Մեկ վարչապետ՝ երկու նստավայրով… Սա անհեթեթ չէ՞ արդյոք – Արդարադատության նախարարը սա բնական համարեց… / Գյադե՜ք, դեսն անցեք – Այնուամենայնիվ, փաստ է, որ այլեւս ոչ թե լրագրողը, այլ վարչապետն է որոշելու, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում…

Մեկ վարչապետ՝ երկու նստավայրով

Ըստ ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական նոր կարգավորումների, Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի: Հայաստանի ապագա վարչապետի նստավայր է լինելու Բաղրամյան 26-ը, որը այժմ երկրի նախագահի նստավայրն է: Իսկ ապագա նախագահի նստավայրը լինելու է Մաշտոցի 47-ը:

Եթե վարչապետի նստավայր է լինելու Բաղրամյան 26-ը, ապա կառավարության անդամների հետ աշխատանքն էլ ենթադրում է, որ վարչապետը կառավարությունում էլ է նստելու: «Այո, վարչապետն ունենալու է 2 նստավայր,-լրագրողներին հայտնեց նախարարը,- վարչապետը կառավարությունում եւս ունենալու է նստավայր, որովհետեւ կառավարության անդամների հետ թերեւս առավել արդյունավետ աշխատանք կարող է արվել այստեղ»:

Մեկ վարչապետ եւ երկու նստավայր: Սա անհեթեթ չէ՞ արդյոք:

Արդարադատության նախարարը սա բնական համարեց, որովհետեւ վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից, եւ զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար: Ուստի, այս առումով որեւէ զարմանալու բան չկա:

Լավ, եթե նույնիսկ ինչ-ինչ գործոններից ելնելով դա բնական է, ու Դ. Հարությունյանը ասենք համոզեց, անհեթեթ չի՞ հնչում այն պարագայում, երբ երկրով մեկ օպտիմալացում է: Հանրությունը կարո՞ղ է հարց հնչեցնել՝ հապա ու՞ր մնաց օպտիմալացման գաղափարը:

Ի պատասխան նախարարը նախ հայտնեց, որ օպտիմալացումը չի կարող լինել ինքնանպատակ. «Օպտիմալացումը նպատակ է, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել, բայց եթե օպտիմալացումը բերելու է արդյունավետության նվազմանը, ապա դա օպտիմալացում չէ: Դա, կներեք, կոպիտ բառ չեմ ուզում օգտագործել, սխալ մոտեցում է: Հանուն օպտիմալացման պետք չէ, օրինակ, մարդուն, որն ունի երկու ձեռք, թողնել մեկ ձեռքով, որովհետեւ այդ ձեռքով կարելի է ավելի շատ գործել, հիմա նույնն այս պարագայում, կան լիազորություններ, որոնք առավել արդյունավետ իրականացվելու են Բաղրամյան 26-ում»:  

Այնպես որ, ըստ բանախոսի, Բաղրամյան 26-ը կօգտագործվի մի շարք լիազորությունների իրականացման համար, իսկ այն լիազորությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են գործադիրին,կարվեն կառավարության շենքում:

Անկեղծ ասած՝ արդարադատության նախարարը համոզում է: Նրա աստվածը՝ վկա, հավատում ենք: Համ էլ օպտիմալացումը ենթադրում է մարդկանց կրճատում, ոչ թե նստավայրերի: Այ էստեղ նախարարը թերացավ, չասաց: Ծերանում է երեւի…

Աստղինե Քարամյան

Գյադե՜ք, դեսն անցեք

Գործադիրը երեկ գումարեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ վերջին նիստը, այլ կերպ՝ կառավարության վերջին դռնբաց նիստը: Թեեւ, վարչապետի որոշմամբ, նիստի մի մասը կարող է դռնբաց լինել:

Նորամուծության համաձայն, «փակվում» են նաեւ նախարարները: Կառավարության անդամն ասյուհետ իրավունք չի ունենա տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի մասին, եթե վարչապետը նրան նախապես թույլ չի տվել: Վարչապետի հանձնարարությամբ է հրապարակվելու նաեւ նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը:

Այս ամենը հաշվի առնելով էլ կառավարության երեկվա նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղվեց՝ գո՞հ է արդյոք գործադիրի նիստերն այսուհետ փակ անցկացնելու փաստից՝ հաշվի առնելով, որ փակվելու գործում մեծ լումա ունի հենց ինքը:

«Այո՛, գոհ եմ»,- շատ հանգիստ ու լայն, ակռաները երեւացնող ժպիտով ասաց նախարարը:

Եվ միաժամանակ հավելեց. «Ընդհանրապես, որեւէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչն իմ կարծիքով կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»:

Լավ, հապա ինչպե՞ս են աշխատելու լրագրողները, ի՞նչ են ներկայացնելու հանրությանը գործադիրի նիստերից:

Սրա պատասխանն էլ պատրաստ ունի նախարարը. «Այն ավանդույթը, ըստ որի նախարարները նիստից հետո իջնում ու ներկայացնում են կարեւորագույն հարցերի պատասխաները, ավելի համակարգված կլինի: Այն, որ օրակարգը լինելու է բաց եւ լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալու օրակարգին, այդ առումով մենք ավելի պատասխանատու մոտեցում կստանձնենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վերջին պահին օրակարգի համալրումները»:

Այնուամենայնիվ, փաստ է, որ այլեւս ոչ թե լրագրողը, այլ վարչապետն է որոշելու, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում:

Դավիթ Հարությունյանը կրկին ցուցանեց յուր անթաքույց գոհունակ ժպիտը. «Այստեղ հնարավորություն է ընձեռնվելու լրագրողներին հարցեր ուղղել կառավարության նիստում զեկուցող անդամներին: Լրագրողները կշարունակեն ամեն հինգշաբթի գալ կառավարություն եւ հարցեր ուղղել նախարարներին»…

Իսկ իրականում սա է լինելու. նիստից հետո լրագրողներիս ասելու են՝ գյադեք, դես անցեք, ձեզ հետաքրքիր հարց ենք շպրտելու… Ու մեր այս վիճակի համար նաեւ մենք ենք մեղավոր: Բայց սա արդեն այլ թեմա է…

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։