100 տարում Ադրբեջանը «աճեց» ու դարձավ սուլթանական… Այս արհեստական երկրի սուլթանը արտահերթ «նախագահական ընտրություններով» վերատիրեց թիվ 1 աթոռը՝ արդեն 7 տարով… Ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպում են գնալ կըտրուկ քայլերի, ինչը պաշտոնական Երեւանին կհուշի, որ դեռ առաջիկա 7 տարում անմեղսունակ մեկի հետ պիտի հարաբերվել միջազգային ասպարեզում…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ էր նշանակել երկրում, դրանք կայացան ապրիլի 11-ին: Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունից ընտրություններին կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

Նշենք, որ Ադրբեջանի հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերի 17-ին: Սակայն ներքին եւ արտաքին ճնշումները ալիեւյան կլանին ստիպեցին շուրջ 6 ամիս շտապել: Այդ երկրի Սահմանադրութան մեջ կատարված փոփոխություններով ընտրված նախագահը ղեկավարելու է Ադրբեջանը 7 տարի:

Արտահերթ նախագահական ընտրությունները հանրության մեծ մասի համար անակնկալ էր, մինչդեռ, ըստ ընդդիմության, քաղաքական վերնախավը պատրաստ էր զարգացումների նման տարբերակին: Այսինքն՝ այս անակնկալը հենց պիտի դառնար գործող նախագահի ապահովության հենարանը:

Ընդդիմադիրների համար «արտահերթ» եզրույթն ինչ-որ իմաստով տարօրինակ է հնչում, քանի որ օրենքով նախատեսված կարգով մի քանի ամիս անց նախագահական ընտրությունները, այսպես թե այնպես, պետք է տեղի ունենային: Ուստի, իրենք սա համարում են վախի նշան, որն օր օրի ավելանում է ալիեւյան կլանի մոտ: Իզուր չէր, որ ամիսներ առաջ քննարկվում էր նաեւ նախագահի կնոջ Մեհրիբան Ալիեւայի թեկնածության հարցը, ում թիկունքում եւս կան շահագրգիռ մարդիկ, ովքեր Իլհամ Ալիեւից այլեւս ձանձրացել են…  

ԿԸՀ առաջին տվյալներն իհարկե Իլհամ Ալիեւի օգտին էին խոսում, նա հավաքել է ընտրողների ձայների 86, 09%-ը:  Ադրբեջանի նախագահի ընտրություններին մասնակցել են 8 թեկնածու։ Մասնակցությունը կազմել է 74,51%։

Իսկ մինչ ընտրությունները, Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն արհմիությունների համագումարում խոսել էր պետության ղեկավարին աջակցելու անհրաժեշտության մասին: «Արհմիություններն ընտրություններում միշտ սատարել են Իլհամ Ալիեւին, մենք հավատում ենք, որ դուք այս անգամ էլ ձեր խոսքը կասեք, կոչ եմ անում ձեզ ակտիվորեն մասնակցել արտահերթ ընտրություններին»,- ասել էր Ալի Հասանովը:

Գործող նախագահի մտադրության մասին հանրության մեծ մասը գուցեեւ չի իմացել, շատ քայլեր անաղմուկ են արվել: Բայց քաղաքական շրջանակներում նկատել էին որոշակի ազդակներ: Օրինակ, դեռ հունվարի 29-ին Ադրբեջանի ԿԸՀ- ընդունել է քվեատուփեր եւ ընտրությունների համար անհրաժեշտ սարքավորումներ, կնիքներ, գրենական պիտույքներ պատվիրելու որոշում:

Ժամկետի փոփոխությունը գուցեեւ ուղղակի կամ անուղղակի կապված է աշխարհում եւ Անդրկովկասում տեղի ունեցող զարգացումների հետ, կա տեսակետ նույնիսկ հայկական գործոնի մասին, քանի որ Հայաստանում ապրիլին կավարտվի խորհրդարանական-վարչապետական համակարգին անցնելու գործընթացը, իսկ Ադրբեջանի ղեկավարը, իբր, ցանկանում է նոր մանդատով շարունակել բանակցությունները հայկական կողմի հետ:

Մինչդեռ, ադրբեջանական ընդդիմությունը ենթադրում է, որ կես տարով ընտրություններն արագացնելու որոշումն ավելի շատ բխում է երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակից:

Առաջին անգամ 2003թ. ի վեր, երբ Իլհամ Ալիեւը ստանձնեց իշխանությունը, ընտրությունները տեղի են ունենում ընդհանուր համակարգային եւ մասնավորապես տնտեսական ճգնաժամի պայմաններում: Դա իշխանության համար որոշակի վտանգներ է ստեղծում: Ալիեւների գերդաստանը ցանկանում է ընտրություններն անցկացնել՝ խուսափելով զանգվածային ընդվզումներից:

Բացի այդ, արտահերթ ընտրությունների պայմաններում թե՛ դասական ընդդիմությունը, եւ թե՛ ներիշխանական վերնախավում նախագահից դժգոհ շրջանակները զրկվում են քաղաքական մանեւրի հնարավորությունից:

«Հայր եւ որդի Ալիեւներն արդեն 45 տարի են իշխում, Իլհամը գիտեր, որ արդար եւ թափանցիկ ընտրություններ պահանջող ընդդիմությունը մինչեւ հոկտեմբեր կկազմի ընտրությունների կեղծման դեմ պայքարի մարտավարություն, դրա համար էլ ավելի շուտ է անցկացնում քվեարկությունը: Այդպես նա կփորձի կանխել բողոքի ակցիաները եւ վնասազերծել ընդդիմության ճամբարից բխող վտանգը», – Turan գործակալությանն ասել է Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին:

Փորձագետները նշում են եւս մեկ՝ առավել տեխնիկական հանգամանք. այս ընտրություններում նախագահն ընտրվելու է արդեն 7 տարի ժամկետով, դա նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային, ինչպես նախատեսված էր, հոկտեմբերին, ապա 7 տարի անց՝ 2025թ. նախագահական ընտրությունները ժամկետային առումով գրեթե կհամընկնեին խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը լրացուցիչ բարդություն է երկրի համար:

«Բացի այդ, այս ապրիլին նախատեսված են Ռուսաստանի ընտրությունները, Եվրոպայի ու Ամերիկայի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը կլինի, ադրբեջանական ընտրությունները կըմնան ստվերում»,- սա էլ ասել է ReAL ընդդիմադիր շարժման ղեկավար Նատիկ Ջաֆարլին:

Ինչեւէ, Հայաստանում պետք է հարմարվեն, որ 7 տարի դեռ անմեղսունակ մեկի հետ պիտի հարաբերվեն միջազգային ասպարեզում:

Արման Դավթյան

* * *

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին։

Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ ավելի վաղ այս օրվա մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը համապատասխան կառավարությունը հրաժարական կտա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության  նախագահ է ընտրվել մարտի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում։ Վլադիմիր Պուտինին ձայն է տվել ընտրողների 76,69%-ը։

«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։