Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ/ Վարդան Մինասյանի վերադարձը… Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի… Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի վերադարձի մասին… Ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը… Ֆուտբոլի ազգային առաջնությունում թեժ պայքար է… Զարգացման մրցաշարի հաղթողները… Բասկետբոլային եզրափակչի առաջին հանդիպումը… «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում… Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում… Հայ գրոսմայստերը ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն… Օլիմպիական չեմպիոնը Երեւանում հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը… Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլ… Հայաստանցի ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել… Հայ սանբիստների մեծ ավարը Եվրոպայում… Մեր բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում… Այլ մարզական լուրեր… / Հայ անվանի մարզիկները մտահոգ են երկրի ներքաղաքական վիճակի համար… / Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին…

Մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը

Մեր զինուժի մարզիկները՝ ՀՀ ԶՈւ Ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16- 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից.-

Վարդան Մինասյանի վերադարձը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչի պաշտոնը կրկին Վարդան Մինասյանին հանձնելը եղած տարբերականներից լավագույնն է, համոզված են մասնագետներից շատերը: Այսպիսի կարծիք է հայտնել նաեւ ՖԱՖ («Հայկական առաջին ճակատ») երկրպագուների շարժման ղեկավար Սերոժ Ջանջոյանը: «Իմ անձնական կարծիքով տվյալ իրավիճակում լավ տարբերակ կլիներ հայտնի արտասահմանցի, փորձառու մասնագետ հրավիրելը: Սակայն դրան հավատալը մի քիչ «հեքիաթների բաժնից» կլիներ: Վարդան Մինասյանի վերանշանակումը եղածների լավագույն տարբերակն է: Նա կարող է փոխել հավաքականում տիրող մթնոլորտը»,- շեշտել է երկրպագուների շարժման ղեկավարը: Նրա կարծիքով՝ թիմը հասել էր մի վիճակի, երբ ֆուտբոլիստները թեւաթափ էին եղել: Եթե ուժեղացվի նաեւ մարզչական շտաբը, Ռոման Բերեզովսկին միանա մարզչական շտաբին, ապա արդյունքներ կլինեն:

Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանի կարծիքով՝ այս մարզիչը հայկական ֆուտբոլում այն մարդկանցից է, ով շատ լավ ծանոթ է ֆուտբոլիստներին: «Այստեղ առավել կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ երիտասարդական թիմի մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մեզ մոտ երիտասարդական եւ ազգային թիմերը շատ ընդհանուր առանցքներ ունեն: Չկա տեղի ֆուտբոլային կադր, ով չանցնի երիտասարդական թիմի միջով եւ խաղա ազգային թիմում: Գյուլբուդաղյանց-Մինասյան կապը կարող է շատ ավելի փոխշահավետ լինել, քան կարծում ենք»,- ընդգծել է Արման Առաքելյանը:

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ եւ Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միեւնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր:

Կլինի մարզչական շտաբ եւ Ռոման Բերեզովսկին եւս կաշխատի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասյանին մարզչական աշխատանքում: «Ռոման Բերեզովսկին լինելու է մեր մարզչական շտաբում եւ աշխատելու է դարպասապահների հետ:

Հավաքականի մարզչական շտաբում կաշխատեն նաեւ Արտակ Օսեյանն ու Արթուր Մկրտչյանը»,- ասել է Վարդան Մինասյանը:  

Որոշելու է մարզչական շտաբը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբում բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու են միայն մարզիչները: Նման հայտարարություն է արել ազգային ընտրանու վերանշանակված գլխավոր մարզիչը: «Երբ վերադարձա Ղազախստանից, որտեղ աշխատեցի մեկ տարի, ես աշխատանքի անցա «Փյունիկ» ակումբում, որպես տեխնիկական տնօրեն: Իսկ վերջին մեկ տարում ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն էի: Իմ ամբողջ աշխատանքը կապված է եղել մանկապատանեկան եւ պատանեկան ֆուտբոլի հետ: Ես համարում եմ, որ բարձրակարգի ֆուտբոլի հիմքը հենց պատանեկան ֆուտբոլն է: Այդ աշխատանքն ինձ շատ հոգեհարազատ էր: Գտնում էի, որ այդտեղ անելիք ունեի: Այդ ընթացքում մի քանի հրավեր ունեի արտասահմանից, բայց հրաժարվել եմ: Ազգային թիմը երբեք էլ հեշտ պահեր չի ունեցել: 2010թ. էլ լավ վիճակում չէր թիմը: Ես չեմ ասում, որ եկա ու լավացրեցի, ոչ, բայց միշտ էլ լինելու են նման իրավիճակներ: Նախորդ հրաժարականի ժամանակ ես զգացի, որ ինձ սպառել եմ հավաքականում: Ուզում էի աշխատել ակումբային ֆուտբոլում: Ցանկացած աշխատանքի մեջ էլ տարաձայնություններ լինելու են, բայց իմ նախորդ հրաժարականը եղել է իմ սեփական որոշումը»,- ասել է գլխավոր մարզիչը:

Վերանշանակված մարզչի առաջ ՀՖՖ-ն խնդիր է դրել դուրս գալ Ազգերի լիգայի խմբային փուլից եւ մասնակցել եզրափակիչ փուլին: «Վերադառնալով Ղազախստանից իմ հեռանալուն, այն կապված էր ակումբի ղեկավարի հետ իմ տարաձայնություններին, բայց մենք՝ ՀՖՖ նախագահի հետ իրար լավ ենք ճանաչում եւ նա գիտի իմ աշխատելաոճը: Նա կարող է խորհուրդներ տալ, բայց կընդունես այդ խորհուրդները, թե ոչ, ինքդ ես որոշում: Հիմա բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Ես ունեմ նախապայմաններ ֆուտբոլիստների հարցում: Եթե նա ուզում է խաղալ ազգային թիմում, ապա պետք է լինի հայրենասեր: Պետք ունենաս նաեւ տեխնիկա-տակտիկական լավ որակներ, որը կհամապատասխանի միջազգային ֆուտբոլին»,- առանձնացրել է մասնագետը:

Հավաքականի նորեկների մասին խոսելով՝ Վարդան Մինասյանը շեշտեց, որ տպավորված չէ Նորբերկո Բրիասկո Բալեկյանի խաղով, գուցե նրա անհաջող խաղի վրա կարող է ազդեցություն թողած լինի ժամային գոտիների տարբերությունը: Նա խոսել է նաեւ երիտասարդական թիմի մասին՝ փաստելով որ այժմ մեր երիտասարդական հավաքականում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր քիչ-քիչ կներգրավվեն ազգային ընտրանի: Միակ խնդիրը կլինի այն, որ ֆուտբոլիստները ձգտեն իրենց ակումբներում խաղալ հիմնական կազմերում: Հաջորդիվ երիտասարդական հավաքականում կլինեն 1998/99 թթ. ծնված ֆուտբոլիստներ եւ նրանք շատ խոստումնալից են: «Արմեն Գյուլբուդաղյանցն այն մարզիչն է, ով ամբողջովին համապատասխանում է հայկական ֆուտբոլի մենթալիտետին: Մենք գիտենք մեր ուժեղ եւ թույլ կողմերը: Մենք ավելի շատ ֆուտբոլ պետք է խաղանք գլխով, քան՝ ոտքով: Իսկ Գյուլբուդաղյանցի միտք, խաղաոճը ամբողջովին համապատասխանում է դրան»,- ասել է նա:

Անդրադառնալով Ազգերի լիգայի եւ մեր մրցակիցներին՝ մարզիչը հայտնեց, որ մրցակիցները տարբեր են թե ուժերով եւ թե խաղաոճերով: «Այդ խաղերին տարբեր մոտեցումներ կլինեն, բայց այդ խաղերը ունեն մեկ ընդհանուր բան՝ ցանկացած խաղի 100 տոկոս նվիրվածություն է պետք: Մենք մեր առավելագույնը պետք է կատարենք՝ անկախ մրցակիցների մակարդակներից»,- եզրափակել է Վարդան Մինասյանը:

Յուրա Մովսիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի վերադարձի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ ազգային թիմ, եթե կարողանա աչքի ընկնել իր լավագույն որակներով: «Նա վերադարձել է Եվրոպա եւ խաղում է Շվեդիայի առաջնությունում, ինչն արդեն մեծ պլյուս է: Մենք կհետեւենք իր խաղին եւ եթե ինքը ցույց տա այն որակները, որոնց մասին մենք գիտենք, ապա նա կհրավիրվի հավաքական: Իսկ ինչ կապված է Ռոբերտ Արզումանյանին, ապա նա 2 տարի է, ինչ ֆուտբոլ չի խաղում»,- հայտարարել է ազգային ընտրանու վերանշանակված մարզիչը:

Նա խոսել է նաեւ երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի մասին՝ մասնավորապես շեշտելով. «Վահան Բիչախչյանն ապագայի ֆուտբոլիստ է: Նա պետք է անցնի երիտասարդական թիմի միջով եւ նոր գա հավաքական: Մենք միշտ հետեւում ենք նրան: Նա իրոք շատ տաղանդավոր է, բայց դեռ տեղ ունի կայանալու»:

Ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի զույգը

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ երկրորդ խաղում կմրցեն «Ալաշկերտ»-ը եւ «Գանձասար-Կապան»-ը: Վերջինս 1:0 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին (առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1) եւ միացավ արդեն եզրափակիչ մտած ալաշկերտցիներին:

Ֆուտբոլի ազգային առաջնությունում թեժ պայքար է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ փուլի խաղերում Կապանի «Գանձասար-Կապան»-ը Երեւանում ընդունեց Գյումրիի «Շիրակ»-ին եւ հանդիպումն ավատվեց 1:1 հաշվով: «Շիրակ»-ը վաստակեց 38 միավոր եւ միայնակ գլխավորեց աղյուսակը: «Գանձասար-Կապանի» չկարողացավ կրճատել 3 միավորի տարբերությունը եւ մնաց 3-րդ տեղում:

«Բանանց»-ը հանդիպեց «Ալաշկերտ»-ի հետ եւ ջախջախեց երկրի չեմպիոնին՝ 3:0: Այս հաղթանակից հետո «Բանանց»-ը վաստակեց 36 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Թիմը այժմ մեկ միավորով է հետ մնում «Ալաշկերտ»-ից:

«Արարատ»-ն ու «Փյունիկ»-ը կրկին ոչ-ոքի խաղացին՝ 1:1: «Արարատ»-ը վաստակեց 14 միավոր եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» թեեւ հերթական 2 միավորները կորցրեց, սակայն դեռեւս պայքարում է չեմպիոնի կոչման համար, պարզապես հարկավոր է հաղթել մնացած 7 հանդիպումներում:

Հ.Գ. – «Շիրակ»-ը վստահ հաղթեց «Արարատ»-ին եւ կրկին առաջատարն է –  «Շիրակ»-«Արարատ» սկզբունքային խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ փուլը: Գյունրիյում կայացած հանդիպումն անցավ տանտերերի մեծ առավելությամբ եւ ավարտվեց նրանց խոշոր հաղթանակով՝ 4:1: «Շիրակ»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 41 միավոր եւ կրկին ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: 2-րդ տեղում գտնվող «Ալաշկերտ»-ն արդեն հետ է մնում 4 միավորով: «Արարատ»-ը, որը 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, կրեց 16-րդ պարտությունն առաջնությունում:

Այս փուլի մյուս 2 հանդիպումները են՝ «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում կընդունի «Փյունիկ»-ին, իսկ «Բանանց»-ը՝ «Գանձասար-Կապան»-ին:

Հայաստանի 6 ակումբներին ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին

Ապրիլի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Շիրակ» եւ «Փյունիկ»  ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2018/2019թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում: Հիմնվելով դրանց վրա Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 6 ակումբներին:

Զարգացման մրցաշարի հաղթողները

Ապրիլի 16-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ավարտվել է Զարգացման մրցաշարը: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ վերջին խաղային օրը Հայաստանի Մ-14-2 հավաքականը հաղթել է Հայաստանի Մ-14-1 հավաքականին 2:0 հաշվով: Իրանի Մ-14 ընտրանին ջախջախել է Բելառուսին 6:1 հաշվով, իսկ ՆՀՀ Մակեդոնիայի թիմը համառ պայքարում պարտության է մատնել Ղազախստանին 2:1 հաշվով: Մ-14 մրցաշարի հաղթող է դարձել Իրանի Մ-14 հավաքականը:

