Աշխարհի մարզական հեւքից.- Լեւոն Արոնյանը նահանջեց 7 հորիզոնականով… Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում… Կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում… «Հայկական արծիվները»՝ 2018 PRO Chess League-ի հաղթող… Թույլ չի տրվել ֆուտբոլի 2 ակումբ ստեղծել… Ֆուտբոլ.- Բարձրագույն խումբ – Առաջին խումբ… Գուցե նախկին թիմի ոգին էլ վերադառնա հավաքականի նախկին հաջողակ մարզիչի հետ… Ֆուտբոլային խճանկար եւ ֆուտբոլային այլ լուրեր… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը / վնասվածքի մասին… Որակազրկված հայ մասնագետը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Հայազգի ըմբիշների փայլուն ելույթները Ռուսաստանում… Երեւանում կանցկացվի քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնություն… Կմասնակցեն սամբոյի Եվրոպայի առաջնությանը… Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում… Նախարարը, երգիչներն ու դերասանները միասին բասկետբոլ կխաղան…

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Մեր առաջատարը նահանջեց 7 հորիզոնականով

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում ապրիլի 1-ի դրությամբ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Անցած ամսվա համեմատ մեր շախմատիստը նահանջել է 7 հորիզոնականով, ինչի վրա իր ազդեցությունը թողեց մեր շախմատիստի անհաջող խաղը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Այժմ նրա ընթացիկ վարկանիշը կազմում է 2767 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (61-րդ տեղ, 2680), Հրանտ Մելքումյանը (75-րդ, 2669) եւ Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814) եւ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2804):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2410), Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդ (2403):

Հավակնորդներն անմիջապես նոր գերմրցաշարում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ձախողվելով աշխարհի չեմպիոնի 8 հավակնորդների մրցաշարում, անմիջապես մասնակցեց մեկ այլ մրցաշարի՝ Grenke Chess Classic, որը կայացավ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում: 9-ը խաղում Լեւոն Արոնյանը ոչ մի պարտություն չկրեց, սակայն ընդամենը 1 հաղթանակ տարավ, մնացյալ 8-ը ավարտելով ոչ-ոքի: Մրցաշարում միակ հաղթանակը Լեւոնը տոնեց 2-րդ փուլում՝առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ: 9 հնարավորից վաստակած 5 միավորով Լեւոնը զբաղեցնեցրեց 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթողի հարցը վճռվեց Նիկիտա Վիտյուգովի եւ Ֆաբիանո Կարուանայի մրցախաղում: Հաղթանակ տոնելով՝ ամերիկացին վաստակեց 6,5 միավոր եւ հաղթեց, նվաճեց գլխավոր մրցանակը: Հիշեցնենք, որ մարտին նա 1-ին տեղն էր գրավել Բեռլինում անցկացված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիրը:

Հաշտություն կնքելով Վիշվանաթան Անանդի հետ, 5,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: 5 միավորով 3-րդ հորիզոնականում հանգրվանեց Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Նիկիտա Վիտյուգովին եւ Լեւոն Արոնյանին:

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի մեր շախմատիստը գերազանց էր հանդես եկել GRENKE Chess Classic մրցաշարում՝ նվաճելով գլխավոր մրցանակը:  

Էլինա Դանիելյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը

Սլովակիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ փուլի հանդիպումները: Մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանին չհաջողվեց շարունակել նախորդ 2 խաղերում տարած հաղթարշավը եւ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ մրցավեճում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Նա այժմ 3 միավորով բաժանեց 8-23-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն, ով 4-րդ անընդմեջ հաթանակը տարավ: Նրան հաջորդող 6 շախմատիստուհիները վաստակել են 3,5-ական միավոր:

Այս փուլում մեր պատվիրակներից հաջող հանդես եկան Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Կուրսովան, ովքեր հաղթեցին իրենց մրցակիցներին եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Աննա Սարգսյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նրանք առայժմ 48-րդ հորիզոնականից ցածր տեղեր են զբաղեցնում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 6 շախմատիստուհի՝  Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետներ Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 30 երկրների 144 շախմատիստուհի: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 փուլով:

