Ուժ + քսակ. եթե միայն – Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկը… Մեկ այլ տեղեկություն էլ հաղորդենք մեր ֆինանսական ուժի մասին… ՀԱԷԿ-ի էներգաբլոկն արդիականացվում է – Կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները … Մեր հանքային ջուրը Բրազիլիա կհասնի – Սրանք առաջին քայլերն են տնտեսական ակտիվացման…

Ուժ + քսակ. եթե միայն

Աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը:

Այս տվյալը միջազգային Global Firepower ընկերությանն է: Սա մի ընկերություն է, որ զբաղվում է ռազմական ներուժի հետազոտությամբ՝ վերլուծական տվյալներ հրապարակելով 2006 թվականից:

Ի՞նչ ցուցիչներ է ընկերությունը հաշվի առնում:

Պարզվում է՝ գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը (այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում):

Հաշվի են առնվում նաեւ երկրի աշխարհագրական դիրքը, բնական պաշարների ծավալը եւ լոգիստիկ ճկունությունը:

Մի խոսքով, հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 55-ից ավելի գործոն:

Հետազոտության մեկնաբանությունում պարզաբանվում է, որ  ցանկի հերթականությունը պայմանավորված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվով, որքան երկրին հասանելի զինատեսակների բազմազանությամբ:

Ինչեւէ, Իրանը ցանկում զբաղեցրել է 13-րդ, Ադրբեջանը՝ 53-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:

Ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն: 2-րդ տեղում Ռուսաստանն է:  

Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թուրքիայի եւ Գերմանիայի զինված ուժերը:

Ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 136 երկրների ցինված ուժեր:

Հարկ է տեղեկացնել նաեւ, որ ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ միավորներ են ստացել դաշինքի ընդհանուր ռեսուրսներից օգտվելու հնարավորության համար:

Եվ վերջում մի փոքրիկ հիշեցում անենք:

Նախորդ տարի մեր երկիրը, նույն ցանկի համաձայն, զբաղեցրել էր 93-րդ տեղը: Ադրբեջանը 58-րդն էր, Վրաստանը՝ 82-րդը, Իրանը՝ 21-րդը:

Մեկ այլ տեղեկություն էլ հաղորդենք մեր ֆինանսական ուժի մասին:

Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, որից պարզ է դառնում հայազգի գործարարների կարողությունների չափը:

Այսպես՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 մլրդ դոլարով գտնվում է 28-րդ հորիզոնականում:

Նրան հաջորդում է Սամվել Կարապետյանը, որը 3.7 մլրդ դոլարով գտնվում է 30-րդ հորիզոնականում:

Նրանց համեմատ Ռուբեն Վարդանյանն այդքան էլ հարուստ չէ: Նա 950 մլն դոլար կարողությումբ գտնվում է 109-րդ հորիզոնականում:

141 եւ 142-րդ հորիզոնականները զբաղեցնում են Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները՝ 750 մլն-ական դոլար կարողությամբ:

Սեփ. լրատվություն

ՀԱԷԿ-ի էներգաբլոկն արդիականացվում է

Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների  ծրագիրը: Ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության  հետ  կապերի բաժնից հայտնում են, որ ծրագրի իրականացման շրջանակներում կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները եւ կմեկնարկեն մեքենայական սրահի  սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը եւ թիվ 3 տուրբոագրեգատը:

Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի դեկտեմբերի 1-ին:

Մեր հանքային ջուրը Բրազիլիա կհասնի

Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հատկապես հայկական հանքային ջրերի, պատրաստի սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ կոնյակի համար: Այս մասին Երևանում կայացած հայ-բրազիլական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Բրազիլիայի առեւտրի եւ ներդրումների խթանման գործակալության (ApexBrasil) Եվրասիայի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ալմիր Ռիբեյրո Ամերիկոն: «Բրազիլական եւ հայկական ապրանքների ներկայացվածությունը երկու երկրների շուկաներում դեռեւս համեստ է, բայց կարելի է ավելի ակտիվորեն զարգացնել: Սրանք առաջին քայլերն են, բայց հույս ունենք, որ այսուհետ մեր տնտեսական հարաբերություններն ավելի կակտիվանան, քանի որ կա այդ ներուժը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ‘ասել է բրազիլացի պաշտոնյան:

Երկրների միջեւ գործարար կապերն ամրապնդելու իմաստով ամենամեծ խնդիրն, ըստ Ալմիր Ռիբեյրո Ամերիկոյի, իրար մասին քիչ տեղեկացվածությունն է: «Բրազիլացի գործարարները չգիտեն Հայաստանի մասին, չգիտեն ինչ ներուժ կա այստեղ: Նույն կերպ էլ Հայաստանում տեղյակ են Բրազիլիայի մասին մշակութային առումով, ֆուտբոլի շնորհիվ, բայց գործարար հնարավորությունների վերաբերյալ չգիտեն»:

«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։