Զարգացման մրցաշարում ավարտեցին ելույթները նաեւ Մ-15 հավաքականները: Կիպրոսի հավաքականը վերջին խաղում պարտության մատնեց Հայաստանի ընտրանուն՝ 1:0 հաշվով: 11 մետրանոցը հստակ իրացրեց Անգելոս Զեֆկին: Կիպրոսի Մ-15 տարեկանների հավաքականը մրցաշարում գրավեց 1-ին տեղը, Ղազախստանի ընտրանին վաստակած 4 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականը եզրափակեց եռյակը: 4-րդ տեղում Բելառուսի Մ-15 հավաքականն է:

Բասկետբոլային եզրափակչի առաջին հանդիպումը

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության եզրափակչի առաջին խաղում «Արցախ»-ը հաղթեց «Արթիկ»-ին։ 1-ին քառորդում բացարձակ հավասար պայքար էր ծավալվել եւ գրեթե յուրաքանչյուր գրոհ ավարտվում էր զամբյուղի գրավմամբ։ 1-ին քառորդից հետո «Արթիկ»-ը հաղթում էր 20։18 հաշվով։ 2-րդ քառորդում «արթիկցիները» կարողացան փոքրիկ առավելություն ստանալ եւ մեծ ընդմիջման գնալ 44։37 հաշվով։ 3-րդ քառորդում «արցախցիները» ոչ միայն հետ բերեցին կորցրած միավորները, այլ առաջ անցան՝ 59։68։ 4-րդ քառորդից հետո ի վերջո եզրափակչի առաջին խաղում հաղթեցին «Արցախ»-ի բասկետբոլիստները՝ 74:100:

Կանոնավոր առաջնության հաղթողը հայտնի կդառնա 2 խաղերի արդյունքով։ Այս թիմերը եւս մեկ խաղ կունենան ապրիլի 18-ին, Երեւանի «Միկա» մարզադահլիճում:

«Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում

Մեր գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում: 7-րդ փուլում Տիգրան Պետրոսյանը պարտություն կրեց, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց: Երկուսն էլ ունեն 4,5 միավոր: Առաջատար հնդիկ գրոսմայստեր Պարհամ Մագսուդլուն ունի 7 միավոր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի 1-ին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Կայացան 9-րդ փուլի խաղերը:  Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Անհաջող հանդես եկավ նաեւ Մարիա Գեւորգյանը: Հաղթանակներ տոնեցին Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Էլինա Դանիելյանը եւ Մարիա Կուրսովան ունեն 5,5 միավոր. իսկ առաջատար Վալենտինա Գունինան՝ 8 միավոր: Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 փուլից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին եւ կեզրափակվի ապրիլի 20-ին:

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը ցավոք դուրս մնաց Սլովակիայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության մեդալային պայքարից: 9-րդ փուլում նա սպիտակներով հանդիպեց Թուրիքան ներկայացնող Եկատերինա Աթալիկի հետ, լարված պայքարում անցած խաղն ավարտվեց 89-րդ քայլից հետո, սեւերի հաղթանակով: Մեր մյուս շախմատիստուհի Մարիա Կուրսովան հաղթեց ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովային, սակայն նրա վաստակած միավորները չեն բավականացնի դռնալ մեդալակիր:

Հ.Գ. – 20 Ապրիլ, 2018 /  Եվրոպայի շախմատի առաջնությունում կայացան վերջին փուլի խաղերըՀաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Ոչ-ոքի խաղացին Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը 27-րդ տեղում է եւ ունի 6,5 միավոր: Նույնքան միավոր են հավաքել նաեւ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Կուրսովան (35-րդ տեղ), Աննա Սարգսյանը (38-րդ տեղ) եւ Լիլիթ Մկրտչյանը (39-րդ տեղ):

Հայ գրոսմայստերը ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է  ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն: Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն այս տարի անվճար հիմունքներով եւ ամբողջական կրթաթոշակով ընդունվել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան:

Մեր գրոսմայստերը ընդգրկվել է նաեւ համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ, որն օրեր առաջ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ԱՄՆ ուսանողական առաջնությունում եւ նվաճեց գլխավոր մրցանակը՝ ԱՄՆ Նախագահի գավաթը: Եզրափակչում Գաբուզյանի թիմը հաղթանակ տոնեց վերջին 5 տարիների չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ:

