Բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է
Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի, Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:
Ի՞նչ կարծիքի է զեկույցի մասին արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: Երեկ այս մասին կառավարության նիստից հետո նրան հարցրին լրագրողները:
«Առաջին անգամ տեսնում եմ Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որն այդ կազմակերպությունը, որպես կանոն, որդեգրել է»,- անկեղծացավ նախարարի պաշտոնակատարը:
Նա միաժամանակ հավելեց, թե եթե որեւէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ. «Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի, եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա»:
Զեկույցի հակասական տրամաբանությունը նախարարի պաշտոնակատարին մեկ հարցում էլ էր զարմացրել՝ «Սասնա ծռերի»: «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին, բայց ուսումնասիրեք եւ տեսեք, թե մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Գոնե մի տեղ, ինձ դա չհաջողվեց գտնել: Ցավով պետք է կրկնեմ, որ առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որ կիրառում էին»:
Ավելին՝ ըստ բանախոսի, նախկինում երբեք չի տեսել զեկույցներ, որտեղ որոշակի պիտակավորում է իրականացվում քաղաքական գործիչների. «Որպես կանոն, այո, քննադատություն եղել է, բայց երբեւէ ոչ պիտակավորում: Իսկ սա այն զեկույցն է, որտեղ առկա են նաեւ պիտակներ: Ես կարող եմ հասկանալ, որ միջազգային կառույցները կարող են լինել որոշ չափով անգաժավորված, սակայն ոչ այս աստիճանի, որն արժեզրկում է ընդհանրապես նման զեկույցի առկայությունը»:
Մնում է հարցնել բանախոսին՝ բա գիտեիք՝ ամեն միջազգային բան աղվո՞ր է…
Հիմա բուռն ու անկաշկա՞նդ էր, թե՞ սովորական
Երեկ կառավարության շենքի դռները լրագրողների առջեւ փակ էին՝ մինչեւ նիստի ավարտը: Առաջին դռնփակ նիստն էր: Օրակարգը բավական ծանրաբեռնված էր. քննարկվել էր 73 հարց:
Արդարադատության նախարարի պատոնակատար Դավիթ Հարությունյանը, մինչ այս փակումը, ասում էր՝ փակում ենք, որ բուռն քննարկումներ լինեն:
Երեկ փորձեցինք հասկանալ՝ բու՞ռն էր կամ՝ այդ ինչքա՞ն բուռն էր, որ լրագրողներն ավելորդ էին:
Նիստից հետո տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ասաց. «Խնդիրը նրանում չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել, միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Պարզապես այսօրվանն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ առաջին փակ նիստն էր, այլ նրանով, որ լայն օրակարգ ուներ: Նիստերի բաց թե փակ լինելու առումով տարբերություն չեմ զգում առայժմ»:
Բայց այ Դավիթ Հարությունյանը զգացել էր. «Որպես կանոն կես ժամ տեւող նիստը տեւել է մեկուկես ժամ: Կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է փոքր-ինչ խորհել: Իրականում արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը, եւ դրա վառ ապացույցը այսօրվա նիստն էր՝ եւ բովանդակային, եւ հարցադրումների առումով»:
Նկատենք, սակայն, որ կառավարության նիստերը կես ժամ են տեւել, երբ օրակարգն է քիչ հարցեր ներառել: Երեկվա օրակարգային 73 հարցը պետք է որ 1.5 ժամ տեւեր: Դժվար չէ հաշվել, թե ամեն հարցը քանի րոպե է քննարկվում:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/: