Եվ ի՜նչ է արել Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակում – Հայությունը պարբերանար ընդվզում է, երբ հայկական մշակութային արժեքները գրանցվում են ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես թուրքական, ադրբեջանական, վրացական, պարսկական, քրդական, արաբական եւ այլ արժեքներ… Եթե այսպես շարունակվի՝ անհրաժեշտ է կասեցնել մեր մասնակցությունը այսպիսի անիմաստ կառույցի աշխատանքներին…

Հայությունը պարբերանար ընդվզում է, երբ հայկական մշակութային արժեքները գրանցվում են ՅՈւՆԵՍԿՕ-ում որպես թուրքական, ադրբեջանական, վրացական, պարսկական, քրդական, արաբական եւ այլ արժեքներ: Հատկապես զարմանալին այն է, որ այս միջազգային կառույցը կարող է միաժամանակ մեկ ոչ նյութական մշակութային ժառանգության տեր ճանաչել միանգամից մի քանի ազգերի կամ երկրների: Ավելի զարմանալի է, երբ այնպիսի ազգեր են տիրանում հայկական բազմահազարամյա մշակութային արժեքներին, երբ նրանց պատմությունը համաշխարհային ասպարեզում արձանագրվել է այդ արժեքներից առնվազն մի քանի հազար տարի հետո: Իսկ ամենազարմանալին այն է, որ քոչվոր ցեղախմբերին է վերագրվում այնպիսի մշակույթ, որը բացառապես նստակյաց կյանքով ապրողների շնորհն է… Քոչվորը խաղողի այգի՞ կունենար, որ հետո տոլմա փաթաթեր խաղողի թփով ու խաղողից գինի ստանար: Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի IQ-ի՝ այո: Քոչվորը մրգատու ծառե՞ր կունենար, որ տարիների խնամք է պահանջում: Դարձյալ ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի IQ-ի՝ այո: Թոնի՞ր կարարեր… Կրկին՝ այո եւ կրկին ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի իմացական մակարդակի:

Թոնիրը, լավաշը, խորովածը, խաշլաման, խաշը, հարիսան, տոլման, տակառը, գարեջուրը, գինին, կարասը, թթու դնելու տարբերակները, տարբեր մրգահյութերն ու թխվածքները, չրեղենն ու անուշեղենը, բաստուրման, ղավուրման (վերջին մի քանիսը նաեւ ռազմարշավի ուտեստներ էին)… բազմաթիվ տաճարներ ու վանքեր, խաչքարեր ու եկեղեցիներ եւ ճարտարապետական այլ արժեքներ, դպրոցներ, աստղադիտարաններ, թաքնագիտական կենտրոններ… ու էլի տարաբնույթ արժեքներ, որ մեր մշակութային ժառանգության մասն են կազմում, այսօր «օտարացվել են» մեզանից՝ ինչ-որ մի փողերի լվացման կենտրոնի վերածված ՅՈւՆԵՍԿՕ-ի ջանքերով:  

Այս ամենի մասին «Լուսանցք»-ը միշտ է գրել, սակայն մեր երկրի պատկան մարմինները, ասենք՝ մշակույթի նախարարությունը երբեք չի պաշտպանել մեր արժեքներն ու մեր իրավունքները այդ արժեքների նկատմամբ: Այն ինչ ընդամենն արվել է, այն է, որ այդ արժեքների մի մասը նաեւ հայկական են ճանաչվել: Մինչդեռ անուններից անգամ կարելի է հասկանալ, թե որ լեզվով են առաջինը կոչել այս կամ այն արժեքը («դասական» լեզվաբաններին չդիմել այս հարցում. նրանց համար հայերեն չկա, կա փոխառություն)…

Բայց չկա պայքար մեր մշակութային արժեքների իրական ճանաչողության համար: «Լուսանցք»-ը անգամ կոչ արեց մեր իշխանությունների դուրս գալ այդ ազգախառնակիչ կառույցից, ինչպես դա արեց Իսրայելը՝ իր արժեքներն անտեսելու պատճառով… Նաեւ ԱՄՆ-ն է դուրս եկել:

Ս.թ. փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած Կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է այս փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցությունների ընթացքում։

Հայաստանը Կոմիտեի անդամ է 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:

Որպես տեղեկանք ներկայացնենք, որ Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է եւ բաղկացած է տարածաշրջանային 6 խմբերը ներկայացնող 24 անդամից: Կոմիտեի կարեւոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների եւ ջրահեռացման համակարգի պահպանության ու ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակներում: Նա շեշտեց, որ խորհրդաժողովի կազմակերպման նպատակն է աջակցել Գեղարդի վանական համալիրի առավել արդյունավետ պահպանմանը՝ ջրահեռացման համակարգի նոր մեթոդաբանությունների մշակման միջոցով։ Հաշվի առնելով, որ 2000թ. Գեղարդի վանքը եւ Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես մարդկության համար առավել մեծ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ՝ դրանց պահպանումը չափազանց կարեւոր է:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ խորհրդաժողովի փորձագետների կողմից մշակված մեթոդաբանությունը կարեւոր նախադեպ կլինի մյուս մշակութային վայրերի պահպանման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

Հուսանք, որ սրանք միայն խոսքեր չեն մնա, այլ քայլ առ քայլ կտանեն այս միջազգային կառույցում նախկին սխալների շտկմանը եւ մեր ազգային ու մշակութային արժեքների գրանցմանն ու պահպանմանը: Այլապես կրկին պիտի շեշտենք, որ անհրաժեշտ է վերանայել մեր երկրի հետագա մասնակցության հարցը ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքներին:

Լայն բացված աչքերով պիտի նայել մշակութագողությանը, մեր թշնամիները նախ տիրացան մեր հայրենիքի մեծ մասին, ապա մեր հայրենիքում արարված մեր ազգի արժեհամակարգին, այժմ էլ առանձին ոլորտներում են փորձում հիմնավորել իրենց «հին քաղաքակրթական անցյալ ունենալն ու մշակութաստեղծ լինելը»…

Տեղեկացնենք, որ նշյալ խորհրդաժողովն իրականացվում է մեր մշակույթի նախարարության կողմից եւ ԱԳ նախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետ համագործակցաբար՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված եւ ֆինանսավորված «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների եւ ջրահեռացման համակարգի պահպանության ու ամրակայման մեթոդաբանություններ» ծրագրի շրջանակներում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։