Հայտնի է, որ զբոսաշրջությունը մեծ եկամուտներ է բերում յուրաքանչյուր պետության: Առավել եւս Հայաստանի պես հնագույն երկիրը կարող է իր պատմական անցյալի մատչելի եւ ժամանակակից մատուցմամբ ապահովել միլիոնավոր զբոսաշրջիկների այցը մեր երկիր:
Իմիջիայլոց, զբոսաշրջությունը նաեւ քարոզչության լավագույն ձեւերից է, եւ Հայկական լեռնաշխարհը կարելի է ներկայացնել որպես զուտ հայկական բնօրրան՝ միաժամանակ մեր լեռնաշխարհի գանձերը վերահայկականացնելով: Քանզի թուրքական զավթարար քաղաքականությունը մեր պատմական ժառանգությունն աղավաղել է:
Վերջերս կառավարությունում խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն:
Այս կառույցի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ծրագրում ներառվել են Գորիսի քարանձավները, Զորաց քարերը (Քարահունջի աստղադիտարանը,- խմբ.), Թռչկանի ջրվեժը, Սեւ բերդը, Արփի լիճը, Նորատուսը, Գեղարդը, Աշտարակը, Դվինը, Բյուրականը, Ամբերդը, Զվարթնոցը, Մեծամորը, Սմբատաբերդը, Եղեգիսը, Գլաձորը, Սելիմի քարավանատունը, Պռոշաբերդը, Էրեբունին եւ Տաշիրը:
Նաեւ նշվել է, որ ծրագրի նպատակն է երկարացնել զբոսաշրջային այցի տեւողությունը, զբոսաշրջիկներին ապահովել գիշերակացով, երկարացնել զբոսաշրջային սեզոնը, զգալիորեն ավելացնել վայրն այցելելիս զբոսաշրջիկի կողմից կատարվող ծախսերը եւն:
Ծրագիրը նաեւ մշակվել է՝ հաշվի առնելով զբոսաշրջության 10 համաշխարհային միտումները:
Զբոսաշրջային վայրերն ընտրվել են ըստ պատմամշակութային նշանակության, գեղատեսիլ բնության, ներդրումային ներուժի եւ իրագործելիության, մարզային բաշխվածության եւ մոտակայքում համայնքի առկայության:
(Հետաքրքիր է՝ ինչո՞վ Գառնո հեթանոսական տաճարը չի բավարարել,- խմբ.):
Արդեն ավարտվել է 4 ծրագրերի մշակումը՝ հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով:
Մնում է վարչապետը հետեւողական լինի իր հանձնարարականներին՝ վերոնշյալ 20 ծրագրերի, ինչպես նաեւ տարբեր շահագրգիռ գերատեսչություններից ստացվող նմանատիպ ծրագրերի քննարկման համար:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում պետք է ստեղծել համապատասխան հարթակ, որտեղ ծրագրերը մասնագիտական քննարկումների առաջին փուլ կանցնեն: Ապա դրանք կներկայացվեն մարզպետներին, որպեսզի վերջիններս եւս քայլեր անեն ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:
Նշվել է, որ պետք է հստակ կանոններ գործեն, որոնք ուղեցույց կլինեն բնական, մշակութային եւ ճարտարապատական հուշարձանների վայրերում զբոսաշրջային ծրագրերի իրականացմամբ հետաքրքրված ներդրողների համար:
Կրկնենք, որ սա կարեւոր է, բայց պետք է այնպես արվի, որ զբոսաշրջությունը մեր երկրին ֆինանսական շահից զատ այլ օգուտներ էլ բերի՝ իրակա՛ն ազգային մշակույթի եւ արժեհամակարգի քարոզչությմբ:
Եվ այս երկու ուղղությունները չպետք է հակադրել միմյանց (երբեմն զբոսավարներն իրենք են մեր մշակութային արժեքներն օտարացնում):
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