Հ.Գ. – 1 – Էլինա Դանիելյանը շարունակում է առաջատարների հետապնդումը – Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5 տուրում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հաղթեց լիտվացի Դեյմանտե Կոմետին, վաստակեց 4 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատարներին: Վաղը նախատեսված 6-րդ փուլում մրցելու է գերմանացի Ֆիլիզ Օսմանօջայի հետ:

Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթանակներ տարան եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց: Մարիա Կուրսովան այժմ ունի 3 միավոր, իսկ մյուսները՝ 2,5-ական:

Հ.Գ. – 2 – Էլինա Դանիելյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբումՍլովակիայում կայացել է Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ փուլը: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնել է մրցաշարում 4-րդ հաղթանակը եւ միացել առաջնության առաջատարների խմբին: Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը, մրցել են միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ է գտնվել առաջինը:

Մարիա Կուրսովան, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ են կրել: 6-րդ փուլից հետո 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, աշխարհի կանանց նախկին չեմպիոններ Մարիա Մուզիչուկը, Աննա Ուշենինան, Եվրոպայի գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալենտինա Գունինան վաստակել են 5-ական միավոր եւ գլխավորում են աղյուսակը:

«Հայկական արծիվները»՝ 2018 PRO Chess League-ի հաղթող

Հայաստանը ներկայացնող «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց շախմատի 2018 PRO Chess League-ի առաջնությունում: Մեր թիմը հաղթելով Արեւելյան ենթախմբում, մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցներն էին մյուս ենթախմբերի հաղթողները՝ չինական Chengdu Pandas, ամերիկյան Saint Louis Arch Bishops-ը եւ Սլովենիայի Ljubljana Turtles-ը:

Եզրափակիչը մրցաշարը կայացավ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում:

Կիսաեզրափակիչ մրցամարտում «Հայկական արծիվները» 8,5:7,5 հաշվով առավելության հասան Saint Louis Arch Bishops-ի նկատմամբ, որի կազմում հանդես էր գալիս մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Եզրափակիչում խաղում մերոնք հանդիպեցին Chengdu Pandas-ի հետ, որը կիսաեզրափակիչում 9,5:6,5 հաշվով ջախջախել էր Ljubljana Turtles-ին:

Եզրափակիչ մրցամարտի հիմնական խաղափուլերից հետո հաշիվն հավասար էր՝ 8:8: Լրացուցիչ փուլում Զավեն Անդրիասյանը հաղթանակ տարավ ու վճռեց հանդիպման ելքը՝ 12:11:

«Հայկական արծիվներ» թիմն այս մրցումներում հանդես եկավ այսպիսի կազմով՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, թիմի մենեջեր-խաղացող՝ Արտակ Մանուկյան։

Թույլ չի տրվել ֆուտբոլի երկու ակումբ ստեղծել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանեց, թե ինչ հարցեր է քննարկել վերջերս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ: «Սպորտի նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրենք (խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին) ցանկանում են 2 ակումբ ստեղծել: Ես պատասխանել եմ, որ թույլ չեմ տա ֆինանսավորման նույն աղբյուրից լինի 2 ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն են արգելում դա: Երկրորդ, մեր կանոնադրությունը թույլ չի տալիս նորաստեղծ ակումբին միանգամից հայտավորվել բարձրագույն խմբում:

Ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել վերցնել «Էրեբունի» ակումբը, որը ֆինանսական խնդիրներ ունի: Նրանք արդեն համաձայնության են եկել ակումբի տերերի հետ: Մոտ ժամանակներում, հավանաբար, «Էրեբունի» թիմը կանվանափոխվի «Կոտայք», եւ անկախ նրանից, թե որ տեղը կզբաղեցնի 1-ին խմբում, մենք գործկոմով կորոշենք թույլ տալ ակումբին հանդես գալու բարձրագույն խմբում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Ի դեպ, ՀՖՖ կանոնակարգը ֆուտբոլային ակումբներին թույլ է տալիս հեշտությամբ անվանափոխել թիմի անունը: Մասնավորապես՝ ժամանակին Երեւանի «Լեռնագործ» ակումբն իր թիմի անունը անվանափոխել էր «Արարատ»-ի: Հետագայում ֆեդերացիան լուրջ խնդրի առջեւ հայտնվեց, երբ Երեւանի «Արարատ»-ը 1-ին խմբից տեղափոխվեց բարձրագույն խումբ: Փաստորեն, առաջնությունում պետք  է հանդես գային Երեւանի երկու «Արարատ» թիմեր: Ի վերջո, «Լեռնագործ» ակումբը ստիված նորից փոխեց իր թիմի անունը եւ ելույթները շարունակել է արդեն որպես «Արարատ-Լեռնագործ»:

       Բարձրագույն խումբ

Թիմ                              Խ       Մ

  1. Շիրակ                       22      37
  2. Ալաշկերտ                 22      37
  3. Գանձասար-Կապան  22      34
  4. Բանանց                    22      33
  5. Փյունիկ                     22      27
  6. Արարատ                   22      13

            Առաջին խումբ

Թիմ                                 Խ     Մ

1 Լոռի                              20    50

2 Արցախ                          19    43

3 Բանանց-2                     19     38

4 Արարատ-Մոսկվա         20     33

5 Ալաշկերտ-2                  20     25

6 Փյունիկ-2                       20    25

7 Արարատ-2                     20    24

8 Էրեբունի                         20    18

9 Գանձասար-Կապան-2     20    17

10 Շիրակ-2                         20    12

Գուցե նախկին թիմի ոգին էլ վերադառնա

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացաված թեկնածության վերաբերյալ եւ Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միեւնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր:

Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2006թ.: Նախ եղել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի, ապա Յան Պոուլսենի օգնականը։ Շոտլանդացի մասնագետի մահից հետո, Վարդան Մինասյանը 2007թ. 2 խաղում կատարել է նրա պարտականությունները: 2009թ. մարտին, Յան Պոուլսենի հրաժարականից հետո, նա նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

Վարդան Մինասյանը ազգային թիմը ղեկավարել է մինչեւ 2013թ. նոյեմբերը, որից հետո հրաժարական է տվել, քանի որ թիմը չէր կարողացել հաղթահարել 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլը, ինչին շատ մոտ էր իր պատմության ընթացքում: Հիշեցնենք, որ խմբային պայքարի վերջին Իռլանդիայի հետ խաղում, միայն մրցավարի կոպիտ սխալը կասեցրեց Հայաստանի հավաքականի մուտքը Բրազիլիա…

Նրա օրոք Հայաստանի հավաքականն անցկացրել է 41 պաշտոնական հանդիպում, որի 14-ում տարել է հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ 23-ում կրել է պարտություն: 2014թ նա աշխատել է ղազախական «Տոբոլ» ակումբում  որպես գլխավոր մարզիչ։

Ֆուտբոլային խճանկար

Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ փուլից հետո աղյուսակում հաստատվում է խառնաշփոթ իրավիճակը: «Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով հաղթել է «Արարատ»-ին, «Շիրակ»-ը 1:0 հաշվով պարտության է մատնել «Բանանց»-ին, իսկ «Գանձասար-Կապան»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Փյունիկ»-ին: Առաջատարներն այս պահին «Շիրակն» ու «Ալաշկերտ»-ն են:

Ներկայացնենք փուլի լավագույն 3 ֆուտբոլիստներին ըստ VivaroNews.am-ի:

–  Կառլեն Մկրտչյան («Փյունիկ») – հենակետային կիսապաշտպան է, որ հարկ եղած դեպքում խաղում է որպես կենտրոնական պաշտպան: Ունի մարտիկի  բնավորություն, անթերի չէ, բայց վստահություն ներշնչող է եւնպաստում է իր թիմի հաղթանակներին:

