Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…

Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է: Նա  խմբագիր է, գրող, գործարար եւ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ:

Շահպարոնյանի անձն ու գործը տակավին խորությամբ արժեքավորված եւ գնահատված չեն: Բարեբախտաբար, Ախալքալաքում այժմ պահպանվում են նրա տունը (այժմ՝Միկոյան փողոց N1) եւ իր կառուցած եկեղեցական-ծխական դպրոցի շինությունը (այժմ՝ Թումանյան փողոց): Պետք է դրանց վրա ամրացնել ցուցատախտակներ: Ամբողջապես ավերված է Շահպարոնյանի կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը, որը պատմական հուշարձան է եւ պետք է վերականգնվի: Թերեւս, ճիշտ կլինի քաղաքի փողոցներից կամ դպրոցներից մեկն անվանակոչել նշանավոր հայորդու անվամբ:

Ծնվել է 1872թ. նոյեմբերի 11-ին Ախալքալաքում:

Վարդան Շահպարոնյանն սկզբնական կրթությունն ստանում է տեղի Սբ Խաչի եկեղեցական-ծխական դպրոցում, ապա 1890թ. ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան համբավավոր կրթօջախը: Շահպարոնյանի նկարագիրը ձեւավորվել է Թիֆլիսի հայկական մշակութային միջավայրում:

Ուսումնառությունից հետո Շահպարոնյանը վերադառնում է հարազատ քաղաք եւ 1890-ական թթ. անմիջապես անցնում մանկավարժական աշխատանքի տեղի վարժարաններում: Նա 1905-1909թթ. դառնում է Ախալքալաքի եկեղեցական-ծխական Մեսրոպյան արական եւ Սանդխտյան իգական դպրոցների հոգաբարձու-տեսուչ, հոգաբարձության գանձապահ եւ Թիֆլիսի հայկական թատերական ընկերության անդամ:

Անվանի գործիչը գրական ասպարեզ է իջնում 1893թ.:  

Գրական երկերը տպագրում է պարբերական մամուլի էջերում՝ «Նոր դար», «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Աղբյուր», «Հասկեր» եւ այլ թերթերում ու հանդեսներում: Բեղուն է Շահպարոնյանի գրիչը. նա հեղինակ է կատակերգությունների, թատերախաղերի, դրամաների, մանկական թատերախաղերի, բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների, զավեշտախաղերի, երգիծական նորավեպերի, թերթոնների, ուղեգրությունների եւ այլն: 1894թ. գրել է «Վարդան Մամիկոնյան» երաժշտական դրաման, «Միամիտ փեսացուն», «Փչացած տելեֆոն» եւ այլ երկեր:

Ցարական գրաքննությունը արգելքներ էր հարուցում նրա գործերի լույսընծայմանը, ինչպես, օրինակ՝ «Վարդ-Սալվա» դրաման եւ «Արմեն-Ֆաթման» թատերախաղը, որոնք գրվել են 1896-1897թթ.: Բարձր են գնահատվել հատկապես թատերագրական գործերը:

Հեղինակի մի քանի գործեր բեմադրվել են տարբեր թատրոններում եւ գնահատվել ըստ արժանվույն:

Շահպարոնյանը, մտահոգվելով իր ազգի ճակատագրով,  եռանդուն մասնակցություն է ունենում գավառի հասարակական-քաղաքական կյանքին: Ըստ իր իսկ հավաստման՝ նա մինչեւ 1905թ. եղել է Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ապա 1917թ. Շահպարոնյանը անդամագրվում է Սոցիալիստ հեղափոխականների (էսէռ) կուսակցությանը, որը տեւում է մինչեւ 1919թ.: Նրա նկատմամբ սահմանվում է ոստիկանական գաղտնի հսկողություն:

1895թ. Ախալքալաքի գավառում սկսվում է գյուղացիական շարժում վաշխառուների եւ հողատերերի դեմ: Շահպարոնյանը «Շահ-Պարոն», «Աթոս», «Էլի Էն», «Վ.Շ» կեղծանուններով հանդես է գալիս մամուլի էջերում հրապարակախոսական կրքոտ հոդվածներով: Բայց ցարական ոստիկանությունը զգաստ էր եւ աչալուրջ. 1897թ. նա մի քանի օրով ձերբակալվում է: 1903թ., երբ ցարական կառավարությունը բռնագրավում է հայկական եկեղեցիների, դպրոցների ու կազմակերպությունների գույքը, անխոնջ մարտիկը ոտքի է հանում ժողովրդին եւ կազմակերպում բողոքի ցույցեր: Սակայն ժողովրդական ընդվզումները ճնշվում են:  6 ամիս Ախալքալաքի, Ախալցխայի, Թիֆլիսի եւ Խարկովի բանտերում անցկացնելուց հետո Շահպարոնյանը 5 տարով աքսորվում է Ռուսաստանի Կալուգայի նահանգի Ժիզդռա քաղաքը: Բայց նրա բախտը բերում է. նա 1905թ. ազատ է արձակվում:

Հովհաննես Թումանյանը 1895 եւ 1901 թթ. երկու անգամ այցելել է Ախալքալաք: Ուշագրավ է, որ վերջին այցի ժամանակ նա 10 օր հյուրընկալվում է Վարդան Շահպարոնյանի տանը (Թափարվանյան փող. N1): Նա մտադիր էր գրել «Փարվանա» եւ «Թմկաբերդի առումը» պոեմները: Այստեղ մեծ գրողը տեղի այլ մտավորականների ուղեկցությամբ շրջում է գավառի պատմական վայրերում, դիտում ճարտարապետական անզուգական կոթողները եւ ուսումնասիրում մարդկանց կյանքն ու բարքերը: Վեհաշուք Թմկաբերդը դիտելիս նա ներշնչվում է գեղեցիկ ավանդապատումով: Այսպես է հղացվել հայ գրականսության սքանչելի գոհարներից մեկը: Ախալքալաքի արվեստասեր հանրությունը իր պաշտելի բանաստեղծի պատվին, ավանդույթի համաձայն, մեծ ճաշկերույթ է կազմակերպում Թափարվան գետի ափին, որին մասնակցում է մոտ 150 մարդ:

1905թ. Շահպարոնյանը վերադառնում է աքսորից հայրենի եզերք ու շարունակում արգասաբեր իր գործունեությունը: Նա ապրում եւ շնչում էր թատրոնով: Այստեղ գործում էին սիրողական թատերախմբեր, իսկ մեծանուն դերասաններն իրենց հյուրախաղային այցերի ժամանակ լինում էին թատերական լավ ավանդույթներ ունեցող այս  քաղաքում: Թատերասեր հանրության համար հիշարժան էր 1909թ., երբ հանրաճանաչ Սիրանույշը, Շահպարոնյանի հրավերով, ժամանում է Ախալքալաք ու հյուր լինում նրա տանը: Սիրանույշը եւ տեղի թատերասեր գործիչները կազմակերպում են մի շարք ներկայացումներ քաղաքում եւ գյուղերում:

Սկսած 1892թ. Շահպարոնյանը փաստորեն ղեկավարել է Ախալքալաքի հասարակական բոլոր աշխատանքները: Նա հոգում է նաեւ Սբ Խաչի եկեղեցական-ծխական դպրոցի համար նոր շենք կառուցելու մասին, քանի որ նախկինն արդեն չէր բավարարում օրեցօր մեծացող պահանջները: 1910թ. գումարվում է եկեղեցական-ծխական դպրոցների  շինարարական հանձնաժողովի նիստը, որը Վարդան Շահպարոնյանին ընտրում է նախագահ: Այն կառուցվելու էր Միքայելյան փողոցում (այժմ՝ Թումանյան փողոց) եկեղեցապատկան հողի վրա: 1914թ. շինարարությունն ավարտվում է, եւ քաղաքացիներն ստանում են հոյակապ մի շենք: Դահլիճն ու բեմը նախատեսված էին ներկայացումների եւ գրական, երաժշտական հավաքույթների համար: Այժմ այդ կառույցի մի մասն զբաղեցնում է ռուսական դպրոցը, իսկ մյուս հատվածը՝ մշակույթի ակումբը:

Շահպարոնյանը ճիգ ու ջանք չէր խնայում Ախալքալաքի գավառի տնտեսական կյանքն աշխուժացնելու եւ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: Անդադրում գործիչը բնատուր գործարար էր եւ ուներ նախաձեռնող բնավորություն: Այդ էր պատճառը, որ նա դեռեւս 1890թ. առաջինն այստեղ կառուցում է ջրի ուժով աշխատող մեխանիկական շարժիչ՝ ջրատուրբին, որի ուժով աշխատել են մեխանիկական սղոցը եւ ձիթհանքը: Ավելին, 1910-1912թթ. Շահպարոնյանը Չեխիայից ներկրում է անհրաժեշտ սարքավորումներ եւ Ախալքալաքում կառուցում առաջին հիդրոէլեկտրակայանը: Թափարվան գետի վրա շինված շինությունը եռահարկ էր. առաջին հարկում տեղավորված էին կաշեգործարանը, սղոցարանը, ալրաղացը, ձիթագործարանը եւ էլեկտրակայանը, երկրորդում՝ դահլիճը, ուր տեղի էին ունենում մշակութային հետաքրքրական միջոցառումներ, իսկ երրորդում՝ սեփական բնակարանները: Այս հիդրոէլեկտրակայանը հնագույններից էր ամբողջ տարածաշրջանում եւ խոշոր առաջադիմական քայլ էր հետամնաց գավառի համար:

Ջավախքի հոգեւոր եւ մշակութային կյանքում նշանակալից երեւույթ էր «Ջավախք» երկշաբաթաթերթի լույսընծայումը:

Շահպարոնյանը Լեհաստանից եւ Գերմանիայից ներկրում է տպագրական մեքենաներ:

Այս պարբերականը հրատարակում է 1913թ. հունվարին: Թերթը, որը տպագրվում էր Մ. Գրիգորյանի տպարանում, ունենում է 4 տարվա կյանք (1913-1917թթ.): Պարբերականն իր էջերում արտացոլել է գավառի տնտեսական եւ մշակութային կյանքը, հանրային տրամադրությունները եւ առաջ քաշել հրատապ ու այժմեական բազմաթիվ հարցեր: Համարձակ հրապարակումների համար 1915թ. սկզբից թերթը 7-8 ամսով ժամանակավորապես դադարում է լույս տեսնել: Պարբերականում իրենց ստեղծագործություններով հանդես են գալիս հայ գրականության նշանավոր դեմքերը՝ Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը:

1917թ. Շահպարոնյանը Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի նախագահն էր:

1918թ. նա Ախալքալաքի քաղաքային դումայի պատգամավոր էր (ձայնավոր) եւ մեծ գործ է անում քաղաքում կյանքը կարգավորելու համար:   

1918թ. մահացու սպառնալիք է կախվում գավառի հայության գլխին:

Թուրքական հրոսակները մայիսի 29-ին ներխուժում են Ախալքալաքի գավառ: Ջավախքի հայությունը զենքը ձեռքին պաշտպանում է իր հայրենիքը եւ 5 ամիս շարունակ հակահարված հասցնում թշնամուն: Բայց պաշտպանությունը լավ չէր կազմակերպված: Բնակիչներն ստիպված էին բռնել գաղթի ճանապարհը: Թուրքերն ամբողջովին թալանում եւ կողոպտում են նաեւ Շահպարոնյանին պատկանող էլեկտրակայանը եւ գործարանները ու ավերում շենքը: 1919թ., երբ թշնամին հեռանում է, անդրդվելի գործիչը վերականգնում է էլեկտրակայանը: 

Շահպարոնյանը 1919թ. ապրիլի 10-13-ը՝ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցում է Փարիզի հաշտության համաժողովին (1919թ. հունվարի 18-1920թ հունվարի 21): Նա այստեղ զեկուցում է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին՝ եռանդուն ձeuով հետամուտ լինելով իր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կրկին գործուն կերպով մասնակցում է գավառի շենացման եւ բարգավաճման գործին: 1921թ. ապրիլի 28-ին Շահպարոնյանը նշանակվում է գավառի տնտեսագիտական բաժնի վարիչ: Այդ ժամանակ նա դպրոցի դահլիճում կազմակերպում է կինոթատրոն եւ սկսում կինոնկարներ ցուցադրել: Իսկ 1921-1923թթ. Շահպարոնյանն աշխատում է գավառի լուսավորության բաժնի վարիչ: Նա հիմնում է մերձակա Տավշանկա բլրի անտառակը, որը դառնում է բնակիչների սիրված հանգստավայրը:

1926թ. Լենինականի երկրաշարժի ժամանակ Վարդան Շահպարոնյանը բանվորներ է ուղարկում ավերված գոտի՝ աղետյալների համար բնակարաններ կառուցելու համար: Ազնվաբարո այս քայլը որակվում է որպես ազգայնականության դրսեւորում եւ նրան բանտարկում են:

Սակայն շուտով հասարակական հզոր ճնշման տակ Շահպարոնյանն ազատ է արձակվում: Նրան արգելում են վերադառնալ Ախալքալաք: Զարհուրելի այս դիպվածը խորապես հիասթափեցնում է Շահպարոնյանին, եւ նա 1928թ. տեղափոխվում է Երեւան: Խորհրդային Հայաստանի իշխանությունները նրան բնակարան են տալիս: Նա այստեղ աշխատում է Հայաստանի օգնության կոմիտեում:

Բայց 1930-ական թվականներին նա ենթարկվում է հալածանքների ու բռնությունների: Անձանձիր գործիչը վախճանվում է 1941թ. հունվարի 8-ին եւ ամփոփվում է Երեւանի քաղաքային պանթեոնում:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, հայագետ

«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։