Ալեքսանդր Լապշինը Բաքվում բանտարկվելուց հետո առաջին անգամ ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի, Ուկրաինայի ռւ Իսրայելի քաղաքացի, բլոգերը եւ լրագրողը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել, առաջին անգամ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց եւ հայրենիք վերադառնալուց հետո: «Երեւան, դու հրաշալի ես: Իսկ երեւանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:
Ավելի վաղ նա հայտնել էր Երեւան ժամանելու եւ ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու մտադրության մասին: Ալեքսանդր Լապշինը կատակել էր, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:
«Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երեւան:
Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիեւայի (խմբ.- Ադրբեջանի առաջին տիկնոջ) անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, եւ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է:
Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, այցելեք»,- գրել է բլոգերը:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր 2016թ. Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սեւ ցուցակ»-ում էր ներառել իբր «առանց իրենց հետ համաձայնեցնելու» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառաբանությամբ:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017թ. փետրվարի 7-ին մերժել էր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:
Ալեքսանդր Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
2017թ. սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Ալեքսանդր Լապշինին:
Հ.Գ. – «Լուսանցք»-ի կողմից – ապրիլի 22-ին հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալը գալիս է Հայաստան, այնուհետեւ մեկնելու է Արցախ: Հիմա Բաքուն նրա՞ն էլ է «սեւ ցուցակում» ներառելու…
Սթիվեն Սիգալին զգուշացնենք, որ բլոգեր Լապշինի պես հանկարծ Բելառուս չմտնի, թե չէ կարող է նույն ճակատագրին արժանանալ, եթե հանկարծ սեւ ու սպիտակ թուրքերը որոշեն համագործակցել:
«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