–  Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ») – Վերջապես նա նորից սկսել է գոլեր խփել, ինչը կարծես սառել էր ձմեռային հանգստից հետո: Առաջնության լավագույն ռմբարկուն 2018թ.-ին իր առաջին 2 գոլերն է խփել՝ գրավելով «Արարատ»-ի դարպասը: Այս պահին 11 անգամ է աչքի ընկել՝ լինելով կիսապաշտպան: Գոլերը՝ մի կողմ. բայց երբեմն գնդակ է կորցնում եւ չարաշահում անհատական խաղը: Այս ֆուտբոլիստը սուր փոխանցումներ է կատարում,նաեւ  գոլեր խփում, նպաստելով թիմի հաղթանակին:

Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ փուլի  ամենաուշագրավ իրադարձությունները՝ 10 փաստի տեսքով:

  1. Այս փուլն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք հաղթեցին 3 հանդիպումներում էլ: Ընթացիկ առաջնությունում նման բան 3-րդ անգամ է տեղի ունենում: Նախկինում նման արդյունք գրանցվել էր 2-րդ եւ 21-րդ փուլերում: Առաջնությունում կայացած 66 հանդիպումներից 31-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում՝ հյուրերը, 17 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Ինչպես նախորդում, այս անգամ էլ 3 հանդիպումներում խփվել է 7 գոլ: Առաջնությունում կայացած 66 հանդիպումներում 163 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,46 գոլ:

  1. «Ալաշկերտ»-ն ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքն ու Վարուժան Սուքիասյանի օրոք առաջին հաղթանակը տոնեց: Առաջնության գարնանային հատվածում դա չեմպիոնի 2-րդ հաղթանակն էր, որը կրկին ձեռք բերվեց «Արարատ»-ի նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտ»-ը 5-րդ անգամ հաղթեց «Արարատ»-ին, որին ալաշկերտցիների հետ անցկացրած առաջնության վերջին 10 հանդիպումներում ոչ մի կերպ չի հաջողվում գեթ մեկ միավոր վաստակել:

Վերջին անգամ «Արարատ»-ը չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

  1. «Շիրակ»-ը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 700-րդ խաղը (+352=137-211, 1293-811) հաղթանակով ավարտեց, որն ընթացիկ առաջնությունում 5-րդ անընդմեջն էր: «Շիրակ»-ը կրկնեց ընթացիկ առաջնությունում ռեկորդային իր ցուցանիշը: Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկում էլ գյումրեցիները 5 անընդմեջ հաղթանակ էին տոնել: «Բանանցի» նկատմամբ տոնած հաղթանակը նաեւ 100-րդն էր բարձրագույն խմբում Վարդան Բիչախչյանի օրոք շիրակցիների անցկացրած 238 հանդիպումներում:

Առաջնության գարնանային հատվածում «Շիրակ»-ը մեծ թափ է հավաքել՝ 7 խաղում վաստակելով 18 միավոր, ինչը լավագույն արդյունքն է:

  1. «Բանանց»-ի 5 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց, որի ընթացքում Արամ Ոսկանյանի սաները 3 հաղթանակ էին տոնել՝ այդ թվում 3:0 հաշվով առավելության հասնելով «Շիրակ»-ի նկատմամբ: Առաջնության գարնանային հատվածում «Բանանց»-ը 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր գարնանային հատվածի մեկնարկային տուրում, «Փյունիկ»-ի հետ մրցավեճում (0:2):

Ընթացիկ առաջնությունում «Բանանց»-ը 2-րդ անգամ պարտվեց «Շիրակ»-ին: Առաջինը կրկին գրանցվել էր Գյումրիում կայացած խաղում, անցյալ տարվա օգոստոսի 13-ին: Այն ժամանակ գյումրեցիներին հաղթանակ էր պարգեւել Վարդան Բակալյանի խփած միակ գոլը, ով 22-րդ փուլի խաղում բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց:

  1. «Արարատը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Առաջնության գարնանային հատվածի 7 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 4 միավոր են վաստակել՝ վերջին 6 խաղերում չտոնելով ոչ մի հաղթանակ:

