2018թ. հունիսի 24-ին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն Թուրքիայում:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
««Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ արդյունավետ հանդիպում ունեցանք: Մտքերով փոխանակեցինք ներքին ու արտաքին զարգացումները, քննարկեցինք նրա առաջարկը՝ երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Որոշում կայացրեցինք հունիսի 24-ին անցկացնել ընտրությունները: Բարձրագույն ընտրական հանձնաժողովն անմիջապես կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:
2017թ. ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Դա նախատեսված էր 2019թ. նոյեմբերին:
Եվ Թուրքիայի ընդդիմադիրներն անհանգստացած են, քանի որ այսպես գործող նախագահը եւս 2 անգամ ընտրվելու իրավունք է ստանում:
Նրանք վստահ են, որ արտահերթ ընտրությունների կարիք չկա, պարզապես գործող նախագահը իսկապես որոշել է երկարաձգել իր նախագահ մնալու հնարավորությունը՝ սուլթանական եւ նորօսմանական իր նպատակների իրագործման համար…
«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



