Հայաստան.- անցում խորհրդարանական համակարգի… Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց, բոյց ոչ որպես երկրի 1-ին դեմք – Հայաստանի ղեկավարին-վարչապետին՝ Սերժ Սարգսյանին կնտրեն օրերս – քանզի իշխող կուսակցության համար ՀՀԿ առաջնորդը եւ ՀՀ գործող նախագահը լավագույն թեկնածուն է… Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել – այս օրերի երկրի փաստացի ղեկավար՝ վարչապետ Կարեն Կարապետյանը սպասման մեջ է…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը: Խորհրդարանի նիստը բացվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքով: Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր, քվորումն ապահովված է: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին եւ Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, եւ իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդումից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված էր շուրջ 1300 մարդ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, լրատվամիջոցների ղեկավարներ:  

Նախագահի երդմնակալությունից հետո Հայաստանի կառավարությունը հրաժարական կներկայացնի։ Մինչեւ ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ, իսկ ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն։

Նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ առավոտյան հյուրընկալվել էր Բաղրամյան 26-ում, ՀՀ նախագահի նստավայրում:

Արմեն Սարգսյանին եւ տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը:

Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, եւս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:

ՀՀ Սահմանադրությամբ, 127-րդ հոդվածի ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։

ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին։ Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ խորհրդի որոշմամբ։

* * *

Ինչպես ասում են, ամեն բան վաղուց հայտնի է, սակայն ՀՀԿ-ն նոր սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված եւ որոշումը կկայացվի ՀՀԿ խորհրդի նիստում, որը կկայանա ապրիլի 14-ին։

Սակայն, «Լուսանցք»-ը եւս գրել է, որ այդ քննարկումները զուտ կուսակցական բնույթ ունեն հայտնի փաստը իրավական հիմքերի վրա դնելու եւ պետական կարեւոր այս հարցին օրենսդրորեն լուծում տալու։

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակը հայտարարեց. «Պարզ է՝ ով է մեր թեկնածուն լինելու՝ Սերժ Սարգսյանը»,- ասել է էդուարդ Շարմազանովը, բացահայտելով բացահայտվածը։  Նրա խոսքով՝ այլ անուն չի էլ քննարկվել։

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը լավագույն թեկնածուն է: ՀՀԿ-ն առաջնորդվել է իրենց միակ պատվիրատուի՝ ՀՀ քաղաքացիների կամքով»::

Ըստ ՀՀԿ-ի պատասխանատուների, Սերժ Սարգսյանը վերջին 30 տարվա ընթացքում մշտապես առաջնորդվել է պետական շահի գերակայությամբ, այլ ոչ սեփական շահով: ՀՀԿ անդամները բարձր են գնահատում նրա նվիրվածությունը, փորձը եւ իմաստությունը:

Փաստորեն, որեւէ այլ թեկնածու որեւէ ՀՀԿ-ականի մտքով չի  էլ անցել: Նույնն է կարծես ՀՀԿ-ի կոալիցիոն գործըննկեր ՀՅԴ-ի մոտ:

ՀՀԿ մամուլի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին եւ ներկայացրել նրա 10 տարվա ձեռքբերումները՝ ժողովրդավարության զարգացում, անվտանգության ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն:

Ըստ էդուարդ Շարմազանովի՝ շատ բան է փոխվել 2008-ից առ այսօր եւ բնականաբար դեպի լավը։

Նույն նիստում քննարկվել է նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի 1,5 տարվա գործունեությունը:

ՀՀԿ-ում չեն քննարկել առաջին փոխվարչապետի ու երկու փոխվարչապետերի թեկնածության հարցերը։

«Բոլոր այդ հարցերին ժամանակ կունենանք անդրադառնալու, խորհրդի նիստին կքննարկենք այդ հարցը, այս պահին մենք միայն պետք է ներկայացնենք խորհրդարանին վարչապետի թեկնածուին»,- ասել ՀՀԿ խոսնակը:

Ապրիլի 16-ին ԱԺ կներկայացվի վարչապետի թեկնածությունը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։