Լավագույն ֆուտբոլիստն ու գոլը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ: Քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 63%-ը: Ամսվա լավագույն գոլի համար նրա հետ պայքարում էին նաեւ Աարոն Ռեմսին («Միլան»-«Արսենալ») եւ Պիեռ Էմերիկ-Օբամեյանգը («Արսենալ»-«Ուոթֆորդ»):

Հայ կիսապաշտպանը ճանաչվել է նաեւ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 33-րդ փուլի «Արսենալ»–«Սաութհեմփթոն» հանդիպումից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը: «Նրա մոտ վնասվել է ծնկի միջին կապանը: Նա չի խաղա Մոսկվայում, ինչպես նաեւ «Նյուքասլ»-ի դեմ: Կարծում եմ, կհասցնի խաղալ մրցաշրջանի վերջում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում, որն ավարտվել էր անգլիական թիմի խոշոր հաղթանակով՝ 4:1: Այդ խաղում լոնդոնցիները տարան իրենց 6-րդ անընդմեջ հաղթանակը՝ 3:2 հաշվով առավելության հասնելով «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ, չնայած առաջին հաշիվը բացել էր հենց հյուրընկալվող թիմը:

Որակազրկված հայ մասնագետը կմարզի Լատվիայի չեմպիոնին

Ֆուտբոլի հայազգի մասնագետ Սամվել Բաբայանը նշանակվել է լատվիական «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ նա, ով մինչ այդ մարզում էր Ուզբեկստանի հավաքականը, անցած տարվա նոյեմբերին ոչ միայն պաշտոնանկ էր արվել, այլեւ անժամկետ որակազրկվել էր Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Սակայն, ինչպես տեղեկացնում է Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան, այս տարվա փետրվարի 1-ին հայ մասնագետի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները եւ նա կրկին կարող է շարունակել մարզչական գործունեությունը:

Հավելենք, որ Յուրմալայի «Սպարտակ»-ը Լատվիայի գործող չեմպիոնն է: Այդ երկրի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 1-ին: Սամվել Բաբայանը նորամուտը կնշի «Ելգավա»-ի հետ խաղում:

Հայաստանի Մ-18 հավաքականը պարտվեց Բուլղարիայի ընտրանուն

Ապրիլի 10-ին Սոֆիայում կայացավ Բուլղարիայի եւ Հայաստանի Մ-18 հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Մարտին Գրիգորյանը:

Հայաստանում 2-րդ անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար

2018թ. ապրիլի 10-ից 16-ը Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Պատանեկան հավաքականները անցկացնելու են խմբային մրցաշար իրենց տարիքային խմբերում: Հայաստանի Մ-15 հավաքականի (2003թ.) մրցակիցները կլինեն Կիպրոսի, Բելառուսի եւ Ղազախստանի ընտրանիները:

Մ-14 հավաքականների (2004թ.) խմբում Հայաստանը ներկայացված կլինի 2 հավաքականով եւ կմրցի Բելառուսի, Ղազախստանի, Իրանի եւ ՆՀՀ Մակեդոնիայի թիմերի հետ:

Մրցաշարի հաղթողները որոշվելու են խմբային մրցաշարի արդյունքներով: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ֆուտբոլի Մ14-1 հավաքականը պարտվեց Ղազախստանին

Հայաստանի ֆուտբոլի Մ14 տարեկանների թիմը շարունակում է անհաջող ելույթները Զարգացման մրցաշարում: Ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է Զարգացման մրցաշարը: 5-րդ խաղային օրը մեկնարկեց Հայաստանի Մ-14-1 եւ Ղազախստանի Մ-14 հավաքականների խաղով: Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով:

Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-14-2 հավաքականի խաղերը – Երևանում անցկացվող Զարգացման մրցաշարի 4-րդ խաղային օրը հանդիպել են Հայաստանի Մ-14-2 եւ Բելառուսի Մ-14 հավաքականը: Հայաստանի ընտրանին հաղթել է 1:0 հաշվով:

Հանդիպել են նաեւ Հայաստանի Մ-14-2 եւ Իրանի Մ-14 հավաքականները: Իրանի Մ-14 հավաքականը հաղթել է 2:0 հաշվով։

Մ-15 մրցաշարում Ղազախստանի և Բելառուսի հավաքականները ավարտել են իրենց հանդիպումը ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Ղազախստանի ընտրանին:

Մ-14 մրցաշարի խաղացանկը

10.04.18  11:00  Հայաստան 1 – Բելառուս

10.04.18  13:30  Հայաստան 2 – Ղազախստան

10.04.18  16:00  Իրան – ՆՀՀ Մակեդոնիա

11.04.18  11:00  Հայաստան 1 – Իրան

11.04.18  13:30  Հայաստան 2 – ՆՀՀ Մակեդոնիա

11.04.18  16:00  Բելառուս – Ղազախստան

13.04.18  11:00  Հայաստան 1 – ՆՀՀ Մակեդոնիա

13.04.18  13:30  Հայաստան 2 – Բելառուս

13.04.18  16:00  Իրան – Ղազախստան

14.04.18  11:00  Հայաստան 1 – Ղազախստան

14.04.18  13:30  Հայաստան 2 – Իրան

14.04.18  16:00  Բելառուս – ՆՀՀ Մակեդոնիա

16.04.18  11:00  Հայաստան 1 – Հայաստան 2

16.04.18  13:30  Բելառուս – Իրան

16.04.18  16:00  Ղազախստան – ՆՀՀ Մակեդոնիա

Մ-15 մրցաշարի խաղացանկը

10.04.18  14:00  Հայաստան – Ղազախստան

10.04.18  16:30  Կիպրոս – Բելառուս

12.04.18  14:00  Հայաստան – Բելառուս

12.04.18  16:30  Ղազախստան – Կիպրոս

14.04.18  14:00  Բելառուս – Ղազախստան

14.04.18  16:30  Հայաստան – Կիպրոս

Հայազգի ըմբիշների փայլուն ելույթները Ռուսաստանում

Մոսկվայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում գերազանց են հանդես եկել հայազգի ըմբիշները: 10 քաշային կարգերից 5-ում հաղթանակ են տարել մեր հայրենակիցները: 60 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրել է մոսկվացի Արթուր Պետրոսյանը, ով եզրափակիչում հաղթել է Սադիկ Լալաեւին: 67 կգ ըմբիշների մեջ մրցակցությունից դուրս էր Սվերդլովսկի մարզը ներկայացնող Ալեն Միրզոյանը, ով որոշիչ մարտում պարտության է մատնել Ստանիսլավ Կլիմովին:

Մեր հայրենակից, վորոնեժցի Նարեկ Օհանյանը, լավագույնն էր 72 կգ քաշային կարգում, որտեղ նա առաջ է անցել Եգոր Դեպցովից: 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալին տիրեց Մոսկվայի մարզը ներկայացնող Ռուսլան Վարդանյանը, ով եզրափակիչում ոչ մի շանս չթողեց Իսմաիլ Սաիդհասանովին՝ 14:9: Հաջորդ, 82 կգ քաշային կարգում, հաջողությունն ուղեկցեց արդեն կրասնոդարցի Վահագ Մարգարյանին, ով ոսկե մեդալի համար գոտեմարտում վստահ հաղթեց Շամիլ Մուչուրաեւին՝ 13:8:

Այս արդյունքները ցույց են տալիս, որ հունիսի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ըմբիշների գլխավոր մրցակիցների մեջ կլինեն նաեւ նրանց հայրենակիցները:

Երեւանում կանցկացվի քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնություն

Այս օրերին Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Շաոլինյան մարտարվեստի վարպետ Ֆու Բյաոն։ Այցի նպատակն է ներկա գտնվել քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 13-15-ը՝ «Միկա» մարզադահլիճում:

Ինչպես նշեց Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիաի նախագահ Սարգիս Հարությունյանը, մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից ժամանած մարզիկներ։ Առաջնության պաշտոնական բացումը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 11-ին։ «Քունգ ֆուն շատ հին մարտարվեստ է: Հենց նրանից են սերել արեւելյան մյուս մարտարվեստները: Ուրախ եմ, որ քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հայաստանում, որը աշխարհի հնագույն երկրներից է եւ ունի հարուստ պատմություն»,- կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Ֆու Բյաոն:

Նա քունգ-ֆուի 10 ժամանակակից լեգենդներից մեկն է, քանի որ առաջինն է փորձել գլխի վրա դրած աղյուսները ջարդել մուրճի կամ ձեռքի հարվածով: «Այդ վարժության համար ինձ Չինաստանում անվանում էին «Երկաթյա գլուխների թագավոր»: Դա, իհարկե, սպորտ չէր, սակայն այն օգտագործում էի ցուցադրական ելույթների ժամանակ, որպեսզի մարտարվեստը մեծ տարածում ստանար ինչպես Չինաստանում, այնպես էլ աշխարհում»,- պարզաբանեց Ֆու Բյաոն:

Հավելենք, որ Հայաստանի քունգ ֆուի հավաքականը մասնակցելու է բոլոր3 տարիքային մրցումներին՝ 22 հոգով: Ֆեդերացիայի նախագահը հույս ունի, որ մեր մարզիկներն անմասն չեն մնա մեդալներից:

Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնություն

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատենիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը, որին ի թիվս 25 երկրների 290 մարզիկների մասնակցում են նաեւ Հայաստանը ներկայացնող 1998-2001թթ. ծնված ուժեղագույն սամբիստները:

Մեր պատվիրակությունը Պրահա է ժամանել բավականին ներկայացուցչական կազմով՝ 21 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում

Ադրբեջանական մամուլը հեղեղված է լուրերով այն մասին, որ Բաքվում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի 26–րդ առաջնությանը Ռուսաստանի կազմում մասնակցում է նաեւ աշխարհի ու Ռուսաստանի չեմպիոն, ազգությամբ հայ մարմնամարզիկ Սերգեյ Ազարյանը:

Ադրբեջանցիները չեն կարող խոչընդոտել հայի մասնակցությունը, քանի որ նա Ռուսաստանն է ներկայացնում, սակայն անընդհատ հիշեցնում են նրա ազգային պատկանելության մասին: ՌԴ հավաքականի ավագ մարզիչ Սերգեյ Ռիժկովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ցանկանում եմ նշել Սերգեյ Ազարյանի ելույթը Ռուսաստանի առաջնության ժամանակ ոչ միայն այն բանի համար, որ նա հաղթեց, այլ հատկապես նրա համար, որ բարդ վարժությունները փայլուն կատարեց, եւ տղամարդկանցից միակն էր, որ լրացրեց հավաքականում ընդգրկվելու նորմը»:

Նախարարը, երգիչներն ու դերասանները միասին բասկետբոլ կխաղան

Ապրիլի 11-ին, Երեւանում «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը՝ բաղկացած 3 մասից:

Առաջին հանդիպման ընթացքում (ժամը 17.00-ին) կմրցեն «Հայտնիներ» եւ «Անհայտներ» թիմերը: «Հայտնիների» կազմում հանդես կգան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի նախագահ Արա Պողոսյանը, երգիչներ Արամեն, Նարեկը («Մեծ Հայք» խումբ), Հայկ Դուրգարյանը, հաղորդավարներ Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լեւոնյանը, Վահե Խանամիրյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը եւ ուրիշներ, իսկ «Անհայտներ» թիմը կազմված կլինի պատանի բասկետբոլիստներից:

«Աստղերի խաղի» 2-րդ մասում (մեկնարկը՝ ժամը 18.20-ին) տեղի կունենա «Դանք» մրցույթը, որտեղ միմյանց հետ կմրցեն բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի բասկետբոլիստները:

Նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը միջոցառման 3-րդ մասում (սկիզբը՝ ժամը 19.00-ին) հանդես կգա որպես մրցավար` «Ա» լիգայի հայ եւ լեգեոներ բասկետբոլիստների անուններով կոչվող «Բաբայան» եւ «Սիմովիչ» թիմերի հանդիպման ժամանակ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։