Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

Պատմական անցման ճանապարհին

Այս օրերին Հայաստանը հայտնվեց համակարգային փոփոխության անցումային ժամանակահատվածի ավարտական փուլում, որով պիտի փակվեր մեր պետության, Հայաստանի 3-րդ Հանրապետության շուրջ 27 տարի տեւած (1991-2018թթ.) կիսանախագահական ժամանակաշրջանը, եւ պիտի սկսվեր խորհրդարանական Հայաստանի նոր պատմությունը:

Սա մեր նորօրյա պատմության համար վստահաբար կդառնա մի իրադարձություն, որը կունենա իր ազդեցությունը հայոց նորագույն պատմության ընթացքի վրա, իր լավ ու վատ հիշատակություններով, եւ իր տեղը կունենա մեր բազմահազարամյա պատմության մեջ:

2018-ի ապրիլ ամիսը Հայաստանին տվեց նոր նախագահ եւ վարչապետ, մեր պետությունն ունեցավ իր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին, ով նաեւ որպես 1-ին նախագահը կարձանագրվի հորհրդարանական Հայաստանի պատմության մեջ: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը միացավ նախկին նախագահ տիտղոսը կրող 1-ին եւ 2-րդ նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Այս օրեին հայտնի դարձավ նաեւ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, ով թվով 15-րդն է մեր անկախ պետության պատմության մեջ, սակայն որպես վարչապետ Սերժ Սարգսյանը նոր անուն չէ, նա եղել է 11-րդ վարչապետը կիսանախագահական Հայաստանի, ով փոխարինել է ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նրա մահից հետո:  

Հիշեցնենք, որ 3-րդ հանրապետության նախկին վարչապետերն են եղել՝ Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Դարբինյան, Վազգեն Սարգսյան, Արամ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան:

Մի յուրօրինակ փաստ էլ արձանագրենք. այն է, ապրիլյան այս օրերին մոտ մեկ շաբաթ, երբ Հայաստանը նոր նախագահ ու վարչապետ էր ընտրում, մեր երկրի փաստացի ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանն էր, ով որպես վարչապետ աշխատեց 2 համակարգերում էլ, ինչպես կիսաախագահական, այնպես էլ խորհրդարանական: Միայն ապրիլի 17-ին Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի ընտրությունը դադարեցրեց նրա լիազորություւնները:

Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները

Շատ ընդդիմադիրներ այն կարծիքին են, որ ՀՀԿ-ն դեռ շարունակում է իշխել բացառապես Սերժ Սարգսյանի ջանքերով եւ նրա հեռացումը քաղաքական ասպարեզից՝ կհանգեցնի ՀՀԿ-ի թուլացմանը, քաղաքական դաշտում նոր եւ կտրուկ զարգացումների եւ փոփոխությունների:

Եվ «Մերժիր Սերժին» նախաձեռնության նման այլ նախաձեռնությունները անցան գործի: Ընդդիմադիրները պահանջում են, որ բոլոր պաշտոնակատարները պատասխանատվություն կրեն: Բայց համոզված են, որ բոլորի թելերը Սերժ Սարգսյանի կողմից են խաղացվում…

Բայց հիշեցնենք, որ ընդդիմադիր շարժումները կամ նախաձեռնություննեը լինում են ներքին եւ արտաքին ծագմամբ, ինչը, եթե ի սկզբանե պարզ չէ, պարզ է դառնում ընթացքում: Այնպես որ ընդդիմադիրների՝ իշխանության պատասխանատուների համար ասված «բոլորի թելերը Սերժ Սարգսյանի կողմից են խաղացվում» մոտեցումը, խիստ համահունչ է ընդդիմադիր նախաձեռնություններից շատերի համար…

Իզուր չէ, որ հայկական մամուլն անդրադառնում է այսպիսի մի խնդրի, որ բազմաթիվ ցուցարարներ, հատկապես ուսանողներ,  փողոց են ելնում եվրոպական տարբեր երկրներում, ինչու չէ՝ նաեւ ԱՄՆ-ում, քաղաքական ապաստանի համար:

Այսօր էլ տարբեր երկրներում կարելի է տեսնել նախկին հայսատանյան ակտիվիստների, որոնք արդեն ակտիվիստ են աշխատում արեւմտյան որոշ երկրներում: Նրանք միշտ պատրաստ են քննադատելու Հայաստանի նիստն ու կացը, անկախ այն հանգամանքից, թե ով է ցույց անում Հայաստանում եւ ինչի համար: Կարեւորն այն պետք է դարձնել իշխանափոխության մի նոր թեմա…

Այս «հայրենասերներից» շատերը պայքարում են մշտապես միացրած տեսախցիկներով եւ տեսա-այլ սարքավորումներով, ու դերասանական իրենց տաղանդը գործածելով պայքարում են հանուն երկրի ապագայի… անգամ  բացահայտումներ են լինում, որ որոշ ակտիվիստներ սադրանքի են դիմում՝ կալանավորվելու, ձեռնաշղթաներ հագնելու, ցուցադրաբար հարվածվելու, ոստիկանական մեքենան խցկվելու  եւն… ու այդ ամենը նկարահանվում է ու որպես անժխտելի փաստ է ներկայացվում այս կամ այն երկրի դեսպանատանը:

Ստացվում է՝ իշխանություններին արտագաղթի համար քննադատող շատ ընդդիմադիրներ կամա, թե ակամա իրենք էլ են նպաստում արտագաղթին, եւ դավաճանի որակավորմամբ հազարավոր արտագաղթողների սերունդ է ձեւավորվում: Որոշ լրատվամիջոցներ անգամ նշել են, որ վերջին նման առիթը «հայրենասեր» արտագաղթողների համար հանդիսացել է Խորենացու փողոցում՝  ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված հանրահավաքը:

Եվ ստիպված ենք կրկին տեղեկացնել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»:

Եթե սոցիալ-տնտեսական արտագաղթը ներքին անարդարության եւ անվտանգության հարցեր է շոշափում, ապա «հայրենասերների» արտագաղթը դրանց ավելացնում է արտաքին վտանգը, ինչը հետագայում այլերի կողմից գործածվում է մեր երկրի դեմ՝ ազգային-հայրենասիրական շղարժով փաթեթավորված…

ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից

Երեւանում բարձրացվող ընդդիմադիր ալիքը այնքան էլ չէր հուզել իշխանական կուսակցությանը, որը նախապես որոշել էր ՀՀԿ խորհրդր նիստը արտագնա անել՝ Ծաղկաձորում: Հենց այս հանգստավայրում էլ ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որպես դաշինք կազմած կուսակցություն, շատ հանգիստ Սերժ Սարգսյանին առաջադրեցին վարչապետի պաշտոնում, վստահ լինելով, որ ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի իրենց առաջադրած վարչապետին։

Պետք է նշել, որ կիսանախագահական համակարգի ՀՀ 3-րդ նախագահ եւ խորհրդարանական համակարգի ՀՀ 1-ին վարչապետի գործոնն ազդեցիկ է, ոչ միայն տասնյակ տարիների փորձով պայմանավորված, այլ որպես պետական որոշակի գործերում հաջողած գործչի առումով: Սա է այն մեխը, որը, այսպես ասած, չվախենալու հիմք էր տվել Սերժ Սարգսյանին առաջադրողներին:

Սակայն «Լուսանցք»-ը միշտ է նշել, որ այդ հաջողությունները կապված են բացառապես արտաքին քաղաքական ոլորտի հետ, որտեղ նախկին նախագահն ու նորընտիր վարչապետը կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը ոչ միայն տարածաշրջանում: Առաջ քաշված՝ փոխլրացնող քաղաքականության տեսլականը իսկապես աշխատեց, քանի որ այն կիրառողը հետեւողական ու անզիջում գտնվեց: Հայաստանն այն եզակի երկիրն է, որ հավասարապես ընդունվում է եւ՛ Արեւմուտքի (նաեւ եվրոպական երկրների ու Միացյալ Նահանգների հետ առանձին հարաբերություններում) եւ՛ Ռուսաստանի կողմից, հայկական շահերը պաշտոոնական Երեւանը մեծ ճիգերի գնով, սակայն կարողանում է պաշտպանել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիամիությունում՝ ԵՄ-ԵԱՏՄ:

Հայաստանը բարելավել է իր դիրքերը նաեւ տարածաշրջանում եւ մեր երկրի դերակատարումը այլեւս երկրորդական չէ տարածաշրջանային ենթակառուցվածքների ձեւավորման հարցում: Անգամ Եվրոպա-Ասիա տնտեսական ուղղություններում եւս հաշվի են առնվում Հայաստանի դերն ու դիրքը: Սրանք կարեւոր իրադարձություններ են՝ ապագային միտված: Բարելավվում են հարաբերությունները նաեւ Իրանի, Վրաստանի, արաբական մի շարք երկրների, ինչպեսեւ Իսրայելի հետ: Ինչը եւս ապագային միտված գործոն կարող է դառնալ: Առավել եւս, երբ արդեն արծարծվում է աշխարհի նոր վերաբաժանման հարցը:

Ահա, այստեղ իշխող կուսակցությունը չի վախենում ընդդիմությունից, քանի որ արտաքին ասպարեզում բավականաչափ ցուցադրելու բաներ ունի…

Սակայն, այլ բան է ներքին ասպարեզում համեմատվելը:

Այստեղ չկա որեւէ բնագավառ, որտեղ կաշառատվությունն ու կաշառակերությունը որդի պես մտած չլինի: Պիտի նշենք, որ մեր հանրությունը, առավել եւս ազգային հատվածը, ունի տեսածը հասկանալու, անգամ տեսածի ենթատեքստը կռահելու ունակություն, ինչը պետք է հաշվի առնել ու գնահատել: Մեր երկրում ցույցերի մեծ մասը իր դերակատարներին ու հետեւորդներին գտնում է միայն այն պատճառով, որ սոցիալական արդարության խնդիրը երբեւէ չի կիրառվել օրենքի ամբողջ խստությամբ:

Ի դեպ, սոցիալական հավասարության հարցի մասին չէ, որ խոսում ենք, նման բան չի կարող լինել, աշխատող մարդն ավելին պիտի ստանա, ամենից լավ աշխատողն էլ՝ ամենից շատ:

Համայնավարական սին սոցիալական հավասարությունը (որ երբեւէ չկիրառվեց էլ) քանդեց աշխարհի 1/6-րդ մասը կազմող հսկա երկրի հիմքը՝ տնտեսությունը, ապաեւ՝ ԽՍՀՄ-ը: Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ դրանից առաջ, եւ՛ այժմ ու նաե՛ւ վաղը՝ միայն ու միայն սոցիալական արդարության պայքարն է բոլոր պայքարների հիմքը: Երբ չկա այդ արդարությունը, երբ չի գնահատվում մարդ արժեքն ու նրա աշխատանքը, առհասարակ մարդկային արժեհամակարգը, ոչ մի տեսություն չի՛ կարող հենվել ճշմարտության վրա եւ չի՛ կարող ապահովել որեւէ երկրի ու դրա բնակչության համաչափ ու բազմակողմանի զարգացումը:

Ահա, այստեղ իշխող կուսակցությունը պիտի վախենա ընդդիմությունից, քանի որ… Բայց չի վախենում, քանի որ ընդդիմությունն էլ երբեւէ չի տարբերակում սոցիալական հավասարության եւ արդարության էությունները…

Խոսքն արտաքին ուժերին սպասարկող ընդդիմության մասին չէ, այստեղ չկա ինքնակառավարում, կա միայն պատվերի կատարում:

Իմիջիայլոց, ոչ անհայտ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանում տիրող իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Իսկ օրեր առաջ ասել է, որ Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը մեծ փորձառություն ունի արտաքին քաղաքականության մեջ: «Սերժ Սարգսյանը ճանաչված է, կարողանում է բանակցել, ճկուն քաղաքականություն է վարում»,- նշել է սոցիոլոգը, ապա հավելել, որ Հայաստանում ավագանու անդամների, մարզպետների, նախարարների մեծամասնությունը հանրապետական կուսակցությանն են հարում, «ՀՀԿ-ն ամուր հենք ունի, եւ, հետեւաբար, նրա ղեկավարն էլ ավելի հզոր դեմք է»,-նշել է սոցիոլոգը:

100 փորձագետի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը 95-տոկոսանոց հզորություն ունի: «Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է հարցվածների 60%-ը, Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը, Արմեն Սարգսյանի հետ՝ 30%-ը: Գագիկ Ծառուկյանի հետ էլ տնտեսական հարցերում հույսեր է կապում հարցվածների 25%-ը, արտաքին քաղաքական հարցերում՝ 10%-ը»,- նշել է նա:

ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից

Ընտրությունից ընտրություն ժամանակահատվածներում պարբերաբար խոսում են, թե հին հանրապետականները դժգոհ են մնում Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից, պաշտոնների բաշխումից, տնտեսական ոլորտում այս ու այն իրավունքների հատկացումից եւ այլն: Հին հանրապետականները նոր հանրապետականների հետ միշտ խնդիրներ ունեն, քանի որ նորացումը պարբերական երեւույթ է:

Ներքին ընդդիմություն է առաջացել նաեւ ՀՀԿ-ի կողմից այս կամ այն վարչապետի, ԱԺ նախագահի, նախարարի կամ պատգամավորի նշանակման առումով: Հատկապես վարչապետերն իրենց համար միշտ փորձել են հենարաններ ստեղծել ապագայի համար… ինչ իմանաս՝ ասելով:

Ցայսօր պահպանվում են Անդրանիկ Մարգարյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի, նաեւ Ռոբրտ Քոչարյանի «մարդն է» արտահայտությունը: Եվ երբ ՀՀԿ-ն լուրջ ընդդիմադիր հակառակորդներ չի ունենում, հայտնվում են ներքին «հակառակորդները» եւ սկսում են խոսել, թե ՀՀԿ-ն շուտով ներսից կպայթի:

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակմամբ նորովի սկսեցին խոսել ՀՀԿ-ի ներքին խնդիրների մասին, անգամ կարծիքներ կային, թե Մոսկվայի ճնշմամբ 2018-ին Կարեն Կարապետյանն էլ կմնա վարչապետի պաշտոնին: Սերժ Սարգսյանին «հատկացնում» էին ԱԺ նախագահի աթոռը, որով նա, որպես խորհրդարանական մեծամասնության ղեկավար կարող էր հակակշիռ լինել վարչապետին:

Սակայն, ինչպես մյուս վարչապետերը, հատկապես վերջերս ընդվզած Հովիկ Աբրահամյանը այդպես էլ մնացին փոքրամասնություն, ինչը ակնհայտ էր նաեւ կիսանախագահական Հայաստանի վերջին վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ: Նա դեռ վարչապետ էր, իսկ նրա հայեցողական պաշտոններ զբաղեցնող թիմակիցներն արդեն աշխատանք էին փնտրում…

Ակնհայտ էր, որ ոչ մի հանրապետական ներքին ընդդիմություն չի կարողանալու ներքին մեծամասնության վերածվել, ինչը կախարդական փայտիկով անում է միայն Սերժ Սարգսյանը, ուստի նա էլ միակ ու անփոխարինելի վարչապետի թեկնածուն էր…

ԱԺ խորհրդարանական ընդդիմություն-կիսաընդիմություններն էլ ի վիճակի չեղան միավորվելու  եւ  «Ծառուկյան» դաշինքն էն գլխից, իսկ «Ելք» խմբակցությունն էլ էս գլխից հրաժարվեցին վարչապետի իրենց թեկնածուն առաջադրել:

Ընդդիմադիրներն անգամ միասնական չեն խորհրդարանի ներսում եւ դրսում՝ փողոցային պայքարի հարցերում: «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ նույն ձեւով չեն մտածում:

Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը մի հետաքրքիր հրապարակում է արել ապրիլի 13-17-ի հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրության մասին: Ըստ միավորման, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ վերջին օրերի համատեղ հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը հետեւյալն է.‘

Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրապ. 4500 մարդ

Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրապ. 3000 մարդ

Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրապ. 1900 մարդ

Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրապ. 3000 մարդ

Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրապ. 33000-35000 մարդ

Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում՝ մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով։

Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում եղել են նաեւ բազմաթիվ երթեր եւ զանգվածային այլ միջոցառումներ, որոնց դեպքում քաղաքացիների մասնակցությունը տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել, ինչն ըստ մեր դիտարկումների չի տարբերվի այս հաշվարկներից: Հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը մշտապես մի 20 հոգի էր փնտրում՝ այս կամ այն հիմնարկի մուտքը հսկելու համար…

Եթե սրան հավելենք այն ուսանողների եւ անչափահաս դպրոցականների ծանրակշիւռ մասնակցությունը երթերին, ապա ընդդիմադիր ուժ ասվածը խիստ հարաբերական է դառնում: Իսկ եթե սրան էլ հավելենք այն փաստը, որ ուսանողներն ու անչափահաս երեխաները դասադուլի են դիմում ՀՀԿ-ական ռեկտորների ու դասախոսների առաջարկությամբ՝ «եթե ցանկանում եք՝ միացեք»… խոսքեր չեն գտնվում այս բողոքի ցույցերը ընդդիմադիր բնութագրել: 

Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Շատ չեն աջակցում, որ «երես չտան», բայց թե ինչու են աջակցում, որ «պռավա՞լ» չլինի…

Հակված չենք միանշանակ կարծելու, թե սա իշխանական ծրագիր է եւ չենք էլ բացառում: Բայց, հնարավոր է, սա պարզապես իշխանությանը հարմար բողոքի ալիք է իր ձեւաչափով, եթե անգամ անկախ է կամ դրսից կազմակերպված, ինչը իրենց օգտին են պտտացնում ՀՀԿ-ականները:

Գուցե ներքին խնդիրներ կան ներքին ընդդիմություններից եւ պետք է հանրային ուշադրությունն այլ տե՞ղ սեւեռել…

Ընդամենը մի քանի հազար մարդ, որի կեսից ավելին էլ իշխանությունն է մտցրել շարժման մեջ, անում է այն ամենն ինչ ցանկանում է, ոչ մի օրինական խոչընդոտ անգամ չի կիրառվում ըստ էության: Կան դրվագներ, որոնք պարզապես անավարտ են մնում…

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 15-ին չբացառեց, որ գիշերն իրեն կձերբակալեն… Ինքը օրենքներն իմացող պատգամավոր է եւ հասկացել է, որ իր շատ քայլեր, պետական շենքերի ու շինությունների վրա հարձակումներ չէր  կարելի անել, անգամ կամուրջների վրա այդքան մեքենաներ ու մարդկանց կանգնեցնելն է վտանգավոր, որ կարող էր մահացու հետեւանքներ ունենալ, եթե կամուրջը փլվեր… Մի խոսքով, պատգամավորի նման գործելաոճը հուշում է, որ քայլերը իշխանության հետ համաձայնեցված չեն, քանզի վտանգավոր են, նշանակում է կա դրսի ուժի ականջների հայտնաբերման խնդիր: Պատգամավորն ի վիճակի չէր լինի օրեր շարունակ ֆինանսական միջոցներ ներդնել իր գրպանից… մեքենաներով Հայաստանում պտտելուց հետո նաեւ ցույցեր անել… Նման ցույցերի համար կան ակտիվիստներ, որ գոնե նրանց վճարել է պետք… Եվ «Սասնա ծռերի» դեպքում էր դա առկա եւ այլ դեպքերում:

Քաղաքացիական անհնազանդության ծրագիր հայտարարելը եւ դա նաեւ ուսումնական հաստատություններում իրականացնելը բացատրության կարիք ունի: Հատկապես ոչ մի դպրոցական չի կարող դուրս գալ դպրոցից եւ ցույցի գնալ, հետո հաջորդ օրն անպատիժ դասի նստել…

Նիկոլ Փաշինյանն այսօր էլ առաջարկում է փակել բոլոր ճանապարհները՝ այնտեղ թողնելով մեքենաները եւ կրկին ոտքով գալ ԱԺ, կառավարությաքն շենք կամ այլ տեղ։ Նա մետրոյով երթեւեկությունն է անգամ կասեցնում… Նա հայտարարում է, որ կսկսվի գործադուլ եւ դասադուլ… «Եթե նույնիսկ գիշերը շարժման առաջնորդներին ձերբակալեն, դուք արեք ձեր գործողությունը առավոտյան 8.15-ից»,- ասել Նիկոլ Փաշինյանը այս օրերին։

Այս ամենը սկսվեց «Իմ քայլը» շարժումից, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն պայքարում Սերժ Սարգսյանի անձի դեմ։ «Սերժ ասելով՝ մենք նկատի չունենք մեկ մարդու, այլ քաղաքական բովանդակություն: Պետք է պայքարել ընտրակեղծարարության դեմ։ Մենք կարող ենք եւ կպայքարենք այդ կեղծիքների դեմ»: Եվ այդ կեղծիքներից մեկը այն էր, որ հազարավոր քաղաքացիները, որոնք «ճկռում են բանկային տոկոսների տակ», չվճարեն դա… «Մենք ուզում ենք զրոյացվեն բոլոր գյուղատնտեսական ու սպառողական վարկերը», – ասել է այս շարժման ղեկավարը:

Սա պահանջում էր նաեւ «Սասնա ծռերը»: Գուցե դրա համար էլ հարազա՞տ էին այդ կոչերը նաեւ այն ծամանակ, երբ Նիլոլ Փաշինյանը փորձում էր միջնորդ լինել, ինչը մերժվեց զինյալ խմբի կողմից… Իսկ ոչ զինյալները չեն մերժում:

Այս դեպքում ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի ծառայողական ավտոմեքենան օգտագործվում ցույցերի համար, դա չարաշահում չէ՞:

Ամեն օր «կոնկրետ գործողություններ» իրականացնող այս բողոքի շարժումը շատ վտանգավոր քայլերի է դիմել, ինչը արձանագրված է իրավապահ մարմինների կողմից, շուտով կձեւավորվի նոր կառավարությունը եւ այս շարժումը կմարի հենց օրենքի շրջանակներում:

Բայց շատ մասնակիցներ, որ ազնիվ մղումներով են եկել իսկապես սոցիալական կամ այլ խնդիրներ ունենալով, այդպես էլ դատարկաձեռն են մնում…

Պատասխան կտան, եթե նրանց գործերը եւս հայտնվել է ոստիկանությունում կամ դատախազությունում: Այնժամ նորից կդատապարտվեն բոլոր ընդդիմադիրները կեղծ ընդդիմություն լինելու մեջ… Այսպես, մի որոշ ժամանակ, Հայաստանում նորից կլռի ընդդիմությունը, քանզի հավատը մեկ անգամ եւս սասանված կլինի:

Իր մասին Նիկոլ Փաշինյանն ասում է. «Թող չանհանգստանան, ես բանտում եմ, թե ԱԺ-ում, ես երկու տեղում էլ ինձ լավ եմ զգում»: Սա դեռ հարց է, բայց ոչ այստեղ քննարկելու: Իսկ մյուսները, որ իսկապես հարցեր ունեն ու չլուծվեցին դրանք, ի՞նչ են անելու, ինչպե՞ս են զգալու…

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարաձայնություններ ունի ոչ միայն «Ելք» խմբակցության լուսակցությունների հետ, այլեւ «Հանուն Հայաստան պետության ճակատի» հետ եւ այլոց, որ իրենց խնդիրներն ու պահանջներն ունեն:

Իսկ դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել ԵՊՀ-ում, Հանրային ռադիոյում եւ այլ վայրերում կատարված օրինազանց դեպքերի փաստով… Բայց, «Մերժի՛ր Սերժին» ասելով, ընդդիմադիրները հայտարարում են, թե Երեւանը կշրջափակեն ու թույլ չեն տա ՀՀԿ-ն մտնի Երեւան… Իսկ ԱՄՆ-ի եւ այլ երկրների որոշ սփյուռքահայեր զարգացրել են կարգախոսը՝ «Մենք ունենալու ենք ազատ, անկախ անսերժ Հայաստան»…

Իսկ «անթրամփ» ԱՄՆ չեք ունենալու՞, որ նորովի է նպաստում Մերձավոր Արեւելքի երկրների ոչնչացմանը, որի ժամանակ զոհվում են հազարավոր հայեր, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ… Արդյո՞ք դիմավորել եք ու տեղավորել… Եվ վերջապես՝ ինչու՞ չեք «անսերժ Հայաստան» հենց Հայաստանում պահանջում, հե՞շտ է օտարահպատակի անձնագրերով գալ, ճամարտակել ու պայքարի բովում հայաստանցիներին միայնակ թողնելով հետ գնալ:

Այնպես որ, մեր երկրում բողոքավոր զանգվածները այնքան էլ թող տուրք չտան, թե սփյուռքը մեզ հետ է: Դա չի զորեղացնում իրենց պայքարը, ընդհակառակը՝ ինչ-որ մի երկրի խոսափող դարձած գալիս են մի քանի հոգի ու պատվերն ավարտած գնում: Բացառություններ իհարկե լինում են:

Ավելի հաստատ ու օժանդակող են Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կամ մեր այլ բնակավայրերի ոչ բազմաքանակ ցուցերը, քան ցուցարարների կողմ անցնող ոստիկաններին «հազարավոր դոլարներ նվիրող» սփյուռքահայերը, որոնք էլ դրսից են Հայրենիք-Սփյուռք-ը քանդում, գուցե անգամ չհասկանալով, թե ում թաքնված պատվերով:

ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն

Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ քաղաքական գործիչ այդպես էլ չտվեց այս բողոքի ցույցերի ընթացքում արված անօրինականությունների իրական պատասխանը: Նրանք չե՞ն տեսնում այդ ամենը, թե՞ եթե զենք չկա մեջտեղում, ապա օրինազանցություն չկա կամ այն ներելի է:

Այս վերջինը եւս նպաստավոր է իշխող կուսակցության համար, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացառապես խաղաղ ցույցեր են լինելու, առանց ուժի կիրառման:

Իսկ ինչով է ձեռնտու՝ ասում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը. «Հայաստանում իրականացվող ցույցերը բնականոն է ժողովրդավարական երկրի համար, օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է: Մեր քաղաքացիների մի մասը, առաջորդվելով «Ելք» խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը: Պետք է ասեմ, որ դա  նորմալ երեւութ է ժողովրդավարական երկրներում, որովհետեւ նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլերը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»:

ՀՀԿ-ական պատգամավորը հույս ունի, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում եւ՝ «երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»:

Սա չէ՞ մեխը: Ընդդիմությունը՝ անուժ եւ անծրագիր, իսկական նվեր է իշխանության համար:

Այս դեպքում՝ փակելով Երեւանի կենտրոնական փողոցներն ու կաթվածահար անելով մայրաքաղաքի երթեւեկությունը, խոչընդոտելով պետական կառույցների աշխատանքը, բուհական ու հանրակրթական դասաժամաերը, սովորական մարդկանց զրկելով  ուղղակի ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, միաժամանակ խաթարելով նրանց հանգիստը, անգամ բռնի ձեւերով ու անպատվելով՝ իրենց միանալու անհարգալից կոչերով եւ այսպես շարունակ, Հայաստանում իրականացվում է ժամանակակից ժողովրդավարություն…

Բայց, երբ օտար երկրներում ենք դիտում նման գործընթացները, իրավապահ մարմինները շատ անզիջում են ու հաճախ նաեւ կտրուկ… Երբ ասվում է օրենքը բոլորի համար է, ուրեմն՝ բոլորի համար է՝ բոլոր կողմերի:

Եթե ամեն բան լավ է, ինչու՞ է ոստիկանությունը գործեր կազմում եւ դատախազություն ուղարկում: Ինչու՞ է ոստիկանությունը լրագրողներին կոչ անում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից, ինչու՞ է ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին տեղյակ պահում, որ անօրինական հավաքը ցրի, այլապես… Քանի՞ ինչու նշենք:

Բայց չէ, նպատակն այլ է, որը կարծես հաջողվել է: ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին: «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, այդ արձագանքի մեջ մասնավորապես նշված է. «Մենք նկատել ենք, որ Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման եւ հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետեւում ենք Երեւանի կենտրոնում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին»: Եվ ստացվում է, որ Պետքարտուղարությունում ոգեւշնչված են. «Մեզ ոգեւորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից եւ պատասխանատու վարքի դրսեւորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում»…

Չնայած նույն «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին այլ տեսանկյունից, բայց հոգ չէ արդեն: Եվ այն, որ «ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների ու խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու եւ ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաեւ այս անգամ…», կարելի է շտկել Պետքարտուղարության խոսքով:

Եվ այստեղ մի քիչ երանգներ են ավելանում: «Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ժողովրդավարական, միասնական Հայաստան»,- ասել է ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

- «Սահմանադրությունը մեզ է վերապահել առաջադրել վարչապետին»,- ասում է իշխանությունը,

- «Վարչապետի առաջադրման ու որոշելու իրավունքը տրված է քաղաքական մեծամասնությանը… եւ մենք իրավունք չունենք խախտել Սահմանադրությունը»,- ասում է ընդդիմությունը…

Բա ի՞նչ եք ուզում, եթե խնդիրը քաղաքական մեծամասնությանն է վերաբերում… Ի՞նչ աղմուկ է սա, ու՞մ համար…

Որ այս ամենը հայության համար չէ, այլեւս ակնհայտ է, մնացածը մի քիչ մտորելու բան է:

Հրաշալի ժողովրդավարական օրինակ: Փաստորեն, ամբոխավարությունը (իմա՝ ամբոխահաճությունը) հենց ժողովրդավարությունն է, իսկ սանձարձակությունն էլ՝ ազատությունն է:

Եթե սրանք են մեզ դեռ պարտադրելու «ժամանակակից աշխարհում» գրանցվելու համար, ապա մտածելու խորը եւ լիքը բաներ ունենք…

Արամ Ավետյան եւ Նարե Մշեցյան

* * *

Ծաղկաձորում, ՀՀԿ արտագնա նիստում ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց վարչապետի պաշտոնում: Ազգային ժողովում ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի արդյունքում պաշտոնապես վավերացրեցին այդ որոշումը:

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում բաց քվեարկության դրվեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների համատեղ որոշումը: ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 17:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակել Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հիշեցնենք, որ պրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի եւ նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այժմ սկսում է կառավարություն ձեւավորելու փուլը, որը երկար չի տեւի»,- ԱԺ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ավելի հանգամանալից կխոսեն Հայաստանի զարգացման, երկրի խնդիրների լուծմանն առնչվող պատկերացումների մասին:

«Ծրագրի քննարկման ժամանակ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ Սահմանդրությամբ նախատեսված անցումը դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, գոնե թե ինստիտուտների ձեւավորման առումով մենք պատշաճ հաղթահարել ենք: Եկել է այդ ինստիտուտներին միս ու արյուն, բովանդակություն տալու ժամանակը, ինչը վստահ եմ, միասին կանենք: Իսկ մինչ այդ, հաջողություն ու լավ տրամադրություն եմ մաղթում բոլորիդ եւ ցանկանում եմ, որ բոլորս միասին կարողանանք հաղթահարել  բարդույթավորված մարդկանց գործելաոճը եւ վերադառնալ կառուցողական դաշտ: Սա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը, ՀՀ քաղաքացին»,- ասել է նորընտիր վարչապետը:

ՀՀ նախագահն ապրիլի 18-ին հրամանագրեր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ, Արմեն Գեւորգյանին եւ Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին: Արմեն Սարգսյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետներին, մաղթել հաջողություններ  եւ արդյունավետ աշխատանք:

Հայաստանի նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Հարությունյանն ու Արամ Ղարիբյանը նշանակվել են վարչապետի գլխավոր խորհրդականներ:

Նախարարներից իրենց պաշտոնը վերստին ստանձնել են Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Էդվարդ Նալբանդյանը՝  արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Սուրեն Կարայանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնում, Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարարի պաշտոնում, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնում:

Նշանակումները շարունակվում են:

Սեփ. լրատվություն

Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ

Խաղա՞ղ են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերը, թե՞ ոչ եւ ինչպե՞ս է վերաբերում Սերժ Սարգսյանի՝ այս իրավիճակում վարչապետ ընտրվելուն:

Լրագրողների այս եւ այս կարգի այլ հարցերին ի պատասխան արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց, թե շատ հաճախ մենք հարց տալիս կատարում ենք ընդհանրացումներ եւ երբեմն անձնական կարծիքը ներկայացնում ենք ժողովրդի, հայության կարծիք, ինչը լավագույն եղանակ չէ: «Արդյոք կայի՞ն անձինք, ովքեր դեմ էին, որ Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ, իհարկե, որեւէ կասկած չկա դրանում ու, ի դեպ, ցանկացած ընտրություններ ցույց են տալիս, որ երկրում չկա համասեռություն: Հայաստանում, գոնե ինձ ծանոթ չեն ընտրություններ, երբ մեկը ստանա 70, 80 կամ 90 տոկոս ձայն: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, կան տարբեր թիմերի սատարողներ, եւ այս դեպքը բացառություն չէ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ի դեպ, նա ամենեւին էլ համամիտ չէ այն տեսակետին, թե տեղի ունեցող ցույցերն անվանվում են խաղաղ, առանց զենքի ցույցեր: Եվ պատճառը, ըստ բանախոսի, հետեւյալն է. «Այն, որ տեղի ունեցան ցույցեր, որոշ դեպքերում դրանք անվանում են խաղաղ, առանց զենքի ցույցեր, չնայած ես չեմ կիսում այդ գնահատականը: Կարծում եմ, որ որոշ դեպքերում այդ հանրահավաքն անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը: Այնուամենայնիվ, սա սովորական երեւույթ է, մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց քաղաքական հայացքներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտում օրենքը»:

Իսկ ցույցի ոչ խաղաղ լինելու մասին էլ խոսում է ոստիկանական շղթա ճեղքելը, պետական կառույցների շենքերը շրջափակելը, աշխատակիցների ներս ու դուրսը խոչընդոտելը, որն արդեն բռնություն է: Ըստ այդմ, Դավիթ Հարությունյանը  նորմալ է համարում, որ ոստիկանները ապահովում են հասարակական կարգը: Հակառակը ոչ ժողովրդավարական կլիներ:

Նա նաեւ ժողովրդավարական է համարում բողոքի ցույցի օրերին ոստիկանության գործողությունները. «Ոմանք պնդում են, որ իրենք ոչ բռնի եղանակով են իրականացում իրենց գործողությունները, բայց փաստացի որոշ դեպքերում իրականացնում են բռնի գործողություններ, եւ դա փաստ է:

Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Ես կրկնում եմ՝ դա չի նշանակում, որ ամբողջ ընթացքում ցույցը խաղաղ չէ: Մենք կարող ենք, էլի եմ կրկնում, տարբեր գնահատականներ տալ՝ խաղաղ, զենքով, անզեն, կարգը խախտող, կարգը կոպտորեն խախտող, տարբեր իրավական գնահատական ներ կարող ենք տալ։ Տվյալ դեպքում, քանի որ կային բռնության դեպքեր, ապա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»:

Այն, որ մարդկանց մի մասն էլ դեմ է վարչապետ Սերժ Սարգսյանին, Դավիթ Հարությունյանը դա էլ է նորմալ համարում. «Ժողովրդավարությունը հենց դա է, երբ մի մասնիկը համաձայն չէ, մյուս մասնիկը համաձայն է։ Ընտրությունների արդյունքում ձեւավորվում է հենց այն պատկերը, որը թույլ է տալիս որոշել՝ երբ կա անհամաձայնություն հասարակությունում։ Իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ Հայաստանում միշտ լինելու են հակադիր հայացքներով տարբեր քաղաքական թիմեր, եւ երբ կա նման պատկեր, ապա ի վերջո, ո՞վ պետք է ընտրվի վարչապետ, ո՞վ պետք է ստանձնի քաղաքական պատասխանատվությունը։ Դա կոչվում է Ընտրական օրենսգիրք»:

Հարցերը շարունակվեցին՝ կապված ցույցի օրինականության, ցույցը ցրելու, ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու եւ այլ թեմաների հետ:

«Նախ ցույցն օրինական չէ,-ասաց Դ. Հարությունյանը,- ձեռքերը վերեւ բարձրացնելը չի նշանակում, որ ցույցը միշտ խաղաղ է: Օրինակ՝ ձեզ այս սենյակում պահենք, դռան մոտ խաղաղ կանգնենք, եւ ժպտալով նայենք, բայց դուք չկարողանաք այս սենյակից դուրս գալ, արդյո՞ք առկա է  բռնություն, իրավունքն ասում է՝ այո»…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։