մայր Անահիտի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:

Այնուհետեւ  հայ արիների ու համախմբված ազգայնականների անդամները կգնան Մայր Արաքսի մոտ՝ ապրիլի 8-ի լուսադեմը Մայր Անահիտին ուղղված ձոնով սկսելու:

Մայր գետի մոտ հատուկ ծես կարվի՝ ի աջակցություն մեր բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա:

Ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Մայրի Արաքսի ջրերին ցորենի հատիկներ կխառնեն՝ ի նշան այս տարում հողի առատ պտղաբերության: Հայ արիների եւ համախմբված ազգայնականների այն անդամները, ովքեր հողագործներ են, իրենց տուն Արաքսի ջուր կտանեն՝ սեփական հողամասերում առաջին հատիկը Մայր գետի ջրով ցողելու համար:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

Մեծամոր-Երեւան

07.04.2018թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։