Հաղթանակում մեծ էր Գաբուզյանի ավանդը, ով իր բոլոր պարտիաներն ավարտեց հաղթանակով: Բացի Հովհաննես Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը, Կամիլ Դրագունը եւ Կառլոս Անտոնիա Ալեխանոն:

Օլիմպիական չեմպիոնը Երեւանում հետեւել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը

Սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը հետեւում է նաեւ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը: Նա Հայաստան է ժամանել սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով:

«Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ ես հայ եմ ու Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած՝ չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձեւը Հայաստանում զարգացնելու եւ մասսայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաեւ մարտուղյակները»,- ասել է նա:

Նշենք, որ սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալը:

Եվրոպայի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը: ԵՊՀ մարզադահլիճում ընթացող առաջնության 3-րդ մրցումային օրը մեդալներ են խաղարկվել տղաների ճկասուսեր եւ աղջիկների թրասուսեր մրցաձեւերում:

Տղաների թրասուսեր ձեւում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Մայքլ Հովհաննիսյանը, ով հաղթահարեց խմբային փուլը, բայց 1/64-րդ եզրափակիչում 10:15 հաշվով զիջեց ուկրաինացի մարզիկին: Ընդհանուր առմամբ հաջողակ էին ռուս մարզիկները, ովքեր նվաճեցին 3 մեդալ, որոնցից 2-ը՝ ոսկե:

Տղաների ճկասուսեր ձեւում հաղթող դարձավ Կիրիլ Բորդաչեւը, իսկ աղջիկների թրասուսեր մրցաձեւում հավասարը չունեցավ Վալերիա Բոլշակովան:

Ապրիլի 18-ից սուսերամարտիկները ուժերը կչափեն թիմային պայքարում:

Հայաստանցի ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել 

Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Ուկրաինայում: Կիեւում մրցաշարին մասնակցել են Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը եւ Լեւ Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձեւում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին: Նույն մրցաձեւում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինքրոն ցատկ 10 մ վարժությունում Լեւ Սարգսյան – Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է 3-րդ տեղը:

3 մ սինքրոն ոստնակացատկ մրցաձեւում հանդես եկած Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։

Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել է 10 երկրի 15 թիմ:

Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի 3-րդ փուլ

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Մոնտե Կառլոյի «Masters- 1000» մրցաշարի երրորդ շրջան: Մրցաշարի 2-րդ շրջանում նա 1 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում 6:2, 6:2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին:

Մրցաշարի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի Նադալ-Բեդեն զույգի հաղթողի հետ: Մոնտե Կառլոյի «Masters -1000» մրցաշարը մեկնարկել է ապրիլի 15-ին եւ կեզրափակվի ապրիլի 22-ին:

Հայ սանբիստների մեծ ավարը Եվրոպայում

Պրահայում կայացած Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 11 մեդալ:

ՊատանիներԴավիթ Հովսեփյան (48կգ) -2-րդ տեղ, Դավիթ Իսրայելյան (52կգ) -2-րդ տեղ, Արամ Աղաջանյան (56կգ)-2-րդ տեղ:

Աղջնակներ – Մելինե Մամիկոնյան (44կգ) -3-րդ տեղ,Վարսիկ Գրիգորյան (52կգ) -2-րդ տեղ:

Երիտասարդներ - Սերգեյ Սարգսյան (48կգ) -3-րդ տեղ, Պողոս Բադալյան (52կգ) -3-րդ տեղ, Նարեկ Դալլաքյան (62կգ) -2-րդ տեղ, Արտյոմ Ավետիսյան (68կգ)-3-րդ տեղ, Վահագն Չալյան (82)-2-րդ տեղ:

Աղջիկներ – Նելլի Ավետիսյան (72կգ)-3-րդ տեղ:

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում

Իտալիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 6 բռնցքամարտիկներ քառորդ եզրափակչում են եւ հաջորդ մենամարտը հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

75 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին մենամարտում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, այնուհետեւ առավելության հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

21/04/2018 - Մենք ողջունում ենք երկխոսության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն.- հայ անվանի մարզիկները երկրի ներքաղաքական վիճակի մասին…

Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել. «Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծել են Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հայաստանի հրապարակներում ու փողոցներում մեր քույրերն ու եղբայրներն են՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների համար իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները եւ նրանց անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ոստիկանները։ Ցավոք, իրավիճակը գերլարված է եւ կարող է բռնկվել ցանկացած պահի։
Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ռւ բոլորին, առանց բացառության բոլորին՝ ընդդիմության առաջնորդներին ու քաղաքացիներին, իշխանությանն ու իրավապահ մարմիններին, սթափության ու սառնասրտության կոչ ենք անում։ Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն և բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ եւ խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը:
Մենք պայքարում ենք սպորտում, որը խաղաղության եւ մարդասիրության ամենամասսայական բնագավառն է աշխարհում։ Մենք պայքարում ենք ոչ թե հակառակորդների, այլ մրցակիցների դեմ, ու ցանկանում ենք կոչ անել, որ այսօր Երեւանում ու հանրապետության այլ քաղաքներում բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիներն ու ոստիկանները ևս առաջնորդվեն այդ սկզբունքով։ Մենք ողջունում ենք երկխոսության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր դերակատարումն ունենալ այլընտրանք չունեցող երկխոսության կայացման ցանկացած դրսեւորման մեջ։

Օլիմպիական չեմպիոններ՝
Ալբերտ Ազարյան
Լևոն Ջուլֆալակյան
Իսրայել Միլիտոսյան
Օքսեն Միրզայան
Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական փոխչեմպիոններ՝
Գոռ Մինասյան
Սիմոն Մարտիրոսյան

Աշխարհի չեմպիոններ՝
Վաղինակ Գալուստյան
Մաքսիմ Մանուկյան

Եվրոպայի չեմպիոններ՝
Կարեն Մնացականյան
Կարապետ Չալյան
Հովհաննես Բաչկով
Անդրանիկ Կարապետյան

Աշխարհի առաջնության մրցանակակիր՝
Հարություն Մերդինյան

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալաիր՝
Ռուբեն Ալեքսանյան

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ՝
Դերենիկ Գաբրիելյան
Միքայել Հայրապետյան
Հակոբ Փանոսյան
Վարդան Թովմասյան»։

* * *

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին

Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շնորհավորել են Սերժ Սարգսյանին խորհրդարանի կողմից  ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ իրենց աջակցությունը հայտնել նրան:  Շախմատիստները  հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին՝ ի բարօրություն եւ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:

«Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սերժ Սարգսյանին եւ մեր աջակցությունն ենք հայտնում նրան՝ ի բարօրություն եւ ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Երկար տարիներ աշխատելով Սերժ Սարգսյանի հետ, մենք՝ շախմատիստներս, ավելի քան զգացել ենք նրա պատրաստակամությունն ու նվիրումը՝ անել ամեն ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի նվաճումների համար։

Այդ ամենը բազմիցս ապացուցվել է մեր հաջողություններով, ինչի արդյունքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր երկրով, մեր ժողովրդի ստեղծագործ եւ մտավոր ուժով։ Հենց Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ է, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը 3 անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի եւ մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոնի կոչումը՝ փաստորեն դառնալով աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը:  Համոզված ենք, որ շախմատի ոլորտում մեր ունեցած ու շարունակվելիք հաջողությունները ձեռք են բերվել այդ թվում նաեւ մեր այն ներքին համոզման ու վստահության, որ Հայրենիքում բոլորս միասնական ենք, մի ուժ ենք ու ուս ուսի կանգնած։ Այսօր եւս մեկ անգամ ուզում ենք վերահաստատել մեր այդ համոզումը, որ մեր ներքին միասնությունն ու ուժը մեր հաղթանակների առհավատչյան են եղել ու կլինեն։ Հաշվի առնելով այս օրերին մեր երկրում տեղ գտած իրադարձությունները՝ կոչ ենք անում բոլոր կողմերին մնալ ողջամտության դաշտում և ազգային բացառիկ համերաշխության ոգուն հավատարիմ։

Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե մեր երկրին, թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որևէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ սակայն, որևէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա: Համոզված ենք, որ որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ

Լեւոն Արոնյանը,

Սմբատ Լպուտյանը,

Վլադիմիր Հակոբյանը,

Արտաշես Մինասյանը,

Գաբրիել Սարգսյանը,

Տիգրան Լ. Պետրոսյանը,  

Ռաֆայել Վահանյանը,

հավաքականի անփոփոխ գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։