Հայաստանում կենդանական աշխարհը պետությանը չպետք է լինի՞, այն էլ կսեփականաշնորհե՞ն… Այս դրույթի հեռացմամբ անհեթեթ վիճակ է ստեղծվում, հայտնվել է մեկը, ով ցանկանում է սեփականացնե՞լ հայկական կենդանական աշխարհը… Սա ի՞նչ կարգի կենդանական բնազդ է… / Հայաստանի համար կրիտիկական վիճակ է – Այս տարի ունեցել ենք ոչ ցուրտ ձմեռ – Մեզ մոտ տարեց տարի ավելի չորային է դառնում կլիման…

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին կենդանասեր, կենդանապաշտպան եւ մտահոգ հանրությունը սպասում է արդեն երկար տարիներ: Ցանկություն կա, որ օրենքի փոփոխությունների ընդունմամբ բարելավվի մեր երկրում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, նաեւ լուծվեն մի շարք կարեւոր խնդիրներ՝ ինչպես անազատ ու կիսազատ պայմաններում պահվող կենդանիների բարեկեցությունը եւ այլն:

Բայց նշյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծը, ըստ կենդանասեների, կարծես այդպես էլ անհասկանալի է մնում վարչապետի համար: Անգամ վտանգավոր եզրեր են երեւակվում… Հիշեցնենք, որ 2000թ. ընդունված «Կենդանական աշխարհի մասին» գործող օրենքի նախաբանում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է», նոր օրենքի նախագծի առաջին հոդվածում ասվում է. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունը»»:

Այս դրույթի հեռացմամբ անհեթեթ վիճակ է ստեղծվում. ի՞նչ է, հայտնվել է մեկը, ով ցանկանում է սեփականացնե՞լ հայկական կենդանական աշխարհը… Սա ի՞նչ կարգի կենդանական բնազդ է:  

Շեշտենք. իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված օրենքի նախագծով նախատեսվում է նախաբանից հանել վերոնշյալ դրույթը, ոչ թե այն լրացնել, փոփոխության ենթարկել կամ փոխարինել մեկ այլով, ուղղակի կամայականորեն հեռացնել:

Կենդանական աշխարհի պետության բացառիկ սեփականությունը լինելու մասին դրույթը հանելուց հետո, այդ օրենքի նախագիծը շարունակում է փոփոխություններ կամ լրացումներ սահմանել գործող օրենքի այս կամ այն դրույթի մեջ, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել:

Ստացվում է կենդանական աշխարհն էլ պետության սեփականությունը չէ, բայց կառավարությունն այն նախատեսում է ինքնուրույն կարգավորել… Օրենքում նախատեսվող փոփոխությունների ընդունման հետաձգումը պատճառներ ունի. գործադիրում վիճաբանություն է նշյալ դրույթի շուրջ…

Այսինքն՝ կան պատասխանատուներ, պաշտոնյաներ, որ դեմ են պետության բացառիկ սեփականությունը լինելու հարցի փոփոխությանը: Եվ նրանցից էլ տեղեկություն է սպրդել, որ կենդանիների պետական սեփականության դեմ հանդես եկողներից է նաեւ ու հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը, ում արդեն «հակաբնապահպան» են կոչել, քանի որ նա բազմիցս աչքի է ընկել բնության նկատմամբ իր ունեցած «հատուկ վերաբերմունքով»……

Հայկական լեռնաշխարհի բնաշխարհը, եւ՛ կենդանական եւ՛ բուսական, իրապես հատուկ վերաբերմունքի է արժանի, բայց ոչ ներկայիս «վարչապետական ըմբռնմամբ»:

Նարե Մշեցյան

Հայաստանի համար կրիտիկական վիճակ է

«Կլիմայական փոփոխությունները գլոբալ են, եւ չնայած՝ որոշ հայ գիտնականներ հայտնում են, որ դրանք Հայաստանի վրա չեն ազդի, բայց ազդեցությունն ակնհայտ է»,- հայտնել է բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Այս տարի մենք ունեցել ենք ոչ ցուրտ ձմեռ: Հայաստանի համար սա կրիտիկական վիճակ է: Մեզ մոտ տարեց տարի ավելի չորային է դառնում կլիման: Ամռանը մենք կզգանք դրա ազդեցությունը, երբ իշխանությունները հայտարարեն, որ ջուր չկա, ջրամբարները դատարկ են»…

Սիլվա Ադամյանը նշել է նաեւ, որ կլիմայական փոփոխությունների մասին առաջին հերթին փաստում են կենդանական աշխարհի փոփոխությունները, որին պիտի հետեւել:

«Արագիլները կլիմայական փոփոխությունների ապացույցն են: Արագիլների պոպուլիացիա կա, որոնք չեն թռչում Հայաստանից, ինչը նշանակում է, որ ջերմությունն այնքան է բարձրացել, որ չեն չվում: Այս կլիման կարող է հանգեցնեն այն բանին, որ մենք կարող ենք ունենալ ամիսներ, որ ջրհեղեղներ լինեն, սակայն պիտի հիշենք, որ ջրահեռացման համակարգերը մեզ մոտ չեն աշխատում»,- նշել է բնապահպանը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործմանը՝ Սիլվա Ադամյանը նշել է, որ դա կբերի Վայոց ձորի կործանմանը:

Մեկ այլ բնապահպան՝ Կարինե Փանոսյանն էլ այս ամենին հավելեց, որ «մենք երաշտի նախաշեմին ենք, ու չենք կարողանալու կառավարության դեմն առնել, որպեսզի Սեւանից մեծ քանակությամբ ջուր բաց չթողնեն»:

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։